ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Thursday, January 19, 2012 16:42 - 3 քննարկում

Նզովյալները (Մաս 3)

Չնայած պատմաբաններից ոմանց հակառակ կարծիքին, մատենագիրները հստակ խոսում են այն մասին, որ Տիրանի օրոք հայոց արքունիքի քաղաքականությունը հիմնովին փոխվեց դեպի Պարսկաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ: Թե՛ Խորենացին, և թե՛ Բուզանդը համամիտ են այս հարցում: Խախտելով քրիստոնեության հաստատումից հետո ավանդույթ դարձած՝ ցանկացած գնով Հռոմին կառչած մնալու քաղաքականությունը(*1), Տիրանն անմիջապես քայլեր ձեռնարկեց Շապուհ երկրորդի(309-379) հետ մերձենալու ուղղությամբ: Այս հանգամանքը, բնականաբար, չէ՛ր կարող չմտահոգել Հայաստանն Արևմուտքի նահանգ դարձնելու կողմնակիցներին:
«Բայց Որմզդի որդի Շապուհն ավելի՛ սերտ մտերմություն հաստատեց մեր Տիրան թագավորի հետ, մինչև իսկ, նրան թիկունք և օգնական եղավ՝ ազատելով հյուսիսային ազգերի հարձակումից»(*2):
Պատմահոր այս տողերը շա՛տ խոսուն են: Առաջին պահից կարող է թվալ, թե խոսքը հայ-պարսկական ռազմական դաշինքի մասին է: Բայց ավա՜ղ, այդպես չէր: Հայոց պետականությունը դեռ շա՛տ թույլ էր՝ Պարսկաստանի հետ հավասարի իրավունքով դաշնակցելու համար: Այստեղ խոսվում է հայոց արքունիքի պարսկական կողմնորոշման մասին: Երկու սալի արանքում գտնվող Հայաստանը հակվում էր դեպի պարսկական հովանավորչության: Սա, ամեն դեպքում, այն միակ ճիշտ ելքն էր, որը Տիրանին թույլ էր տալիս՝ ազատ շունչ քաշել երկիրն ասպատակող ազգերի հետ պատերազմներից և ապահովել Պարսկաստանի բարեկամությունը: Սա Տիրանին օգնում էր նաև՝ բավականաչափ նվազեցնելու՛ Հռոմի աջակցությունից օրեցօր անկառավարելի դարձող եկեղեցու ազդեցությունը երկրում: Իրեն ապահովելով Պարսկաստանի կողմից՝ Տիրանն առժամանակ հնարավորություն ստացավ երկրի ներքին կյանքով զբաղվելու:
Մեզ կցկտուր տեղեկություններ են հասել այն մասին, որ Տիրանի օրոք, տարածաշրջանում կրկին սկսում է թնդալ հայոց ծանրազեն հեծելազորի համբավը: Հազարամյակներ շարունակ ողջ աշխարհում հայտնի հայոց այրուձին, որ Խոսրով Կոտակի օրոք կորցրել էր իր նախքին փայլն ու համարումը, կրկին վերակազմավորվում է՝ Տիրանի ջանքերով(*3):
Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ դեռևս մթա 5-րդ հազարամյակից, Հայկական Լեռնաշխարհում սկսվել է վայրի ձիու ընտելացումը(*4): Իսկ որ այդ գործընթացի կարևորագույն օջախներից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը, հանդիսացել է Սյունիքը, վկայում են այստեղ գտնված մեծաթիվ ժայռապատկերները՝ թվագրված արդեն մթա 3-րդ հազարամյակով: Դրանք սյունյաց հեծյալ որսորդների, սանձված ձիերի պատկերներ են(*5): Եվ պատահական չէ, որ Հայոց աշխարհում, բոլոր ժամանակներում լավագույն համարում և պահանջ է ունեցել սյունյաց այրուձին՝ իր ընտիր նժույգներով և անզուգական հեծյալներով:
Տիրանի օրոք սյունյաց նահապետը Վաղինակն էր՝ մեծարգո և ազդեցիկ, ինչպես այդ տոհմի բոլոր նահապետները: Եվ որ պակաս հետաքրքրական չէ՝ Վաղինակն համարվում էր Շապուհի սիրելին, ուներ պարսկական հստակ կողմնորոշում և հայտնի էր պարսից արքունիքում ունեցած իր ազդեցիկ կապերով: Շապուհի հետ Տիրանի դաշինքը գլուխ չէ՛ր բերվել առանց Վաղինակի միջնորդության: Հայոց հեծելազորի կարիքն էր զգում Շապուհը՝ Հռոմի հետ առաջիկա պատերազմում, և օգնելով Տիրանին հյուսիսային ցեղերի դեմ մղվող մարտերում՝ փոխարենն ապահովեց հայկական վերակազմվող այրուձիու աջակցությունը: Վաղինակ Սյունին անցավ գործի. Սիսական քաջերը միշտ էլ հանդիսացել են հայոց բանակի կորիզը:
Տարածաշրջանային խաղաղությունը, սակայն, կարճատև էր: Շապուհը տենդագին պատրաստվում էր պատերազմի: Կոստանդիոս կայսրն էլ(337-361), իր հերթին, ուժերը կենտրոնացնում էր պարսկական սահմանների երկայնքով: 345 թվականին կայսրը շարժվում է դեպի Պարսկաստան: Մեր մատենագիրները լռություն են պահպանում Տիրանի՝ այս պատերազմին մասնակցելու մասին: Սակայն, ենթադրվում է, որ փոխադարձաբար ստանձնված պարտավորությունները հայոց արքունիքին չպետք է ետ պահեին պարսիկներին օժանդակ զորք ուղարկելուց: Սրա մասին է վկայում և այն, որ նույն՝ 345 թվականին տեղի ունեցած Սինգարայի ճակատամարտից հետո, երբ պարսկական բանակը սարսափելի պարտություն կրեց և սպանվեց արքայազն Ներսեհը (*6), հռոմեական բանակի դեմ միայնակ մնացած Տիրանը հարկադրված է լինում պատանդներով շահել Կոստանդիոսի վստահությունը: Բյուզանդիոն են ուղարկվում արքայազն Տրդատն՝ իր Գնել որդու հետ և Տիրանի անդրանիկ՝ մահացած Արտաշես որդու ժառանգ Տիրիթը: Հատկանշական է, որ որդիներից կրտսերին՝ Արշակի՛ն է Տիրանը պահում իր մոտ: Այս պատանդները վստահություն են ներշնչում կայսերը, որ Տիրանն այլևս չի թեքվի դեպի Պարսկաստան: Հաջողությունից ոգևորված՝ Կոստանդիոսը 347 թվականին կրկին վերսկսում է մարտական գործողությունները: Անելանելի դրության մեջ հայտնված Տիրանը՝ պարսկական սահմանն անցած հռոմեական զորքերին օգնության է ուղարկում հեծելազորային մի զորախումբ: Ռազմական բախտը, սակայն, այս անգամ Շապուհի կողմն էր: Հռոմեական բանակը ծանր պարտություն է կրում: Զինադադար կնքելով Շապուհի հետ՝ Կոստանդիոսը շտապ հեռանում է, իր հետ տանելով նաև հայոց հեծելագունդը (*7): Թույլ, սեփական քաղաքականությունը չունեցող մի երկրի համար սա ծանր հարված էր: Բոլոր առումներով Հռոմից կախման մեջ գտնվող հայոց թագավորությունը մնացել էր մեն-մենակ՝ պարսկական ներխուժման վտանգի առջև: Կոստանդիոսը զբաղված էր երկրի խորքերում ծագած ապստամբական շարժումները ճնշելով: Ինքը՝ Շապուհը, տերության արևելյան կողմերում բռնկված խռովությունների պատճառով, առայժմ ժամանակ չուներ Տիրանից վրեժ լուծելու:
Այս դժվարին կացության մե՛ջ ահա, երբ հայոց արքունիքն հայտնվել էր հռոմեական թակարդում, երկիրը զրկված էր իր ռազմական ուժի մի կարևոր մասից, Հուսիկը որոշեց գործի անցնել: Տիրանը ժամանակ չուներ երկրի ներքին խնդիրներով զբաղվելու: Հայոց զորքը ռազմադաշտում էր՝ ետ մղելով պարսկական սահմանային իշխանությունների ասպատակությունները: Ավելի հարմար պահ՝ ձեռք գցելու պետական գանձարանն, ու հայոց արքունիքը կատարյալ կախման մեջ պահելու եկեղեցուց և Հռոմից՝ այլևս չէր լինի: Մեկ վճռական քայլ, և Գրիգորի տոհմի ձեռքում կհայտնվեր ողջ Հայաստանը՝ բանակ, տնտեսություն, կառավարման համակարգ: Վերջապես կվերանար սարսափելի այն վտանգը, որ կախված էր եկեղեցու գլխին՝ Տիրանի թույլտվությամբ ազգային հավատքի վերահառնումով: Հենց այս ժամանակ է, որ թողնելով արքունի բանակը՝ Հուսիկն անսպասելիորեն հայտնվում է Բնաբեղում, այնտեղ, ուր պետական գանձարանի առյուծի բաժինն էր պահված:
Փավստոս Բուզանդը Հուսիկի և Տիրանի բախումը պայմանավորել է վերջինիս անօրենությամբ, անհավատ կենսակերպով, անբարո և գոռոզ վարքով: Խորենացին բերում է մի պատմություն, որտեղ բախման պատճառ է հանդիսանում 360- ական թվականներին գործած Հուլիանոս ՈՒրացող կայսեր պատկերը: Տիրանն՝ իբրև թե, ստանալով այդ պատկերն անձամբ կայսրից, փորձում է այն տեղադրել Բնաբեղի եկեղեցում: Հուսիկն, իհարկե, արգելում է: Գազազած արքան սպանել է տալիս խեղճ քահանայապետին(*8): Շատերն են մեղադրել Պատմահորը՝ պատմական դեպքրի և անունների շփոթ ստեղծելու մեջ: Հիրավի, Խորենացու մոտ քիչ չեն ժամանակագրական՝ առաջին հայացքից արտասովոր սխալները: Դրանք, իհարկե, շատ հաճախ հետևանք են նրա գործածած աղբյուրների մեջ եղած վրիպումների, սակայն, կա հետաքրքրական մի հանգամանք, որի վրա, թերևս, արժեր , որ ուսումնասիրողները կանգ առնեին: Պատմահոր՝ ասես միամտորեն միախառնված կերպարներն ու դեպքերը, զարմանալիորեն շաղկապված են միմյանց՝ որևէ մի թելով: Պատմության իմաստը գերազանցորեն հասկացած մեր միակ պատմիչը նույնացնում է տասնամյակների, նույնիսկ հազարամյակների անջրպետով միմյանցից բաժանված մեծերի գործերը: Նրա մոտ միախառնված են Տիգրան Երվանդյանի և Տիգրան Մեծի, Արտաշեսի և Սանատրուկի, Վաղարշակի և Տրդատ առաջինի կերպարները: Շարքը դեռ կարելի է շարունակել: Պատահական չէ՛ այս ամենը: Պատմահոր համար էականն այն ընդհանուր գիծն է, այն Ոգին, որ գործել է նրանց մեջ: Այս է նաև պատճառը, որ միմյանց են կապված տարբեր ժամանակներում գործած հեթանոս երկու տիրակալների՝ Հուլիանոսի և Տիրանի անունները: Կայսրության մեջ հեթանոսությունը վերահառնած Հուլիանոսն իր պատկե՛րն է տալիս Տիրանին: Եվ պատկերը, պարզվում է, դիվական էր: ՈՒրիշ ի՞նչ կերպ կարող էր Պատմահայրը ցույց տալ Տիրանի և Հուսիկի միջև մղվող պատերազմի բուն պատճառներից մեկը, որ խնամքով թաքցված է հայոց արքայի «անբարո, անառակ կյանքի» առասպելների տակ: Տիրանն հեթանոս էր, և իր նախնյաց հավատքն էր թույլատրել երկրում: Սա մի կարևոր հանգամանք էր՝ Հուսիկի թշնամանքին արժանանալու համար:
Ինչևէ, Հուսիկն արդեն կատարե՛լ էր իր քայլը: Լուրը հասավ Տիրանին: Հերթն արքայինն էր, և Տիրանը չվարանեց: Մնացածն արդեն հայտնի է(*9). Հայաստանյայց առաքելական եկեղեցին սուգ էր հայտարարել, իսկ Հայոց աշխարհը՝ ասես թմբիրից արթնացած, նոր զարթոնք էր ապրում: Հայաստանում գարուն էր…

Ը.
Այդ ժամանակ մարդիկ իրենց չարի օրինակ վերցրին թագավորին, նրա պե՛ս սկսեցին ձևել, նրա պես գործել…
Նրանք համարձակ գնում էին կորուստի ճանապարհով, իրենց կամքով չարիքների մեջ էին ընկնում, իրենց կամքով դառնում էին բարկության որդիներ և աշխարհում շրջում էին առանց աստծու՝ Հայոց աշխարհի այդ կամակոր ա՛զգը…(*10)

Ահա՛ թե որն էր գլխավոր դժբախտությունը: Ահա՛ թե ինչն էր Հայոց աշխարհի մեղքը: Վերջապե՜ս… Վերջապես մի երկրում, ուր տասնամյակներ շարունակ քահանայապետական խույրից բարձր՝ ոչինչ չէր երևում, ուր եպիսկոպոսական գավազա՛նն էր դարձել ճշմարիտ օրենքի խորհրդանիշը, ուր վեղարով ու սքեմո՛վ էր խեղդված հայրենի ամեն մի առաքինություն՝ վերջապե՜ս, մարդիկ իրենց համար օրինակ վերցրին թագավորին: Չլսված ու անսովոր մի բա՛ն էր սա: Հաշվված տարիների ընթացքում թագի պատիվը հավասարեցվել էր ցեխին, թագավորը մի բան էր, որն ընդունակ էր միայն անզոր հառաչել՝ մեծազոր եպիսկոպոսապետի ազդու հայացքի ներքո: Ոչի՛նչ էր թագավորը և անգործ: Իսկ հիմա, մեծազոր Գրիգորի թոռանն սպանած արքան դարձել էր օրինակ: Ողջ Հայոց աշխա՛րհն էր նրա պես գործում: Ծա՜նր էր արքայասպան Անակի ժառանգների գործը: Հիմա նրանք քաղում էին այն, ինչ սերմանել էին իրենց պապերը: Եկել էր քարերը հավաքելու ժամանակը: Ոչխարի մորթով ծածկված ամբողջ մի ազգ դեն էր նետել վրայից օտար կրոնի շղարշը և գնում էր «կորուստի ճանապարհով»:
Ի՞նչ էին անում «բարկության որդիներ» դարձած երեկվա այդ բարեպաշտները՝ դժվար չէ՛ գուշակել. Հայոց աշխարհում կործանված մեհյանների վրե՛ժն էր լուծվում: Եթե հպարտ ու հանդուգն Տիրանը՝ դեռևս իր հոր կենդանության ժամանակ, իրեն շրջապատել էր ազգային հավատքը կրող սեպուհներով, եթե նրա թագադրվելուց հետո, արդեն մեծահամբավ իշխաններ դարձած այդ նույն սեպուհներն՝ հպարտորեն մերժում էին կղերականների հեղինակությունը, ապա ա՛յլ էր ժողովրդի վիճակը: Քրիստոնեական կրոնը մնում էր իբրև մահակ՝ իր ազգային ակունքներից չկտրված հայի գլխին: Հիմա, Հուսիկի սպանությունից հետո, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ողջ արքունի՛քը դեն նետեց վրայից «առաքելական» շղարշը: Հայոց ազգն այլևս ստիպված չէ՛ր մթության քողի տակ՝ թաքուն երկրպագելու իր աստվածներին: Երկիրն ազգայնանում էր: Այդ իշխաննե՜րը՝ «չար ու ոխակալ, արյունախում և վայրենի», որ իրենց ժամանակը «մաշում էին պարսավելի կրթություններով, հին հեթանոսական սովորություններով, խուժադուժ բարբարոսական մտքերով»: Հայոց աշխարհի այդ կամակո՜ր ազգը, որ «սիրում էր իր առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում, նրանց հավատում, նրանց մեջ հարատևում»(*11): Բոլորովին անտեսվե՛լ է առաջին հայացքից զարմանալի թվացող այն իրողությունը, որ քահանայապետի մահն ու արքայի կամքը բավական էին՝ հռոմեական լծի տակ կեղեքվող ու պարսկական վտանգի առջև շվարած մի երկրի՝ առանց վարանելու հին հավատքին դառնալու համար: Ո՞րն էր այդ բուռն զարթոնքի պատճառը՝ միայն հեթանոս արքան և իր չարախոհ իշխաննե՞րը: Բացատրությունը գտնում ենք հենց իր՝ Բուզանդի՛ մոտ. «Որովհետև վաղու՜ց ի վեր, երբ նրանք քրիստոնեության անունն ստացան, այդ կրոնն հանձն առան հարկից ստիպված՝ իբրև մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի…»(*12):
Ահա՜ թե ինչ: Իսկ մեզ ուսուցանել էին, թե Քրիստոսից առա՛ջ անգամ՝ հայը քրիստոնյա էր, թե մեր էության անբաժանելի մա՛սն էր այդ կրոնը, թե Գրիգորից դարեր առա՛ջ դեռևս՝ մենք լուսավորչական էինք: Այնինչ, պարզվում է, «հարկից ստիպված»՝ իբրև մի մոլորությու՜ն ենք հանձն առել այն: Եվ ահա՛ արգասիքը. սոսկ արքայական հրամանով պահպանվող մի օտար դավանանք, նույնպիսի մի հրամանով, իր տեղը զիջում է ազգայինին՝ այն տարբերությամբ, որ հայոց ազգն ու ավագանին ցնծությա՛մբ էին հետևում նոր հրամանին: Հուսիկը լոկ սկիզբն էր: Նա իր հետևից տարավ բազում հոգևորականների.
«Նրանց ատու՛մ էին, հալածում և սպանու՛մ»(*13):
Կղերականների հետ հաշվեհարդա՛ր էին տեսնում Հայոց աշխարհում՝ ահա՛ իսկությունը: Ցնծու՛մ էր Հայքը և կենդանանում…
Հուսիկի մահն ու դրան հաջորդած ազգային զարթոնքը, որ բնականաբար ուղեկցվում էր եկեղեցական գործիչների հանդեպ համատարած հալածանքներով՝ շատերի կողմից ընկալվում էր իբրև մի շարժում, որն առաջին հերթին ուղղված էր հունասիրության, հռոմեական կողմնորոշման և նրա ջատագով՝ Գրիգորի տոհմի և իր զինակիցների դեմ: Դա, իհարկե, այնքա՛ն էլ հեռու չէ ճշմարտությունից: Բայց հունական թևին զուգահեռ, Հայաստանյայց եկեղեցում գործում էր մեկ այլ զորեղ ուժ ևս, որ թեև, էականորեն խիստ տարբերվող, սակայն, այդ շրջանում՝ սերտորեն կապված էր Գրիգորի տոհմի հետ: Խոսքը Հայաստանյայց առաքելական եկեղեցու ասորական թևի մասին է: Ընդհանրապես, ուսումնասիրողները Հայաստանյայց եկեղեցու շրջանակներում նկատել են երկու՝ հունական և ասորական հոսանքների պայքար: Լեո՛ն միայն առաջ քաշեց Աղբիանոսյանների տոհմը՝ իբրև բուն ազգային, երրորդ ուժ՝ եկեղեցու մեջ(*14): Մինչ այդ, հիմնականում Ադոնցի եզրահանգումների տպավորության ներքո, նրանք մասամբ դիտվում էին, որպես ասորական թևի ներկայացուցիչներ՝ սոսկ այն պատճառով, որ Աղբիանոսը ձեռնադրվել էր Տարոնում: Աղբիանոսյաններին մենք դեռ կհանդիպենք, իսկ առայժմ՝ ասորական եկեղեցու մասին:
Սրանք Հայաստան թափանցեցին Եդեսիա-Մծբին ուղղությամբ և Հայկական Տավրոսի շրջաններում էլ հենց սկսեցին տարածվել՝ հաստատվելով երկրի հարավում: Երկրորդ՝ հունական թևն, արդեն սկսեց ներս խուժել Կապադովկիայից՝ Գամիրքից, հանձինս Գրիգորի: Թե ինչպես նրան հաջողվեց հասնել հաղթանակի՝ երկար է խոսվել, և դեռ ոչինչ էլ պարզ չէ՛: Սակայն, էական է մի հանգամանք: Գրիգորը մեծագույն ցանկության դեպքու՛մ անգամ չէր կարող անտեսել այն հզոր ուժը, որ Հայաստան մուտք էր գործել իրենից շատ առաջ՝ ասորական քրիստոնեա համայնքներին: Սրանց կենտրոնն այդ շրջանում Մծբինն էր: Գրիգորը հսկայական զիջումներ արեց սրանց՝ աշխատելով միավորել իր իշխանության ներքո: Հայաստանի հարավային գավառներում և Տարոնում եղած նշանավոր կենտրոններում թեմեր հիմնելով՝ այստեղ նշանակեց ասորի եպիսկոպոսների: Հայաստանում կրոնական քարոզչությունը տարվում էր հավասարապես՝ հունարեն և ասորերեն լեզուներով, բացվում էին երկլեզու դպրոցներ: Նույն նպատակով էլ, Գրիգորը ձեռնադրում էր եպիսկոպոսներ քրմական ժառանգներից՝ նրանց նշանակելով Հայաստանի հարավ-արևմտյան շրջաններում: Այն, որ եկեղեցու ներսում Փավստոսին հայտնի է երկու տոհմ՝ շա՛տ խոսուն փաստ է: Փավստոսը չի՛ ժխտում ասորական զորեղ ուժի առկայությունը: Այն պարզապես սերտաճել էր Գրիգորի տոհմի հետ և ղեկավարվում էր հիմնականում Մծբինից: Մենք դեռ կտեսնե՛նք ասորիների զորեղ ազդեցությունը Հայաստանում՝ անգամ հունասերների՛ վրա: Երրորդ՝ Աղբիանոսյան տոհմը, որ զուտ ազգային էր, նախապես որևէ թեմ չուներ: Միայն Վրթանեսը՝ ասորական գործոնին հակակշռելու համար, նրանց տվեց Մանազկերտն իր շրջակայքով՝ Տարոնի հարևանությամբ:
Տարոնի եկեղեցու գլխավորն էր Դանիել ասորի քորեպիսկոպոսը: Սա Գրիգորի աշակերտն էր եղել և ձեռնադրվել էր նրա կողմից՝ ստանալով Տարոնի բոլոր եկեղեցիների գլխավորությունը՝ շրջակա գավառներով հանդերձ: Պատկերացնելու համար այն մեծ ազդեցությունը, որ տրված էր սրան, բավական է ասել, որ նա միաժամանակ վերակացուն և տեսուչն էր Մեծ Հայքի բոլոր եկեղեցիների, Մեծ Դատավորության Տարոնի գործակալն էր և հսկայական ազդեցություն ուներ նաև Պարսկաստանի եկեղեցիների՝ այսինքն, ասորական եկեղեցիների վրա: Սա մի փաստ է, որ ցույց է տալիս, թե ինչպես էր ասորական հոսանքը սերտաճել Գրիգորի տոհմի հետ այս շրջանում: Այդ միայն հետո՝ հինգերորդ դարում, սրանք սկսեցին լրջորեն պայքարել միմյանց դեմ: Գրիգորը Դանիելի սեփականությունն էր դարձրել Վահագնի բագինից ներքև գտնվող տարածքն Աշտիշատում: Հենց այս Դանիելի շնորհիվ է, որ Հայաստանում տարածվեցին անապատական-ճգնավորական կարգերն ու սովորույթները(*15):
Մեկ հետաքրքիր հանգամանք, որ ուշադրության չի արժանացել. Ադոնցն իրավացիորեն կարծել է, որ ասորական թևի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայել՝ իրենց դպրությունը մեզանում տարածելու համար: Կորյունի մոտ հիշատակված Դանիել ասորին սոսկ մի հիշողություն կարող է լինել այս քորեպիսկոպոսի մասին(*16): Եթե դա այդպես է, ապա այս Դանիելը փորձել է ասորական տառերն հարմարեցնել հայոց լեզվին, որը, բնականաբար, չի ընդունվել հայոց կողմից: Այս ենթադրության օգտին, ըստ իս, խոսում է հետևյալ ակնարկը. նախ, Վռամշապուհ արքան՝ հայտնելով Սահակ պարթևին ոմն ասորի Դանիելի մոտ պահպանված հայկական տառերի մասին, մարդ է ուղարկում ո՛չ թե Դանիելի, այլ ուրի՛շ մեկի մոտ: Ըստ երևույթին, սրա մոտ պահպանված էին Դանիել քորեպիսկոպոսի տառերը: Այստեղից էլ՝ նրա անվան հետ կապված հիշողությունը Կորյունի մոտ: Երկու տարի այս տառերն ուսումնասիրելուց հետո, Մաշտոցը պարզում է, որ դրանք ո՛չ միայն չեն համապատասխանում մեր հնչյունական համակարգին, այլև ունեն օտար ծագում (*17): Մաշտոցն, ինչպես գիտենք, դեն է շպրտում այդ այբուբենը: Այսպես, քորեպիսկոպոս ասորի Դանիելը՝ վերջնականապես մեր ազգը խեղելու նպատակով, դեռևս չորրորդ դարում փորձ է արել ասորական տառերը փաթաթել մեր վզին: Դա տեղի է ունեցել հենց Տիրան արքայի՛ օրոք, և մերժվել է:
Հուսիկի մահից հետո, կարծելով, թե խնդիրը սոսկ Գրիգորի տոհմի հետ թշնամությունն է՝ ասորական թևն առաջ է քաշում հենց այս Դանիելի՛ թեկնածությունը: Այն հենց սկզբից մերժվում է Տիրանի կողմից. արքան լսե՛լ անգամ չէր ուզում սրանց մասին: Թեև Փավստոսը ներկայացնում է, իբրև թե Դանիելին արքան էր կանչել՝ նրան քահանայապետի աթոռն առաջարկելու համար, սակայն, իրականությունն ա՛յլ կերպ է երևում: Դանիելը չի՛ բերվում արքունիք, այլ ի՛նքն է գալիս. թե ինչու՝ դեռ կտեսնենք: Խորենացին ակնա՛րկ անգամ չի անում Դանիելին հրավիրելու մասին, այլ պարզ ասում է միայն, թե նա նախատել էր արքային(*18):
Եվ այսպես, Հայաստանյայց եկեղեցու ամենածայրահեղ, խավարամիտ, ասորա-հրեական հոգեբանությունը հարազատեցրած այս հոսանքի պարագլուխ Դանիելը, որ Գրիգորի աշակերտն էր և նրա գործի հետնորդը՝ Հուսիկի մահից անմիջապես հետո հայտնվում է արքունի բանակում: Դրան արդեն նախորդել էին տառերի հետ կապված նրա անհաջողությունները: Որևէ լավ բան չէ՛ր սպասվում չարացած ասորու այդ այցից…
________________________________________
(*1)Բյուզանդական դարաշրջանի սկիզբը մինչ օրս բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալիս: Մթ. 328 թվականին Կոստանդնուպոլիսի(Բյուզանդիոն) կառուցմամբ, 395 թվականին կայսրության՝ Արևելյան և Արևմտյան մասերի պաշտոնական բաժանմամբ կամ Հուստինիանոսի(527-565) ժամանակաշրջանով այն պայմանավորողներն, իրականում, մեկը մյուսին չեն հակասում: Ընդունելով Թեոդոս Մեծի մահից հետո կայսրության բաժանման տարեթիվը(395), որպես Բյուզանդական կամ Արևելա-հռոմեական կայսրության ինքնուրույն գոյության սկիզբ՝ այնուամենայնիվ, մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի համար, ես հավասարապես գործածում եմ թե՛ «հռոմեական», և թե՛ «բյուզանդական» որակումները: Սա բացատրվում է նրանով, որ Հռոմեական կայսրությունը՝ 328 թվականից սկսած, Արևելքի հետ շփվում էր առավելապես Կոստանդնուպո՛լսի միջոցով:
(*2) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԲ.
(*3) Առաջնորդվելով այն կանխակալ վարկածով, թե Տիրանն իր գահակալության ողջ շրջանում մնաց Հռոմի հավատարիմ դաշնակիցը՝ Մանանդյանն հետևություն է արել, թե ծանրազեն հեծելազորի վերաստեղծումը տեղի է ունեցել Կոստանդիոս կայսեր նախաձեռնությամբ, որն, իրականում, իբրև վարկած՝հիմնազուրկ է(Հակոբ Մանանդյան. Երկեր Բ, 141-160):
(*4)Սոնա Մեջլումյան. Ընտանի ձին Հայկական Լեռնաշխարհում. Էություն հանդես, թիվ 0, մարտ,1992
(*5) Նույն տեղում
(*6) Վահան Բայբուրդյան. Իրանի Պատմություն
ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության Ինստիտուտ, Երևան-2006, էջ 129
(*7) 351 թվականին Մուրսալի ճակատամարտում, Կոստանդիոս կայսրը մեծ հաղթանակ տարավ շնորհիվ հենց ա՛յս հեծելագնդի:
Հակոբ Մանանդյան. Երկեր Բ. 157
(*8) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԳ,ԺԴ.
(*9)«… տարօրինակ, եւ գրեթէ անհաւատալի կ’երեւի հայ քրիստոնեայ թագաւորի մը՝ մինչեւ այդ աստիճան լրբենի եւ անգութ կերպով իր հայրապետին դէմ համարձակիլը»,- բողոքում է Օրմանյանը (Մ. Օրմանեան. Ազգապատում. Հատոր Ա. 73-74):
Այս խոսքերն հետաքրքրական են այն առումով, որ բոլոր ժամանակներում Հայաստանյայց եկեղեցու պաշտոնավորները բնական են համարել իրենց՝ սևազգեստների, լրբենի և անամոթ պահվածքը, իսկ արքայի, իշխանի, կամ պետական որևէ այլ գործչի տված պատասխանն համարվել և համարվում է «տարօրինակ և անհավատալի»:
(*10) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. ԺԳ.
(*11) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. ԺԳ.
(*12) Նույն տեղում
(*13) Նույն տեղում
(*14) Լեո. Երկերի Ժողովածու. Առաջին հատոր.
«Հայաստան» հրատարակչություն. Երևան-1966, էջ 425
(*15)Լեո. Երկերի ժողովածու. Առաջին Հատոր, 441
(*16) Նիկողայոս Ադոնց. Հայաստանը Հուստինիանոսի Դարաշրջանում. «Հայաստան», Երևան-1987, էջ 390
(*17)Կորյուն. Վարք Մաշտոցի.
«Սովետական Գրող», Երևան-1979. Զ
(*18) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԴ.

Գևորգ Հովհաննիսյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Jan 20, 2012 4:19

Հիանալի Է,Գևորգ ջան…Պատճառաբանվաց,պարզ, ընթեռնելի ու հասկանալի գրվաց,գիտականորեն ապացուցվաց եվ անչափ հետաքրքիր…Ապրես:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 17 Thumb down 0

sofia
Jan 20, 2012 11:13

Ապրես Գևորգ  ջան՛ մեզ հետ կիսվելու համար
ինչ հետաքրքիր մեկնաբանություն ինչքան 
չեբացահայտված պատմական իրադարցություններ 
կան մեր նախնյաց անցած ճանապարներում, 
փաստորեն Հայ հասարակության մեչ միշտել
եղել է մի մասսա վրը միշտ հավատարիմ էն մնացել
մեր նախնյաց հավատքին, եւ ամենա գնահատելին
 այսքանի մեչից՛ այն փաստն էր որ Մաշտոցը կուլ չի 
գնացել Ասորիների խորամանկությանը եւ արել ամեն բան  
 որ գտնի Հայ տառերը, ուղակի խոնհարվել կարելի է այդ
 մեծ հայօրդու շիրիմին, թաքավորներ չեն ծնվում նրանք
 դառնումեն իրենց խելքով քաջությամփ եւ անմնացորդ
 հայրենա պաշտությանմփ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 15 Thumb down 0

Suren
Jan 20, 2012 23:56

Շատ շնորհակալ եմ սայթում Գևորգի ներկայությունից, իրա պատմության իմացությունից ու վերլուծություններից::
Ինձ զարմացնում է որ բոլոր քոմենթներն դրական են բայց գնահատականներն մինուսով են նախորդ մասերում, բավական շատ են ու անհասկանալի թե ինչի համար են բացասական գնահատվում, չհասկացա:
Հաստատ ադմինի մատը խառն է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 5 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*