ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 24, 2011 11:37 - 6 քննարկում

Ազգային ինքնասպանությունը՝ ընթացքի մեջ

December 22nd, 2011Ara K. ManoogianLeave a commentGo to comments
(English version: “National Suicide in Progress“)

Հայ ազգային կոմիտեի 2011 թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական համաժողովի ժամանակ սադրիչ մի հարց ուղղեցի արտագաղղթի աղետալի չափերի վերաբերյալ՝ երևույթն անվանելով «2011 թ. սպիտակ ցեղասպանություն»: Ձևակերպման մեջ ցանկացել եմ շեշտել արտահայտության հակասականությունը, որի շուրջ սփյուռքահայ համայնքը մասնատված է: Ցանկանում էի ավելի շատ կարծիքներ ստանալ:

«Սպիտակ ցեղասպանությունը», ինչպես սահմանված է «ՎիքիԼիքս»-ում, եզրույթ է, որով արևմտահայերը նկարագրում են արևմուտքում ընթացող ուծացումը: Մինչև Հայաստանի անկախացումն այս արտահայտությունը վերաբերում էր բացառապես 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքներին: Սակայն ՀՀ անկախացումից հետո սկիզբ առած զանգվածային արտագաղթը հանրության լայն շրջանակներում սկսեց մտազուգորդվել «սպիտակ ցեղասպանություն» երևույթի հետ: Այն, ինչ արևելահայերին է սպասում օտար երկրներում ամենայն հավանականությամբ աստիճանական ուծացումն է: Այսօրվա իրականությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների մոտ կեսը իրենց հայրենիքում իրենց իսկ կառավարության կողմից աղքատության, նվաստացման և անարդարության դատապարտված կյանքին նախընտրում է խաղաղ ուծացումը:

Բոլոր խոսնակներից հարցս ուղղեցի նախ և առաջ Սերժ Թանկյանին, ով ակտիվորեն մասնակցում է 1915 թ. ցեղասպանության իրազեկմանը: Ստորև Թանկյանի պատասխանն է.

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ցեղասպանություն չէ: Բայց շատ ողբերգական է: «Ցեղասպանությունը» միանգամայն հստակ եզրույթ է, որին պետք է լրջորեն վերաբերվենք, այլապես, գիտեք, շատ մարդիկ, ցեղասպանագետներ, ովքեր գիտեն, թե ինչն ինչոց է… Սա շատ հստակ երևույթ է: Բայց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, տխուր է՝ մարդկանց հեռանալը, կոռուպցիան, անարդարությունը, տնտեսական անհավասարակշռությունը, որը գոյություն ունի անկախություն ձեռք բերած նախկին խորհրդային հանրապետություններից շատերում: (Արա Խ. Մանուկյանի անձնական արխիվ)

Անգամ փոխաբերական մակարդակով Թանկյանը հայոց պատմության մեջ կարծես չի տեսնոմ ցեղասպանային միտումներ 1915-1923 ցեղասպանությունից այն կողմ: Թանկյանն այնուհետև սկսեց արդարացումներ տալ Հայաստանում տիրող ներկա իրավիճակի համար. «Հայաստանը միակը չէ: Հարկավոր է նայել աշխարհաքաղաքական տեսանկյունից, ոչ պարզապես հայի աչքերով, իհարկե»: Ապա առանձնացրեց մի նվաճում. «Հայաստանի լավագույն կողմն այն է, որ ճշմարտությունն արտահայտելու ահ չկա: ահավասիկ մի բան, որ մեր կողմից է, մի բան, որ գոյություն չունի որոշ այլ հետխորհրդային հանրապետություններում»: Ճիշտ այդպես՝ «որոշ» այլ հանրապետություններում, ոչ թե «բոլոր»: Իսկ ինչո՞ւ չհամեմատել Հայաստանն այն մյուս հանրապետությունների հետ, որոնք Հայաստանից շատ ավելի լավ են իրենց դրսևորել ԽՍՀՄ անկումից հետո:

Մեկ այլ բանախոս ցանկություն հայտնեց պատասխանել «սպիտակ ցեղասպանության» մասին իմ հարցին: Մրցանակակիր կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը, ինչպես ինքը նախօրոք արդարացիորեն նշեց, փաստորեն կրկնեց այն, ինչ Թանկյանն էր ասում զանգվածային արտագաղթի վերաբերյալ. «Դե, գիտեք, այժմ շիզոֆրենիկ ժամանակներ են հետխորհրդային հանրապետությունների համար»:

Պարզ ասած՝ նրանց արձագանքը նշանակում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, նորմալ է: Պետք է միայն նայել աշխարհաքաղաքական կտրվածքով:

Երբ Սերժ Թանկյանն ու Էրիկ Նազարյանը խոսում են Հայաստանի աշխարհաքաղաքական տարածաշրջանի մասին, ինձ հետաքրքիր է՝ արդյոք անձամբ իրենք ընկալո՞ւմ են այդ նույն աշխարհաքաղաքական հատվածի բոլոր կողմերը: Հայաստանի հյուսիսում գտնվող Վրաստանը մինչև 2003 թ. շատ ավելի վատ վիճակում էր, քան Հայաստանն ու մնացած հետխորհրդային հանրապետությունները: Այդուհանդերձ այս երկիրը կարողացավ ի մի բերել իր ներուժն ու ձերբազատվել կոռումպացված ռեժիմից: Այդ պահից ի վեր պատերազմներից տուժած Վրաստանն այնպիսի զգալի ժողովրդավարական բարեփոխումներ է իրագործել, որ արդեն մեկ ոտքով գտնվում է Եվրոպական Միությունում: Որպես թշնամի Հայաստանն ունի Թուրքիան և Ադրբեջանը, մինչդեռ Վրաստանի թշնամին է հսկայական Ռուսաստանը: Հայաստանը հաղթել է Ադրբեջանի հետ մղած մեկ պատերազմում, իսկ Վրաստանը տանուլ է տվել երեք պատերազմ՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և, համեմատաբեր վերջերս, Ռուսաստանի հետ: Ճիշտ է՝ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանն ունի ելք դեպի ծով և չի տառապում կրկնակի շրջափակումից: Սակայն կարևոր է հասկանալ, որ Վրաստանը վայելում էր այդ նույն աշխարհագրական հարմարությունները մինչև 2003 թ. հեղափոխությունը, բայց, այդուհանդերձ էլ ավելի խորը ճգնաժամ էր ապրում, քան ցանկացած այլ հետխորհրդային հանրապետություն անբանիմացության և վատ կառավարման պատճառով: Տեսնես՝ վրացիները որևէ բանի կհասնեի՞ն, եթե պարզապես ապավինեին այն հարմարավետ արդարացմանը, թե խնդրահարույց աշխարհաքաղաքական տարածաշրջանում են:

Այս տեսակ կարծիքները շատ ձեռնտու են Հայաստանի կոռումպացված իշխանությունների համար: Ճանաչելով Սերժ Թանկյանին որպես շիտակ մի ակտիվիստի, ով Հայաստանում ՀՀ իշխանությունների հասեցին քննադատական հայտարարություններ է հնչեցրել — անկախ դրանց մեղմությունից կամ ընդհանրականությունից — տխրությամբ եմ նկատում, որ նրա տեսանկյունը որոշ նմանություններ ունի հայկական ավանդական սփյուռքի տեսանկյան հետ, որտեղ հայկական իշխանությունների չար դրսևորումները ներելու միտում կա, ինչով և կանաչ լույս է վառվում հետագա անիրավությունների համար:

Մինչ Թանկյանի դիրքորոշումը կարող է նաև դիտարկվել որպես ոչ այնքան ներողական, որքան ապագայի հանդեպ լավատեսական, միևնույն ժամանակ կա ազդեցիկ սփյուռքահայերի մի ամբողջ բանակ, ովքեր ներողամտություն են քարոզում: Ստորև շատ տիպիկ խոսք է մեջբերված՝ Նյու Յորքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրվա կապակցությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ելույթից.

Համեմատած նախկին Խորհրդային Միության 15 հանրապետությունների հետ, մենք միակն ենք, որ երեք նախագահական ընտրություններ ենք ունեցել: Նախագահներից ոչ ոք չի փորձել մնալ սահմանված ժամկետից երկար: Մենք խորհրդարանական ընտրություններ ենք ունեցել: Կատարյալ համակարգ չէ, բայց դա ավելի լավ ժողովրդավարություն է, որը աշխատում է, քան որևէ այլ Խորհրդային հանրապետությունում: Եվ մենք պիտի հպարտ դրա համար: Կասկած չկա, որ կոռուպցիա կա: Դժբախտաբար Խորհրդային Միության անկումից հետո այսօր կոռուպցիան տարածված է ողջ աշխարհով մեկ: : Այնպես որ, եկեք մի փոքր կարեկից լինենք: Եկեք մեր ունեցածին ոչ միշտ քննադատաբար մոտենանք: Մենք մի փոքր երկիր ունենք: Ունենք մեր անկախությունը: Համոզված եմ, որ մենք կարող ենք ավելին անել: Համոզված եմ, որ մեր ղեկավարները կարող են ավելին անել: Բայց եկեք նայենք դրական կողմին, որովհետև այլապես մենք երբեք երկիր չենք կառուցի: (http://www.youtube.com/watch?v=JGYZVf4ChJU)

Կրկին դեղամիջոցը Հայաստանին աշխարհաքաղաքական տեսանկյունից նայելն է: Սակայն, մասնավորապես այս օրինակում բանախոսն այնքան անբանիմաց է, որ Հայաստանը համեմատում է բոլոր հետխորհրդային հանրապետությունների հետ, որոնցից երեքը՝ մերձբալթյան պետությունները, Եվրամիության անդամ են արդեն: Դեռ ավելին, Սեդրակյանն այն աստիճան է իջեցնում նշաձողը, որ մենք պիտի հպարտանանք հենց միայն այն փաստով, որ նախգահական և խորհրդարանական ընտրություններ ենք ունեցել: Այլևս էական չէ, թե որքան խարդախ կամ մահացու են դրանք լինում:

Այս տեսակ քաղաքականության կարգախոսը կարող էր լինել այսպիսին՝ «Մի քննադատիր Հայաստանը, թե չէ թշնամին կօգտվի»: Քննադատությունից չէ, որ թշնամին օգտվում է, այլ հենց այդ քննադատության թիրախի հետևանքներից: Թշնամին օգտվում է Հայաստանի վատ կառավարումից, որը մարդաթափում է Հայաստանը, ոչ թե հուսահատ քննադատության այն բռնկումները, որոնք նպատակաուղղված են կասեցնելու զանգվածային արտագաղթը:

Ներողամտության այս քաղաքականությունը խիստ պատիժ է Հայաստանի ժողովրդին, որը չունի այս սփյուռքահայերի հարմարավետ պայմանները, որ հանգիստ նստի ու համբերատար սպասի, թե երբ աշխարհաքաղաքական մթնոլորտը կբարեհաճի բարելավվել, իսկ ժողովրդավարական բարեփոխումներն էլ՝ էվոլյուցիայի ենթարկվել:

Հենց սա է մեկ այլ քաջ հայտնի սփյուռքահայ պատգամում վերջերս լույս տեսած իր հոդվածում: Իր «Ծայրահեղ բացասականությունն ու անդադար հարձակումները վտանգում են Հայաստանի զարգացումը» հոդվածում ՄԱԿ «Սնունդ նավթի դիմաց» ծրագրի նախկին ղեկավար Բենոն Սեւանը գրում է.

Չնայած իսկական ժողովրդավարական Հայաստան տեսնելու մեր անհամբերությանն ու ցանկությանը, մենք համբերատար լինելուն այլընտրանք չունենք, քանի որ ժամանակ է հարկավոր ժողովրդավարության կառուցման, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, ինչպես նաև իրական ժողովրդավարական բարեփոխումների համար: («California Courier» պարբերականի 2011 թ. հոկտեմբերի 13: Նաև կարդացեք՝ «Պատասխան Բենոն Սեւանի սսկվելու կոչին»)

Դեռ քանի՞ տարի պիտի այս դիտանկյունը գերակայի հայկական սփյուռքում: Դպրոցական աշակերտների թիվը մեկ դպրոցի հաշվով 2000 թ. 399-ն էր: Այդ թիվը 2010 թ. նվազել է 35%-ով ՝ հասնելով 256-ի, ինչպես հաղորդում է CivilNet.com-ը: Վարչապետը ուրախանում է հայաստանցիների արտագաղթի աճով, ովքեր այլապես կմնային ու կբողոքեին: Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերով մշտական կոմիտեի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը զանգվածային արտագաղթը որակել է իբրև Հայաստանի տնտեսական շահ: «Արտագաղթող մարդիկ էլ ապրանք են»,- ասել է նա 2011 թ. դեկտեմբերի 16-ին, ինչպես հաղորդում է «Regnum» գործակալությունը: Արտագաղթող, ում Հայաստանն արտահանում է ու վարձատրվում դրամական փոխանցումների տեսքով:

Դընի Դոնիկյանը ֆրանսահայ գրող է, ով հայտնի է թե ՀՀ իշխանությունների և թե՛ սփյուռքի նկատմամբ քննադատական հայացքներով: Ահա թե ինչ է նա գրել սփյուռքահայերի այս կոնֆորմիստական տեսակի մասին.

Երբ Սերժ Սարգսյանն ինքն իրեն երկրի ղեկավար հռչակեց խարդախության պայամաններում, ինչի մասին մենք գիտեինք; երբ նա իր ընդդիմախոսներին բանտ նետեց; երբ նա շարունակում է անազատության մեջ պահել հանուն Ղարաբաղի կռված սփյուռքահայերի; և երբ նա անգամ հրաժարվում է նրանց ՀՀ քաղաքացիություն շնորհել, այս նույն սփյուռքի ներկայացուցիչները երբեք այդքան կատաղի ու սպառնալի չեն եղել, ինչքան այսօր, երբ «իրենց» ցեղասպանությունն է վտանգի տակ: Կարծես մեռյալներն ավելի ողջ են նրանց համար, քան այսօրվա ողջերը: Ամբողջ տարին Սարգսյանի վարչակարգի աբսուրդության ու խլության մասին աղաղակող ժողովրդավարական ըննդիությանը չսատարելով, բախտի քմահաճույքին թողնելով կամովին լքված հողերը, տնտեսական արտագաղթի սպիտակ ցեղասպանությունը խստիվ չդատապարտելով՝ սփյուռքը պետք է ակնկալեր, որ օրերից մի օր ստանալու է դրա համար ըստ արժանվույն: (Դընի Դոնիկյան, «Հայկական սփյուռքն ու Հայաստանի եղջերակիրները», հոկտեմբերի 11, 2009: Թարգմանությունը՝ Վիգեն Աթարյանի՝ http://attarian-essays.blogspot.com/: Մեջբերումը՝ PFA “Armenia-Diaspora Relations: 20 Years Since Independence”)

Սակայն փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Հայ ազգային կոմիտեի հասարակական համաժողովից երկու շաբաթ անց՝ 2011թ. դեկտեմբերի 12-ին, տեղեկացա Հայաստանի կոռումպացված վարչակարգի դեմ ուղղված Շառլ Ազնավուրի հերթական հարվածի մասին: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ազնավուրը, ըստ Lifeshowbiz.ru կայքի, ասել է հետևյալը.

Իմ երկիրն այժմ ներքին ցեղասպանություն է ապրում: Ես դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Հայաստանին չթողնելով շնչել, կառավարությունը սեփական երկիրը զրկում է երիտասարդներից: Նրանք լքում են: Եվ այդ առումով խնդիրը դարձել է ոչ թե պարզապես քաղաքական, այլ համամարդկային: Շտապ լուծում է հարկավոր: (“Шерше ля Шарль” at Lifeshowbiz.ru)

Սա հայաստանյան կառավարությանն ուղղված՝ Ազնավուրի երկրորդ շեշտակի հարվածն էր «Nouvelles d’Arménie»-ի ֆրանսալեզու ամսագրում մոտ երկու ամիս առաջ հրապարակված ցնցող հարցազրույցից հետո (հայերեն տարբերակը «Հետք»-ում): Այս անգամ նա իշխանություններին կատաղեցրել է թաբուով՝ «ցեղասպանություն» եզրույթի գործածմամբ: Հատկանշական է, որ «Nouvelles d’Arménie»-ին տված հարցազրույցում Ազնավուրը կոչ էր արել առանձնապես չսևեռվել Թուրքիայի ղեկավարության իրականացրած ոճիրը հենց «ցեղասպանություն» եզրույթով որակելու վրա, մինչդեռ երկու ամիս անց Մոսկվայում Հայաստանի կառավարության գործողությունները ներկայացնելու համար նա նախընտրել է հենց այդ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել:

Ազնավուրի այս վերջին հայտարարությունները հատկապես զորեղ են տարիներ շարունակ այս նույն իշխանությունների կողմից նրան պարգևված ընծաների համատեքստում՝ ներառյալ վերջերս Երևանի լավագույն վայրերից մեկում բացված թանգարանը:

Երկար տարիներ Շառլ Ազնավուրը գտնվում էր Դընի Դոնիկյանի թունոտ քննադատության թիրախում իշխանությունների հանդեպ իր հնազանդության պատճառով: Ի՞նչը ստիպեց Ազնավուրին, ում սովորաբար համարում էին «իշխանությունների հետ քնող», խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք ստեղծել են այդ նույն իշխանությունները: Շառլ Ազնավուրը, ով չտեսնելու էր տվել 2001 թ.Ռոբերտ Քոչարյանի անվտանգության թիմի անդամների կատարած՝ Վրաստանի քաղաքացի հայազգի Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը, այսժմ խոսում է իշխանությունների դեմ:

Համենայնդեպս ես ուրախ եմ, որ իշխանությունների արտահայտած մեծարանքը չի կարողացել լռեցնել Շառլ Ազնավուրի խիղճը: Եվ ես հուսով եմ, որ այլ հանրաճանաչ մարդիկ կփոխեն իրենց առաջնահերթությունները: Սակայն մինչ այդ, Շառլ Ազնավուրի կոշտ գնահատականները, 1in.am-ի հաղորդմամբ, երկրորդել են սփյուռքի մի շարք մտավորականներ, ինչպիսիք են «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը (Փարիզ), «Ազատ խօսք» էլեկտրոնային պարբերաթերթի գլխավոր խմբագիր Երան Գույումճեանը (Նիկոսիա):

Հայ ազգային կոմիտեի հասարակական համաժողովի ժամանակ ես Սերժ Թանկյանին նաև խնդրեցի մեկնաբանել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրած լումայի համար վարչապետի հուշամեդալն ընդունելը մի մարդուց, ում թերի աշխատանքը զգալիորեն նպաստել է Հայաստանից հայերի մերօրյա զանգվածայիյն արտագաղթին: Թանկյանն ասաց հետևյալը.

Ցեղասպանության իրազեկման համար իմ ստացած հուշամեդալը… Ես մտածել եմ դրա շուրջ մինչև ընդունելը: Այդ առումով մտքիս եկավ երկու հանգամանք: Նախ և առաջ՝ նա ներկայացնում է հայ ժողովուրդը: Նա պարզապես վարչապետ չէ, ասենք, գիտեք, սեղանին դաջված մի անուն: Երկրորդը՝ դա հիանալի հնարավորություն էր իրապես ակտիվ մասնակցություն ցուցաբերելու ու ճշմարտությունն ասելու համար… (Արա Խ. Մանուկյանի անձնական արխիվ)

Ես հավատում եմ, որ այս մեծարանքը, ինչպես Շառլ Ազնավուրին շնորհված բոլոր ընածաները, չեն խանգարի Սերժ Թանկյանին իշխանությունների մասին ճշմարտությունը հնչեցնել հրապարակավ:

Այն, ինչ հայաստանյան ղեկավարությունն է անում միգուցե և «սպիտակ ցեղասպանություն» չէ: Սակայն մեխանիզմները շատ են համանման: Իշխանությունների անցանկալի քաղաքականությունն ի վերջո դրդում է մարդկանց լքել Հայաստանը: Հայաստանից դուրս հաստատվելով՝ նրանք կանգնում են այն վտանգի առաջ, որին դատապարտված են արևմտահայերը՝ սպիտակ ցեղասպանության՝ աստիճանական ուծացման, որը 1915-1923 թթ. ցեղասպանության վերջին փուլն է: Ազգային ինքնասպանության պես մի բան է ստացվում:

Որպես մխիթարանք Սերժ Թանկյանը մեզ խորհուրդ է տալիս Հայաստանում տեղի ունեցող կործանիչ զարգացումներին նայել «ոչ պարզապես հայի աչքերով»: Սակայն քանի դեռ ես կատաղի պայքար եմ մղում սփյուռքում ընթացող սպիտակ ցեղասպանության դեմ, այդ ունակությունն ինձ համար անհասանելի է:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է http://www.thetruthmustbetold.com կայքը:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Հովհաննես
Dec 25, 2011 13:04


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17118') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xAB\xD5\xB6\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xAB\xD5\xB6\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xB6 \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219