ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 17, 2011 20:41 - 2 քննարկում

Վտանգավոր «խաղեր» Հայաստանի շուրջ…

Այն, ինչ-որ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին քաղաքական զարգացումներ են սպասվում, որը «թանկ» է նստելու ոչ միայն հայաստանցիներիս վրա, այլ նաև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում:
Ասելիքս առավել պատկերավոր դարձնելու համար սկսեմ «դրսում» տեղի ունեցող և մոտ ապագայում սպասվող զարգացումներից, որոնք իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում Հայաստանի խաղաղ գոյատևման և զարգացման համար:

Վտանգ առաջին.

Այս տարվա նոյեմբեր ամսին ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակված իրանական ատոմային ծրագրերի առնչությամբ զեկույցից հետո ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հանդեպ օր օրի օղակը սեղմվում է, որն արտահայտվում է իբր իրանական ատոմային նկրտումներով և միջազգային ասպարեզում տարվող լավ կազմակերպված քարոզչությամբ: Բացահայտ ասվում է, որ արևմուտքի համբերության «բաժակը լցվել է» և ուր որ է կհասցվեն լոկալ ռմբահարումներ իրանական այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն ատոմային ծրագրերին: Իսկ որ Իրանը անպատասխան չի թողնի իր հանդեպ իրականացված ագրեսիան, անհերքելի է և «համարժեք պատասխանի» ուղղությունն էլ հայտնի է` դեպի Իսրայել: Սրա մասին մեկ անգամ չէ որ հայտարարել են իրանական քաղաքական և ռազմական շրջանակները: Այս ամենին եթե գումարենք Թուրքիայի և Ադրբեջանի անխուսափելի մասնակցությունը Իրանի հանդեպ իրականացվելիք ագրեսիային, ապա Հայաստանի համար լավ օրեր չեն սպասվում թե միջազգային քաղաքական-ռազմական հարաբերություններում, թե տնտեսական ասպարեզում, քանի որ մեր երկիրը Իրանի հետ բազում ծրագրեր է իրականացնում էներգակիրների ոլորտում: Սրան եթե գումարենք իրանահայության արտագաղթի առջև կանգնելու անխուսափելիության փաստը, ապա վտանգի մասին պատկերը կամբողջանա:

Վտանգ երկրորդ.

Այսօր առկա է Սիրիայի հանդեպ սեղմվող օղակը նույն արևմուտքի կողմից, իսկ դերակատարներն էլ նույնն են` ԱՄՆ, Իսրայել, Եվրամիություն, Թուրքիա: Սցենարը նույնն է` հակաքարոզչություն գործող ռեժիմի դեմ և միջազգային հանրության նախապատրաստումը «սեփական ժողովրդին կեղեքող վարչակազմին» տապալելու գործողությանը: Այս «ճակատում» Հայաստանի հանդեպ վտանգը արդեն իրական է, քանի որ արևմուտքի «քավորությամբ» թուրքական կառավարությունը բացահայտ ստանձնել է Սիրիան կործանելու գլխավոր դերակատարությունը:Այս պարագայում էլ նորից մեր հայրենակիցների պարտադրված արտագաղթի խնդրի առաջ ենք կանգնելու` նույնիսկ կարելի է համարել, որ երևույթն արդեն առկա է:
Վտանգ երրորդ.

Այս ամենին փորձում է դիմակայել Ռուսաստանը, որին, կարծես, միայնակ են թողել մյուս հզոր պետությունները կամ, ավելի ճիշտ, արևմուտքին հաջողվել է «չեզոքացնել» Ռուսաստանի հավանական աջակիցներին: Սակայն սա չի նշանակում, թե Ռուսաստանը «ձեռքերը ծալած» նստել է և քայլեր չի ձեռնարկում: Այս օրերին Բրյուսելում տեղի ունեցող Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովին ՌԴ նախագահը պարզ հասկացրեց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ իրականացվելիք հարձակումները աղետալի զարգացումներ կունենան ոչ միայն տարածաշրջանի առումով, այլև աղետը կլինի առավել ընդգրկուն: Իսկ արևմտյան հետախուզություններն արդեն «արձանագրել» են, որ Ռուսաստանը Օսեթիայում և Աբխազիայում տեղակայված իր հարավային ռազմաբազաները բերել է ամբողջական ռազմական պատրաստականության, Սև ծովի Վրաստանի ափամերձ սահմաններին է մոտեցրել ռազմանավեր, իսկ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայից տարհանվել են սպայակազմի ընտանիքների անդամները:

Ներկա պատկերը նախապատերազմական գործողություններ է հիշեցնում նաև այն պատճառով, որ ռուսական Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիր հանդիսացող հածանավը և «Ադմիրալ Չաբանենկո» հակամակույկային նավը մոտ օրերս մտնելու են Լիբանանին սահմանկից` սիրիական Թարթուս նավահանգիստ, որտեղ հենց գտնվում է ռուսական նավատորմի հենակետը։ Ինչպես տեսնում ենք “կրակը” թեժանում է և նորից հարցականի տակ է դրվում հայության խաղաղ գոյակցությունը մերձավորարևելյան տարածաշրջանում և Ռուսաստանում…

Վտանգ չորորդ` «վտանգ ներսից»

Պատմությունից քաջատեղյակ ենք, որ երբ աշխարհը խառնվել է իրար` լայնամասշտաբ պատերազմներ են եղել, ապա Հայ ժողովուրդը միշտ մարդկային և տարածքային կորուստներ է կրել: Սա մեր պատմության մեջ է «ամրագրված», հետևաբար տրամաբանական պետք է լիներ ՀՀ ներկայիս քաղաքական ղեկավարության չեզոքությունը կամ գոնե Ռուսաստան-արևմուտք լարված հարաբերություններում արհեստական խնդիրներ չառաջացնելու և չհրահրելու քաղաքականությունը, մանավանդ որ ադրբեջանական կողմից օր օրի սաստկանում են սեփական ժողովրդին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ սկսելու քարոզչությունը և հոգեբանորեն նախապատրաստվելը:Բայց վերջին ամիսներին ՀՀ նախագահի կողմից իրականացվող «վոյաժները» հակառակ տպավորություն են թողնում: Դատեք ինքներդ. ինչ է նշանակում Ռուսաստանի համար նախընտրական ծանր օրերին ՀՀ նախագահի Վրաստան այցելությունը և Սահակաշվիլու հետ «գրկախառնվելը» այն պարագայում, երբ աշխարհին է հայտնի ռուսական ատելությունը Վրաստանի ներկայիս նախագահի հանդեպ և առավել ևս, որ Հայաստաննի և Վրաստանի միջև առակա որևէ խնդիր լուծում չստացավ այդ հանդիպումից, միայն եղան դեկլարատիվ հայտարարություններ և համագործակցությունը խորացնելու միտված պայմանագրերի կնքում: Կամ ՀՀ Պաշտպանության նախարարության տեսչության բարձրաստիճան սպաների մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի ժողովին: Այս ամենին եթե ավելացնենք ՀՀ նախագահի «նախատոնական» այցելությունները Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան, ապա կստացվի, որ Հայաստանը օգտվելով Ռուսաստանի ներքին և արտաքին բարդ իրավիճակից, փորձում է ձերբազատվել Ռուսաստանի «տանիքից»: Իհարկե վատ տարբերակ չէ Հայաստանի համար անվերապահ սուվերենության հասնելը, սակայն արդյո՞ք ճիշտ ժամանակ է ընտրել ՀՀ ներկայիս նախագահը նմանատիպ «քաղաքական փորձարկումների» համար, կամ Ռուսաստանը պատրա՞ստ է «մարսել» Հայաստանի կողմից ցուցաբերվող ինքնիշխան պետության նոր արտաքին քաղաքականությունը: Ցավոք պետք է արձանագրենք, որ ՈՉ, քանի որ ռուսական «դժգոհությունը» արդեն զգացնել է տալիս հայկական ատոմակայանի կառավարումից հրաժարվելու տեսքով, ԵՎՐԱԶԵՍԻ Հակաճգնաժամային ֆոնդի խորհրդի կողմից Հայաստանին նախապես խոստացված 400 միլիոն դոլար վարկի մասին ընդհանրապես չհիշատակելով Խորհրդի վերջին նիստին` մատնելով այդ հարցը անորոշության…

Այս ամենին եթե ավելացնենք, որ Հայաստանի Էներգետիկական ցանցը և նրանով առաքվող էլեկտրաէներգիան, կապի ողջ ցանցը, գազատար խողովակների ցանցը և նրանով մատակարարվող գազը, տրանսպորտային երկաթգիծը, տնտեսական խոշոր ձեռնարկություններ ռուսական են, այսինքն` շահույթը «հոսում» է Ռուսաստան, ապա մեր նախագահի սկսած նոր արևմտամետ արտաքին քաղաքականությունը վկայում է, որ լավ օրից չէ, որ Ռուսաստանի համար խառնակ օրերում վարվում է նմանատիպ հակառուսական քաղաքականություն: Ստացվում է Ռուսաստանի հայերի՞ն էլ սպասում է վրացիների ճակատագիրը…

Ենթադրենք Սերժ Սարգսյանին կհաջողվի արևմուտքի միջոցով չեզոքացնել Ռուսաստանը և ենթադրենք կհաջողվի ստանալ արևմտյան երաշխիքներ նախագահության իր երազած երկրորդ ժամկետի առումով, սակայն ակնհայտ է, որ դրանից աշխարհասփյուռ Հայ Ժողովուրդը չի շահելու: Հաստատ չի շահելու, քանի որ այսօր էլ իր նախագահության օրոք աշխարհասփյուռ Հայ Ժողովուրդը կորուստներ է կրում` այն էլ անդառնալի կորուստներ …
Ստացվում է նորից ունենալու ենք հայաստանցիների արտագաղթի տեմպերի ավելացում` այն էլ պատերազմի և դեմոգրաֆիական աղետի մեջ գտնվող, տնտեսական խայտառակ ցուցանիշներ արձանագրող երկրում…
Իրական վտանգներն էլ ինչպիսի՞ն են լինում…

Ցավոք առաջին երեք վտանգներին աշխարհասփյուռ հայությունը առանձնակի ներազդել կամ ուղղորդել չի կարող` ի տարբերություն «չորորդ» վտանգի, որի վնասազերծումը ազգային անվտանգության կարևորագույն հարց հադիսանալով կախված է Հայ Ժողովրդի կամային հատկություններից:

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական
կուսակցության գործադիր-փոխատենապետ,
ՀՌԱԿ ատենապետ

Հարություն Առաքելյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

gegham
Dec 18, 2011 11:40


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17019') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD4...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD4...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD4\xB1\xD5\xBC...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219