Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, November 10, 2011 9:11 - 3 քննարկում

Գեներալների՞, թե՞ գեներալսկի երկիր Հայաստանս…

Գեներալների՞, թե՞ գեներալսկի երկիր Հայաստանս

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին,

Քան թե հավատա գեներալի երդումին։

Նմանություն Իսահակյանին

Ինձ՝ որպես ՀՀ շարքային քաղաքացու, շատ է հուզում, թե ինչ շահեց կամ կորցրեց մեր երկրի ոստիկանությունը գնդապետ Ալիկ Սարգսյանի նշանակմամբ և գեներալ-լեյտենանտ Ալիկ Սերգեյիչի պաշտոնանկությամբ: Շահելու կամ կորցնելու մասին դեռ վաղ է ասելը, բայց ստանալու հարցում ամեն ինչ պարզ է: Հայաստանը ստացավ հերթական գեներալին, այն էլ՝ երկու մեծ աստղանի, որը համալրեց հայ «պանծալի» գեներալների կոհորտան:

Ոստիկանական և, ընդհանրապես, ՀՀ ուժային կառույցները գեներալախեղդ անելու քսանամյա գործընթացը հասել է մի հանգրվանի, որից հետո նախանշվում է երկու ճանապարհ. կամ մարշալական նորաբաց շքերթ, կամ երկրի գենարալաթափում: Չգիտեմ՝ կլինե՞ն արդյոք Հայաստանում մարշալներ, բայց որ ամեն տոնի կամ կիսատոնի առիթով երկրաչափական պրոգրեսիայով կհարստանա գեներալ-մայորների, գեներալ-լեյտենանտների ու գեներալ-գնդապետների անվերջ ցուցակը` փաստ է:

Նորանկախ Հայաստանում բոլոր գեներալներին անուն առ անուն գիտեինք, և ձեռքի մատները բավական էին նրանց հաշվելու համար: Գեներալն ի՜նչ է, գնդապետների ու փոխգնդապետների քիչ կարելի էր հանդիպել, եղածներն էլ թոշակի անցած և տարիքն առած մարդիկ էին: Բայց հոգ չէր, մեր բանակը հաղթեց, Արցախն ազատագրվեց, և արդեն 17 տարի է, որ մեր հարևանները հոխորտում են և սպառնում մեզ հերթական պատերազմով, բայց բնազդաբար հիշում են անցյալը և «անգեներալ» հայոց բանակի հասցրած կործանիչ հարվածները:

Արցախյան պատերազմից հետո սկսվեց գեներալական աննախադեպ շքերթ, որն ակամայից հետահայաց համեմատությունների գայթակղություն է առաջացնում: Խորհրդային տարիներին քաղաքացիական պատերազմում աչքի ընկած մի շարք կիսագրագետ «քաջարի» հեծելազորայիններ կանգնեցին բանակաշինության գլուխ և ստացան մարշալական աստղեր, բայց Հայրենական պատերազմի առաջին ամիսները ցույց տվեցին, որ սրանց գիտելիքներն ու ռազմական հմտությունները, մեղմ ասած, զրոյական արժեք ունեին, և գերմանական տանկային կորպուսների դեմ նագանով վազող մարշալը ավելի շատ նման էր մահապարտ-խելագարի, քան թե լուրջ զորապետի: Բախտի բերմամբ, թե պատահմամբ (այս դեպքում՝ ստորաքարշությամբ և մատնագրերով Ստալինին հաճոյացմամբ) մարշալական աստղեր ստացածների ապաշնորհությունը ԽՍՀՄ ժողովուրդները հատուցեցին բազում միլիոնավոր զինվորների և խաղաղ բնակչության կորստի գնով:

Հարսանեկան, ռեստորանային (ՀՀ-ում այդպիսին էլ կար ի դեմս Վաղարշակ Հարությունյանի), կռազա-կամազաշոֆերային գեներալների բանակին որպես հավելում մեր երկրում կան նաև ավազահանքերի (խնդրում եմ չխառնել բրազիլական գրականության դասականի հերոսների հետ), աղբանոցների, ներկրողների և այլ տիպի գեներալներ: Մի խոսքով՝ Հայաստանի գեներալականացումը սկիզբ ուներ, բայց վերջը կարծես չի երևում: Էս տեմպերով որ գնաց, գուցե հայոց բանակի գումարտակները հերիք չանեն և դրանց թիվն ավելի պակաս լինի, քան մեր գեներալներինը:

Ընդհանրապես, գեներալախեղդ արված երկրների դառը պատմական փորձը ցույց է տալիս, որ լամպասների առատությունը ոչ մի լավ բան չի խոստանում տվյալ երկրի ժողովրդին և նույնիսկ տնտեսությանը: Պսպղուն մետաղներով կուրծքերն ու ուսադիրները զարդարած լամպասավոր պարոնների հոծ բանակը կերակրելը թանկ է նստում տվյալ երկրի բնակչության վրա: Եթե սրան էլ գումարենք նաև այն ակնհայտ օրինաչափությունը, որ գեներալներով առատ երկրներում սույն պարոններն իրենց անհագուրդ ախորժակը հագեցնելու համար պետական կերակրատաշտակը չափազանց նեղ համարելով՝ ռազմաքաղաքական օլիգարխիայից սահուն անցում են կատարում դեպի տնտեսական օլիգարխիա, ապա պատկերացրեք, թե ինչ է սպասվում տվյալ երկրի հարկատուներին ու, ինչու չէ, նաև երկրի ապագա զարգացմանը: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ, և միայն մի թեթև ծանոթությունը եգիպտական վերջին իրադարձություններին հնարավորություն է տալիս հասկանալու գեներալականացված օլիգարխիկ համակարգի անատոմիան, նրա «պերճանքն ու թշվառությունը»: Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ արգենտինա-անգլիական հակամարտության ժամանակ մամուլում հետաքրքիր փաստ հրապարակվեց: Պարզվում էր, որ Արգենտինայում երկու անգամ ավելի շատ գեներալներ կային, քան ՆԱՏՕ բոլոր երկրները՝ միասին վերցրած: Անգլիական մի քանի ռազմանավերի և ծովային հետևակայինների ոչ մեծ ջանքերի շնորհիվ գեներալախեղդ արգենտինական բանակը խայտառակ պարտություն կրեց և գերի ընկավ «երկաթե լեդիի» հրամանատարությամբ գործող զորքերին: Պատմական փորձն ակնհայտորեն վկայում է, որ գեներալներով առատ կամ գեներալախեղդ երկրներում մեծ է խունտայական կառավարման համակարգի վտանգը, և արդյունքում` ժողովրդավարություն կոչվածի բոլոր դրսևորումների բնաջնջումը: Հետաքրքիրն այն է, որ շատ երկրների քաղաքացիական ղեկավարությանը հավատարմության երդում տված գեներալները շատ արագ երդմնազանց էին լինում և կազմակերպում էին լամպասավորների դավադրություն:

Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ես նման ճակատագիր եմ կանխագուշակում մեր երկրին ու նրա քաղաքական ղեկավարությանը և ինչպես ժողովուրդն է ասում` բայղուշություն եմ անում: Քավ լիցի: Բայց երկրի չափազանց գեներալացման վտանգի մասին չխոսելն էլ բարոյական չեմ համարում: Ուժային կառույցների գեներալները՝ դեռ գնան ու գան, ինչ-որ տեղ և ինչ-որ ձևերով սրանց նույնիսկ կարելի է սանձել կամ զսպել (հիշենք 2008թ. կռազա-կամազային որոշ գեներալների պահվածքն ու դրանց տրված համազոր պատասխանը), բայց ավազահանքերի, աղբանոցների և ոլորտային տարազան գեներալների հարցն առավել վտանգավոր է ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքական ապագայի համար: Կասկածելի անցյալով և ոչ պակաս կասկածելի տնտեսական հզորության տիրապետող «թագավոր ախպերների» ու «գեներալ տղերքի» քաղաքական նկրտումները և ժողովրդահաճո կեղծ հայրենասիրությունն ու բարեպաշտությունը քաղաքական դաշտում դրված ականից կամաց-կամաց կարող են վերածվել կործանարար և ավերիչ ուժի: «Թագավոր ախպերների» առատության զոհ Հայստանը դարձել է հեռու անցյալում, բայց պատմական հիշողությունը դաժան բան է, որը չի ներում իր հետ հաշվի չնստողներին: Արաբական լուծը երեկ-մյուս օրը թոթափած Հայաստանը 10-11-րդ դարերում ծվեն-ծվեն եղավ տեղական արքայիկների ջանքերով, և շուրջ հազար տարի իր բուն տարածքներում մեր ժողովուրդը զրկվեց սեփական պետություն ունենալու հաճույքից: Ներկա պայմաններում, որքան արագ և արդյունավետ կարողանա մեր երկրի քաղաքական ղեկավարությունն ազատվել «թագավոր կամ գեներալ ախպերներից» կամ գոնե զսպել դրանց քաղաքական անհագուրդ և հիմնազուրկ ախորժակը, այնքան մեծ կլինի հայոց պետականության ողնաշարն ամուր պահելու հավանականությունը: Թե ինչ ճանապարհով կամ միջոցներով կարելի կլինի համեմատաբար անցնցում իրագործել այս գործընթացը` միայն տեխնիկայի հարց է, որի գլխավոր բաղադրիչը քաղաքական կամքի առկայությունն է: Իսկ որ այդ քաղաքական կամքը կա և շատերին շոկի մեջ գցելու աստիճանի քայլերով է ապացուցվում` վկան վերջին օրերի պաշտոնաթողությունները իշխանության բարձրագույնն էշելոններում: Իմ համեստ կարծիքով, երկրում ուղղակի, թե անուղղակի տեղի է ունենում «գեներալաթափում», որը պետք է տրամաբանական շարունակություն ունենա և հասցվի ճիշտ հանգրվանի:

Ես արյունռուշտ կամ վրեժով լցված մեկը չեմ, որ պահանջեմ տարբեր ոլորտների գեներալների «համատարած կոտորած», բայց որ սրանց սանձելն ու նրանց մի մասից ազատվելն արդեն պահի ու ապագայի հրամայականն են` շատ պարզորոշ է ու հասկանալի:

Մեր երկրում պետք է մորատորիում հայտարարվի տարաբնույթ գեներալական կոչումների, աստիճանների, պաշտոնների և նույնիսկ ձգտումների հանդեպ, քանզի գեներալախեղդ եղած մեր հասարակությունն այլևս ի վիճակի չէ ազատ շունչ քաշելու (հնում բժշկական պրակտիկայի մեջ տարածված էր շնչահեղձ լինող հիվանդից արյուն բաց թողնելը):

Հետգրություն 1

Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելու դեռևս, գոնե ինձ համար, միակ ուրախալի փաստն այն է, որ մարդն այս պաշտոնին եկավ արդեն ունենալով լամպասներ և գեներալական ուսադիրներ, թե չէ գնդապետ Ալիկ Սարգսյանի գալուց հետո նրա գեներալ-մայոր և նույնիսկ գեներալ-լեյտենանտ տեղակալները «ծուռ էին նայում» իրենցից կոչումով ցածր պետին: Համ էլ փառք Աստծո, մեկ գեներալով ևս «չհարստացավ» մեր գեներալախեղդ ոստիկանական համակարգը:

Հետգրություն 2

Ավազահանքերի, աղբանոցների, ներկրումների, կամազա-կռազաշոֆերային գեներալներին և տարատրամաչափ «թագավոր ախպերներին» ու «արքայիկներին» մի փոքրիկ ու անկեղծ բարեկամական խորհուրդ. զսպեցե´ք ձեր ախորժակները, քանզի մեծ ուտողը մեծ էլ արտաթորում է (ափսոս ժողովրդական այս բանաձևի վերջին բառը պատշաճ չէ ուղիղ ձևով գրելը. հասկացողը, կարծում եմ, լավ էլ ընկալեց այս իմաստությունը և հասկացավ, թե «առակս զինչ ցուցանէր):



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Nov 10, 2011 14:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16349') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8A\xD4\xB1\xD5\x90\xD5\x8F\xD5\x94\xD4\xB5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8A\xD4\xB1\xD5\x90\xD5\x8F\xD5\x94\xD4\xB5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8A\xD4\xB1\xD5\x90\xD5\x8F\xD5\x94\xD4\xB5\xD5\x90\xD4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219