Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, November 4, 2011 2:07 - 5 քննարկում

Ովքե՞ր եք դուք արամ MP3-ներ և ինտերնետի շուն-շան որդիք:

Իրենք չգիտեն էլ ինչ է իրենց քարոզածը` լիբերալիզմը

Friday, 04 November 2011 14:52
E-mail Print PDF
AddThis Social Bookmark Button
There are no translations available.

 

Մի խումբ երիտասարդներ սոցկայքերում հանդես են եկել հայտարարությամբ, որ հայկական մամուլն այսօր ողողված է տարատեսակ ռասիստական հոդվածներով, նացիստական ու շովինիստական գաղափարներով: «Մինչ մեր երկրի ղեկավարությունը բողոքում է հարևան երկրներում ատելության մակարդակից, մեր երկրում մամուլը բացահայտ ատելություն և կարծրատիպեր է տարածում»,- ասվում է հայտարարության մեջ և որպես ծանրակշիռ օրինակ մեջբերվում հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆԻ «Իրատես de facto»-ում հրապարակված և «Bnaban.am» լրատվական կայքում արտատպված «Մեզ ստիպում են հեռանալ մեր բարոյական ամենաբարձր արժեքներից ու գնալ դեպի ցեխաջուրը, որ կոչվում է Եվրոպա» հոդվածը: Ներկայացնում ենք այդ առիթով հնչեցված մի քանի հարց ու պատասխաններ:
-Պարոն Վահրադյան, որտեղի՞ց են բխում նման դատողությունները և որքա՞ն են հիմնավորված:
-Նախ, ի՞նչ է նշանակում` մամուլը ողողված է: Եթե ողողված է, պետք է մի երեսուն օրինակ բերեին: Միայն մի օրինակ են նշել, որը, ըստ իրենց, այդպես է: Դրան հակառակ, կարող եմ ասել, որ մեր մամուլն ու եթերը ուղղակի ողողված են հակահայկականությամբ, մեր ազգի ու ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով: Ես մերկապարանոց չեմ հայտարարի, այլ մի քանի օրինակ կնշեմ: Սրանից մի քանի տարի առաջ հեռուստախաղի շրջանակներում, որ վարում էր Արամ MP3-ն, հարց են տալիս խաղի մասնակցին` ի՞նչ եք կարծում, մեր ժողովրդի քանի՞ տոկոսն է հավատում, որ մենք հետ կբերենք մեր կորցրած հողերը: Ժողովրդի մոտ 70 տոկոսն ասել էր` հավատում ենք: ՈՒ մեկնաբանեց հաղորդավարը` Արամ MP3 կոչվածը. «Մեր ժողովրդի 70 տոկոսը մարազմատիկ է»: Այդ արտահայտության համար նրան ուղղակի պետք էր դատել, որովհետև ազգի մեծամասնությանը և այդ սուրբ հավատը, որ մեր հայրենիքը կվերադարձնենք, մարազմատիկ է անվանում: Հետաքրքիր է, եթե մեկ այլ երկրում նման բան տեղի ունենար, ի՞նչ կանեին: Բայց ոչինչ տեղի չունեցավ մեզանում, նա շարունակում է մնալ մեր շոու բիզնեսի աստղերից մեկը: Հայտնի՞ է արդյոք այդ տղային (Արամ MP3-ին), որ, օրինակ, իսպանացիները, ութ հարյուր տարի մնալով արաբական լծի տակ, այնուամենայնիվ, հարյուր տարի տևած կռիվներից հետո կարողացան իրականացնել իրենց ազգային երազանքը և ազատագրեցին հայրենի տարածքները: Իրենք այդ պայքարն անվանում են ռեկոնկիստա` վերագրավում:
Հիմա բերեմ մի ավելի թարմ օրինակ: Facebook-ում հենց այդ հայտարարության քննարկման ընթացքում այդ հայտարարությունը մերժող-քննադատող կարծիքների կողքին գրվեց հետևյալը. «Այդպիսի հոդվածներ (նկատի ունեին հայտարարությունը) պետք է շատ լինեն, որ մեր ռասիստ ազգը մի քիչ խելք հավաքի»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են։
Վերջերս Քարահունջի հետ կապված իմ ուսումնասիրությունների դեմ սկսվեց քարոզարշավ: Դա հին նախապատմություն ունի: Անգլիայից եկած իմ նախկին ուսանողին ես մեղադրել էի գրագողության մեջ: Այդտեղից սկսվեց քարոզարշավը, և դա արդեն խոսում է այն մասին, թե ով է կանգնած նաև այս պատմության հետևում: Մի հոլանդաբնակ (նախկին հայաստանցի) երիտասարդ, ով իրեն ներկայացնում է լեզվաբանության դոկտոր-պրոֆեսոր, հոդված է գրել, որտեղ, իր կարծիքով, քննադատել է իմ տեսության լեզվաբանական մասը: 22-էջանոց այդ հոդվածի մեծ մասը շատախոսություն էր, կրկնություններ և հայհոյանք: Գիտնականի համար «տգիտություն», «անիմաստ հետազոտություն» արտահայտությունները հայհոյանք են: Ակնհայտ պատվիրված հոդված էր, և հիստերիկ կնոջ պես, որ պատուհանը բացում է ու սկսում գոռալ, սկսեց հոդվածը տարածել համացանցում: Լուրջ մարդիկ, իհարկե, ծիծաղով ու զայրույթով ընդունեցին: Եղան անգամ շատ կտրուկ ու կոշտ, կարելի է ասել, հեգնանքի հասնող արձագանքներ և՛ արտասահմանցի, և՛ հայաստանաբնակ լեզվաբան-գիտնականների կողմից: Եվ ինքնակոչ (փաստորեն, սուտասան) այդ «պրոֆեսորը» իր հոդվածը սկսել է հետևյալ նախաբանով` «Հայաստանում տգիտության ծով է, որը սպառնում է դառնալ տգիտության օվկիանոս»: Հետաքրքիր է, Մատենադարան ունենք, լեզվաբանական խոշոր դպրոց ունենք, իսկ նա գնացել է Հոլանդիա, որ հայագիտություն ուսումնասիրի: Դա նման է նրան, որ Եգիպտոսում բնակվող արաբը տեղափոխվի Շվեդիա, որ ուսումնասիրի Սահարա անապատի բուսականությունը: Դա բավարար չէ, որ այնտեղից լուտանքներ տեղա արաբների հասցեին, թե տգետ են, լավ չեն պահպանում տեղական ֆլորան և ֆաունան:
Բուլգակովի «Շան սիրտը» վեպում վիրահատության արդյունքում շունը դառնում է մարդ, և նրան անվանում են Շարիկով: Սրան մարքսիզմ են սովորեցնում, ինչը նա տառացիորեն է հիշում ու կրկնում իր պրոֆեսորի` Պրեոբրաժենսկու մոտ` առանց վերլուծության: Պրոֆեսորն ասում է նրան. «Լսեք, Շարիկով, դուք սոցիալական սանդղակի ամենացածր կետում եք, դուք ոչինչ չգիտեք, պետք է լռեք ու լսեք, ձեր առջև նստած է երկու մարդ համալսարանական կրթությամբ, իսկ դուք մեզ մարքսիզմ եք քարոզում»:
Սա երևի կամայական հեղափոխությունից հետո առաջ եկող երևույթ է. այդ հեղափոխությունը քարոզող մարդիկ գտնում են քիչ գիտելիք ունեցող երիտասարդների, ովքեր իրենց ասածը լուրջ վերլուծության ենթարկելու ընդունակություն չունեն, մի քիչ էլ գումար են տալիս ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար, ու սրանք սկսում են անել այն, ինչ անում էր Շարիկովը, մի տարբերությամբ, որ անօրինություններ են կատարում լիբերալ գաղափարախոսության հիման վրա:
Ինձ մի հարց է հետաքրքրում. արդյոք այդ երեխաների ծնողները գիտե՞ն, թե իրենց երեխաներն ինչով են ուզում փող վաստակել: Ամենայն հավանականությամբ, նրանց ծնողները կամ գյուղում են ապրում, կամ Ռուսաստանում, որովհետև ընտանիքում ապրող այդ տարիքի երեխան իր ծնողների հսկողության տակ է լինում, գոնե գաղափարական առումով: Անհնար է, որ նման վարքագիծ դրսևորվի ու չվերահսկվի ծնողների կողմից: Հարց. եթե այդ երեխաների ծնողներին ասենք այդ մասին, արդյո՞ք դա լավ կընդունեն ծնողները:
Մարմնավաճառ հասկացություն կա, երբ մարդն իր մարմինն է վաճառում: Սրանք իրենց հոգին են վաճառում:
-Երիտասարդների այդ խումբը նաև խնդրագիր է կազմել, որը պահանջում է Վաչագան Վահրադյանին հեռացնել հայ-ռուսական սլավոնական համալսարանից: Ի՞նչ ընթացք է ունեցել այս «արշավը»:
-Չգիտեմ, ինչ ընթացք է ստացել դա, բայց մի բան պարզ է, որ այդ խմբակն իրեն պատեպատ է տալիս ինձ ինչ-որ ձևով վնասելու համար. ինձ Facebook-ում բաց տեքստով հայհոյանքներ էին գրում, ընդհանուր քննարկումներում անվանում էին սիոնիստ, գրում էին, թե իմ պապերն են ցեղասպանությունը կազմակերպել, հետո, տեսնելով, որ դա ազդեցություն չի թողնում, սկսեցին հակառակ ուղղվածությամբ հայհոյանքներ տեղալ, այս անգամ անվանելով ինձ հակասեմիտ, ֆաշիստ և նման այլ բաներ։
-Գուցե նրանք հավատո՞ւմ են իրենց գաղափարներին:
-Իսկ ի՞նչ եք կարծում, Շարիկովը չէ՞ր հավատում կոմունիստական գաղափարախոսությանը:
Տեսեք, իրենք լիբերալիզմ են քարոզում, ազատ կարծիք, բայց որոշել են ինձ պաշտոնանկ անել, իրենք իրենց գաղափարախոսության դեմ են քայլ կատարում, սա է ինկվիզիցիան, երբ մարդասիրություն քարոզելով, իրենց քարոզածի դեմ քայլեր են կատարում` կենդանի մարդկանց էին այրում խարույկի վրա միայն այն բանի համար, որ նրանք իրենց միտքն ազատ արտահայտել էին: Հենց սա է ֆաշիզմը, երբ փորձում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իրենց գաղափարական հակառակորդների հետ:
-Պարոն Վահրադյան, Ձեր հոդվածում Եվրոպան անվանում եք ցեխաջուր: Աշխարհն այսօր գլխապտույտ տեմպով առաջ է գնում, իսկ մենք հետևում ենք աշխարհին, էլի հետ մնալով: Ի՞նչ կարող են տալ գլոբալիզացիայի մեր ժամանակներում ազգային ինքնագիտակցությունն ու դարավոր մշակույթը, եթե մեր ներկան այն է, ինչ ունենք: Եվ ի՞նչ ունենք:
-Գլոբալիզացիա բառի իմաստը մենք հաճախ շփոթում ենք: Գլոբալիզացիան բնական երևույթ է, հենց մարդկությունն առաջացել է, սկսվել են գլոբալիզացիոն երևույթներ: Տարբեր ցեղեր իրար հետ կապեր են ստեղծել, հետո այդ մշակույթները տարածվել են: Հիմա այդ տեմպերն արագանում են: Գլոբալիզացիայի իմաստը հասարակությունների միջև կապերի ստեղծումն է, բայց կան համաշխարհային ուժեր, որոնք փորձում են այդ անվան տակ համահարթեցնել ամեն ինչ` մշակութային համահարթեցում, տնտեսական: Օրինակ, հենց դրա մասին է խոսում Եվրամիություն կոչվող քաղաքական կազմավորումը: Հունաստանը մտավ Եվրամիություն, նրանից պահանջեցին արտադրել որոշակի քանակությամբ նարինջ, ձիթապտուղ և այլն: Վերացրին հսկայական պլանտացիաներ, ձիթապտղի ծառեր: Արդյունքում հիմա Հունաստանն ընկած է այնպիսի խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որի պատճառով ամբողջ Եվրամիությունը կարող է քանդվել: Գլոբալիզացիայի քողի տակ փորձում են համահարթեցնել, այլ կերպ ասած` նեոգաղութացում է տեղի ունենում` մշակութային, տնտեսական և այլն: Նույն բանն անում էր Խորհրդային Միությունը:
Ինչ վերաբերում է հարցին` պե՞տք է ընդունենք եվրոպական արժեքները: Որո՞նք են այդ արժեքները: Ինձ հասած տեղեկություններով, Եվրոպայում արգելվել է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել հայր և մայր տերմինները` սեռական փոքրամասնություններին չվիրավորելու համար:
Եվրոպայում կան լավ, ուսանելի բաներ, որոնք կարող ենք սովորել` եվրոպական քաղաքների կոկիկությունը, փողոցների մաքրությունը, որ մեծ ֆինանսներ չի պահանջում, կրթական համակարգը, ընտրական համակարգը, որ ընտրակաշառք չլինի: Լավը թողած, վատերն ենք ընդօրինակում ու ավելի ենք վատացնում, որովհետև բերում ենք ձևը, ոչ թե բովանդակությունը: Բովանդակության մասին: Ես իմ աշխատություններում նշել եմ, թե ինչ արժեքներ ենք տվել մենք աշխարհին: Հայկական արժեհամակարգը պետք է վերականգնել, իսկ Եվրոպան թող բարի լինի նայել, ուսումնասիրել և եթե նպատակահարմար կգտնի` նաև հետևել դրանց: Վերջին հաշվով ասում ենք, չէ՞, լիբերալ աշխարհ է, մենք անկախ պետություն ենք, ուրեմն մենք մեր ձևով պիտի ապրենք, այն արժեհամակարգով, որով ապրել է իմ պապը: Չեմ ասում նույն ձևերի մեջ, բայց բովանդակությունը պետք է նույնը լինի: Տեսեք, ես ասում եմ, հայկական արժեհամակարգը պաշտամունքի առարկա է դարձրել ընտանիքի մորը: Այդ երեխաները, աղավաղելով իմ միտքը, ասում են, որ ես կոչ եմ անում, որ մենք մեր կանանց փակենք բնակարաններում ու դուրս չթողնենք:
Երբ ես ասում եմ` աղջիկ երեխան պետք է դաստիարակվի որպես ապագա մայր, այստեղից չի հետևում, որ այդ երեխան ոչ մի ուրիշ բանով չպետք է զբաղվի: Ի՞նչ եք կարծում` Մարգըրետ Թետչերը վա՞տ մայր էր, Ինդիրա Գանդին վա՞տ մայր էր, Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին վա՞տ մայր էր: Իհարկե` ոչ: Կնոջ մայր լինելը չի բացառում նրա մասնագիտական ձեռքբերումներ ունենալը: Դրանք տարբեր հարթությունների երևույթներ են:
Այսպիսի աղավաղումները կամ դիտավորյալ են արված (իսկ դա նշանակում է, որ սա պատվեր է` ինչ-որ բան գտնել ինձ մեղադրելու համար), կամ այդ աղավաղումները չձևավորված անհատականության արդյունք են։
-Նաև ասում եք` տղամարդը որոշում կայացնող է ընտանիքում։
-Նախ` ես չեմ շեշտել ընտանիքը, այլ ասում եմ, որ տղամարդը պետք է դաստիարակվի որպես որոշում կայացնող: Այո, ընտանիքում նույնպես ամենապատասխանատու որոշումներ կայացնողն ու պաշտպանը պետք է լինի նա: Պատկերացրեք մի տղամարդու, որ որոշում կայացնել չի կարողանում: Ինչի՞ է նմանվում: Հետո, չէ՞ որ մենք պաշտամունքի առարկա ենք դարձնում ընտանիքի մորն ու կնոջը: Եթե պաշտում ես, բնական է, որ դու նրա կարծիքը անվերապահորեն հաշվի ես առնում: Մի իրական օրինակ եմ ուզում բերել:
Ընկերներիս հետ վերջերս գնացել էինք Քարվաճառ: Մի տղամարդու հետ ծանոթացա: Անունը Արմեն էր, Մոսկվայում ծնված, բնակարանը վաճառել ու եկել ապրում էր Քարվաճառի ամենահեռավոր գյուղերից մեկում: Մեզ առաջարկեց իր մեքենայով, որպես էքսկուրսիա, գնալ մոտակա ձորը: Ձորի խորությունը մոտ 400 մետր էր: Ճանապարհն այնքան վտանգավոր էր, որ եթե մեքենան 30 սմ շեղվեր ճանապարհից, ընկնելու էինք ձորը: Ասում եմ` «Զգույշ գնա, սա կարող է մեր վերջին ճանապարհը լինել դեպի ձոր»: Ինձ ապշեցրեց նրա պատասխանը. «Մեզ ոչինչ չի լինի, կինս մեզ սպասում է»: Այ, սա է պաշտամունքը:
Գերմանիայում գենդերային հավասարություն կոչվածը կեղծ ձևով հասկանալով, գերմանացի կանայք չեն ուզում ամուսնանալ: Դա ինձ ասաց մի գերմանուհի, որ վտանգավոր վիճակ է ստեղծվել, կանայք չեն ուզում ամուսնանալ, համարելով, որ իրենք անհատականություն են և պետք է ազատ ապրեն: Իսկ գերմանացի տղամարդիկ ամուսնանում են եկվոր ասիացիների` թուրքերի, քրդերի, վիետնամցիների հետ, որովհետև այդ կանայք, գերմանուհու խոսքով` ջերմ են, կանացի:
-Ձեր դեմ գրված հոդվածում ասվում է, որ իբր փորձ եք անում բացահայտելու հայի էությունն ու կարևորում հայկական արժեքներին հավատարիմ մնալու հանգամանքը այլ մշակույթների նսեմացման, ազգերի ստորացման ու ատելախոսության միջոցով: Մասնավորապես, ասել եք, որ թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն, ինչը բխում է նրանց ուղեղի կառուցվածքից, մեր ուղեղն այլ կերպ է կառուցված: Այստեղ հարկ են համարել հիշեցնել, որ ռասիստների հիմնական մտքերից է այն, որ արիացիների գանգի կառուցվածքը տարբերվում է:
-Ես ասում եմ` ուղեղի կառուցվածքն ուրիշ է, իրենք գանգի կառուցվածքն են մեջբերում: Այ, այդպես բառերը փոխելով, ստանում են` ինչ ուզում են: Նաև պետք է նշել, որ գերմանական ֆաշիզմի ամենամերժելի բանը ոչ թե ռասայական տարբերությունները նշելն էր (ի վերջո, դա գիտական փաստ է), այլ դրանից բխեցվող մարդատյաց` խտրական քաղաքականություն իրականացնելը: ՈՒ այս պահը չհասկանալով կամ չուզենալով հասկանալ այդ երեխան ձգտում է ցանկացած գնով հասնել իր ոչ բարի նպատակներին:
Ճապոնացի հետազոտողներն ուսումնասիրել են ճապոնացիների ուղեղի կառուցվածքը` կախված նրանից` ճապոնացին ճապոնալեզո՞ւ է, թե՞ անգլալեզու: Պարզվել է, որ էական տարբերություն կա, ինչը ազդում է նաև մտածելակերպի վրա:

Ես համարում եմ ու իմ ասածը հիմնավորում եմ գիտական տվյալներով. ժամանակակից Թուրքիայում ապրող թուրքերի մեծ մասը, շուրջ 60 տոկոսը, թուրքացված հայ է: Շուրջ 30 տոկոսը` թուրքացված հույն, մնացած 10 տոկոսի մեջ մտնում են էթնիկ թյուրքերը, թուրքացված տեղացի ասորիներ, արաբներ և այլն: Կենսաբանության մեջ կան գենոտիպ ու ֆենոտիպ հասկացությունները: Գենոտիպը գեներով է նախատեսված, ու դրսևորումը լինում է բարենպաստ պայմանների դեպքում, իսկ ֆենոտիպն այն է, ինչ ստացվում է իրականում` տարբեր ազդեցությունների ներքո: Թուրքացված հայերը գեներով շատ ընդունակ են, բայց դաստիարակվելով թուրքական միջավայրում, նրանց մեջ փոխվում է մտածելակերպը, սկսում են մտածել մոլլայի ասածին հետևելու գաղափարախոսությամբ, չեն վերլուծում մոլլայի ասածները: Թուրքերի տոտեմական կենդանին գայլն է: Գայլը ոհմակներով է ապրում, այդ ոհմակային մտածելակերպն է նրանց դրդում հարձակվելու իրենցից թույլ կենդանու վրա: Թուրքերը հարձակվում են միայն այն դեպքում, երբ լիովին վստահ են իրենց հաղթանակին: Ինչ արեց Թուրքիան, որ ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Զորքերը կանգնեցրել էր մեր սահմանի վրա ու սպասում էր Ստալինգրադի անկմանը: Եթե Ստալինգրադն ընկներ, Թուրքիան զորքերը մտցնելու էր Հայաստան։ Այնքան հապաղեց, մինչև Բեռլինը վերցրինք, նոր պատերազմ հայտարարեց, բայց… Գերմանիային, ու ստացվեց, որ հաղթող պետությունների շարքում է: Այ, սա է նրանց մտածելակերպի դրսևորումը:
-Ծայրահե՞ղ չենք մեր դատողությունների մեջ: Մեր մտավորականներից մեկի հոդվածում կարդում եմ հետևյալը. «Թուրքիայում մտածող մի 30 հազար մարդ կա, որ եղեռնն ընդունել է և իրենց հասարակության ու պետության պաշտոնական կարծիքին դեմ է գնացել: Մեզ մոտ գոնե մի տասը հոգի կա՞, որ ասի` թուրքն էլ է մարդ»: Ի դեպ, հաճախ կարելի է լսել. «Եթե չլիներ եղեռնը, չէր լինի սփյուռքը` մեր ամենամեծ հարստությունը», և խորհուրդ են տալիս այլ տեսանկյունից նայել եղեռնին, մեղքը որոնել մեզանում: Կա՞ ճշմարտություն սրանում:
-Մեր ամենամեծ հարստությունը սփյուռքը չէ, այլ մեր ընդունակությունը և մեր մարդասիրական մտածելակերպը: Խորհրդային Միության, ընդհանրապես 20-րդ դարի ամենագաղտնի գիտնականը Սամվել Քոչարյանցն է: Նա է ատոմային ծրագրի, տիեզերական ծրագրի իրական հեղինակը: Եվ շատ են այդպիսիք` Մետաքսյանը, Իոսիֆյանը, Համբարձումյանը, Սիսակյանը, Օրբելի եղբայրները, Ջրբաշյան եղբայրները, Գալոյան եղբայրները, Ալիխանյան եղբայրները և շատ ու շատ ուրիշներ: Սա է մեր հարստությունը, մեր մտածելակերպը, նաև մեր վերաբերմունքն ուրիշ ազգերի նկատմամբ: Եղել է, որ մեր զորքերը գրավել են ուրիշ պետություններ, ամենահայտնին մեզ համար Տիգրան Մեծն է: Իսկ գիտե՞ք, որ երբ Տիգրան Մեծը գրավում էր քաղաքներ, կողքի քաղաքներից խնդրում էին, որ իրենց էլ գրավի, որովհետև գրավելով` նա չէր ճնշում ժողովրդին, այլ մարդասիրական նոր օրենքներ էր տարածում:
Հայտնի է, որ Հնդկաստանը նվաճեցին արիացիները հին ժամանակներում: Իսկ արիացիները եկել են Հայկական լեռնաշխարհից: (Իմ ասածները փաստեր են, ուղղակի չեմ մանրամասնում:) Նրանց առաջնորդը նոր օրենքներ տարածեց Հնդկաստանում, ամենագլխավոր օրենքը հետևյալն էր` պարտվողը և հաղթողը իրավահավասար են: Նման բան աշխարհը չի տեսել: Առաջնորդը, իհարկե, այդ օրենքները գրել է` հենվելով իր ազգի սովորույթների ու մտածելակերպի վրա:
Նույն բանն արեց մեր էպոսում Սասունցի Դավիթը: Հաղթեց Մսրա Մելիքին ու զորքը չստրկացրեց, նույնիսկ հարկ չվերցրեց, ասաց` դարձեք ձեր տները:
Երբ մենք խոսում ենք Թուրքիայում այդ 30000 ստորագրությունների մասին, ի՞նչ եք կարծում, մեզ ի՞նչ է պետք Թուրքիայից, արդյո՞ք մեզ կբավարարի նրանց ներողությունը: Ասենք ամբողջ ազգն է ներողություն ասում: Ինձ անձամբ չի բավարարում, ոչ էլ իմ ընկերներին: Առաջին պահանջներից մեկը մեր հայրենիքի վերականգնումն է: Երկրորդ հերթին` ֆինանսական և սեփականության վերադարձ, և երրորդ` Թուրքիան պետք է դեմիլիտարիզացվի, որ ցեղասպանության կրկնվելու վտանգ չլինի: Գերմանիային և Ճապոնիային, որպես պատերազմի գլխավոր մեղավորների, արգելեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բանակ, զորք ունենալ, ինչո՞ւ մենք նման պահանջ չպետք է ներկայացնենք:
-Դեռ հակառակը, պահանջում են ուրիշ կերպ նայել:
-Այդպիսի մարդիկ միշտ էլ կլինեն, դրանք փոքրաթիվ են, բայց ճղճղան են, և իրենց ասածն այնքան զարմանալի է ու ծայրահեղական, որ միանգամից ուշադրություն է գրավում: Անգամ Սարդարապատի ճակատամարտի օրերին Երևանում մի խումբ ստահակներ ցույց են արել, թե խաղաղություն ենք պահանջում, պահանջում ենք չկռվել թուրքերի դեմ: Բոլշևիկները նույն բանը չարեցի՞ն, քարոզում էին, թե թուրքերը մեր եղբայրներն են, չկռվենք, ու Կարսը հանձնեցինք: Թուրքերը մտան ու ոչ մեկին չխնայեցին, կոտորեցին բոլորին, ով կար ամրոցում:
Իսկ հիմք կա՞ ենթադրելու, որ Թուրքիան փոխվել է այսօր: 70-ականներին մտան Կիպրոս, գրավեցին մեկ երրորդ մասը և գրավված տարածքներից հույներին ու հայերին արտաքսեցին:
Երբ ասում են` մեր մեղքը կա, այո, ունենք մեղքի բաժին, մենք չկարողացանք ճիշտ որոշում կայացնել ու միավորել ուժերը, որովհետև այն չէր հայության վիճակը, սարսափելի օրենքներ էին, մուսուլմաններն իրավունք ունեին զենք կրելու, հայը` ոչ: Դեր Զորը եղավ, որովհետև մենք հավատում էինք, թուրքին նայում էինք այնպես, ինչպես ինքներս մեզ:
Հիմա, երբ մեղադրում են ինձ և ասում, թե ատելություն եմ քարոզում, նսեմացնում թուրքին, այդ դեպքում թող ստորագրահավաք արվի, որ արգելվեն Վահան Տերյանի գրվածքները` «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին», «Չի հասկանա ձեր հոգին և ծույլ և օտար, Տաճար է մեր երկիրը` Սուրբ է ամեն քար»: Արգելենք Կապուտիկյանին, ասում է ` «Դու վրեժ ունես պատմությունից դեռ հանելու», Սևակին արգելենք, որ ասում է` թուրքը մարդ չի, այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ, ու նրանց ասուն անասուն էր կոչում, Շիրազին արգելենք ու միաժամանակ լիբերալիզմ քարոզենք: Իրենք չգիտեն էլ ինչ է իրենց քարոզածը` լիբերալիզմը: Եվ դրանով իսկ շատ են նմանվում Շարիկովին` իրենք են իրենց դնում գրական այդ պերսոնաժի դերում:
ՈՒզում եմ հիշեցնել, իսկ այդ երեխային նաև սովորեցնել, որ ԱՄՆ-ի Սահմանադրության հեղինակը` Թոմաս Ջեֆերսոնը, գրում էր. «Աստծո առաջ ես երդվել եմ մարդու գիտակցության դեմ ցանկացած ձևի բռնության մշտական թշնամին լինել…»:
Ահա թե ինչի դեմ են իրականում դուրս բերել այդ երեխաներին նրանց այդ քայլին դրդողները։
Մի բան էլ կա. խնդիր ունեն փող աշխատելու, նրանք պետք է համոզեն դրամաշնորհ տվող կազմակերպություններին, որ Հայաստանում կարիք կա ռասիզմի դեմ պայքարի: Նաև սա է նրանց գործողության դրդապատճառներից մեկը:

 

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
idefacto.am



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Nov 4, 2011 21:53


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16220') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xB8\xD5\xA3\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xB8\xD5\xA3\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xB8\xD5\xA3\xD5\xA5\xD5\xB7...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219