ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 4, 2011 1:00 - չքննարկված

Ահա և քեզ հարսանյաց շոր…

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ ՆՄԱՆ Է ԾԱՂԿԱԾ ԾԱՌԻ

Thursday, 03 November 2011 22:26
Written by Հայուհի
Կանաչ ու կարմիր հագնիս
Զինչ նռան հատըն նմանիս

Հայկական տարազը բազմաբնույթ է, այն հիշեցնում է բազմագույն երանգապնակ` իր առանձին, բայց միաժամանակ համամասն ու ներդաշնակ գույներով: Հայկական տարազի առաջին ուսումնասիրողը եղել է հայագետ Ղուկաս Ինճիճյանը, որի աշխատությունների միջոցով էլ մեզ են հասել հայկական տարազի մասին բացառիկ տեղեկությունները: Մեկ համահայկական ընդհանուր տարազ չկա: Այն պատմական ուղի անցած համակարգ է` առանձին խմբերով, որոնք ընդհանուր են կառուցվածքային առումով: Բոլոր տարազախմբերում այն կազմված է ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից եւ զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաեւ ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսեւորվել է ձեւվածքային լուծման, հիմնական ձեւերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ: Ըստ տիպի` հայկական տարազը արձակ, բաց է, զգեստն ունի կտրվածքներ առջեւից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները:
Հայկական զգեստն առանձնանում է երկարափեշությամբ, կողքերի ճեղքվածքներով եւ պարտադիր ուղեկցվում է գոտիով: Գեղազարդվել է երիզ-քուղով, ասեղնագործության տարբեր տեխնիկայով: Կանայք գլխաշորը կրել են ուսերն ի վեր, առանց դեմքը, բերանը ծածկելու: Հայոց տարազի համակարգը կազմում են արեւմտահայկական` Վասպուրական, Աղձնիք, Տուրուբերան, Բարձր Հայք, Շիրակ-Ջավախք, Տրապիզոն, Փոքր Հայք, Կիլիկիա, եւ արեւելահայկական` Այրարատ-Թիֆլիս-Պարսկահայք, Սյունիք-Արցախ, Գուգարք, Վայոց Ձոր եւ այլ համալիրներ: Այդ համալիներն ունեն էական առանձնահատկություններ: Մասնավորապես, կանանց տարազի պարտադիր մաս համարվող գոգնոցը բացակայում է արեւելահայկական տարազախմբերում: Խիստ տարբեր են նաեւ գլխի հարդարանքի տիպերը` բաց եւ փակ: Գլխի փակ հարդարանքը չի ենթադրում գոգնոցի պարտադիր առկայությունը, միայն Վասպուրականում գլխի հարդարանքը փակ տիպի էր, գոգնոցի առկայությամբ: Վանա լճի ավազանում, Հայկական Տավրոսից հարավ ընկած տեղավայրում տարածված էր դեմքը (քիթ-բերան-ծնոտ) ծածկելու սովորույթը, սակայն այստեղ այն ավելի պարզեցված էր, քան արեւելքում: Վանում կանայք ամուսնանալիս կրել են բարձր գլանաձեւ գլխարկ, որը գլխին ամրացվել է եռանկյունաձեւ գլխաշորով: Ճակատը հարդարել են ճակատակալով (կապույտ ուլունքներով, արծաթե ճակատազարդով` մեծ ու փոքր կիսալուսնաձեւ կենտրոնական զարդերով): Քունքամասերը զարդարել են եռանկյունաձեւ ակնազարդ կախիկներով: Գլխի հարդարանքը ամբողջացվել է եռանկյունաձեւ կարմիր, քաթանե գլխաշորով, որի ետեւի անկյունը քառակուսի դաշտով հարդարվել է կենաց ծառերի, երկրաչափական ու կենդանիների ասեղնագործ պատկերներով:Սյունիք-Արցախում ամուսնությունից հետո կնոջ “գլուխը կապում էին”` հատուկ “աշտարակ” դնելով գլխին, փակում էին բերանը, քթի ծայրը: Ուշագրավ է, որ այստեղ հարդարանքում կիրառել են եռանկյունաձեւ սպիտակ կտավե գլխաշոր եւ ճակատակալի վրայի սպիտակ, եռանկյունաձեւ կտավ` արծաթե բոժոժների շարանով: Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, եւ այն համարվել է տան բարեկեցության գրավական: Պատմական Հայաստանի հյուսիսային շրջաններում` մասնավորապես Եփրատի վերին հովիտներում, գլխի հարդարանքը բաց տիպի էր: Ճակատակալը հայտնի էր վարդ անվամբ. այն օղակաձեւ պսակ էր` երեսապատված թավշե, մետաքսե, նուրբ մարմաշե դաջազարդ կտորներով:Ճակատամասը զարդարել են ասեղնագործ ժանյակով, կենդանի թվացող նրբահյուս ծաղիկներով` վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ: Ճակատակալի հնագույն օրինակներում ծաղիկների հետ միասին ամրացվել են կարմիր պոչով ու կատարով աքաղաղներ (խորոզներ), որոնք շարժվել են, քանի որ թագին միացած են եղել տոտիկներով:
Արեւելյան Հայաստանում տղամարդու տարազը, ի տարբերություն կնոջ տարազի, բնութագրվում էր ընդհանուր գծերով: Արեւելյան գավառներում տարածվել էր “կովկասյան” կոչված տարազաձեւը, որը կազմված էր ներքնազգեստից, արխալուղ-կարճ վերնազգեստից ու չուխայից: Ձմռանը հագել են երկար, լայն մուշտակ` առանց գոտի: Հայ տղամարդիկ եկեղեցի մտնելիս, թաղման թափոր տեսնելիս, արժանապատիվ մարդկանց հանդիպելիս անպատճառ հանել են գլխարկը:
Արեւմտահայերի տղամարդկանց տարազն էականորեն տարբեր էր. այն կազմված էր ասեղնագործ տարրերից` ելակ-կարճ, անթեւ զգեստ, վերնաշապիկ, կարճ վերնազգեստ: Հագուստը գեղազարդվել է գերազանցապես երկրաչափական պատկերներով: Շապիկի թեւքերը գեղազարդվել են ասեղնագործ հավելվածով, մեջքին կապել են բրդյա գոտի, որը միաժամանակ գրպանի դեր է կատարել: Վասպուրականում տղամադկանց շապիկը զարդարել են կարմիր ժապավենով: Կիլիկիայում անդրավարտիքը կարվել է կապույտ մահուդից, բոլոր միացման կարերը հարդարվել են ոսկե թելերով:
Կանայք տանից դուրս, ցուրտ ժամանակ, երբեմն նաեւ հյուր գնալիս հագել են թավշե կարմիր մուշտակ` մորթե երիզով, հիմնական զգեստից կարճ, կամ էլ բրդյա վերարկու: Հայ կնոջ զգեստը բոլոր գավառներում գրեթե նույնն է եղել. նույն ներքնազգեստ շապիկը` սպիտակ կամ կարմիր, կարմիր վարտիքը` ներքին եզրում զարդարված: Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվել են նրանով, որ կնոջ, անգամ տղամարդու տարազը արեւմտյան գավառներում ճոխ ասեղնագործվել է: Մյուս էական տարբերությունն այն էր, որ գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր` գոտկամասում ամրացվող կամ կրծքամասով ու ուսամասում կապվող տիպերի: Գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, “կարմիր գոգնոց” նշանակել է “կին”: Վասպուրականի կանանց գոտին կարել են բրդյա կտորից կամ հյուսել են բրդյա թելերից եւ երեք անգամ փաթաթել իրանի շուրջը: Սասունում նշանված աղջիկները կապել են գունավոր մետաքսաթելերով գործած գոտի, իսկ Կիլիկիայում գոտին 3 մետրանոց կտավից է եղել` ծոպավոր ժապավենազարդով:
Հայոց տարազի անբաժանելի մասն են կազմել գուլպան եւ ոտնամանը: Գուլպա, տղամարդիկ` նաեւ սռնապան, կրել են դեռ ուրարտական շրջանում` երկայնակի կամ լայնակի գծանախշերով: Դրանք գործվել են բրդյա, մետաքսյա, բամբակյա թելերից: Գուլպան ունեցել է երեք մաս` եզրաշերտ, ճիտք ու թաթ: Եզրաշերտը գործվել է ուղիղ եւ ապա շրջոնք հյուսքով, ճիտքը` ուղիղ գործքով: Գուլպան եւ սռնապանը ունեցել են պտղաբերության նշանակություն: Հայերը` կին թե տղամարդ, դրսում հագել են տնայնագործ կաշվե սրածայր ոտնաման` տրեխ` բրդյա կամ կաշվե կապերով: Կանայք տանը հագել են նաեւ հողաթափի մի այլ տեսակ, որի երեսը սեւ թավիշից էր` սրածայր քթամասով, առանց կրնկի, հարթ կաշվե ներբանի վրա:
Տարազի համակարգի հիմնական բաղադրիչ է եղել նաեւ զարդը: Զարդերի հատուկ խումբ են կազմում հմայիլ-պահպանակները` աչքուլունք, հուռութքներ, խաչեր, բոժոժներ: Հայտնի է, որ հնադարում զարդարվել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի` զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական նշանակություն: Կանանց նվիրել են ոսկե դրամաշարով ճակատնոց, ճակատազարդ կտուց, ոսկե մատանիներ, քունքակախիկներ, կրծքի ոսկե քորոցներ: Զարդերն արտահայտել են նաեւ կրողին չար ուժերից պաշտպանելու գաղափարը եւ դրանց հմայական ուժով պտղաբերություն, արգասավորություն ապահովելու ձգտումը: Հատկանշական է, որ զարդերը մետաղից են, իսկ ժողովրդական պատկերացումներում այն երկնային ծագում ունի. մետաղյա զարդերի արձակած ձայնը նույնացվել է երկնքի ձայնի` ամպրոպի հետ` ապահովելով չարխափան զորություն:
1915 թ.-ի Եղեռնից հետո հայոց ավանդական տարազի շատ խմբեր դուրս եկան կենցաղվարումից, դրանց առանձին տարրեր դարձան ընտանեկան սրբություն-մասունքներ, անցյալի վերհուշ կամ թանգարանային նմուշներ:

Էդգար Ամիրխանյան
21.03.2008

armedia.am



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ