ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, October 19, 2011 22:22 - չքննարկված

Ծառուկյանը հաջորդ արդար ընտրությունների հույսն ու ոգին է, նա կլքի կոալիցիան, որ չկեղտոտվի վերարտադրվել փորձող իշխանության կեղտաջրերում…

Սարգսյան vs Ծառուկյան. դուբլ-2

Սարգսյան vs Ծառուկյան. դուբլ-2

Վերջին օրերին քաղաքական ու լրագրողական միջավայրում շրջանառվող թիվ 1 թեման Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հարաբերություններին է վերաբերում։ Խոսվում է նախագահի՝ մի քանի ամիս առաջ ստորագրված կոալիցիոն նոր հուշագրի վերաթարմացումը նախաձեռնելու մասին և այն մասին, որ եթե ԲՀԿ–ն ընդառաջ չգնա «ֆուտբոլասերների»ցանկությանը, ապա իշխող երկու հիմնական ուժերի միջև քաղաքական ապահարզանն անխուսափելի կլինի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված լուրերը տարածվում են Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող «անկախ» և «ընդդիմադիր» որոշ լրատվամիջոցներով՝ կարելի է ասել, որ նախագահական նստավայրում առնվազն դեմ չեն նմանատիպ տեղեկատվական հոսքերին, իսկ ավելի ճիշտ՝ հենց իրե՛նք են կազմակերպում դրանք։

Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի ուզածն ակնհայտ է՝ գնալ նախագահության երկրորդ ժամկետի։ Բայց նկատենք, որ նման ցանկության իրականացման հավանականությունը զրոյին մոտ է։ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ձախողված, տնտեսական խոշոր անկում արձանագրած իշխանությունը վերարտադրվելու տարբերակ չունի, քանի որ բնության մեջ այդպիսի բան չի լինում։

Որքան էլ ոչ ճշգրիտ գիտություն համարվի քաղաքագիտությունը, այդուհանդերձ այն ունի հստակ  գործող կանոններ, և այդ կանոնները հաշվի չառնելը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով։ Նրանք, ովքեր մատների արանքով են նայում մարդկության պատմության փորձով հաստատված քաղաքագիտական կանոններին՝ արժանանում են Անգլիայի թագավոր Կառլի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16–րդի և նրա կնոջ՝ Մարիա Անտուանետայի, Գամսախուրդիայի, Շեվարդնաձեի, Մուբարաքի, Ակաեվի, Բեն Ալիի, Բակիեվի, Չաուշեսկուի, Յուշչենկոյի, Գորբաչովի ճակատագրին։ Ասվածի ապացույցներից են նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Տնտեսական հետընթաց արձանագրած բոլոր պետություններում իշխանությունըփափուկ կամ կոշտ ձևով փոխվել է, իսկ մեզանում, ինչպես հայտնի է,  սկսած 2008–ից՝ տնտեսական դաշտը հետադիմում է, գնաճն անկառավարելի է դարձել, արտագաղթը՝ անկասելի։ Հետևաբար՝ միակ բանը, որ պետք է անի Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում, դա իշխանության սահուն հանձնման մասին մտածելն է, ինչը հնարավորություն կտա իրեն խուսափել քաղաքական զարգացումների վատագույն սցենարից։ Սա որպես բարի խորհուրդ բոլոր նրանց, ում ագահությունը սահմաններ չի ճանաչում։

Սարգսյանի վերընտրվելու հնարավորության դեմ է խոսում նաև այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո առկա հանրային լեգիտիմության դեֆիցիտին զուգահեռ՝ նա, վարվող քաղաքականության ու արձանագրվող արդյունքների պատճառով, վաստակեց նաև լեգիտիմության և հեղինակության անկում պետական կառավարման համակարգի ներսում, ինչը պաշտոնյայի քաղաքական կարիերան շարունակելու համար Հայաստանի տիպի երկրներում ավելի հզոր խոչընդոտ է, քան ընտրությունների վիճարկվող արդյունքների հետ կապված հարցը (հիշենք Լևոն Տեր–Պետրոսյանի հետ տեղի ունեցածը 1996թ.և 1998թ.)։

Սարգսյանն իր երիտշրջապատի միջոցով երկու–երեք տարվա ընթացքում համարյա կազմալուծեց պետական ապարատը և պառակտեց իշխող ՀՀԿ–ն՝ կիրառելով խարդավանքների, բամբասանքների, իշխանավորներին իրար դեմ հանելու, «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ իր թիմակից համարվողների  դեմ հակաքարոզչություն իրականացնելու և բանսարկության մեթոդը։

Պետական գրեթե բոլոր հիմնարկներում  առնվազն երկու հակամարտող թևեր են ստեղծվել և կան պետական մարմիններ, որտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Նախագահական նստավայրի մարտավարությունն, ըստ այդմ, այն է, որ իշխանության ներկայացուցիչները պետք է իրար «ուտեն», որպեսզի Բաղրամյան 26–ի համար իրավիճակը վերահսկելի լինի։  Կառավարելու ուրիշ ձև նրանք չգիտեն։ Նախագահական նստավայրի թելադրած խաղի կանոնը դարձել է խաղի կանոնի բացակայությունը։

Սեյրան Օհանյան – Յուրի Խաչատուրով, Ալիկ Սարգսյան – Ներսիկ Նազարյան, Հովիկ Աբրահամյան – Տիգրան Սարգսյան, Գագիկ Խաչատրյան – Տիգրան Սարգսյան և մյուս ներիշխանական հակամարտությունների հիմնական հրահրողը Բաղրամյան 26–ն է։ Արդյունքում՝ պետական մեքենան փաստացի կանգ է առել, իսկ իշխանավորները շարժվում են «օրվա կուրսով»՝ չկարողանալով կենտրոնանալ սեփական ֆունկցիաների կատարման վրա, քանի որ անորոշության և մառազմի գործոնը խիստ մեծացել է Սարգսյանի օրոք։ Դա է պատճառը, որ, օրինակ, բանակում «բարդակ» է, և գրեթե ամեն օր սպանության ու ինքնասպանության մասին ենք լսում, քանի որ խաթարվել է զինված ուժերի ոսկե օրենքը՝ վերից վար գործող իշխանական կոշտ ուղղահայացի առկայություն և հրամանների անվերապահ կատարում։  Ցավալի է, բայց բանակի վերնախավը հիմա զբաղված է նախագահականի «մուտիլովկաները» հասկանալով և իրար տակ փորելով։ Հասկանալի է, որ այդ պայմաններում արդեն ժամանակ ու էներգիա չի մնում բուն գործով զբաղվելու համար, իսկ դա էլ իր հերթին բանակի միջին ու ստորին օղակներում քաոս է ստեղծում, որն էլ ողբերգական արդյունքների է հանգեցնում։ Նույն վիճակն է նաև այլ պետական կառույցներում։ Ուստի՝ Օհանյանի, Խաչատուրովի, ոստիկանապետի կամ մյուսների հրաժարական պահանջելը պարզապես միամտություն է՝ ձուկը գլխից է հոտած։

Երևանի քաղաքապետարանում, նախարարություններում, ուժային կառույցներում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչում, և պաշտոնավարման միակ սկզբունք է դարձել մարդկային դավաճանության պատրաստակամության միջոցով անձամբ Սերժ Սարգսյանին ծառայելը, իսկ այդպես երկար շարունակվել չի կարող։ Դա թույլ մարդու, այլ ոչ թե՝ պետության ղեկավարի գործունեության հայեցակարգ է։ Քաղաքական առաջնորդը և պետական գործիչը պետք է ունենա հանրային լայն աջակցություն, հստակ ծրագիր, գաղափարակիցների մեծ բանակ։ Նա պետք է  նպաստի համաժողովրդական նպատակների շուրջ քաղաքացիների և իշխանական թիմի ինտեգրացիային, ինչպես նաև օժտված լինի որոշակի խարիզմայով։ Սարգսյանի մոտ այս հատկանիշները բացակայում են։ Նրա գործունեությունը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը և քաղաքական առաջնորդը։

ՀՀ նախագահի համար խորթ են գործընկերային հարաբերությունները։ Քաղաքական դաշտում նա միայն հաճախորդացումն է ընդունում որպես համագործակցության ձև, իսկ տնտեսության կառավարման մեջ առաջնորդվում է «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման թուրքմենբաշիական ծրագրով։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իր վերընտրվելու ցանկությամբ մարտահրավեր է նետում մեր հանրության մեծամասնությանը և ցնցումների է տանում երկիրը։

Հուշագրերի «տիրակալը»

ՀՀԿ «ճկուն» ղեկավարն այժմ  փորձում է իր վերարտադրման խնդիրը լուծել թուղթ ստորագրելով, բայց պարզ է, որ հուշագրերով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվում, Մարզահամերգայինում կազմակերպվողշոուներով տնտեսությունը չի աճում, իսկ գյալաջիներով հասարակության դժգոհությունը չի վերանում, այլ ճիշտ հակառակը։

Երբ այս տարվա փետրվարին կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվեց, ակնհայտ էր, որ դա ոչինչ չասող և որևէ հրամայական նորմ չպարունակող փաստաթուղթ է, այսինքն՝ հուշագիրը համաձայնություն էր անհամաձայնությունների մասին, բայց Սարգսյանը գնաց այդ քայլին։ Հարկ է, սակայն, արձանագրել, որ այդ հուշագրով նա պյուռոսյան հաղթանակ տարավ կոալիցիոն «գործընկերոջ»՝ ԲՀԿ–ի նկատմամբ և ընդամենը ժամանակավորապես ամրացրեց իր դիրքերն ու մասամբ վերականգնեց լեգիտիմությունն իշխանական համակարգում (հուշագրի ստորագրումից հետո հասարակության մեջ Սարգսյանի վարկանիշի աճի մասին խոսելն անգամ ավելորդ է. ընդհակառակը՝ դրանից հետո երկրում ստեղծվեց հեղափոխական իրավիճակ)։

Հասկանալի է, որ կոալիցիոն նոր հուշագրի ստեղծման իրական նպատակը ԲՀԿ–ի առաջխաղացումը կանգնեցնելն էր, բայց շատ չանցած պարզ դարձավ, որ այդ թուղթը գործնականում ոչինչ չի տվել Սարգսյանին, բացի սրտի մխիթարանքից։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի այժմյան պահվածքին, ապա ընկալելի են դրա ղեկավարի քաղաքական մոտիվները։Գագիկ Ծառուկյանը դեմ է վարվող տնտեսական կուրսին, շատ լավ  տեսնում է, որ հանրային օբյեկտիվ դժգոհություն կա Տիգրան Սարգսյանի «բարեշրջումներից», և դա է պատճառը, որ իր վերջին հարցազրույցում նա վերահաստատեց իր դիրքորոշումը՝

ԱԺ ընտրություններին ԲՀԿ–ն կմասնակցի  իշխող կոալիցիայից առանձին,

գալիք նախագահական ընտրությունների հարցին ԲՀԿ–ն կանդրադառնա խորհրդարանական ընտրություններից հետո։

Այդ հարցազրույցն ակնհայտորեն նյարդայնացրել է նախագահական նստավայրի տիրակալներին, ու դա է պատճառը, որ տեղեկատվական խողովակներով «մեյդան» հանվեց նոր հուշագրի գաղափարը։

Եթե «ազատ, բայց սերժատու» մամուլում գցվող «մեսիջները» համապատասխանում են իրականությանը և նախագահականը փորձ է անում նոր հուշագրով ճշտել ներկոալիցիոն հարաբերությունները, ապա դա արդեն բավական ծիծաղելի է դառնում։ Դա նույն է, թե ընտանիքի հայրը տնեցիներին ամիսը մեկ ստիպի թուղթ ստորագրել և պահանջել, որպեսզի նրանք ընդունեն իր «պապայությունը», կամ էլ որևէ հիմնարկի ղեկավար պարբերաբար նախաձեռնի հուշագրի ստորագրում, որով հիմնարկի աշխատողները կընդունեն իր տնօրեն լինելը։ Եթե այդպիսի անհեթեթություններ են արվում, ուրեմն դրանով կասկածի տակ է դրվում հոր կամ տնօրենի լեգիտիմությունը։

Հիմա նույնը Սերժ Սարգսյանի մոտ է։ Եթե նա իրական առաջնորդ է, ապա կարիք չկա կոալիցիոն հուշագրերով դա ամրագրել, իսկ եթե առաջնորդ չէ և չունի այնքան հեղինակություն, որ իշխանական թիմի համար քննարկման առարկա չդառնա, թե ով պետք է լինի իրենց թեկնածուն գալիք նախագահական ընտրություններում, ապա հազար հուշագիր էլ ստորագրվի, նրան որևէ մեկը ու նախևառաջ ժողովրդի ճնշող մեծամասնությունը լուրջ չի ընկալելու։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանն ինքնահաստատման բարդույթ ունի և այդ բարդույթը հաղթահարելու համար չի բացառվում, որ գնա «լայն» կոալիցիայի ստեղծման ճանապարհով՝ «հզոր» դաշինք կազմելով Արշակ Սադոյանի, Հեղինե Բիշարյանի, Յուրա Մանուկյանի և քաղաքական այլ կարկառուն գործիչների հետ։ Միայն նրանց ընկերակցությամբ Սարգսյանը հնարավորություն կստանա ամրագրել իր անվերապահ առաջնորդ լինելը։ Այլ դեպքերում զոռով հնարավոր չէ արդյունքի հասնել։ Եվ վերջապես՝ չի՛ կարելի պետության ղեկավարի պաշտոնն այդքան անլրջացնել ու պարբերաբար թղթի ստորագրում նախաձեռնել՝ դրանով իսկ հայտնվելով անհարմար դրության մեջ։

Եվ վերջում մեկ ուշագրավ դիտարկում. Հայաստանն ունեցել է երեք նախագահ։ Բոլորի հանդեպ էլ հասարակության կողմից հակասական վերաբերմունք կար և կա, բայց այս պահին թողնենք դա և թողնենք այն հարցի քննարկումը, թե ում կառավարումն էր առավել արդյունավետ։ Տվյալ դեպքում ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մեկ այլ բանի վրա։ Անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ընտրվել՝ 3–րդ նախագահը 1–ինից ու 2–րդից տարբերվում է նրանով, որ պետության գլուխ այդպես էլ չդարձավ։

Ե՛վ Լևոն Տեր–Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ նրանք գնում էին իրենց նախագահության երկրորդ ժամկետին, իշխանության ներսում չէր էլ քննարկվում, թե ում են պաշտպանելու իշխանական կուսակցությունները։ 1996թ. և 2003թ. նախագահական ընտրություններից առաջ համապատասխանաբար Տեր–Պետրոսյանն ու Քոչարյանը չէին նախաձեռնում հուշագրերի ստորագրում, որպեսզի հաստատեին իրենց առաջնորդ լինելը և գործընկերներից սատարում կորզեին։ Ասելս այն է, որ առաջինու երկրորդ նախագահները, անկախ հանրային տրամադրություններից, իրենց թիմերի ներսում անվերապահ հեղինակություն էին նախագահության երկրորդ ժամկետին գնալուց առաջ, կամ առնվազն նրանց դիրքերն այնպիսին էին իշխանական բուրգում, որ ինքնին հասկանալի էր, թե ով է լինելու իշխանության թեկնածուն սպասվող նախագահական ընտրություններում։

Այլ է պատկերը Սերժ Սարգսյանի պարագայում։ Նա, փաստորեն, թղթով է ուզում առաջնորդություն ձեռքբերել կոալիցիայում ու շանտաժով է ուզում սատարում ստանալ ԲՀԿ–ից, բայց այդպես հնարավոր չէ առաջ շարժվել։ Իսկ թե ինչու է այդպես ստացվել՝ պատճառներն ինքն իր մեջ պետք է փնտրի ու չընկնի դավադրությունների տեսության գիրկը։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել ԲՀԿ–ի հետ, ապա նախագահի հանրային ռեսուրսն այդ քայլով չի ավելանա, բայց Գագիկ Ծառուկյանի թիմը քաղաքական առումով կդադարի գոյություն ունենալ, ինչին էլ ձգտում է հասնել նախագահն իր շուրջը հավաքված «ինքնաթիռի մսի»սիրահարների հետ միասին։ Իսկ եթե Սարգսյանը հրապարակավ պնդի, բայց չստանա ստորագրություն, որին հետևի ԲՀԿ–ի դուրս գալը կոալիցիայից, ապա նախագահականն է՛լ ավելի կվատացնի իր այսօրվա դիրքերն ու, ըստ էության, կմնա տխրահռչակ վարչապետի, խունվեյբինների և ՕԵԿ–ի հույսին, իսկ Ծառուկյանի ԲՀԿ–ն միայն կշահի՝ վերածվելով կոնսոլիդացիոն հսկայական ռեսուրս ունեցող սուբյեկտի։

Չի բացառվում, որ ունենանք երրորդ տարբերակը, երբ Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ չի կարողանում հասնել իր ուզածին, ստիպված շարունակի պահպանել ներիշխանական ստատուս քվոն, բայց դեմքը փրկելու համար հայտարարի, թե որևէ խնդիր չի էլ եղել ԲՀԿ–ի հետ ու իրենք նոր հուշագրի մասին չեն էլ մտածել։ Այս ամբողջ աղմուկն այդ դեպքում իշխանությունները կվերագրեն սենսացիա փնտրող լրատվամիջոցների երևակայությանը և իրենք իրենց ասածին հավատալով՝ կգնան տուն։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ