ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 29, 2011 23:21 - 1 քննարկում

Իրական դեպքեր մանուկների և ֆիզիկոսների կյանքից:

1957 թ, Արթիկ քաղաքի միակ վարսավիրանոցում հերթի էի նստել: Մեր պիոներ-պալատի խումբը, որի անդամն էի` պիտի ելույթ ունենար ինչ որ ժողովի հանդիսավոր մասում:: Երբ հերթս հասավ ու նստեցի բաղձալի բազկաթոռին, ժողովի սկսվելուն շատ քիչ ժամանակ էր մնացել:
Վարպետ Ասատուրը, որը Երևանի “Արարատ” թիմի մոլի երկրպագուներից էր` պտտվում էր շուրջս, սրահում հերթի սպասող հաճախորդների հետ տաք-տաք քննարկելով նախորդ օրվա ֆուտբոլային խաղը , միաժամանակ արագ-արագ չխկ-չխկացնելով աջ ձեռքում բռնած մկրատը, որով մերթ ընդ մերթ հարվածում էր ձախ ձեռքի սանրին, որի վրա նախորդ հաճախորդի մազերի մնացորդներից վաղուց արդեն ոչինչ չէր մնացլ, իսկ իմ մազերն սպասում էին նրա ձեռքի գործիքներին: Թվում էր այդ ամենը վերջ չի ունենալու: Էլ չդիմացա ու ասացի.
– Վարպետ Ասատո’ւր, տվեք ինձ այդ մկրատը, ես Ձեր փոխարեն կչխչխկացնեմ, իսկ Դուք մազերս կտրեք:
Մի պահ լռություն տիրեց, հետո բոլորը քահ-քահ ծիծաղեցին, իսկ Վարպետը ծիծաղի արցունքները սրբելով գործի անցավ (ես այդ ժամանակ 10 տարեկան էի) :

***
Էլիզային Ճոճանակի վրա ճոճում էի ու կիսաձայն երգում “Գազարը” երգը: Նկատեցի, որ թոռնիկս ուշադիր լսում է երգը…
– Հացի կիլոն մեկ ու հիսուն, գազարի կիլոն երկուս ու հիսուն…
– Պապի’, եդ ի՞ նչ տափակ երգ ես երգում,- վրաս ծիծաղեց փոքրիկը:

***
– Պապի ջան , մի հատ թուղթ կտա՞ս տանեմ մամային տամ,վազեվազ մոտս եկավ Էլիզան;
– Ի՞նչ պիտի անի թուղթը,- հարցրի նրան:
– Մաման թուղթ չունի, դրա համար էլ աչքերի վրա է նկարում,-պատասխանեց նա:

* * *
Հայ ֆիզիկոսների մի խումբ մասնակցում էր մոսկովյան գիտաժողովին: Էրիկ Մամիջանյանը, որն իր ընկերների նախանձն առաջացնող բացառիկ հիշողությամբ օժտված անձնավորություն էր` “Ռոսսիյա” հյուրանոցի ներքևի լրագրավաճառից “Մորնինգ Սթար” թերթի վերջին համարը աչք անցկացնելուց հետո թերթը ձեռքին մտավ հյուրանոցի իրենց համարը: Այստեղ արդեն հավաքվել էին մեր պատվիրակության մյուս անդամները:
Գյումրեցի Ալբերտ Հովհաննեսյանը դիմեց հավաքվածներին.
– Տղանե’ր, ես հիմա ձեզ կապացուցեմ, որ Էրիկի արտակարգ հիշողության մասին լուրերը խիստ չափազանցված են,- ապա դարձավ Մամիջանյանին.
– Դե ասա, ով է Ուգանդայի արտաքին գործոց նախարարը:
– Մավի Նսիմբամբին.- պատասխանեց Մամիջանյանը:
– Սխալվում ես Էրիկ ջան ,- վրա տվեց Հովհաննեսյանը, գրպանից հանեց ծոցատետրն ու դժվարությամբ կարդաց դեռևս Երևանում գրի առած անուն ազգանունը.- Ջակայա Նկուրունզիզա:
– Ալբերտ ջան, քո տվյալները հինգ օրվա վաղեմություն ունեն,- ասաց Մամիջանյանն ու նրան մեկնեց “Մորնինգ Սթար”-ի թարմ համարը, ուր վերջին էջերից մեկում մի փոքրիկ հաղորդագրություն կար Ուգանդայի արտգործ Նախարարի փոփոխության մասին:
– Դու դարձյալ ճիշտ ես, ես ընդունում եմ իմ պարտությունը,- տխուր պատասխանեց Հովհաննեսյանը:
* * *

Բարեկամության փողոցի վրա մի երկհարկանի առանձնատան կա, որի առաջին հարկն առ այսօր զբաղեցնում է հայտնի ֆիզիկոս Թինա Ասաթիանին, իսկ երկրորդ հարկում Ալիխանյանն էր ապրում իր ընտանիքով:
Ամառային մի տաք առավոտ . Արտեմ Իսահակովիչը իր հայտնի լայնափեշ սև կիսավարտիքով պատշգամբում կանգնած վայելում էր սկսվող օրվա թարմությունը: Պատշգամբի տակով դպրոցական դստեր հետ աշխատանքի էր շտապում Ասաթիանին:
-Թինա’, այդ ինչու ես ուշացել աշխատանքից,- պատշգամբի բազրիկին ավելի մոտենալով հարցրեց Ալիխանյանը:
Ասաթիանին վերև նայեց, ապա շփոթված բացականչեց, -վույ մե,- գլուխը կախեց ու ինչ որ անկապ-անկապ մտմտում էր քթի տակ: Արտեմ Իսահակովիչը կրկին դիմեց նրան:
– Չեմ հասկանում, ինչ ես ասում:
– Վույ մե,- կրկին վերև նայելուց հետո բացականչեց Թինան, ու նորից շփոթված կախեց գլուխը:
– Ձյաձ Արտյոմ , մի քիչ ետ գնա, ներքևից ամեն ինչ երևում է,- կանչեց Ասաթիանու դուստրը:
* * *
Տեսաբան ֆիզիկոս Սերգեյ Մատինյանին հարցրին.
– Տեսաբանի համար կին ունենալն է լավ, թե սիրուհի:
– Տեսաբանը հաջողություն ունենալու համար պետք է երկուսն էլ ունենա, որովհետև երբ կինդ կարծում է թե դու սիրուհուդ մոտ ես, իսկ սիրուհիդ էլ մտածում` թե տանն ես, այդ ժամանակ դու աշխատավայրում հանգիստ նստած տեսական ֆիզիկայով ես զբաղվում:
* * *
Իրեղեն պատմություն

Մի օր, Երևանի ընկերներով որոշեցինք Եղեգնաձորցի մեր ընկերոջը հյուր գնալ: Նախաձեռնողը Հակոբն էր, մեր շրջապատի ամենագեր մարդը, այնքան գեր, որ փորի մեծության պատճառով իր տաբաթի գոտին չի կարողանում տեսնել, մենք նրան Ակո ենք կոչում: Գիտեինք, որ ճոխ ընդունելություն է սպասվում` ուստի լավ պատրաստված մեկնեցինք: Մարատը /տանտերը/ մեզ զգուշացրեց, որ գիշերելու ենք իրենց մոտ, իսկ առավոտյան խաշ ենք ուտելու:
-Հենա,տոտիկնրը մաքրված ու բակի ջրի ծորակի տակ դրված լվացվում են:
Սեփական տան մեծ պատշգամբում մոտ 4 ժամ քեֆ էինք անում, արդեն մութը վաղուց ընկել էր: Բոլորիս տրամադրությունը շատ բարձր էր: Մարատը դիմեց Սահակին` մեր ամենաքչախոս ախլցխացի ընկերոջը: Մեզանից դեռ ոչ ոք չէր տեսել ու լսել նրան որևէ կենաց ասելիս:
-Սահակ ջան, բավական է միանաս մեր ասածներին, հիմա էլ մենք ենք ուզում միանալ քո ասածներին` հերթը քոնն է մի բան ասա խմենք: Մենք ամեն կողմից վրա տվինք.
-Ասա, Սահակ ջան, ասա …
Երկար դիմադրելուց հետո Սահակը տեսնելով, որ այլ ելք չունի`իրեն հատուկ ալարկոտությամբ ոտքի ելավ.
– Տղաք ջա’ն,-հանդիսավորությամբ բաժակը վեր բարձրացնելով ասաց նա,- մարդ կա մարդ ա, մարդ ա կա ` սարը սարին չի հանդիպի, վե’րջ, -ասաց ու դեմքի շատ լուրջ արտահայտությամբ գինու թասը դանդաղ դատարկեց: Աչքս ընկավ Մարատի դեմքին, բերանը պինդ փակած, այտերը փքված, աչքերը չռած , լարվածությունից վիզը հաստացած` մի պահ քարացած մնաց, ու մինչ Սահակը կդատարկեր գավաթը գլուխը կոխեց սեղանի տակ: Ես էլ հետևեցի նրան, իսկ Ակոն ծիծաղից ուժասպառ փռվեց աթոռին ու չէր կարողանում իրեն զսպել, այնպես էր հռհռում, որ նրա ահռելի ծանրության տակ կաղնուց պատրաստված պինդ աթոռը սկսեց ճռճռալ նրա ծիծաղին համաչափ:
– Ես շելլիքն (ինձ ու Մարատին ի նկատի ուներ) ի՞նչ եղան,-գինու դատարկ գավաթը սեղանին դնելով զարմացած հարցրեց Սահակը: Մենք այլևս սեղանի տակ գլուխներս թաքցնելով չկարողացանք զսպել մեզ, փռվեցինք հատակին ու միացանք Ակոյի հռհռոցին: Հիշում եմ վերջում արդեն ծիծաղում էի Ակոյի աթոռի ճռճռոցի վրա:
Երբ բոլորս, Սահակն էլ մեզ հետ, կուշտ ծիծաղեցինք ու հանգստացանք` Ակոն ականջիս շշուկով ասաց.
-Ես իջնեմ բակի զուգարանում ջուր թափեմ գամ, չանհանգստանաք, – ու գնաց:
Չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ էր անցել` սակայն Ակոն չկար ու չկար: Ես անհանգստացա ու իջա բակ: Փայտաշեն զուգարանի բաց դռնից մթության մեջ հազիվ նշմարեցի Ակոյի աժդահա մարմինը: Մոտեցա, տեսնեմ տաբաթի շղթան արձակած, ձեռքերը գոտկատեղին դրած, միզող տղամարդու դիրքով անշարժ կանգնած է:
-Այ Ակո, ես ի՞նչ ես անում այսքան ժամանակ, -հարցրի նրան:
-Սո’ւս, մարդու բան չասե’ս, ես մեռա, արդեն կես ժամ է միզում եմ , չի պրծնում, չե՞ս լսում ճլճլոցը:
Ես մոտեցա խաշի տոտիկների վրա բացած ջրի ծորակին ու փակեցի այն:
-Օֆ, հազիվ պրծա, եղբայր դու որ չգայիր` սա անվերջ երկարելու էր,- ասաց նա տաբաթի շղթան բարձրացնելով:
– Դու իրավացի ես,- ասցի ես ջրի ծորակը կրկին բացելով:
* * *
Մի, բավականին հին անեկդոտ.
Բուշը, Պուտինն ու Քոչարյանը երկրորդ անգամ Նախագահ դառնալուց հետո գնում են Աստծու մոտ` իրենց երկրների գլխին գալիքն իմանալու:
Բուշը մտնում է Աստծու մոտ և հուզված դուրս է գալիս:
-Ի՞նչ ասաց, որ այդպես հուզվել ես,- հարցնում են :
-Տերն ասաց, որ առաջիկա չորս տարին կարող է չբավարարել իմ խոստումները լրիվ կատարելու համար:
Պուտինն է մտնում Տիրոջ մոտ ու քիչ անց դուրս գալիս արցունքներն աչքերին:
– Քեզ ի՞նչ ասաց, որ լաց ես լինում:
-Ասաց 20 տարին հազիվ բավականացնի, որ քո երկիրը երկիր դարձնես:
Քոչարյանն է մտնում ու քիչ անց Աստված լաց լինելով դուրս է գալիս:
-Ինչո՞ւ ես արտասվում Տեր Աստված,-ետևից դուրս գալով հարցնում է Քոչարյանը:
-Ես կարծում էի թե անմահ եմ, սակայն կմեռնոմ ու այդպես էլ երկրիդ նորմալանալը չեմ տեսնի:
SMERCH



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Համո
Sep 30, 2011 0:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15642') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB9\xD5\xA5\xD5\xB4 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB9\xD5\xA5\xD5\xB4 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB9\xD5\xA5\xD5\xB4 \xD5\xA2\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219