ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 23, 2011 11:02 - 4 քննարկում

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետության մեջ քաղաքացիները բացի իրենց անհատական իրավունքներից, նաեւ ունեն ընդհանրական շահեր` ըստ իրենց սոցիալական խավի պատկանելիության:

Իրական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների հավասարությամբ, եւ այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է պետության քաղաքականության մշակման օրենսդիր ատյանում այդ խավերի ներկայացուցչություն:

Դեմոկրատական համարվող ԱՄՆ-ում, Կանադայում եւ արեւմտյան Եվրոպայի առաջավոր երկրներում, քաղաքական կուսակցությունների գոյությունը չի պայմանավորված հասարակության` սոցիալական այս կամ այն խավի շահերով:

Այսօր, ԱՄՆ-ում, որեւէ երեսփոխանի«ընտրություն» հնարավոր է միայն ընտրարշավի համար պահանջվող միլիոնավոր դոլլարներով: Եվ «երեսփոխանի» ընտրարշավի համար գոյացած միլիոնավոր դոլարների հասնող նվիրատվությունները կատարում են հիմնականում կորպորացիաների ներկայացուցիչ մեծահարուստ անհատները: Ի վերջո, կուսակցությունները եւ «ընտրված» երեսփոխանները ներկայացնում են կորպորացիաների եւ դրանց տերերի շահերը, որը հակասության մեջ է ընդհանուր հասարակական շահերի եւ ժողովրդական դեմոկրատիայի գաղափարաբանության հետ: Եվ ուրեմն, նախ պետք է պարզել, թե ինչ ենք հասկանում` «ժողովրդավարություն» /դեմոկրատիա/ ասելով, եւ երկրորդ` արդյո՞ք «ժողովրդավարությունը» պատկանում է միայն տեսաբանական պատկերացումներին, թե՞ մարդկային քաղաքակրթության պատմության ընթացքում /անցյալում եւ այժմ/ եղել են եւ կան իրական ժողովրդավարական համակարգեր: Եվ վերջապես, որքանո՞վ է «ժողովրդավարությունը» բխում այս կամ այն ազգային հասարակության բարոյահոգեւոր ընդհանրական նկարագրից:

 

Հնագույն պետությունների /Արատտա, Շումեր/ հասարակություններում, դեռեւս հինգ հազար տարի առաջ, կար տասներկու ատենակալների դատարան, եւ հասարակության սոցիալական շերտերի ներկայացուցիչներին ընդգրկող բարձրագույն խորհրդակցական մարմին` Աշխարահաժողով , որը պետության եւ հասարակության համար կայացրած որոշումներին մասնակից էր:

«Արքայի հրավերով գումարվող բարձրագույն խորհրդակցական մարմին` Ավագների ժողով է հիշատակվում Հայաստանի առաջին` Արատտա պետությունում

(Ք. ա. 28-27-րդ դդ.) »*1:

«Հայկական լեռնաշխարհում Բարձրագույն խորհրդակցական մարմին` Ավագների ժողով է հիշատակվում նաև Հայասա-Ազզի թագավորությունում

(Ք. ա. 15-13-րդ դդ.) »*2:

«Հայկական լեռնաշխարհում`Վանի թագավորությունում (Ք. ա. 9-7-րդ դդ.), հիշատակվում են արքայի խորհրդականները, որոնք, թերևս, Ավագների ժողովի անդամներն էին» *3:

 

Հայկական լեռնաշխարհում ձեւավորված պետական համակարգերի պատմության ընթացքում Աշխարհաժողովը պահպանվեց մինչեւ միջնադար:

 

«Աշխարհաժողովն ընդգրկում էր ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչներին»` արքայից մինչև ռամիկ շինական, որոնք «աշխարհովին միաբան խորհուրդ անելով »` լուծում էին երկրի կյանքում ծառացած խնդիրները: Այդ առումով Աշխարհաժողովը երկրի ներկայացուցչական բարձրագույն ժողովն էր, դեմոկրատիայի բարձրագույն արտահայտությունը` իր ժամանակի համար շատ լայն ընդգրկումով (կային այլ ժողովներ ևս. եկեղեցական, նախարարական, քաղաքային ավագանու խորհուրդներ)*4:

 

«Աշխարհաժողովն ուներ շատ լայն իրավունքներ` ընդհուպ մինչեւ արքայի գահազրկում կամ կաթողիկոսի ընտրություն (Մ.թ. 16 թվականին Նպատ լեռան մոտ հրավիրված Աշխարհաժողովը գահընկեց արեց հայոց արքա Վոնոնես Արշակունուն) »*5:

 

«Աշխարհաժողով» գաղափարի արտահայտությունը նստակյաց ցեղերի բարոյահոգեբանական նկարագրին հատուկ գենետիկական արտահայտություն է:

 

«Աշխարհաժողովի ծնունդը կապվում է դեռևս տոհմացեղային վաղնջական ժամանակների հետ, երբ ստեղծվում էին նստակյաց ցեղերի ավագների ժողովներ կամ խորհուրդներ»* 6:

 

Զարգացած երկրների, հատկապես ԱՄՆ-ի հասարակությունն ունի ոչ թե ժողովրդավարություն, այլ միայն` ժողովրդավարական խաբկանք: Սոցիալական խավերից անջատ, եւ սոցիալական խավերի շահերով չհիմնավորված, նմանատիպ գաղափարախոսություններով կուսակցություններից «ընտըված» երեսփոխանները, երկրի բարձրագույն ատյանում չեն ներկայացնում լայն հասարականության շահերը. նրանք վաղուց հանդիսանում են կորպորատիվ շահերի ներկայացուցիչներ:

 

Պետության գերագույն օրենսդիր ատյանում հասարակության այս կամ այն սոցիալական խավի ներկայացուցիչը (ըստ ժողովրդավարական տրամաբանության) պետք է կենսականորեն պատկանի սոցիալական այդ խավին, եւ այդ երեսփոխանի անձնական շահը պետք է բխի տվյալ սոցիալական խավի շահերից, որին ինքը ներկայացնում է:

Տեսականորեն, ճշմարիտ ժողովրդավարական հասարակության կերտումը հնարավոր է «Նաշի հավասարակշռության թեորեմի»*7 գործարկման դեպքում: Այսինքն, եթե հասարակության յուրաքանչյուր սոցիալական խավ կարողանա ներկայացնել իր շահերը պետական քաղաքականության մշակման գործում, եւ նրանցից յուրաքանչյուրն ըստ խաղի խիստ կանոնների նախորոք իմանա մնացածների հավասարակշիռ ռազմավարությունը, ապա արդյունքում կշահի յուրաքանչյուրը` ըստ իր ներդրման համեմատ,- առանց ուղիղ հավասարության պարտադրանքի:

Նման «ներդաշնակ հավասարակշիռ» հասարակության տարբերակում, թեզի եւ անտիթեզի փոխարեն, սինթեզն է դառնում գերակա գործառույթ*8, որը ձեւավորում է ընդունելի առաջարկություն հակադիր ուժերի հարաբերություններում: Եվ ժողովրդավարական պետության այս տարբերակը ենթադրում է հասարակության բարոյահոգեւոր արժեքների նոր համակարգ ( «խաղի նոր կանոններ»):

Սակայն ո՞րն է հասարակական այն ուժը, որն ի զորու է իրական ժողովրդավարություն իրականացնել: Շտապենք ասել, որ պրոլետարիատի հեգեմոնիայի մասին Մարքսիզմի մտածածին թեզն անհեթեթություն է, եւ պրոլետարիատը երբեւէ չի եղել ու չի կարող լինել այն մտածող եւ ինքնակազմակերպվող մարմինը, որն ի վիճակի լինի առաջադրել եւ լուծել հասարակական մեծ խնդիրներ (Ռուսական հեղափոխության` «պրոլետարական հեղափոխություն» անվանումը կեղծիք է: Հեղափոխությունը կատարեց առաջին աշխարհամարտի ընթացքում զինված ժողովուրդը, որի 80%-ը գյուղացիությունն էր, իսկ բոլշեւիկյան հեղաշրջումը հրահըրվեց եւ ֆինանսավորվեց օտարերկրյա ուժերի կողմից):

 

Հին Հունաստանում, Պտղոմեոսյան Եգիպտոսում, միջնադարյան Հնդկաստանում եւ միջնադարյան Եվրոպայում գոյություն ունեցած արհեստակցական միությունները (guilds) կարելի է դիտարկել որպես մեր ժամանակների արհմիությունների նախակարապետներ: Հայաստանում այն պահպանվեց մինչեւ 20-րդ դարի սկիզբը, որը հայտնի է «արհեստավորական համքյարություններ» անունով: Արհեստակցական միություններն ունեին իրենց հավաքական շահերի վրա խարսխված երկաթյա օրենքներ:

Այսօր արհմիությունները երկրի տնտեսության տարբեր ոլորտներում աշխատավոր ժողովրդի լավագույնս կազմակերպված միավորներն են: Եթե արհմիություններին ընդլայնվելու հնարավորություն տրվի, եւ նրանք կազմակերպվեն ու միավորվեն որպես երկրի ճյուղային տնտեսության արհմիութենական միություններ, ապա արդյունքում նրանք կարող են ներկայացնել պետության ամբողջական հասարակությունը` սոցիալական իր բոլոր խավերով: Եվ պետության գերագույն օրենսդիր պալատում արհմիությունների ներկայացուցիչները, որպես փորձառություն ունեցող մասնագետներ, որ լավատեղյակ են իրենց ոլորտի մարդկանց կարիքներին եւ տվյալ ճյուղի զարգացման հեռանկարային հնարավորություններին, կարող են երկրի գերագույն օրենսդիր ատյանում լավագույնս ներկայացնել հասարակության համընդհանուր շահերը: Սակայն, այսօր, իբրեւ թե ժողովրդավարության արտահայտություն, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված գերագույն օրենսդիր մարմինն է ներկայանում իբրեւ ժողովրդի կողմից « ընտրված» ու նրա շահերը պաշտպանող: Արհմիությունները, որոնք կարող էին հանդես գալ որպես իրական ժողովրդական ներկայացչություն, լիովին զրկված են օրենսդիր կամ գործադիր իշխանությունից եւ ունեն ենթակայական բնույթ` թե՛ արեւմտյան բուրժուական բանկային իմպերիալիզմի տնտեսական կացութաձեւում, թե՛ սոցիալիստական երկրների համակարգերում, քանի որ արհմիությունը այն ինքնաբուխ կազմակերպված իրական ուժն է, որն ամենից վտանգավորն է հասարակության սոցիալական բուրգի վերեւում գտնվողների համար (այսօր արդեն` միջազգաին բանկային օլիգարխիկ կլանների համար): Միեւնույն ժամանակ, հնարավոր չէ իսպառ սպանել արհմիությունները, որովհետեւ այն ինքնաբուխ, ինքնածննունդ բնույթ ունի. եթե կա որեւէ հավաքականություն, որի անդամներն իրար հետ կապված են` աշխատանքային, սոցիալական, մասնագիտական կապերով, ապա ինքնին առաջանում է այդ հավաքականության շահերը պաշտպանող կազմակերպությունը: Պատահական չէ, որ 20-րդ դարում, թե՛ պրոլետարական գաղափարախոսության վրա հիմնված սոցիալիստական երկրների դիկտատորական համակարգերում, եւ թե՛ բուրժուական երկրների համակարգերում, արհմիությունների դերը դարձրեցին երկրորդական, իսկ հետո` ենթակայական, քանի-որ առայժմ, այս իրական ուժը զսպելու միակ եղանակը` ենթակայական կարգավիճակի ապահովմամբ նրա վերահսկողությունն է:

 

Սակայն, պետության գերագույն օրենսդիր ատյանում եթե միայն լինի արհմիությունների ներկայացուցիչներից կազմված պալատ, ապա այն կարող է օրենսդրորեն « սպանել» հասարակության տնտեսության մեջ ազատ շուկայական հարաբերությունների ճկունությունը եւ տնտեսական շահի վրա հիմնված անհատական նախաձեռնողականությունը: Եվ ուրեմն, նույնիսկ արհմիությունների ներկայացուցիչնեից կազմված գերագույն մարմինը պետք է ունենա իր նկատմամբ հակադիր ուժ, որպեսզի աշխատի ոչ թե «թեզը» կամ «անտիթեզը» , այլ` երկու հակադրությունների միջեւ հաշտվողական եւ համատեղելի հնարավոր տարբերակը` «սինթեզը»: Եթե պառլամենտական երկու պալատներից մեկը համամասնական ընտրությամբ ձեւավորվեր արհմիությունների ներկայացուցիչներից, իսկ երկրորդ պալատը լիներ` քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից ընտրված, ապա այս երկրորդ պալատը նախ` կճշտեր իր ֆունկցիան որպես հասարակության ազատ եւ ընդհանրական գաղափարների արտահայտող, երկրորդ` կլիներ արհմիութենական պալատին հավասարակշռող «հակառակորդ», եւ ամենակարեւորը,- պետության գերագույն օրենսդիր պալատում կգործեր` շահերի դուալիստական հակասությամբ միասնության բանաձեւը:

Իրական ժողովրդավարական պետություն կառուցելու վերեւում առաջարկված տեսական մոդելը, լիովին տարբեր է սոցիալիզմին հատուկ պետության նոմենկլատուրային մոդելից: Ներկայացված տարբերակում թե՛ անհատը, թե՛ հասարակության սոցիալական խավերը, ունենում են իրենց հավասարակշիռ իրավունքներն ու ազատությունը:

 

Այսօրվա երրորդ աշխարհի երկրներում, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի եւ սոցիալիստական համակարգի փլուզումից հետո մոտ 20 տարի կապիտալիստական ֆորմացիա թեւակոխած երկրներում, այս կամ այն երկրի օլիգարխիկ ընտանիքների գոյությունը պայմանավորված է` համաշխարհային միջազգային բանկային կլանների կողմից տարվող քաղաքականությամբ: Նույն պատկերն է նաեւ ԱՄՆ-ում (ըստ պաշտոնական տվյալների ԱՄՆ-ի պետբյուջեի 90%-ը գոյանում է բնակչության 1%-ի հարկագանձումից), միայն այն տարբերությամբ, որ այստեղ համակարգը` բազմաշերտ եւ բազմաֆունկցիոնալ է, որը սոցիալական միջին դասակարգի գոյության շնորհիվ կլանային էլիտային հնարավորություն է տալիս մանեւրելով պահպանել իր կարգավիճակը: Դրան նաեւ նպաստում են` միջազգային վալյուտային ֆոնդերի շրջանառության վերահսկման մանիպուլիացիաները, ինչպես նաեւ` այլ երկրների բնական ռեսուրսների եւ առեւտրաճանապարհների շահագործման հնարավորությունը:

Գլոբալիզացիային ձգտող միջազգային բանկային այս կլանը արդեն վաղուց հաղթահարելով կենտրոնական Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում իր առջեւ ծառացած խոչնդոտները, փորձում է համահարթեցման ճանապարհով իր ավարտին հասցնել գլոբալիզացիոն գործընթացը:

Փաստորեն, որեւէ երկրի ադմինիստրատիվ-ֆիննանսական կլանային համակարգը (Հայաստան, Ռուսաստան, Լիբիա, Եգիպտոս եւ այլն) ձեռնտու է միջազգային կորպորատիվ-բանկային կլանի համար, քանի-որ այս կամ այն երկրի մի բուռ մարդկանց խումբը` կլանը, ունի երկու հիմնական բնութագրում:

1-ին,- Կառավարման ադմինիստրատիվ-ֆիննանսական կլանային համակարգն ունի ենթակայական կախվածություն արեւմտյան բանկերից. օլիգարխների հարստության կուտակումները տեղակայված են արեւմտյան բանկերում:

(Պատահական չէ Վ. Պուտինին արեւմտյան գլոբալիզացիոն ուժերի ստրատեգ Զ. Բժերզինսկու իբր կատակով խոսքը` «Պարոն Պուտին, ռուսաստանցի օլիգարխների գումարները գտնվում են արեւմտյան մեր բանկերում (որոշ հաշվարկներով տրիլիոն դոլարի հասնող): Հիմա այդ գումարները մե՞րն են, թե՞ – ձերը »):

2-րդ,- Կառավարման ադմինիստրատիվ-ֆիննանսական կլանային համակարգը մշտապես ունի պոտենցիալ հեղափոխության հնարավորություն` երրերուն համակարգ է, քանի-որ կառուցված է` կա՛մ մեկ անհատի հեղինակության, կա՛մ վերեւում հայտնված կլանային խմբի կողմից վերահսկվող ուղղահայաց ադմինիստրատիվ պարզագույն սխեմայով: Այս կարգի երկրներում հասարակության համար օլիգարխիկ էլիտան ոչ թե ազգային բուրժուազիա է, այլ գեր իրավունքներով օժտված կլան է, որը հասարակության համար մշտապես սոցիալական ատելության թիրախ է դառնում, քանի-որ այդ երկրներում` ա) հարստության ու հնարավորությունների մեծ մասը մենաշնորհված են, եւ բ) երկրում չկա սոցիալական միջին դասակարգ:

 

Հայաստանի, Հունաստանի, Բելոռուսիայի, Ռուսաստանի եւ այլն երկրներին, պետք է հասկանալ, որ «նոմենկլատուրային չնովնիկական համակարգով » , կամ «գրպանի կուսակցություններով », կամ «մեկ անհատի պաշտոնական հեղինակության իշխանությամբ», հնարավոր չէ դիմագրավել արեւմուտքի աշխարհաքաղաքական նկրտումներին (հին օրերի լումայնափոխ միջազգային այս նորդեմք Շայլոկին): Անհրաժեշտ է, որ օլիգարխի եւ հասարակության շահերը հակադրվելու փոխարեն համատեղվեն: Այսինքն, անհրաժեշտ է, որ այսօրվա օլիգարխն ունենա ուղեղ եւ դառնա ազգային բուրժուազիա, որը թեկուզ իր իսկ շահերի համար` հասկանա հասարակության ընդհանրական շահերի հետ համադրվելու անհրաժեշտությունը:

 

Որեւէ երկրի պետական եւ ազգային շահերը, ինչպես նաեւ տվյալ երկրի մեծահարուստների շահերը կարող են ապահով լինել միայն իրական դեմոկրատիայի պարագայում`

ա) երբ հասարակության սոցիալական լայն խավերի ներկայացուցիչները ընդգրկված կլինեն պետության ներքին եւ արտաքին քաղաքականության մշակմանը` օրենսդիր ատյանում (Ազգային Ժողովը որպես սոցիալական բոլոր խավերի ներկայացչություն,

«12 ատենակալների ժողովրդական դատարան »համակարգի հաստատում),

բ) երբ երկրում բնակչության գոնե 40-60 տոկոսը կդառնա սոցիալական միջին խավ (գոնե ներմուծող երկրից դառնալ առաջին անհրաժեշտության գյուղատնտեսական ապրանքների ինքն իրեն ապահովվող երկիր, որին խանգարում է օլիգարխությունը),

գ) երբ կառավարման համակարգային փոփոխությունները կբխեն հասարակության բարոյահոգեւոր ընդհանրական նկարագրից,

դ) երբ երկրում ազգային եւ պետական շահերից բխող ազգային գաղափարախոսությունը կդառնա գերիշխող թե՛ սահմանադրությամբ, թե՛ իրական կյանքում (հասարակության դաստիարակմամբ` դպրոցական-կրթական համակարգից սկսած):

 

ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Harutyun Arakelyan
Sep 23, 2011 21:55


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15558') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB \xD4\xB1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219