ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 9, 2011 7:08 - չքննարկված

«ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԼԻՆԵՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԻՄ ԵՐԿՐԻՑ»

Diana Arian-ի կողմից 9 Սեպտեմբեր, 2011 ժամը 6:06ին-ին

«Վեր կաց, եղբայր», «Զինվորի երգը», «Քեզ, իմ սիրելիս», «Հուսո առագաստ»… Երգահան ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ հայաստանյան ունկնդրին հայտնի է այս երգերով: ՈՒնի չորս անհատական ձայնասկավառակ («Մեր մանկության աստղաթիռը», «Մանչս», «Հուսո առագաստ» և «Խելառ իմ երգ»): Նրան համարում են հեղինակային երգի վարպետ: Արմեն Մովսիսյանը 2007-ից բնակվում է Լոս Անջելեսում:

«Իրատես de facto»-ի հարցերին Արմեն Մովսիսյանը պատասխանեց համացանցի միջոցով: 

-ՈՒնե՞ք նոր երգեր կամ ձայնասկավառակ, որոնց հայրենիքում ծանոթ չեն:

-Նոր երգեր, իհարկե, կան, բայց նոր ձայնասկավառակ` ոչ: Վերաիմաստավորման շրջան է, և այս պահին գերադասում եմ լռությունը։

-Ե՞րբ եք վերջին անգամ համերգով հանդես եկել, և ե՞րբ կլինի հաջորդը: ՈՒնե՞ք նման ծրագիր:

-Վերջին համերգս եղել է 2006-ին կամ 2007-ին, կոնկրետ տարեթիվը չեմ հիշում: Հաջորդը երբ կլինի Հայաստանում, չգիտեմ։

-Այս ընթացքում համերգներով հանդես եկե՞լ եք:

-Այո, Միացյալ Նահանգների մի քանի քաղաքներում, Կանադայում, Արգենտինայում, բայց ժամանակի սղության պատճառով մի շարք համերգներ ստիպված եմ եղել մերժել:

-Որքան գիտեմ, Միացյալ Նահանգներում ունեք փորձարարական ստուդիա, կիթառի դասեր եք տալիս երեխաներին:

-Փորձում եմ երեխաներին սովորեցնել նվագել ու երգել կիթառի նվագակցությամբ, իհարկե, ավելի շատ սովորեցնում եմ հայերեն բարձրաճաշակ երգեր, որ կուզենայի իմ ուսանողները իրենց ներսում պահեին ողջ կյանքում, այլ ոչ այն աղբը, որ, ցավոք, հաճախ հնչում է հայկական հեռուստատեսությամբ, ռադիոյով:

-Միացյալ Նահանգներում նույնպես, որքան ինձ հայտնի է, ռաբիսն ավելի մեծ մասսայականություն ունի:

-Անշուշտ, կա նման բան, բայց պետք է երեխաներին հեռու պահել այդ երաժշտությունից:

-Սփյուռքում կա՞ հեղինակային երգի պահանջարկ:

-Չեմ ուզում առանձնացնել սփյուռքը: Ժանրը այն վիճակում է, ինչ մեր երկիրը, հասարակությունը: Այսօր շատ խելացի բաներ պետք չէ ասել (ասենք, մի քանի տարի առաջ էլ վիճակն առանձնապես նախանձելի չէր): Պետք է պարզապես մատուցել դյուրամարս երաժշտություն` դյուրամարս բառերով, սիրո վավաշոտ պատմություն, ու ամեն ինչ կարգին է: Հիմա ես հարցս ուղղեմ Ձեզ. մեր բնակչության քանի՞ տոկոսին կհետաքրքրի մի երաժշտություն, որը, հերիք չէ, շոու չէ, դեռ պարտադրում է մտածել, թախծել, տխրել ու հուզվել, և ոչ նրա համար, որ հերթական սերիալի մեջ հերթական «ռազբորկան» կամ սիրո եռյակ պատմությունը չհանգուցալուծվեց: Բարձրաճաշակ երաժշտությամբ հետաքրքրվողների 1-2 տոկոսին լավատեսորեն ասենք 5 տոկոս, իսկ այդ 5 տոկոսի քանի՞ տոկոսն է ի վիճակի վճարելու համերգի համար: Եթե Ռուսաստանի բնակչության մի քանի տոկոսը կազմում է մի քանի միլիոն, մեր քիչը շատ քիչ է` իր բոլոր հետևանքներով: Ես կարծում եմ, որ սա «դինոզավրերի արվեստ» է: Սա իմ համոզմունքն է, վերջին տասը-տասնհինգ տարիների մտորումների արդյունք է։ Հեղինակային երգի ժանրը մեզ հետ կհեռանա:

-Հեղինակային երգարվեստի վարպետներն այնքան էլ շատ չեն: Մրցակցությո՞ւնն է գերիշխում, թե՞ մտերմությունն ու համախմբվածությունը:

-Չեմ կարծում, թե մրցակցություն կա: Ամեն մարդ ունի իր ասելիքը, իրեն հատուկ ձեռագիրը, որ երբեք չես շփոթի: Օրինակ, Ռուբեն Հախվերդյանը դիպչում է սրտիդ յուրաքանչյուր լարին, Արթուր Մեսչյանի երգերը նման են հզոր մոնումենտալ քանդակների, Լիլիթ Պիպոյանի անկրկնելի ձայնը` երաժշտական բարձր ճաշակի հետ, ստեղծել է չքնաղ երգերի շարք, Վահան Արծրունու «Կոմիտասի տասը հայտնություն»-ը, ըստ իս, արդեն իսկ ազգային հարստություն Է, Էդուարդ Զորիկյանի երգերում պոետ-մարդու կյանքն է` դժվար ու տատասկոտ, կարոտով, սիրով ու հիշողությամբ լի, Վահրամ Թաթիկյանի «Բաղդասար Դպիր» շարքը, Դավիթ Ամալյանի մարտական երգերը: ՈՒզում եմ ընդգծել, որ անվանումն էական չէ` հեղինակային երգ ասենք, երգող պոեզիա, թե բանաստեղծական խոսք` երգի տեսքով:

-Գիտեմ, որ մեր վարպետները մեկը մյուսի երգերը չեն հավանում ու երբեմն բարձրաձայնում են այդ մասին բավականին կոպիտ:

-Գիտեք, Դյուման ու Բալզակը, մեղմ ասած, բարեկամներ չեն եղել, բայց դա ոչինչ չի նշանակում… Ես սիրում եմ բոլորին:

-Հեղինակային երգի հայ վարպետները հիմնականում «դժվար» բնավորություն ունեն… Ինչո՞վ է պայմանավորված: 

-Փորձեք նրանց գտնել իրենց երգերի մեջ: Նրանք այնքան բան են արել, որ այդ մանրուքների կողքով ուղղակի պետք է անցնել:

-Հեղինակային երգի ասպարեզում այսօր այլ անուններ էլ կան, բայց դժվար է համեմատել Ձեր սերնդակիցների հետ, որոնց երգերը դարձել են մեր քաղաքի, մեր կյանքի, մեր պատմության մի մասը: 

-Ես չեմ էլ փորձում համեմատել: Ես գիտեմ` ինչ է նշանակում երգ գրել, ապրել քո գրած երգով, անգամ կասկածելով վաղվա օրվա հացն ունենալու հնարավորությանը: Դժվար է այսօր որևէ մեկին համոզել, որ այդ փշոտ ճանապարհով գնա, հիշեցնել «ոչ միայն հացիվի» մասին, և կա ապրելու սկզբունք: Կյանքը ուրիշ հնարավորություններ է ընձեռում:

-Այսինքն, այդ արվեստով չես կարող ապրել: 

-Ո՛չ, միանշանակ` ոչ, ցավոք սրտի` ոչ: Հասարակության մի ստվար մասը չի ընկալում դա, չկա հանրային պահանջ, չկա հանրային պահանջ ձևավորելու ցանկություն (նայեք հեռուստաեթերները): Հեղինակային երգ կոչվածը պիտի ունենա բեմ, պիտի ունենա հանդիսատես, որը նրան կքաջալերի, որ այն չկործանվի, չվերջանա, դառնա դպրոց: Խոսքը 50 կամ հարյուր հանդիսատես ունեցող միջոցառումների մասին չէ, այլ լուրջ համերգների, քանակով ներկայանալի հանդիսատեսի: Այ, այստեղ է ցավը, ու իմ թվարկած հեղինակային երգիչների ցուցակն ավելի կփոքրանա` կհասնի մինչև երկու-երեք հոգու, մանավանդ, երբ ամեն Աստծո օր մի «մեգաաստղ» է հայտնվում: Մեծահարուստի ու իշխանավորի մտահորիզոնի մեջ էլ նման անկախ արվեստի ուղղություններ չեն տեղավորվում: Չունենք մեծահարուստի ու իշխանավորի այն տեսակը, որը տալուց հետո չի պարտադրի սեղանի վրա «մի հատ ծաղկեցնել էդ ուրախությունը» կամ ընտրությունների ժամանակ «մի հատ երգել»: Գուցե մի քանի սերունդ հետո ինչ-որ բան փոխվի, թեև մուտանտները, որպես օրենք, մուտանտներ են ծնում:

-ՈՒրեմն, պետական հովանավորություն պետք է լինի:

-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ հենց այնպես պետական հոգածության են արժանանում այն մարդիկ, ովքեր արժեքավոր ինչ-որ բան են անում: Ես կարծում եմ` այդ հարցի պատասխանը տվել եմ տարիներ առաջ. կան ափսեներ, պատրա՞ստ ես կերակրվելու, պատրա՞ստ ես ձեռքդ մեկնելու. կհայտնվեն հոգածությունն էլ, հովանավորն էլ: Եթե ոչ, եթե կարծում ես, որ քո ազատությունն ու անկախությունը ունեն որոշակի արժեք, ուրեմն դատապարտված ես: Ես գիտեմ, որ իմ անկախության համար շատ թանկ եմ վճարել:

-Ասում են, որ Ձեր երգերը գրեթե չեն հնչում հայկական հեռուստատեսությամբ` քաղաքական դրդապատճառներով:

-Քաղաքական դիրքորոշումս երբևէ չեմ թաքցրել: Պարզ ճակատով եմ քայլել, վստահ, որ երբեք չեն ասի, թե Արմենին «գնեցին» կամ «վաճառվեց»: Բացեիբաց արտահայտել եմ իմ տեսակետը, որ մեր իշխանավորներն ազգային զարթոնքը տարան դեպի նիհիլիզմի ժամանակաշրջան, որտեղ անհասկանալի, մութ, գորշ բարքեր են, որ նրանք թե՛ երեկ, թե՛ այսօր ավելի շատ ներքին թշնամիների են նման, քան երկրի տերերի: Իշխանավորները, նրանց կողքին կանգնած օլիգարխները, պնակալեզները, ծախված մտավորականներն ավելի շատ խոչընդոտել ու խոչընդոտում են երկրի հնարավոր, իրական զարգացմանը: Գիտեմ, որ ասածներս շատերի սրտով չեն, գիտեմ` ոմանք ինձ վրա քար կնետեն, կասեն` ձայնը տաք տեղից է գալիս, բայց սա իմ համոզմունքն է` թե՛ երեկ, թե՛ այսօր: Իսկ որ երգերս չեն հնչում, մեծ ողբերգություն չէ, ավելի ողբերգական կլիներ գրել ու երգել այնպես, որ հարմար լինես բոլորին:

-Բայց հեռվում եք, չէ՞:

-Գուցե պետք է հեռու լինենք, որ ավելի մոտ զգանք:

-Կվերադառնա՞ք հայրենիք:

-Կգամ, եթե իմանամ, որ ազատ ապրելու և ստեղծագործելու իրավունքը պայմանավորված չէ ափսեին մոտենալու կամ չմոտենալու հարցով: Իսկ այդ հարցն այսօր շատերի առջև է կանգնած:

-Հավանաբար, հետևում եք հայաստանյան անցուդարձին:

-Այո, համացանցով, անկախ մամուլով նաև Ձեր թերթին ծանոթացա, բավականին հետաքրքիր, անկախ տեսակետներ կան: Երբեմն դիտում եմ հայկական հեռուստաալիքներ (ամսվա մեջ 10-15 րոպե, ավելին առողջությունս չի ներում):

-Ձեր բացակայության ընթացքում ի՞նչն է փոխվել: Հեռվից ամեն ինչ այլ կերպ է երևում, ավելի հստակ: 

-Չեմ կարող ասել` ավելի հստակ, բայց երբ եկա Միացյալ Նահանգներ, մարտի մեկը դեռ չէր եղել: Կարծում եմ, դրանից հետո խիստ ջրբաժան առաջացավ իշխանավորների ու ժողովրդի մի ստվար մասի միջև: Շատ վատ եմ զգում, որ այդ պղտոր ջրում, այն արյան մեջ, որ թափվեց, որոշ նախկին իշխանավորներ, որոնք մեղքի մեծ բաժին ունեն այսօրվա անօրինականությունների համար, փորձում են ձուկ բռնել: Իսկ այդ ձուկ բռնողներն ինձ համար նույնքան վտանգավոր են: Նրանք բոլորն արդեն «վառված» խաղաքարտերով են խաղում` թե՛ հները, թե՛ այսօրվա իշխանավորները, որ երկրի ապագայի հետ կապ չունեն:

Ընդհանուր զարգացումը, չգիտեմ, դուք ավելի լավ կտեսնեք: Երբ աշակերտներս գալիս են Հայաստանից, հարցնում եմ` ինչպե՞ս էր, ասում են` շատ լավ էր, այնքան եմ ուրախանում, որ երեխաների աչքերով հայրենիքը լավ է, ուրեմն, մի լուսավոր բան կա, ամեն ինչ այդքան գորշ չէ: Պատահական չէ, որ հազարամյակների միջով եկել հասել ենք այսօրվան, լավ թե վատ` ունենք մեր պետությունը` անկախ, կիսաանկախ, բայց ունենք ինչ-որ բան։

-Հեռանալը հայի համար ասես ճակատագիր լինի. խռովում են ու հեռանում: Ինչպե՞ս եք նայում սրան: 

-Լավ չեմ նայում: Ինչո՞ւ եմ ես այստեղ: Ինչո՞ւ իմ ազատությունը պահելու համար պիտի պարտադրված լինեմ հեռանալու իմ երկրից…

-Ասում են` պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Գուցե սխալնե՞րն են անընդհատ կրկնվում:

-Պատմությունը կրկնվում է, որովհետև մեր սխալներից դաս չենք քաղում: Պետք է որոշ մութ էջերի մի քիչ ավելի օբյեկտիվ հայացքով նայենք, տեսնենք` որտեղ են մեր սխալները: Օրինակ, համարյա լռում ենք նախաքրիստոնեական շրջանի հայկական մշակութային հսկայական շերտի վերացման մասին: Այսինքն, մենք նույնիսկ ոչ թե հիսուն կամ հարյուր տարվա, հազար յոթ հարյուր տարվա սխալների մասին ենք լռում: Պիտի սառը նայենք, թե որտեղ ենք սայթաքել, որ չկրկնենք: Ինքնաքննադատության պակաս կա: Դա է վատը:

-Եվ, մի վերջին հարց. ի՞նչ եք անում կարոտի հետ:

-Կռիվ եմ տալիս։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ