ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, July 21, 2011 23:54 - 2 քննարկում

ՀՀ նախագահը Ամասիայում կարի մեքենայի ասեղը թելելիս մտքում անընդհատ կրկնել է, որ չմոռանա. «Երևան հասա, թաց ճիպոտով Տիգրանի քամակը դաղելու եմ»:

176 միլիոն էլ գրվեց սառույցին

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ

Կառավարության այս շաբաթվա նիստում ՀՀ գործադիրը հերթական անգամ հավանություն է տալու վարչապետ Տիգրան Սարգսյանի` ֆավորիտի կարգավիճակ ստացած որոշումներից մեկին. հաստատվելու է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011թ. ծրագիրը: Այդպես Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2008թ. հաստատեց Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, 2009-ին էլ  հաստատվեց Գյումրու տեխնոպարկի 2009թ. ծրագիրը, 2010թ. հաստատվեց  Գյումրու տեխնոպարկի 2010թ. ծրագիրը, իսկ 2011թ. Ազգային ժողովի փոխնախագահ, գյումրեցի Սամվել Բալասանյանը հարց ուղղեց կառավարությանը, թե՝ քանի տարի է` խոսում եք Գյումրու տեխնոպարկի մասին, բայց Գյումրիում տեխնոպարկի մասին գիտեն միայն այնքանով, որ մի աղբանոցի տիպի վայրի վրա տնկված է ցուցանակ, վրան մեծ տառերով գրված` «Գյումրու տեխնոպարկ»:

Էկոնոմիկայի նախարարը երկար-բարակ պատասխանեց հարցին, բացատրեց, թե ինչ հզոր բան է Գյումրու տեխնոպարկը, բայց դրանից ո´չ աղբավայրը դարձավ տեխնոպարկ, ո´չ էլ ցուցանակը կենդանացավ: Գյումրու տեխնոպարկ հասնելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ինտելեկտուալներով այսօր պետք է մուտք գործի Գյումրի, հետո ամենագնացներով շարժվի անանցանելի կամ դժվարանցանելի խորդուբորդ ճանապարհներով, այնուհետև, մի կերպ անցնելով երկաթգծերի ու նախկին միսկոմբինատի շենքի կողքով, հասնի այդ տարածք և տեսնի, թե այս անգամ որտեղ է անհետանալու  կառավարության 2011թ. որոշմամբ նախատեսված 176 միլիոն 500 հազար դրամը: Թե «Գյումրու տեխնոպարկ» նախագծի վրա որքան գումար է ծախսվել` հստակ ասել հնարավոր չէ, քանի որ, բացի կառավարության` պետբյուջեով նախատեսած գումարներից, այստեղ միջոցներ են ուղղվում նաև տարբեր միջազգային կազմակերպություններից:

Չցանկանալով հետ մնալ տեխնոպարկի, ավիաշինության և Գյումրու նավահանգստային կենտրոնի հոգևոր հայր Ներսես Երիցյանից, որը պատմության մեջ մտավ իր` նախադեպը չունեցող նախագծերով և օրիգինալ մտքերով, էկոնոմիկայի ներկա նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին է փորձում պեղել սեփական արտադրության «տեխնոպարկերն» ու «նավահանգիստները»: Նախարար Դավթյանի ամենաուշագրավ գտածոն, երևի թե, Արմավիրի տրակտորաշինության բումին նվիրված հայլուրային ռեպորտաժն էր:

«Հայլուր» լրատվականի մեկնաբանն առանաձնակի ոգևորությամբ ազդարարեց, թե էկոնոմիկայի նախարարն այցելել է Արմավիրի տրակտորաշինական գործարան, որտեղ արտադրված տրակտորները շուտով մրցելու են համաշխարհային բրենդերի տրակտորների հետ (!): Հետո արդեն ռեպորտաժի կադրերից պարզ դարձավ, որ նախարարն այցելել է մի գործարան, ավելի շուտ՝ այն, ինչ մնացել է Արմավիրի նախկին հաստոցաշինական գործարանից: Ռեպորտաժի 90 տոկոսը պատմում էր այն մասին, թե ինչպես հրաշքով կենդանի մնացած մի քանի մաշված հաստոցով մի քանի աշխատող կարողանում են ինչ-որ մասեր արտադրել ու պատվերներ կատարել. պատվերները հիմնականում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից էին, Վրաստանից, մի խոսքով՝ մարդիկ կարողացել էին գոյություն պաշտպանել:

Լավ, այդ դեպքում ո՞ւր մնաց տրակտորաշինությունը: Այդ ամբողջ ընթացքում ոչ մի խոսք այդպես էլ չլսվեց տրակտորաշինության մասին: Եվ հանկարծ ռեպորտաժի վերջում ցույց են տալիս մի ինքնաշեն մինի տրակտոր, որը երևի թե կարողացել էր հավաքել աշխատողներից մեկը և որի հանճարի արգասիքը գործարանի (գործարան ասելը մի փոքր անհարմար է, քանի որ ընդամենը փոքրիկ արտադրամաս է` մի քանի մաշված հաստոցով) ղեկավարությունը որոշել էր հրամցնել էկզոտիկ հյուրին` ինչ-որ բանով գլուխ գովելու համար:

Կառավարության շենքում հանդիպելով էկոնոմիկայի նախարարին՝ չկարողացա զսպել գայթակղությունս` չհարցնելու տրակտորաշինական ֆենոմենի մասին:

– Պարո´ն Դավթյան, Արմավիրի տրակտորաշինության մասին «Հայլուրի» հայտարարությունը լուրջ է՞ր, թե՞ դա էլ ավիաշինության կամ նավահանգստի նման հերթական մի բան է:

– Չէ, չէ, էնտեղ ուղղակի առաջին անգամ էին փորձել նման բան ստանալ: Դա փորձնական մեքենա էր:

– Իսկ մասերը որտեղի՞ց էին, դրանք չէին կարող հայկական արտադրության լինել, չէ՞: Երևի այստեղից-այնտեղից բերած մասերով մի  բան էր հավաքված, այո՞:

– Այո´, օրինակ շարժիչը «Hyundai» էր,- հայտնեց նախարարն ու ինքն էլ  չկարողանալով ծիծաղը զսպել՝ հեռացավ:

Որքան էլ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ամեն դեպքում, մնում է որպես Տիգրան Սարգսյանի անկրկնելի կառավարություն, որքան էլ հատկապես տիգրանսարգսյանական թիմի նախարարները նույն ինտելեկտուալ դասի ներկայացուցիչներն են` նույն մտածողության ու արժեքների կրողներ, այնուամենայնիվ, էկոնոմիկայի նախկին և ներկա նախարարների մեջ մի ընդգծված տարբերություն կա. երբ «պայթեց» Գյումրու ինքնաթիռաշինության նախագիծը և հայտնի դարձավ, որ նման բան անգամ պետության` նման հարցերով զբաղվող նախարարության պաշտոնական կայքում է գրվել, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դարձյալ չկարողացավ թաքցնել ծիծաղը և անկեղծացավ` ասելով, թե դա դեռ պետք է ուսումնասիրել, տեսնել՝ իրականում ինչ կարող է դուրս գալ դրանից: Այս անգամ ևս երևաց, որ որքան էլ ինտելեկտուալ, այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդի, Տիգրան Դավթյանն ահագին սթափությամբ է օժտված: Կարելի է չկասկածել, որ Ներսես Երիցյանին նման հարցով դիմելու դեպքում կարելի էր առնվազն կեսժամանոց դասախոսություն լսել Հայաստանում ավիաշինության կամ տրակտորաշինության անկասելի տեմպերի մասին, ընդ որում՝ Երիցյանը դա կարող էր հրամցնել թե´ հայերեն, թե´ ռուսերեն, թե´ անգլերեն` անկախ այն բանից, որ կես ժամանոց ունկնդրությունից հետո գուցե ոչ մի բան էլ հնարավոր չլիներ հասկանալ: Ինչպես տեսնում ենք, անկախ քննադատությունից, դրա տեմպերից ու չափերից, Տիգրան Սարգսյանի կառավարությունն, ինչ ուզում է լինի, գոնե ինչ-որ տեղում, գոնե ինչ-որ ձևով առաջընթաց ապրում է: 

Պետք է շնորհավորել նախագահ Սարգսյանին այսօրինակ առաջընթացի առիթով, իսկ նախկին վարչապետ Բագրատյանին հորդորել, որ վերանայի իր՝ «կառավարության աշխատանքի չգնալը՝ որպես ազգային փրկության միակ հնարավորություն» հայտնի տեսությունը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

misak
Jul 23, 2011 7:41


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14208') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x86\xD5\xA1\xD5\xAD\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1\xD5\xB0 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219