ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 24, 2016 0:54 - 1 քննարկում

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԵԼԱՆՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

%d5%b4%d5%a5%d5%ac%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1-%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3%d5%b5%d5%a1%d5%b6-2ՄԵԼԱՆՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
***
Երբ դու հեռանաս,
Շունչս, հետդ տար
Տա՜ր, չմոռանա՛ս:
Հետ գալու ճամփին,
Որ ինձ հանդիպես,
Նորից հետ տալու
Մի բան ունենաս…
Երբ դու հեռանաս
Համբույրս շուրթիդ
Դրոշմված մնա,
Որ ուր էլ լինես
Ուրիշ համբույրի
Հետքեր չմնան,
Երբ դու հեռանաս
Երազներումս
Հավե՜րժ կմնաս
Եվ ո՞վ իմանա,
Գուցե հետ կգաս
Ու իրականը
Երազ չի մնա:

***
Ամեն մարդ ունի
Մի սրտի կարոտ՝
Թաքուն ամենքից,
Թաքուն աշխարհից.
Միայն Աստծուն է
Հայտնի այդ մասին
Ու իր խենթ սրտին:
Կարոտո՜ւմ, թախծո՜ւմ,
Ծիծաղում մի պահ …
Ու լռու՜մ … Լռու՜մ…
Արգելված մի սե՜ր…
Արգելված մի հո՜ւշ…
Արգելված հոգու
Սեփականատե՜ր…
Արգելված մի թու՜յն:
Փափագել նրան:
Թեկու՛զ և մեռնե՜լ
Բայց դե տիրանալ:
Ու ապրե՜լ … Ապրե՜լ:
Մի թաքուն կարոտ
Արգելվա՜ծ սիրո
Սրտումդ պահա՜ծ…

***
Քեզ բարև ասեմ, ո՜վ սաթ աչքերով
Հայորդի դու քաջ,
Շքեղ ժպիտիդ ամեն անկյունում
Կա մեծ Հայաստան,
Աչքերիդ փայլի շողերից ծնված՝
Կա մի բուրաստան,
Սրտիդ բաբախից բեկորներ չորս դին՝
Բարության դեսպան,
Ի՛նքդ շատ զորեղ մի հայի զավակ,
Խելք ու շնորքի օրինակ մարդկանց:

***
Պատահում է՝
Պատահական
Հանդիպում ես վերջակետին:
Փորձ ես անում սկսել նոր տող՝
Մեծատառով քո սիրելի:
Ու զգում ես, որ ոչ մի տառ,
Ու ոչ մի բառ
Արտաբերել դու չես կարող:
Կարկամում ես,
Հետ ես դառնում ու տեսնում ես.
Գրած տողը` սիրով լեցուն,
Այնքան բան է քեզ հիշեցնում …
Կարոտո՜ւմ ես, ափսոսո՜ւմ ես,
Որ հասել ես առանց վերջի` վերջակետին.
Թե՛ իմաստը, թե՛բառերը անավարտ են,
Եվ մնում ես դատարկ տեղում,
Առաջ գնալ չես ցանկանում,
Հետ գնալն էլ անիմաստ է …
Վերջակետը միշտ դրվում է հենց ավարտին,
Բայց այս անգամ առանց ավարտ,
Պատահական հասանք ահա՝
Չերազած վերջակետին…

***
Դու էլ չլացես, աշունն է եկել,
Նա կլացի հենց քո փոխարեն,
Դու էլ չտխրես, տերևն է դեղնել,
Ժպտա՛ ու անցի՜ր տերևաթափին:
Կյանքի աշնանն էլ եթե հանդիպես,
Հիշի՜ր, սիրելի՛ս, դեռ արևը կա,
Գույներով առատ օրեր կտեսնես,
Միայն չտխրե՜ս, արցունք չթափե՜ս:
Աշունը կանի հենց քո փոխարեն…
Դու էլ չթախծես, ինչ էլ որ լինի,
Սիրտդ հոգեթով սեր դեռ կերգի,
Աշնանամուտին, տես, ինչքա՜ն գույներ,
Ծիածանափայլ երկինք կհյուսի:
Դո՜ւ ժպտա նորից, որ քո ժպիտից,
Արևն անգամ ուժո’վ պարուրվի,
Նոր օրվա հույսով լույսը սփռի,
Աշնանագունեղ օրերիդ հույսի:
Միայն դու ժպտա հանուն գալիքի
Հանուն նոր օրվա աշնանալույսի
Միայն չլացե՜ս, աշունը կանի
Հենց Քո՛փոխարեն….

***
Մազերս արձակել այսօր,
Հագել էի քո՛ սիրած շորը,
Քայլում էի խոնարհ հայացքով՝
Տարածելով օծանելիքիս բույրը:
Հովիկը մեղմորոր շոյում էր
Վարսերս հատի՜կ-հատի՜կ,
Փեշերս, օրոր ասելով,
Փարվում էին ոտքերիս մեղմիկ:
Նազանքով բռնել եմ հովհարը,
Ծանր պայուսակը՝ ձեռքիս,
Ուզում եմ անցնել փողոցը,
Հանդիպեցի հայացքիդ:
Մետաքսե շալը ուսերիս
Սահեց ու ընկավ ներքև,
Ժպտալով բարևեցիր
Ու շալս քնքշորեն բռնեցիր,
Միասին անցանք փողոցը,
Հպվեցիր ուսերիս մերկացած.
Սարսուռը պատեց մարմինս
Ա՜խ, շունչդ զգացի մի պահ:
Ուզեցի շալս վերցնել,
Ձեռքս բռնեցիր հանկարծ
Զեփյուռը գորովե՜ց իրանս,
Դողացի կարոտից շվարած:
Փորձեցի ամոթխած հեռանալ՝
Սիրտս խինդով պարուրված
Աչքերս արցունքախեղդ եղած,
Համբույրդ շուրթիս դրոշմված:
Վարսերս քամին է շոյում,
Հայացքդ՝ մարմինս այրում,
Ինչքա՜ն եմ երազել երազում
Այս պահը իրականում զգալ:
Շուրթիցդ ելած խոսքերը
Հոգիս մաշում են, տանջում,
Ձեռքերդ ուսերս են գրկել
Մոռացել էի շալիս մասին:
Մի քիչ երկա՜ր դու խոսիր,
Կարոտս առնեմ քեզանից,
Ժպիտդ դաջվի աչքերիս,
Ու բույրդ մնա քիմքիս:
«Շտապում եմ կներես դու ինձ
Սպասում են տանը արդեն»:
Ներքուստ ինչքա՜ն էի ուզում՝
Ուսերս գրկումդ թողնել:
Հեռացա առա՛նց խոսքի՝
Շալս ձեռքումս պահած,
Մոռացել էի ամեն ինչ,
Աչքերդ էի տեսնում միայն:
Գիտես ինչքա՜ն եմ սիրում
Շորիկը քո շա՜տ սիրած,
Երանի՜ ամեն հագնելուց
Քեզ տեսնեի պատահական..

***
Գիշեր է, լուռ է,
Քամին է սուլում,
Կանգուն է ծառը,
Տերևն է դողում…
Քնած են խաղաղ
Գիշերը, մարդիկ,
Քաջերն են հսկում,
Սահմանն հայրենի…
Ու ոչ մի գիշեր,
Թեկուզ և ցերեկ,
Մենք չենք մտածում,
Ինչո՞վ ենք ուժեղ…
Հզոր մի բանակ
Ունենք մեզ պաշտպան,
Արի հայորդի՛ք
Արթուն են հիմա…
Աղոթք եմ անում`
Խաղաղ քուն լինի,
Զգոն ու ուշիմ,
Անփորձանք անցնի…
Ամեն մի օրը
Մի ճերմակ մազ է,
Ամեն վայրկյանը`
Անցած ճանապարհ…
Հայրենիքն ուժեղ է
Զինվորի ոգով,
Ամեն տան ճրագ`
Մինուճար որդով…
Պահապան եղիր,
Տե՛ր իմ, զորավոր,
Թող խաղաղ լինեն
Օրերը բոլոր…
Աղաչու՜մ եմ քեզ,
Ոչ մի տան ծառից,
Չպոկվի անգամ,
Տերևը ճյուղից…
Գիշե՜ր է, լու՜ռ է,
Քամին է սուլում…
Սահմանում կանգնած
Ամեն զինվորին
Մոր աղոթքն է
Պահում, պահպանում…

***
Ես քո Ես-ի կեսն եմ սիրո՜ւմ
Քո այն կեսը, որը ի՜մն է. ուրիշ չկա
Քո այն Ես -ը, որտեղ Ե՜ս եմ տիրում նրան,
Որտեղ միայն շունչս է առկա,
Ու հայացքս է խորաթափանց:
Չէ, չեմ ատում մյուս կեսդ, այլ ափսոսո՜ւմ,
Որ իմը չէ, որ ուրիշն էլ ունի բաժին,
Իմ ամբողջից, իմ միակից,
Ես Քո Ես-ի կեսում միայն
Թույլ եմ տալիս ժպտալ անհոգ
Ու մոռանում, որ իմը չես
Ուրիշին ես բաժին հասել,
Միայն կեսն է ի՜մ բաժինը,
Բայց թե կեսդ էլ ի՜մ ամբողջն է…
Ես քո Ես -ի կե՜սն եմ սիրում
Հե՛նց այն կեսը,
Որտեղ դու ես թագավորում
Իմ այն Ես-ին՝ ամբողջակա՜ն…

***
Քսան տարեկան չեմ լինի, ցավոք,
Ոչ էլ քեզ կրկին կսիրե՜մ, խենթորեն,
Օրիորդի նման` գլխապտույտներ,
Անքուն գիշերներ, չեն լինի, գիտեմ:
Քեզ կրկին տեսնել ,պատրվակ փնտրել,
Անցնել փողոցով, աշխատավայրիդ
Ու ձեր տան կողքով, պատե՜հ- անպատե՜հ,
Անց ու դարձ անել, մի պահ քեզ տեսնե՜լ:
Քսան չեմ, գիտեմ, բայց առաջվա պես
Փնտրում եմ ելքեր, մի պահ տեսնելու,
Աչքերս հոգուդ մեջ` ներթափանցելու,
Հոգիս հոգուդ հետ մենակ թողնելու,
Անհագ, համարձակ սե՜րս գոռալու:
Ներկաս չես, ափսո՜ս, բայց և անցյալիս
Ամենաքնքուշ հուշն ես մնացել:

***
Լուսինը ահա, դանդա՜ղ սահելով,
Հոգնած գիշերվա շրջապտույտից,
Ուզում է հասնել սնարին սիրո,
Տեսնել արևին ու գիրկը առնել:
Ու ոչ մի անգամ, դեռ չի պատահել
Գրկե՜լ կամ տեսնել մոտիկից միմյանց,
Եվ ամեն անգամ` տենչում, երազում,
Ու երբե՛ք, երբե՜ք իրար չեն հասնում:

Ես կգամ մի օր քո գիշերներում,
Որպես մի փերի քամու թևերին
Պար բռնած նազով ու երազանքով
Դու չես իմանա իմ գալու մասին:
Կհսկեմ քունդ օրոր ասելով,
Կզգաս համբույրս, բույրս քո քիմքին,
Կարթնանաս մեղմիկ զեփյուռի երգից,
Ու շունչս կզգաս շուրթերիդ հևքին
Իմ գոյությունը քամին կհուշի:
Ես հյուր եմ գալիս քեզ ամբողջ գիշեր
Ու քուն եմ դառնում կոպերիդ վրա,
Հսկում լուսնի հետ գիշերը խաղաղ
Ու կխաթարի անդորրն այդ ժամ՝
Շշուկս սիրո խոսքերով լեցուն
Քո երազներում կհասնես դու ինձ
Եվ կվայելես շոյանքս հեզիկ:
Լուսինն էլ լույսի մեղեդին կերգի
Ու կմիանա իմ շշուկներին
Շուրթերս ծաղկանց բույրով կլցվի
Ու կնվիրվի քո շրթունքներին:
Քո երազներում կլինեմ կողքիդ,
Միայն քո գրկում ու կշշնջա՜մ.
Սիրո՜ւմ եմ, սեր իմ, սիրո՜ւմ ողջ սրտով…
Քո ջերմությունից կհալվեմ մի պահ
Ու կխենթանամ համբույրաբույլից….

***
Ամեն ոք ունի
Մի սրտի կարոտ
Մի փոքրիկ վերհուշ
Թաքուն երազանք….
Մելանյա Գևորգյան
Որդեգրել են աչքերդ աչքերիս
Այնքան վախով են գիրկն առել նրանց,
Հանկարծ չթողնեմ `անսեր հեռանամ,
Անտեր ու օտար պատահմամբ դառնամ,
Կարոտից խեղդված խորթություն զգամ,
Որդեգրած աչքերիդ խորքում
Մենության համը արցունքաշաղաղ
Միաձուլելով օրերին դատարկ
Ցավից խեղճանամ, կրկին որբանամ ..
Փարվիր ու թույլ տուր պարուրվեմ քեզնով,
Անթափանց սիրով ծածկեմ քո հոգին,
Թևեր տուր ճախրեմ, լինեմ հետնորդը
Հայացքիդ ծովում մանուկ ինձ զգամ
Թե հավերժանամ քո աչքերի մեջ
Թող որ ծերանամ քեզնով հագեցած։

***
Մեր լռության մերձեցումից
Սիրո անհետ ձայն է գալիս,
Ու կարոտի ելևէջներ`
Ամեն անգամ ձայն են տալիս:
Օտարացած լռության մեջ`
Գեթ աչքերն են տենչում իրար,
Այնքա՜ն թանկ են լռության մեջ`
Երկու սրտեր միաձուլված:
Հարազատ էին` օտարացան,
Մեղավորը այն խոսքերն էին,
Որ չասվեցին գեթ մեկ անգամ,
Չխախտելով լռությունը:
Բայց ճչո՜ւմ էր հոգին նրանց,
Դատարկության ցավից դրդված`
Լռությունը խորաթափանց
Պարուրվում էր սիրո հևքով,
Ու անսահման կարոտախտի՝
Մոգությունո՜վ…

***
Մոլորվել եմ այս ներկայում
Ո’չ ժպտալը ,ո՛չ էլ լացը
Ո’չ սիրելը, ո՛չ սիրվելը
Ո’չ խոսելը, ո՛չ լռելը
Ո’չ էլ մարդկանց հավատալը,
Վստահելը ու ներելը
Սուտ խաղերը բարի դեմքով`
Մոլորության գիրկն են տանում,
Վստահություն չեն ներշնչում …
Իսկ ԵՍ, Իսկ ԵՍ,
Մոլորվել եմ ինքս իմ մեջ,
Աչքերի՛դ մեջ .խոսքերի՛դ մեջ
Լավի, վատի ,ամենի մեջ……
Լուռ թախծում եմ մտքերիս մեջ…
Մելանյա Գևորգյան

Գրկիր ինձ այսօր, գրկիր դու այնպես ,
Ինչպես կգրկեն նորածին սերը,
Մանկան թովչանքը, սիրած թոռնիկին,
Ինչպես կգրկեր հովիկը մեղմիկ
Ծաղիկին դաշտում միայնակ կանգնած:
Փարվիր շողի պես ,երբ արևածագին
Աչքերդ է բացում խաղիկով բազում,
Հպվիր մարմնիս, ջրի կաթիլի
Շիթառատ ծոցից` անձրև դարձած
Շուրթերս ցողիր կարոտիդ բույրով,
Որ այն հավիտյան մնա, չգնա..
Խոսիր վերջապես, աչքերիդ ճիչով
Հոգիս ալեկոծ հանդարտիր քեզնով,
Որ լսեմ ձայնը աչքերիդ կանչի
Ալիքների մեջ առնեմ մեղմ հոգիդ
Պահ տամ սրտիս մեջ դառնանք մի հոգի
Ու լողանք անվերջ հորիզոն կյանքի…

***
Գրկի’ր մի պահ` ու տո՛ւր թևեր,
Ճախրեմ երկինք` աստղերն ի վեր,
Հագնե’մ հրե քողը լույսի,
Աստղաբույլով նախշազարդած:
Ու թևերի՛ս ես հավաքեմ`
Ծիածանի գույները վառ,
Ու տարածե՛մ հորիզոնում,
Որպես մի գահ, հենց քո՛ համար:
Երկնաքերի, փայլատակո’ղ,
Խաղիկները` ճամփա բացեն,
Որ քեզ առնեմ իմ թևերի՛ն,
Դեպի գահը բարձրացնե՛մ:
Եվ առկայծի կայծակն ուժգի՛ն,
Խոնարհ դառնա տիեզերքը,
Ծիր կաթինը` թող բույն լինի,
Մեր սնարին` սիրո, կրքի:
Սիրագորով գգվանքով լի,
Լսենք ձայնը հրեշտակի,
Ու մեղեդին հնչի սիրո,
Սնարի մոտ` մեր երկուսի:
Ու թևերիս` նորահարսի,
Սպիտակափայլ ձյունը նստի,
Քո հպումից` կախարդական,
Երկիրը նոր սիրով լցվի:
Արեգակի պաչիկով խենթ,
Լսվի երգը սիրահարի
Գահին նստած` հորիզոնի,
Անկեղծ սերը թող տարածվի…
Մելանյա Գևորգյան
Ա՜խ, ես գիտե՛մ, ուրիշին ես դու սիրում,
Դու էլ գիտես, ինքս սիրով եմ ապրում,
Ա՜խ, այն սիրով, որ իմ սիրտն է կեղեքո՛ւմ,
Այսքան տարի նրա շնչով եմ ապրում,
Կարոտախտով, չի՛ կարելիով տանջվում,
Ա՜խ, իմ սերը` քո սիրուն է շատ նման,
Գիտե՛ս քոնն է, բայց բնավ քեզ չի՛ հասնում,
Քո սիրո պե’ս միշտ մնում է երազանք,
Երկկողմանի մի մե՜ծ սեր է, բայց դաժա’ն,
Թաքնվե՛լ է ամեն մեկիս սրտի մեջ,
Կրծոտու’մ է` գիշե՛ր, ցերե՛կ, անխնա,
Ու սպասում եմ, գուցե` կգա ժամանակ,
Գեթ մի գիշեր, փարվե՜նք իրար, ու լռենք,
Կգա՛ մի օր, ու կհասնե’մ իմ յարին,
Սրտիս միջին թաքուն պահած թառլանի’ն,
Կառնե՛մ գիրկս` ու կգգվե՜մ, կսիրե՜մ,
Հագուրդ կտա՛մ գաղտնի պահած` իմ սիրուն,
Կնվիրվեմ սրտիս դողով, իմ միակին, իմ յարի՜ն,
Գրկե՜մ նրան, լինեմ մի պահ երջանի՛կ,
Զգամ` իմն է, չկա ուրի’շ, ուրիշի’ն,
Սիրե՜մ, սիրվե՜մ, այդ գիշերում հեշտագին,
Ու մոռանամ` չի՛ կարելին, գեթ մի պահ,
Տրվեմ սիրո՛ւն, կրքի՛ն, ծնված վաղուցվա,
Ու գալարվե՜մ քո տաք գրկում,
Եվ շուրթերս, առնի բույրը քո՛ շուրթերի,
Ու խենթանա՜մ քո ձեռքերի շոյանքներից,
Համբույրներից, ագահաբար,
Ու կձուլվե~նք, մեկ կդառնա՛նք
Ու կլինե՛նք, լոկ մի մարմին ու մի շունչ…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Nov 15, 2016 22:03