ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 24, 2016 7:45 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ

Գևորգ ՄիրզոյանԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ
***
Երբ հանճարն է իրեն գովում,
Անճարության նշան է դա,
Հիվանդագին անճարության,
Որ ձգտում է հանճարության:

Մարդ կա նստում է թամադա,
Կենացներ է իրեն ձոնում,
Իր կենացը խմող չկա,
Ինքն է գինով գավը պարպում:

Նրան գինուց հարբել չկա,
Նա իր գովքից է լոկ հարբում,
Ու իր գովքից արդեն հարբած,
Իրեն հանճար, մեծ է կարծում:

Բայց դա քիչ է,
Հանճարն ինչ է,
Նա կհռչակի իրեն աստված,
Երկրպագեք նրան ծնկած…

Հանճարներն էլ լուռ կլսեն,
Այդ անճարին «հանճարացած»,
Վեր կպարզեն գավաթները,
-Աստված օրհնի համեստ մարդկանց…
15.10.2016 թ.

***
Մեղմ ժպտում ես մանուկներին,
Մայրաբար ես նայում նրանց,
Մայրանալ ես ուզում ներքուստ,
Ու տա Աստված ,
Որ մայրանաս,
Այդ ծնունդով
Երջանկանաս,
Ինքդ էլ մի պահ
Մանուկ դառնաս,
Աղաղակես,
Ճչաս, գոռաս,
Ինքդ քո մեջ
Վերածնվես,
Նոր մարդ դառնաս….
13.10.2016 թ.

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Որպես դեսպան
Հին ու նորի,
Հնի մաղն եք,
Նորի աղն եք,
Ապագայի հացթուխն եք մեր,
Որ շաղախում եք սերունդներ,
Լավ ու վատի եզրագծում հանգիստ տալիս,
Ու հետո երբ ժամն է գալիս,
Եվ խմորից հասունության հոտ է գալիս,
Կյանքի թոնրին պահ եք տալիս,
Որ ձեր տված գիտելիքով ,
Թոնրի շուրթին կպնեն մնան,
Ու վայր չնկնեն մոխիր դառնան,
Այլ խառնվեն թոնրի տաքին,
Թխվեն դառնան շատ համեղ հաց,
Հոգևոր հաց,
Սեղաններին բոլոր մարդկանց,
Ու իրենք էլ միշտ կուշտ լինեն,
Հետնորդներին հացթուխ լինեն….
05.10.2016 թ.

ԿԱՐՈՏ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ
Ա՛ռ ինձ գրկիդ մեջ,
Հող իմ հայրենյաց,
Խառնի՛ր կանաչիդ,
Գույներիդ ծաղկած,
Թույլ տուր ինձ զգամ
Մանուշակ ալպյան…
Հով արա սրտիս՝
Զեփյուռդ դառնամ,
Հետո քեզանով
Հանդարտ ջերմանամ…
Անձրևիր ինձ հետ,
Ինձ հետ դու ժպտա,
Վարարիր ինձ հետ,
Միշտ դալար մնա,
Որ քեզնով շնչեմ,
Քեզնով արբենամ,
Իմ կյանքի ճամփին
Քեզ ձուլվեմ՝ մնամ….
22.09.2016 թ.

***
Նախկին հայը ով է եղել,
Որտեղ մնաց հայը նախկին,
Ու ինչ մնաց նախկին հայից
Իր այսօրվա ժառանգորդին :

Պատմությունը մի մութ զնդան,
Պատմությունը նաև պարզ ջուր,
Դեռ չի տվել մեզ պատասխան,
Թե որ դարից քայլում ենք ուր:

Բայց շատ հին ենք, մարդու չափ հին,
Մեզ ծածկել է պատմությունն ու նրա փոշին,
Արարչաստեղծ, առաջնաստեղծ մեր պապերին,
Հոշոտել է ժամանակի ագահ քամին:

Որպես հայի առեղծվածի խոսուն վկան,
Որպես մասունք, որպես պատգամ,
Մեզ է հասել մեր հնամյա ոսկե գենը,
Ու այլ գենով հայեր չկան:

Միշտ զննելով, միշտ քննելով,
Հայի գենի անցած ճամփան,
Եկեք լավը որդեգրենք,
Սխալները խորունկ թաղենք:

Գենը պահենք միշտ անաղարտ,
Պաշտպան լինենք, պահենք անկախ ,
Հայի գենին ,ոսկե գենին,
Ու այդ գենի ակունք երկրին:

Նախկին ,ներկա հային կապող,
Հինն ու նորը համախմբող,
Հայրենիք ու հայ նույնացնող,
Մեր սուրբ գենի սուրբ կենացը…..
20.09.2016 թ.

***
Ամեն ինչ նույնն է,
Ոչինչ չի փոխվել,
Ես էլ եմ նույնը,
Նույնն եմ մնացել:
Ամեն ինչ նույնն է,
Նույն վտարանդին,
Նույն տարաբախտը,
Ամենքից խռով,
Բոլորից տաքը,
Անսեր, անցասում
Խելագարվածը,
Ամենքից թաքուն՝
Բոլորի ցավով
Լուռ տապակվածը…
Նույնն է, չեն փոխվել
Զարկերը սրտիս,
Նորից հուշերից
Խուժեցիր հոգիս,
Նույն զգացումը,
Սարսուռը, դողը,
Նորից խաթարվեց
Ներսիս անդորրը:
Ես էլի նույնն եմ ,
Նույն միայնակը,
Քեզնով կիսատն եմ,
Քեզանով թանկը,
Կյանքից գնում է
Նույն ժամանակը,
Հիմա կավարտվի
Այս ակնթարթը,
Մենք էլի նույնն ենք,
Ես՝ հեռավորը,
Իսկ դու՝ անհասը….
15.09.2016 թ.

***
Սիրահարվում ենք,
Երանի տալիս,
Ասես նորից ենք
Լույս աշխարհ գալիս:
Մանկան պես լացում,
Հրճվում անխնա,
Չոչեչոչ գնում,
Քայլում դեպի նա:
Երբ չի ցանկանում
Մեր քեֆով գնա,
Կամակորում ենք,
Ասում թող գնա,
Բայց հետո նետվում
Գիրկը, թե մնա,
Չէ որ մեզ համար
Շոկոլադ է նա…
12.09.2016 թ.

***
Սիրուն աչքերում ջահել աղջկա
Աշունը վաղուց իր բույնն էր դրել,
Լուռ արտասվում էր կույսը սևաչյա,
Իր շուրջ փնտրելով պայծառ գարուններ:

Կյանքը թվում էր հորդ տերևաթափ,
Ամեն մի շշուկ որոտ կայծակի,
Իրեն սպառած տեսիլքը մահվան,
Նոր մղձավանջից ոռնում էր էլի:

Անցյալի դրոշմ սպիները բորբ,
Փոթորիկների նման անխնա,
Աստիճաններով կապվել անհայտից
Ու չէին թողնում, որ առաջ գնար…

………………… ………………… ………………

Օրերը անցան,
Չվող թռչունը խավարը տարավ,
Հույսը փարթամեց,
Քշեց դարդերը հյուսիս ու հարավ:

Արևը ճեղքեց ամպերին դժկամ
Ու շուրջը լցրեց լույսեր կյանքահամ,
Արդեն ժպտում է կույսը սևաչյա,
Սիրո աշուն է աչքերում նրա…

Գունեղ, անարցունք ու մշտամնա…
11.09.2016 թ.

***
Առավոտը իր հետ բերեց
Աշնան թախծոտ ավետիս,
Ինչ-որ մեկը անձրևում է,
Մեղադրում ինձ նորից:
Խենթ տագնապով քամին եկել,
Պատուհանիս է զարկում,
Ինչ ես քնել շուտ արթնացիր
Ինչ ես փնտրում երազում:
Տես ամառը թողեց գնաց
Տաքը տարավ նա իր հետ,
Չհասցրեցիր այն վայելել
Հիմա ապրիր աշնան հետ:
Քո թախիծը նրան խառնիր,
Եղիր գունեղ նրա պես,
Տերևների նման պարիր,
Սարքիր կյանքդ մի հանդես,
Իսկ թե հանկարծ նվագ ուզես
Ես կսուլեմ խենթի պես
Միայն հանկարծ դու չգժվես
Չխենթանաս խենթիս պես….
01.09.2016 թ.

***
Գաղտնիք աղջկա արծաթ աչքերում,
Խարիսխ եմ գցել, այնտեղ եմ լողում,
Ինչ կախարդանք է, ինչ խաղաղություն,
Գաղտնիք աղջկա լուսե աչքերում:
Ուր է թե լիներ նավաբեկություն
Ու ինձ խորտակեր նրա աչքերում,
Գաղտնիք աղջկա խորունկ աչքերում:
Խորտակեր, ցույց տար, երևան հաներ,
Անհայտ խորքերը, ընդերքները մութ,
Ու ինձ վարակեր թախիծով անգութ,
Ընկեր դարձներ գաղտնի ցավերին,
Կամ գուցե դարձներ փոքր-ինչ ավելին
Պահապան կարգեր
Սիրուն աղջկա գաղտնիք աչքերին,

Դարման լինեի նրա խորքերին
Ու միշտ խարիսխված նրա աչքերին
Սիրված աղջկա անցավ աչքերին….
07.09.2016 թ.

***
Աղջկական թռիվռի որոնումներ
Ու ամոթխած կարմիր այտեր,
Ապագայի երազանքներ,
Հրաշքաշատ ծրագրեր,
Հետապնդում, ժպիտ, հայացք,
Անքուն գիշեր, օրեր ցրված,
Ինչ-որ հպում ձեռքին հանկարծ,
Կիսախռով, կեսշփոթված
Բառեր կոկիկ,
Դարձան մոտիկ
Երիցուկի թերթերն ընկան մեկիկ-մեկիկ
Ակաջալուր,
Աչքերով կույր,
Սիրտը հարբած, սիրտը թռչուն,
Մեղեդի էր հոգում հնչում,
Հանդիպում էր նա անրջում,
Իրեն հասուն, մեծ էր զգում,
Նա ապրում էր իր երազում:
Տղան անզուսպ, տղան կոպիտ,
Պլաններ էր մշակել բիրտ,
Նա նկարած դեմքին ժպիտ
Աղջնակին վշտացրեց խիստ:

Հույսերը հանգան, էլ երազ չկար,
Աղջկա դեմքին էլ ժպիտ չկար,
Էլ նրա կողքին արքայազն չկար
Նրա հորինած հեքիաթը չկար…

Անշուշտ կգրվի մեկ ուրիշ հեքիաթ
Ու երիցուկ էլ հաստատ կճարվի
Եվ արքայազնն էլ արդեն այս անգամ
Իր դեմքին կեղծիք էլ չի նկարի,
Բայց մեկ է ոչ մի իրական հեքիաթ,
Չստացված սիրո ցավը չի մարի….
07.09.2016 թ.

***
Էլի մի հայ ոչնչացավ,
Էլի մի հայ վախճանվեց,
Էլի մի հայ օտարացավ,
Օտարներին խառնվեց:

Ու ես ինչպես նայեմ դրան,
Ինչպես ասեմ բարի բախտ…

Մի թարմ ճյուղ էլ ծառից պոկվեց,
Նիզակ դարձավ սիտս խոցեց,
Սիրտս հիմա ինչպես անի,
Ինչպես ծառի ցավը տանի:

Ու ես ինչպես ծափահարեմ,
Ինչպես ասեմ բարի բախտ….
30.10.2016 թ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ