ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 24, 2016 22:11 - չքննարկված

Գարիկ Գալոյան:ՀՈԳՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՀՈԳՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱՀԱՎԻԺՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Առաջին հայացքից դա անհրապույր մի կամուրջ էր, որտեղ նույնիսկ հազվադեպ էին երևում հետնիոտները: Այն բավականին բարձր էր, ու չնայած գրավիչ լինելու համար այնքան էլ բան չէր պակասում, սակայն ուրվականներով հագեցած այդ կամուրջի լռությունն անգամ սահմռկեցուցից էր: Գեղատեսիլ բնությամբ ու ստվար անտառաշերտով շուրջկալված կամուրջը սնոտիապաշտների կարծիքով իսկական սատանաների որջ էր, ովքեր զվարճանում էին ամեն այցելուի վրա, ստիպելով վերջիններիս իրենց հեղինակած պարին միանալ:
Նախապաշարմունքից զուրկ այդ անկյունը բնավ էլ սարսափելի չէր երիտասարդ օրիորդի համար, ով արդեն մի քանի ժամ է փորձում էր սատանաների կամքը, նա ծիծաղում էր իր լռությամբ, ու լռությամբ իսկ արտասվում: Կեսգիշերն անց էր ու շատ հազվադեպ էր որևէ մեքենա խախտում գիշերային կամուրջի խեղկատակ լռությունը:
Մարին արդեն մի քանի ժամ է ինչ նստած էր երևակայական հնոցի շուրթին, որի կրակներն ավելի շատ մոտակա սառնամանիքի մասին էին ազդարարում: Նա նստել էր ճանապարհակողի անցումի վրա՝ ասֆալտաշերտին, հենվել էր անէության բերկրանքից բաժանող հաստակող ճաղավանդակին: Նրա հոգու դատարկության մեջ շվշվացնելով խաղում էր քամին, զարնվում էր մի պատից մյուսը: Նրա մշուշապատ ներաշխարհի կենտրոնում կոտրվել էր երևակայության նրբատաշ արձանիկը, որը, ինչպես պարզվում է, անհոգի էլ եղել է: Մտածմունքների խառնաշփոթը հիրավի ավելի գեղեցիկ էր, քան նրանից ազատվելու ամեն ջանք: Խաղաղ երեկոյի ուրվականը անջնջելի իրականության վերջին տողերն էր ասմունքում, նույնիսկ ներդաշնակ էր կիսախավարով հարստահարված լռությունը:
Կա՛նգ առ ժամանակ, եթե հանիրավի առաջ գնալու պատրաստականությամբ չես առաջնորդելու: Անճաշակ հնչեցրած մեղեդու ոչ մի նոտա վայելչագեղ սեթևեթանքով առաջ գնալ չի կարողանա, սահմանափակ է նրա վեհաշուք թռիչքի անբռնազբոս զորեղությունը: Չկան, վերացել են թռիչքի անընդհատությունը միացնող զսպանակները, կորաձև լուսնի աղեղնաձև մեջքը, ծերունական գավազանին կռթնած, պիտի պահպանի իր ստորաքարշ գոյությունը:
Մարին հանգիստ էր, հանդարտ, նրա մտքերն այլևս ալեծուփ չէին, նա լռության ու միայնության դարպասի մոտ չէր եկել նրանից թույլտվություն խնդրելու, չէր եկել թախանձելու, նա այլևս ոչինչ չէր ուզում, անգամ մտածել: Չարաստեղծ ճակատագրի վայրագ խաղերը այլևս իրեն չէին հետաքրքրում, նա կամ մտածելու ոչինչ չուներ, կամ ուղեղի ամենահեռավոր ծալքերում ի պահ էր տվել որոշումների որոշումը:
Նրանից ընդհամենը մի քանի քայլ հեռու ընկած էր ներկապնակը, փոքրիկ ներկամանները, տարբեր վրձիններ: Կարծես ժամանակի նկարչի աշխատասենյակում լիներ, նա հայացքը զարմանքով լի հառեց դատարկության իր հատվածը զբաղեցրած նկարչին, ով կարծես խանգարում էր իր մենությանը ու հայտնվել էր չգիտես որտեղից:
Նկարիչը ասես չէր էլ նկատում օրիորդին, իր ստեղծագործ ջերմեռանդությամբ լցված՝ վրձնահարվածներ էր տեղում տարակույս կտավի վրա, մերթ ընդհատում էր վրձնի օրինաչափ շարժումները, նայում դիմացը ինչ որ կետի, ուշադիր զննում, ապա շարունակում գունավառ ներկերի խաղը՝ ստեղծագործ իր միտքը արտապատկերելով կտավի ունայնության վրա:
Օրիորդը՝ ով գրեթե մի քանի ժամ շարունակ, ոչնչի վրա ուշադրություն չէր դարձնում, տարվեց նկարչի բազմանշանակ ուրվագծերով: Նա քննախույզ հայացքը պտտեցրեց նկարչի բացօթյա արհեստանոցը շոշափելով, կանգնեց նկարչի վառվռուն հայացքի տպավորիչ արտահայտության վրա, ապա ճաղավանդակից այն կողմ փնտրեց երևակայական բնորդին, ով եթերածաղկի գեղատեսիլ փայլով հաճախակի հայտնվում էր նկարչի երջանկառատ շուրթերի վրա:
Մարին, թողած մտքերը մաշող ամեն նախապաշարմունք, սկսեց ունկնդրել միմիկաների տարօրինակ, սակայն վերերկրային ներկայացումը, վրձնի խելահեղ արագությամբ, բայց նրբորեն գծած պատկերների ուրվանկարները: Մարիի հայացքի վրա հայտնվեցին ժպիտի՝ հիացմունքով համեմված պատառիկներ, ու արագությամբ էլ չքացան:
Նկարչի ձեռքը երերաց, նա կանգնեց, քարացավ տեղում, սրտի ալեբախ թրթիռով սկսեց հետևել կտավի վրա իր իսկ գծած գծերի շարժին, Մարին ևս անմասնակից չմնաց, նա հասցրել էր բարձրանալ նստած տեղից ու մոտենալ նկարչի բազմանախշ արհեստանոցին:
Նկարիչը շունչը պահած սկսեց հետևել գծերի անտրամաբանական շարժին, նրանք միացան իրար, ապա բաժանվեցին, նկարչի դեմքին թույլ ժպիտ երևաց, ապա որը իսկույն և վերածվեց տագնապի: Միայն Մարին կարող էր տեսնել, թե ինչպես վրձնահարվածների դասավորվածությունը փոխվեց կտավի վրա, գույները խտացան, ապա պայծառանալով գծագրեցին անբնական գեղեցկուհու մի դեմք, որն ընդունակ էր ժպտալու: Կտավը կարողանում էր շնչել, շարժվել, շուտով բնության հրաշագործ դեմքի ժպիտը մարեց, ապա ամբողջը պատվեց սև, հաստ բծերով:
Մարին մեկ նայում էր նկարչի դեմքին, մեկ կտավի կերպարանափոխությանը, նա զարմանք անգամ չապրեց անիրական այդ ամենից:
Նկարչի՝ տագնապի փոխված դեմքը պարզվեց՝ նրա աչքերի բովանդակությամ մեջ թողնելով այն նույն թախիծը, որը գունավորված ներկապնակի պես անհասկանալի էր: Նրա քարացած ձեռքերը շարժվեցին, ապա պատռեցին կտավը, այն այլևս արժանիք չուներ վրձնի հետ հանդիպելու: Նրա անհանգիստ հայացքը փնտրեց մեկ այլ կտավ ու սկսեց նորից, ու Աստված գիտի միայն, թե դա որերրորդ անգամն էր, ու ո՞վ գիտի երբևէ հրաշագործ նկարչի կտավը նկարվե՞լ է ամբողջությամբ, նրա վրա զգացած ներկերի յուրատեսակ նախշերը ավարտե՞լ են պատկերի ամբողջությունը… դա ոչ ոք չգիտեր:
Նա վերցրեց ներկամանը, խառնեց ներկերի չափաբաժինը, ու նորից սկսեց, սկսեց քիչ առաջվա խելահեղ արագությամբ, դիրիժորի ներքին զգացումով, նա գույները դասավորեց կտավի վրա, մեկ առանձնացրեց, մեկ խառնեց իրար:
Մարին միայն այդ ժամանակ կարողացավ գտնել նրա դեմքի, հայացքի ուղության հասցեատիրոջը: Նա կամրջի ցանկապատից այն կողմ՝ լուսնի թույլ լուսավորված ստվար ծառաշերտի բարձրության վրա նկատեց նկարչի իրական բնորդին, ում կտավը կրկնօրինակել չէր կամենում: Աստվածային այդ բնորդը սոսկ մի նկար էր, ընդհամենը նկար, սևաչյա գեղեցկատես կնոջ դիմանկար, ով կիսաբաց շուրթերով ժպտում էր ՝ շուրջբոլորը կենդանության շունչ հաղորդելով, չնայած անձամբ մնալով անշունչ: Մարին նոր միայն հասկացավ նկարչի նկրտումները, նա ցանկանում էր նկարից կերտել իրական բնորդուհուն, ով չափազանց թանկ էր իր համար, չափազանց հեռու ու չափազանց անիրական:
Ահա թե ինչ էր փնտրում նկարիչը, ու՞մ էր անխնա որոնում իր անավարտ կտավների մեջ: Նրա ներկոտված մատները, ագահ հայացքը ոչ մի մկան չշարժեցին օրիորդի դեմքի վրա: Վերջինս խորհաթափանցությամբ, սակայն բավականին անտարբեր հետևում էր կտավի համառությանը, իսկ այն տեղի տալ չէր կամենում:
Ահա նույն սև գծերը, որոնք վայրկյանների անհոգությամբ իրենց հաստ շերտի տակ թաքցրեցին նրա անթաքույց երազանքին. կրկին ամեն ինչ նորից…
Մարիին հետաքրքրությունը շրջեց մեկ այլ կողմ, որտեղ կրկին ոչ ոք չէր էլ խոսում: Նկարչի արհեստանոցից քիչ հեռու մարդկանց խմբեր էին հավաքվել, նրանք շատ էին, կանգնած էին շարքերով, նրանց շարքերը հասնում էին կամուրջի մյուս մայթեզրին: Մարիի ուշադրությունը լարվեց, նա այդպիսի բազմության դեռ չէր հանդիպել: Այնտեղ կանգնած էին մարդիկ՝ տարբեր տարիքի, տարբեր դասի, տարբեր կարողության տեր: Ամեն մեկի հագուստից երևում էր նրա պատկանելիությունը, սակայն դա նույնպես չհուզեց օրիորդին, նա զարմացած չէր, նրա հետաքրքիր հայացքը կանգնեց շարքերը շտապող մարդկանց վրա, ովքեր չգիտես որտեղից հայտնվում էին ու կանգնում շարքերի իրենց հատկացված տեղերում, կարծես հազարավոր անգամներ կրկնած լինեին նույն գործողությունները:
Իրարանցում չկար, Մարին մոտեցավ նրանց, անցավ նրանց շարքերով, ուշադիր զննեց պատահած ամեն դեմք, ապա դանդաղ քայլվածքով մոտեցավ սկզբին, անիրական խորհրդավորության իրական սկզբին:
Գիշերային կիսախավարը մի պահ լուսավորվեց, Մարին այս անգամ զարմանքով նկատեց կայծակի լուսավոր շթից պայծառացած երկնքին, ապա ապշեց շուրջբոլորը քարացած տեսնելով. Ամեն դեմք սառել էր, քարացել, սարսափով նկատեց, որ ոչ մի դեմք չէր ժպտում, ոմանք տխուր էին, ոմանք դաժան, մի մասն էլ մնում էին անտարբեր: Հնչեց ևս մի որոտ, ևս մեկ անգամ լուսավորվեց խորհրդաստեղծ տեսարանը, ապա վերջացավ ժամանակի կարճատև դադարը, շարժը վերսկսվեց ու նրա շարունակությունը հիրավի նոր սկիզբ դառավ:
Մարին՝ ապշած տեսարանից, սարսափով վազեց դեպի նկարիչը, հայացքը սակայն չկտրելով տեղի ունեցող սահմռկեցուցիչ իրականանման դիպվածից: Սկսվեց հերթական նոր փուլը շարքերից մեկական մարդ մոտեցան կամուրջի ճաղավանդակին, բարձրացան ու կանգնեցին վերջինիս վրա, ու մի ակնթարթ միայն. միաբերան նետվեցին ներքև:
Մարին սարսափից սեղմվեց նկարչին: Ահա և հաջորդ շարքը, ապա հաջորդը, հաջորդը… Բոլորը մի մարդու նման գնում էին, նետվում դեպի անհայտություն: Այդ իրարանցման միակ վկան լռությունն էր, չկար տառապանքի ոչ մի նշան, դեմքի ոչ մի մկան չէր շարժվում:
Մարին փակեց աչքերը, նա այլևս ոչինչ տեսնել չէր ուզում, նրա աչքերն արցունքապատվեցին, իսկ ահա մարդկանց շարքերը չէին նվազում, միայն ավելանում էին, ավելանում:
Նկարիչը գրկեց օրիորդի դողացող ուսը, ապա նրան հակառակ կողմ շրջեց ու իր հետ տարավ այլ ուղությամբ:
-Ինչո՞ւ ես դողում, աղջի՛կս:
-Ախր նրանք…. Ի՜նչ սարսափելի է…:
-Աղջի՛կս, իսկ մի՞թե դու դրա համար չես այստեղ եկել, մի՞թե նրանց չես եկել միանալու…
-Բայց, ես…
-Էլ ոչ մի բառ չխոսես, նրանց բոլորին միևնույնն է միավորում, ինպես և ինձ, և արդեն քեզ:
Նկարիչը հոր քնքշությամբ, օրիորդի ուսը շարունակելով գրկած պահել, նրա հետ վերադարձավ իր արհեստանոց: Մարին լռում էր, սակայն նրա աչքերն ու ականջները շարունակում էին ամեն ինչ որսալ: Նրա ուշադրությունից չվրիպեցին ինքն իրեն նկարվող կտավը: Վրձիններն առանց բռնող ձեռքի շարժվում էին, աջ ու ձախ հարվածներ տեղում կտավի վրա, կարծես նրանք էլ էին վարակվել նկարչի անհամբերությամբ, վերջինիս շտապողականությունը կարծես հատիկ-հատիկ տարածվել էր վրձիններից յուրաքանչյուրի վրա:
Նկարիչն օրիորդին տարավ ու կանգնեցրեց կտավի դեմ դիմաց.
-Աղջի՛կս , ապա ևս մեկ անգամ էլ նայիր, արդեն մի քանի տարի է, ինչ այս նկարն ավարտել չեմ կարողանում:
-Ինչու՞,- ինքնաբերաբար դուրս թռավ հարցը Մարիի բերանից:
-Քանի որ իրական կյանքում հենց այս վիճակում էլ թողել եմ կտավը,- լռություն տիրեց,- մի լուսավոր օր իմ արհեստանոց ոտք դրեց մի հրեշտականման կին: Նա ցանկանում էր դիմանկար պատվիրել: Ես ապշեցի նրան տեսնելուն պես, օձի պես հմայեց ինձ: Ես համաձայնեցի կատարել նրա պատվերը, նա պիտի բնորդեր, մի քանի օր ստիպված էր գալ արհեստանոցս մինչև կավարտեի դիմանակարը: Իմ բնորդուհին աննման էր, նրա փայլը, նրա կիսաշրջված դիրքը, կիսաբաց շուրթերով համեմված ժպիտը, սլացիկ մարմինը գրկող կապտավուն շքեզ կիսաշրջազգեստը ստիպում էին ինձ խենթանալ: Ես պատանու նման սիրահարվել էի, դարձել էի իրական խենթ, նրա ամեն մի շարժումը ստիպում էր ինձ ժպտալ,- նկարիչը խորը շունչ քաշեց,- վերջին օրվա ավարտին սարսափով էի սպասում, նա կստանար ավարտված իր դիմանկարը ու կչքվեր, կանհետանար , ինչպես և հայտնվել էր, իսկ դա անթույլատրելի էր, ես առանց նրա ներկայության անկարող էի, ինձ նրա հմայքը կախարդել էր պարզապես: Ես շունչս պահած սպասում էի մինչ նա կհիանար իր իսկ դիմանկարով, ուզում էի ժամանակի այդ պահը կանգնեցնել… Սակայն մինչ նա կորոշեր հրաժեշտ տալ, նրան առաջարկեցի մի քանի դիմանկարի համար ևս բնորդել, խոստացա վճարել նրան դրա համար: Որից հետո նա կախարդիչ մի ժպիտ շպրտեց ինձ վրա, ապա աշխատասենյակիցս դուրս գալուց առաջ համաձայնեց առաջարկիս ու փակեց դուռը իր հետևից: Ու այդ օրվանից ավելի քան հինգ ամիս նա դարձավ իմ մուսան, դարձավ գույների աշխարհի իմ ամենահմայիչ բնորդուհին: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ պահերն էին: Մենք շաբաթն երկու անգամ հանդիպում էինք, ապա ավելի հաճախակի դարձան մեր հանդիպումները: Այդ ընթացքում մի քանի տասնյակ իսկական գլուխգործոցներ նկարեցի ներդնելով իմ շունչն ու հոգին նրանց մեջ, երենց նայելով էլ անցնում էր օրվաս մնացած մասը որտեղ անձամբ ինքը բացակայում էր: Մենք ժամերով զրուցում էինք, ընթրում էինք, թեյ խմում ընդմիջումներին, նրա աստվածային փայլը կախարդել էր ինձ:
Նկարիչը լռեց, նրա ձայնը թուլացավ, ձայնալարերը ավել բառ ասելուց հրաժարվեցին, լռությունից շփոթված վայր ընկան անգամ ջանադիր վրձինները, գույները կորցրեցին իրենց խաղը:
Ու մինչև նկարիչը վայելեց լռության անհրաժեշտ չափաբաժինը, Մարիի հայցքը սահելով անցավ ինքնազոհ շարքերի վրայով, արդեն առանց սարսափ զգալու հետևելով մի քանի շարքի գահավիժմանը, նրանց սառնություն արտահայտող հերթափոխությամբ: Ապա Մարիի հայացքը կանգնեց կտավի վրա ու զարմանքով նկատեց, որ կտավն ստացվել է, նկարված է ամբողջությամբ, դիմանկարն ավարտված էր:Նկարիչն ագահ հայացքով կլանում էր դիմանկարի գեղեցկությունը, այն նկարել վերջացնել իրեն երբեք չէր հաջողվել, վերջապես իր ժպիտին պատասխան գտնվեց, դիմանկարի չքնաղագույն առեղծվածը շուրթերի նուրբ շարժումով իրեն ժպտաց: Մարին և ոչ մի պահը բաց չթողեց, նա լուռ հետևում էր երջանկառատ այդ ներկայացմանը, որը ինչպես և շատ հիասքանչ էր ու յուրատեսակ, միևնույն ժամանակ ավելի քան տարօրինակ էր:
-Աղջի՛կս, այս պահի համար ամեն ինչի պատրաստ եմ եղել, անգամ հոգիս տալու, այս ժպիտը,- հայացքն իրեն ուղղված ժպիտից չկտրելով՝ շարունակեց,-ես պատրաստ էի անգամ հազարամյակով նրան նկարել, միայն նրան, ես կբավարարվեի միայն նրա ժպիտով, նրա ծիծաղաշատ զրույցներով, ինչո՞ւ ինքս ամեն ինչ կործանեցի,- լռության դադարը թեև երկար չտևեց, սակայն ավելին ասելու ունակ չէր այլևս:-Ամիսներն հոսեցին ու ես զգացի, որ անկարող եմ առանց նրա ապրել: Երկուսս էլ ամուսնացած էինք, սակայն դա ոչ մի նշանակություն չուներ ինձ համար, ու երբ ավարտեցի հերթական ու, ըստ երևույթին, վերջին դիմանկարը, նստեցի բազմոցին ու ժպիտը դեմքիս նայեցի նրան: Նա իրեն հատկացված պատվանդանից իջնելով շտապեց դիմանկարի մոտ, նա ապշած էր դիմանկարի պայծառությամբ, անգամ ինձ թվաց, որ դիմանկարն ավելի գեղեցիկ է ստացվել քան անձամբ ինքը՝ բնորդուհին: Ես ակամայից հաճելի երաժշտություն միացրեցի ու նրան պարի հրավիրեցի, նա չառարկեց, մենք երկար պարեցինք, առաջին անգամն էր, որ երկուսս էլ լռում էինք, երբեմն-երբեմն պարի շրջադարձերի ժամանակ զմայլվելով դիմանկար-բնորդուհով: Երաժշտությունը դադարեց, իսկ մենք դեռևս պտտվում էինք՝ հայացք հայացքի ուղղած: Ես նրան համբուրեցի, մեր համբույրը շատ կարճ տևեց ու հասցրեց կործանել իմ գեղեցիկ հեքիաթը՝ հիմնովին քարուքանդ անելով իմ աշխարհը…
Մարին, որ շարունակ լռում էր, ցավով նկատեց, թե ինչպես նկարչի վերջին բառերի հետ դիմանկարը տեղի տվեց, կարծես հասկանալով անթույլատրելիի սահմանը: Այն աստիճանաբար պատվեց սև գծերով, որոնք գնալով հաստացան ու պատեցին դիմանկարն ամբողջությամբ: Նկարչի աչքերից արցունքներ կաթացին, սակայն նա լռել չցանկանալով շարունակեց.
-Համբույրիցս հետո ես նրա առաջ իմ սիրտը բացեցի, բացեցի իմ հեգին, նրան առաջարկեցի ամեն ինչ թողնել ու փախչել, չքվել թեկուզ աշխարհի ծայրը, գնալ բոլորից հեռու, հեռու, միայն թե երկուսով լինել: Նա համբերությամբ իմ բառերը լսեց մինչև վերջ, ապա անսովոր քրքիջով քրքջաց ու մի քանի պարզ, հասարակ նախադասություններ ասելով ու բարձրաշխարհիկ քայլվածքով լքեց իմ աշխարհն ու այլևս չվերադարձավ. «Ցնդա՛ծ նկարիչ, դու իրո՞ք կարծում էիր, որ ես քեզ նմանին կսիրեմ ու առավելևս քեզ նմանի հետ ինչ որ տեղ կփախչեմ: Ասում ես քեզ հե՞տ, ի՜նչ ծիծաղելի է… քեզ հետ օրս պարզապես հետաքրքիր էր անցնում»:
Նկարիչը կրկին լռեց, նա թողեց օրիորդին, թողեց սևով պատված երազների դիմանկարը ու մոտեցավ կամրջի ճաղավանդակին, երկու ձեռքով բռնեց այն ու միայն օրիորդին լսելի ձայնով շարունակեց.
-Մի շաբաթ արհեստանոցումս նստած սպասում էի նրան, միտքս ինձ չէր ենթարկվում, նրա դիմանկարները խնամքով դրել էի կողք կողքի ու չէի դադարում նրանցով հիանալ: Ես ապրել չէի ուզում, նրա անհետանալու տասներրորդ օրն արդեն այս կամրջի վրա էի, բայց մինչև այստեղ հասնելս, արհեստանոցի՝ իմ արդեն քարուքանդ եղած աշխարհից դուրս գալուց առաջ, վերցրեցի մի քանի ներկամաններ ու զայրույթով շպրտեցի դիմանկարների վրա, ներկերից բոլորին բաժին հասավ, բացի այս մեկից, որին մինչ այժմ անդադար փորձում եմ պատկերել կրկին ու կրկին, որը մինչև այս պահը չէի կարողանում ավարտել: Ես կանգնեցի անվնաս այդ դիմանկարի առջև ու մի քանի րոպե վայելեցի դիմանկարի գեղեցկուհու ժպիտը, որը ես ինքս էի ստեղծել, ապա վերցնելով սև ներկամանը, դատարկեցի դիմանկարի վրա՝ հետևելով թե ինչպես նրա պայծառ ժպիտն անհետացավ ու հայացքը պատվեծ սև, հաստ գծերով, ճիշտ այնպիսին, ինչպիսին այս մեկի վրա է հայտնվում, երբ ամեն ջանք գործադրելով փորձում եմ ավարտել: Երեկոյան արդեն այստեղ էի, այս կամրջի իշխանության ներքո,- նկարիչը վերջին բառերն ասելով մոտեցավ օրիորդին, նայեց նրա աչքերի մեջ ու շատ ցածր ձայնով շարունակեց, ասես ոչ ոք չպիտի լսեր այն, ինչ ասելու էր,- եթե միայն այս մի թռիչքով ամեն ինչ ավարտվեր…
Վերջին բառերի արձագանքները դեռ չէին մարել Մարիի ականջներում, երբ լսվեց մի սուր ձայն, ազդանշանի նմանվող ձայն: Նկարիչը շրջեց գլուխը, նայց իրեն կանչող ձայնի ուղղությամբ ու շտապողական նրբերանգով ավարտեց իր խոսքը, որը դարերի անսովոր քնարերգությամբ ուղղված էր օրիորդին.
-Ահա՛, աղջի՛կս, իմ ժամն էլ վրա հասավ, գահավիժման իմ հերթը, ու չկարծես՛ թե մեկ անգամով ամեն ինչ կվերջանա, ամեն օր ինչպես ես , այնպես էլ այս բոլոր մարդիկ կրկնում են այն, ինչը մեկ անգամ պիտի լիներ ու մեկ անգամով էլ ավարտվեր: Իսկ հիմա գնա՛, գնա՛ այստեղից, աղջի՛կս, ու երբե՛ք էլ այստեղ չվերադառնաս:
Մարին այդպել էլ ոչինչ ասել չկարողացավ, նա միայն հասցրեց հետևել, թե ինչպես նկարիչը կհասներ մահասառսուռ մարդկային այդ շարքերին ու կտեղավորվեր իրեն հատկացված տեղում՝ սպասելով հերթական գահավիժման իր պահին: Նա այլևս ոչինչ տեսնել չկարողացավ…
Արևածագի առաջին շողերն ընկան օրիորդի դեմքին ու վերջինիս աչքերն ակամայից բացվեցին՝ դուրեկան ջերմություն զգալով իրենց վրա: Օրիորդը կիսարթուն վիճակում նայեց շուրջը, հասկացավ ամեն ինչ, ընդունեց իր վրա լույսի իշխանությունը, որտեղ թանձրախոհ ծավարն, երկար օրերից հետո, առաջին անգամ խորթ թվաց իրեն: Նա բարձրացավ նստած տեղից, կանգնեց, նայեց շուրջը, հիշեց գիշերային ներկայացման ողբերգությունը, ամուր բռնվեց ճաղավանդակից ու նայեց ներքև: Նա ազդվեց ճնշող բարձրությունից, մահվան ուրվականի ներկայությունը սարսուռի պես փաթաթվեց նրա մարմնով մեկ: Ապա հայացքն ակնածանքով բարձրացրեց ու հառեց դիմացի ծառաշարքի վերնամասին, գուցեև նրան թվաց, բայց նա տեսավ իրեն ժպտացող կնոջ այդքան պարզ դիմանկարը: Նա պատասխան ժպիտ փոխանակեց դիմանկարի կենդանության հետ ու շրջվեց:
Գուցեև նա մի փոքր էլ մնար ցանկապատին հենված, եթե ականջին չհասներ այդքան հարազատ ձայնը: Նոր կանգնած մեքենայի միջից իջած երիտասարդը թախանձախառն հայացքով իրեն էր նայում ու իր անունն էր կրկնում: Վերջինս փորձ արեց մոտենալու ու լռությամբ լի հայացքով գրկել նրան՝ գուցե կարոտի՞, թե՞ մեղքի ինչ որ մեզ անհասկանալի անհանգստությամբ սարսափած նայելով վերջինիս: Սակայն Մարիի անտարբեր հայացքը կանգնեցրեց երիտասարդին՝ թույլ չտալով քայլ ավել մոտենալ:
Օրիորդը մեկ անգամ ևս զննելով շուրջը քայլեց մեկ այլ՝ բոլորովին անծանոթ ուղղությամբ, նրա հայացքը , չնայած դեռ պահպանում էր նախկին անտարբերությունը, սակայն այնտեղ այլևս սառնություն չկար: Նրա շուրթերը մի փոքր ձգվեցին, երևաց բարեհաճ ժպիտի հրաշագործ փայլը, ապա աչքերից գլորված մի քանի կաթիլ արցունքները վերհիշեցին գիշերային խավարի վերջին՝ ամենակարևոր ճշմարտությունը ու չվերադառնալու պայմանով հեռացան. «Եթե միայն այս մի թռիչքով ամեն ինչ ավարտվեր…»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ