ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 25, 2016 0:08 - 1 քննարկում

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Անահիտ Տիգրանյան (2)
ԱՇՆԱՆ ՏԵՍԻԼՔՆԵՐ
Աշնան տեսիլքներ… արդեն մշուշված…
Էն մշուշի մեջ՝ մայրս լույսի շող,
Աղմկոտ մի բակ ու գիժ մանկտիք,
Ու կարո՜տ, կարո՜տ՝ իմ սիրտը մաշող…
Ձավարի շեղջ է… մեզարը վրան…
Մայրամուտ է ու պահը երանի,
Մի աշնան արև ու բարա՜կ քամի.
Տատս իր ոտքը դեռ կախ է գցել.
Հավ ու ճիվը թող
Բակում մի քիչ էլ իր քուջուջն անի…
Մայրս ձավարն է մաղով էրանում.
Մենք՝ խենթուկների թևածող երամ,
Թեփակոլոլած աչք, քիթ ու բերան,
Աշնան քամու հետ թև՜ թևի՜ տված՝
Թեփն ենք շաղ տալիս, բակով մեկ անում…
Մայրս նայում է մեր հրճվանքին,
Ինքն էլ հետներս է ասես մանկանում…
Թեփը քամունն է, ու մանրահատիկ
Ձավարն է ջոկվում,
Ուլունքի նման թափվում փռոցին,
Մայրս ձեռքի մեջ մաղն է պտտում՝
Իր ունկը մեկնած քամու շնկոցին…
Վրձնած մի գունե՜ղ ու տա՜ք պատառիկ.
Բակն է, հին տունը, հողածածկ տանիք…
Աշու՜ն է…էրա՜ն….
Մշուշվա՜ծ, անթե՜ղ տեսիլքներ աշնան.
Էն մշուշի մեջ՝ մայրս լույսի շող,
Ու կարո՜տ, կարո՜տ՝ իմ սիրտը մաշող…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Կարոտիս լարերը ձգվու՜մ,
Դառնում են նարոտ գունագեղ…
Մայրս ինձ գուլպա էր գործում
Ու նախշում ճտքերը տեղ-տեղ:
Երազկոտ խանդաղտանքով լի,
Հայացքում մի անու՜շ գորով`
Մոր սրտին ի՞նչ հարցում անես,
Համակ սեր ու քնքշանք էր ծով:
Նստել էր բալենու շուքին,
Նախշու՜մ էր ու նախշու՜մ գուլպաս,
Իմ աչքին արև՜ էր մայրս`
Հագին երկնագույն շորը խաս:
Սաղարթի արանքից շողքն ընկել,
Ցոլում էր արտևանունքին,
Ամեն ինձ նայելիս մի տա՜ք
Ժպիտ էր ծաղկում դեմքին:
Շեկ էին հյուսքերն ու երկար`
Նման ոսկեհյուս հասկին,
Հիշում եմ` առաջ թեքվելիս
Շուլալվում էին շյուղ ու բազկին:
Ուսի մի քնքու՜շ նազանքով
Նետում էր ծամն իր թիկունքին,
Ու գալարվում էին ցորենահյուս
Հյուսքերն իր բարակ մեջքին:
Գրկում էր, ինձ քնքու՜շ փարվում,
Ես ջերմանում էի, ինքը` հալվում,
Մայրական գգվանքից շուրջս
Մի տաքու՜կ շունչ էր ծովանում:
Վրձնում էի ու վրձնում գունագե՜ղ,
Երկնաշո՜ղ պատառիկն անցյալի`
Կտավում մի Մայր Արեգակ,
Ու հոգում` երկինքը ծավի:
Կարոտներս են այցի գալիս,
Գալիս են անձու՜կ,անմեկի՜ն,
Պահեր կան, որ չես մոռանա,
Պահեր կան`մասունք են անգին:
Ես` ծառի ճյուղին մի թռչնակ,
(Երգում էի, թե ի՞նչ…չեմ հիշում),
Բայց աչքիս առաջ են հիմա էլ
Մորս ժպիտն ու գուլպաս նախշուն:

***
Լուսաբացը հորս հետ էր արթնանում,
Հայրս նրան իր հետ էր արտը տանում,
Երբ դեռ փչում էր գիշերվա շունչը պաղ,
Ու հողին դեռ կար մի սարսռուն շամանդաղ:
Մինչ ցող ու շաղ արևի հետ կելնեին վեր,
Հորս ճակտից շի՜թ, շի՜թ քրտինք կիջներ վար,
Հողը սրսուռ, ուլու՜նք, ուլու՜նք շաղ կուտար,
Ու արտի մեջ անդորրը կ`ծովանար:
Հայրս, հողի բույրը առած՝ տուն կուգար,
Շեն օջախն էր արդեն դարձին կարոտած,
Անդորրն իր հետ մեր շեմից ներս կմտներ.
Մայրս նրան էր սպասում դուռը բաց:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վարդուհի
Aug 28, 2016 10:51