ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, April 3, 2016 18:16 - 1 քննարկում

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մարինե ՍարուխանյանՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հուլիս. 16. 2016

**
ՍԵՐ
Մու՜թը… թավի՜շը …ձյունը…փաթի՜լը…
Սե՜րը… շշու՜նջը… շուրթերի պա՜րը…
Աչքերի՜դ խորքը… մատներիս դո՜ղը…
Մու՜թը… թավի՜շը…ձյու՜նը… փաթի՜լը…
Հեքիա՜թը… լու՜րթը…անհունի շա՜ղը…
Ե՜րգը …կարկա՜չը … աստղերի շո՜ղը…
Մու՜թը… թավի՜շը… ձյու՜նը… փաթի՜լը…
Սե՜րը… շշու՜նջը… շուրթե՜րի պարը…
**
ԱՅԴՊԵՍ…
Եվ այդպես.
Տաղտուկ ,
Ձանձրալի պտույտ.
ամեն օր մի բուռ գողանալ հլու կյանքի զավեշտից,
մի քիչ ծիծաղել, մի քիչ արտասվել,մի քիչ էլ լռել.
ձևացնել իբրև չունես դարդուցավ, ապրում ես հանգիստ,
բարեհոգության ձգված ժպիտը դեմքիդ նկարել,
ու սուրճըմպոցի կումերի նման օրդ սպանել,
հայացքդ դատարկ խեղդել մրուրի պատկերների մեջ,
քո անզորությամբ ափեափ լցված հույսը ճղատել,
լուսամուտից փակ երկինքը գրկել,տխուրդ ցրել:
Հոգեառ անձուկ.
հուսալ ու սպասել ,
հուսալ ու սպասել.
Թե գուցե վաղը այգդ կբացվի ուրիշ գույներով.
որ էլ անցյալդ ուսիդ չի կախվի ժանգոտած ճոճքով,
որ էլ չես նայի ներկայիդ ստվերին լուռ ափսոսանքով ,
որ նույն ստվերը էլ քեզ չի խայթի չապրած օրերով
ու քրքիջներով քեզ չի ծվատի ու չի հիշեցնի
օրերիդ խղճուկ կտորտանքները՝ խլված քո բախտից,
որ էլ չես նայի թաքուն խորշանքով ներկայիդ ստվերին,
հոգիդ չի լացի ժպիտներիդ մեջ առօրյա կյանքի…
լուսամուտից փակ արև կմուրաս ու երկինք կափես .
աստղեր կիջեցնես հոգուդ դատարկին,աչքերիդ թացին,
Կկառչես ամուր աթոռիդ փափուկ ու մաշված բարձին.
այդպես ամեն օր,
այդպես ամեն օր…
Հոգեմաշ պտույտ…
**

ԱՆՀՈՒՆԻՑ ԷԼ ՇԱՏ
Կասես չէ՞ նորից, որ սիրում ես շատ,
Որ դու գժվում ես շորիս ծփանքից,
Երբ գալիս եմ ես արևի շողին,
Եվ իմ ծիծաղն է թափվում աչքերիդ:
Երբ թրթիռներս շուրթերիդ փռած
Արագ սահում եմ մատներիցդ վար,
Դու կասե՞ս էլի ՝ ա՜խ, մի խենթացրու ,
Սրտիս կրակը դու մի թեժացրու:
Կզնգամ ափիդ, կշրշեմ գրկիդ,
Կձուլվեմ շնչիդ,կխլեմ հոգիդ,
Միայն թե նորից, ասա, սիրելի՜ս,
Որ սիրում ես ինձ անհունից էլ շատ:
**

ԱՄԵՆՆ ԵՍ
Գարու՛ն ես, շո՛ղ ես,
Աչքերիս ցո՛ղն ես,
Ոսկեծուփ դո՛ղ ես.
Արե՛վը՝ հոգուս:
Անհու՛ն ես,ա՛ստղ ես,
Իղձերիս կա՛նչն ես,
Ծովածուփ ե՛րգ ես.
Երկինքը սիրուս:
Կապու՛յտ աշուն ես
Կարմի՛ր մրմունջ ես,
Իմ շու՛նչն ու բու՛յրն ես.
Կարո՛տը շուրթիս:
Ցա՛յգ ու լուսա՛յգ ես,,
Ծաղկունքի խա՛ղ ես,
Սիրու՛ս գիշերն ես.
Ամե՛նն ես,հոգի՜ս:
**

ՆԵՐԻ՛Ր, ԶԻՆՎՈՐ
Ես հեռվում եմ.
Մշուշների սառցե հեռվում…
Իսկ Նաիրյան իմ լեռների կապույտ երգում
Արևների բոսոր երգն է ալեկոծվում Հայրենիքիս հորիզոնում.
Լաջվարդ ու վառ իմ կարոտի ոսկեմշուշ հեռուներում
Իմ զինվորն է այնտեղ կռվում,
Սիրտը թողած ծիրանաբույր նաիրուհու քնքուշ գրկում՝
Իր երազն է վահագնաշունչ բոցին ձոնում…
Ես հեռվում եմ.
Մեջքս կքած հյուսիսային երկինքների ծանր թոնից՝
Ես քայլում եմ տնքոցներով արձագանքվող հողիս կանչին…
Այս արե՛վը ,
Օտար քամի՛ն,
Ծվեննե՛րը հայրենիքիս իմ ծնկների կերկերումին,
Իմ բռունցքված մրմունջնե՛րը,
Ա՜խ, լպրծուն իմ աղո՛թքը…
Իմ ծռմռված բաղձա՛նքները
Իմ Մա՛յր հողի աղերսներին.
Խենթանու՜մ եմ,
Խելագարվու՜մ անհատակ ու անառաստաղ
Այս քաղաքի մշուշներում…
Ես հեռվում եմ ու չկա ե՛լք, ու չկա ե՛րգ հոգուս ճիչին.
Իմ Նաիրյան եզերքներից
Իմ զինվո՛րն է երկրիս կրծքին արյամբ փարվում,
Իմ զինվո՛րն է աչքերը ջինջ երկինք ձգում,
Իմ զինվո՛րն է իր մոր գրկի տաքը գրկում,
Իմ զինվո՛րն է յարին կանչում վերջին շնչում,
Իմ զինվո՛րն է երկնի լույսով ինձ համբուրում.
Անմահների լույս պսակով իմ քունքերին լուռ տրոփում՝ արի՜, արի՜…
Այս փողոցում սառն օտարի
Զարնվում եմ ճա՛յի նման ղարիբության ալիքներին…
Կռինչները կափկափում են, ալիքները քրքջում են.
Ներումներ եմ հայցում անվերջ.
Կյանքդ խլած այդ պայքարում ես իմ մեղքի բաժինն ունեմ,
Զինվո՛ր…
Ես հեռվում եմ,
Մշուշների սառցե հեռվում.
Ու համրացած իմ շուրթերին սարսռում է բանտված ցավը դարի խորքից.
Լաջվարդ ու վառ իմ կարոտների ոսկեմշուշ հեռուներում
Իմ զինվորն էր այնտեղ կռվում..
Ու ինձ համար ճամփա բացում
Տաք երկնքի Հայկյան պարում
Ծիածան էր նա ինձ համար նորից կապում.
Ների՛ր, Զինվոր…
**

ԻՄ ՓՈՔՐԻԿ ԶԳԵՍՏԸ
Ես գնեցի ինձ զգեստ.
Ա՛հ, ինչպե՞ս են ասում, փոքրիկ, սև ու շքեղ,
Որ գերում է իբրև բազում , բազում սրտեր…
Ես գնեցի սև զգեստ.
Պտտվեցի թեթև հին հայելու առջև:
Եվ ինձ նայեց երկչոտ, քնքուշ մի աղջնակ
Բախտին փարված խինդով , երազներով կապույտ,
Որ սահում էր թեթև, հայացքը ջինջ, նվաղ.
Մեծ ասպետի ուսին վալսող հնչյուններին.
-Դու կլինե՞ս,ասա՛, իմ տիրուհին չքնաղ…
-Դե՛ ,գժվում եմ, ասա, էլ մի՛ ձգիր, փոքրի՛կ…
Ես կճկվեմ ինչպես դեղնաչ մի երիցուկ.
Հոգուս թերթիկներից պոկված արևականչ…
Պտտվեցի թեթև հին հայելու առջև
Ու ժպտացի տխուր պարում թողած երգս
Հին հայելուց նայող փոքրիկ զգեստի մեջ:
Սեթևեցի մի քիչ թաց իմ արտացոլքում,
Ափիս դողը վհատ դեմքիս ցավը ափեց…
Ծուռ հայելին ժպտաց,ինչ-որ հեքիաթ հիշեց…
Ու իրանս թաքուն շրշաց զգեստիս ծալքում.
-Դե, ինչ ասեմ ,այո՛,
Դեռ թովիչ եմ գուցե ու կարող եմ ձգել
Կախարդանքս քիչ էլ ու կարող եմ լինել
Փոքրիկ այս զգեստի մեջ
Դեռ հեքիաթիդ գերին, քո տիրուհին միակ,
Դու կգրկես էլի, կպտտես անվերջ,
Կխենթանամ էլի շշնջոցիդ բույրում.
-Դու կլինե՞ս,ասա իմ տիրուհին չքնաղ…
-Դե՛, գժվում եմ,ասա՛, էլ մի՛ ձգիր, փոքրի՛կ.
Ես կճկվեմ ինչպես դեղնաչ մի երիցուկ՝
Հոգուս թերթիկներից պոկված արևականչ…
.
Հին հայելու առջև՝ կնճիռներիս թախծում ,
Ես կտխրեմ քիչ էլ ու սև զգեստս գրկած
Կմրմնջամ մրսած հին հայելու առջև.
-Դե՛, ինչ ասեմ,հոգի՛ս
Մի քիչ թոշնած, գուցե,
Նույն ծաղիկն եմ դեղնաչ…
**

ՄԱՐԻՆԷ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ազնիվ Վանյան
Aug 5, 2016 0:20