ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:44 - 1 քննարկում

Կանթեղ Գրական:ԱՐՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արսի Մանուկյան (1)ԱՐՍԻ ՄԱՆՈՒՆԿՅԱՆ

**

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ, ԻՄ ԸՆԿԵՐ …

Մենություն,
Ինչու ես այդքան տխուր,
Չէ՞ որ ընկերդ եմ
Թե՛ հին, և թե՛ նոր.

Մենություն խելառ
Եվ խելացնոր,
Իմ գիշերների
Խելագար անդորր,
Դու ինձ առել ես
Քո գիրկը մոլոր,
Իսկ ես էլ` քեզ իմ
Հոգում գիր – գրոց.

Մենություն, մենակ
Ու մտամոլոր,
Իմ կյանքի ընկեր,
Հոգսերիս` հոգոց,
Դու իմ ստվերն ես,
Ես` պատկերը քո.

Մենություն` անխոս,
Լուռ ու թախանձոտ,
Իմ խո՛սք, բա՛ռ ու մի՛տք,
Ի՛մ թախծալեզու,
Դու իմ մահն ես, իսկ
Ես` ծնու՛նդն եմ քո,
Դու իմ ընկերն ես,
Անդրադա՛րձն եմ քո.
Մենք ընկերներ ենք
Եվ հին, և թե նոր …

**

ԵՍ և ԴՈՒ …

Դու դարձի՛ր գիշեր,
Ես դառնամ լուսին
Ու առանց վախի մենք
Գրկախառնվենք.

Դարձի՛ր լուսաբաց,
Ես դառնամ արև`
Ճառագայթներս
Ամենուր փռեմ,
Լույսի՛, ջերմությա՛ն,
Սիրո՛ և կյանքի՛
Հավատը հեղեմ.

Իրիկնամու՛տը
Դարձիր ինձ համար,
Իսկ ես կդառնամ
Հորիզոնդ ալ,
Ինձ կառնես քնքուշ
Վարագույրիդ տակ,
Իսկ ես քեզ կայրեմ
Բոցերիս մեջ վառ.

Փարվե՛նք մենք իրար,
Ու ձուլվե՛նք իրար,
Ու որպես ծնունդ`
Նորի՛ց ու նորի՛ց
Մենք կյանքին
Կյա՛նք տանք …

ԱՐՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arsi
Mar 6, 2016 3:51