ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 24, 2016 12:55 - 1 քննարկում

Կանթեղ գրական:ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մարինե Սարուխանյան (1)

«ԱՅՐՎԱԾ ԹևԵՐՈՎ ՀԵՔԻԱԹ»

Վերջերս կարդացի մի չքնաղ նովել, մի հեքիաթ-բուրմունք, ուր մարդկային կնճիռներում, մթոտված աչքերում, ծերացած հոգում կաթ-կաթ ցողվում է անհասկանալի խլրտում, մանկան հրճվանք՝պսպղուն, թփրտուն, երկչոտ…

Կյանքի իմաստնությունից կքած՝ հերոսը վայելում է ժայռի ոտքերին չփչփացող գետի կարկաչը, հրճվում ձորափին շաղված ծաղիկների պարով, լազուր երկնքում արծվի ճախրանքով.անցնում են ժամեր, օրը ոսկեհունձ հորանջով իջնում է ժայռի հոգնատանջ ուսին.. Բնության խաղը, գունզգույն ներկերով, հնչյունների արբշիռ ելևէջումներով, շուլալվում-գգվում է իրեն, հոգին թռցնում երկինք…Մի պահ վախվորած նայում է շուրջը, կարծես թռցրել էին ծիծաղը մանկան շուրթերից…Գետի կաթնաշաղախ խոնավությունը փարվում է կոպերին, հուշիկ քանդում հոգու փուշ-կապանքները՝պարտադրված կեղծ իրականության շինծու բարքերով, մարդկային կյանքի զավեշտ խաղերով : Մեկնվում է հսկայական ապառաժի արևկող լանջին…Հոգին ջերմանում է, սիրտը թիթեռի նման թռվռում ծաղկի թերթերին.լայն ժպիտը պսպղում է գիշեր աչքերում… Ու ազատ է արձակում հեքիաթն իր սրտի՝այրված թևերով ՝իբրև փյունիկ մարտակոչ, սպիտակ ագռավ սև կռինչում…Ցավոք գողտրիկ այդ նովելը՝ավելի հյութեղ նկարված,չհասցրի վայելել .անավարտ մնաց…Սակայն դրվագն այդ՝ բնության ու մարդու միաձուլման, չգիտես ինչու ինձ հիշեցրեց ուրիշ մի պատմություն՝ հրճվանքի նույն ծփուն ծովով, շուրթերի նույն կարկաչով…

Ուսումնական տարին ավարտվեց…Թռվռուն կյանքի վայելման վերջին պատառն էր մնացել, ու մի վերջին հույս՝ դառնացած սիրածին գտնելու…Աղջիկը վերցրեց հանգստյան ուղեգիրը, տխուր հայացքով շոյեց հարազատ բուհի հարազատ լսարանի նստարանները, տառերի շունչն ու բույրը սրտում՝ հրաժեշտ տվեց.. Ուսանողական ավտոբուսը վաղուց մեկնել էր: Հանգստյան ճամբարը Դիլիջանում էր…

Տեղ հասավ տաքսիով: Վարորդի հետ համով-հոտով զրույցի բռնված՝ չնկատեց, թե ինչպես մտան կանաչ սաղարթների մեջ: Վարպետը ժպտաց, երկու բառով բացատրեց ճամբարի տեղը, որից աղջիկը ոչի՜նչ չհասկացավ. լեռների ու թավիշ կանաչի սիրո բուրմունքը արբեցրել էր իրեն: Մայթեզրին կանգնած, ապշած խոնավ օդի հյութեղ համբույրից, թեթև քամու շոյանքից, գլուխը քիչ հետ գցեց՝ ծփծփան մազերը սյուքին տված: Աչքերը լեռնականաչ հորիզոնին՝ կտրվել էր մի պահ իրականությունից: Թեթև քամին նիհար ուսից թռցրել էր ճերմակ շորը …ու խաղ էր անում չարաճճի, երբ մի թավ ձայն սթափեցրեց.
-Օ՜, ինչ էլ թռչնակ ա, ըըը՜մ…

Աղջիկը սթափվեց, խիստ ու խեթ հայացքով չափեց, զույգ աչքերի ծարավից փորձեց մերկ ուսը թաքցնել մազափնջի խաղով, որն իհարկե ծարավ ջրում գինի լցեց: Անծանոթի խոշոր աչքերի մթությունը՝ թուխ դեմքին, լայն ժպիտը շուրթերին երիզված սպիով..մի տեսակ ձգող ուժ էր սփռում շուրջը…«Նմանների» սովոր էր ճանապարհել, բայց խաղն արդեն սկսել էր…Աղջիկը ժպտաց.
-Թույլ կտա՞ք ,պարո՛ն սպի, անցնել առաջ,-մի պահ վարանեց, ապա զնգաց.-դեմքիդ շատ է սազում:
Չէր հասցրել քայլ անել՝անծանոթը (քաղաքի տուզերից) կոպիտ քաշեց աղջկա հագուստի թևքը
.-Օհո՜, արա՛, դու գիտես՝ ո՛վ եմ, չես վախենու՞մ, -շփոթահար ցասումով նայեց աղջկա վճիտ, խաժ աչքերին, կմկմաց, բաց թողեց…
Աչքերի այդ պսպղան,չաչանակ խաղը,կիսով բաց մարմարե ուսը…
-Օյ,օյ,օ՛յ,դե՞,քե՛զ տեսնեմ…ի՛նչ քարացար,. .
Տղայի աչքերում շողաց անանուն մի մեղմություն.
-Ու ..չե՞ս վախում…
-Հեքիաթի հրեշ ես, ինչ ես…թեև այդ քո սպին…
-Հա՛, համարյա, բանտից նոր եմ դուրս էկել..հեքիաթ աղջի՛կ,-քրթմնջաց քթի տակ ու զարմանքը ծավալվեց դեմքին.«Այս անվախ հրեշտակը ո՞ր երկնից ա իջել…»
-Ը՛հը, արդեն ծանոթներ ենք: Ամրոցդ փախցնելուց առաջ ինձ ցույց տուր ուսանողական ճամբարի տեղը:-Օգնի՛ր , վերջապես, ի՞նչ ես քարացել:
-Մոլորիդ օգնե՞մ..ավելի լավ ա բերդս փախցնեմ,սենց համով թիքա էլ ու՛ր կգտնեմ…
-Նախ ինձ տեղ հասցրու,հետո կփախցնես:
Աղջիկը նայեց տղայի աչքերին.ինչպիսի՜թարթիչներ՝ երկար,ոլորված մութ խոր աչքերին,իսկ հայացքի խորքում թաքնված մանկան հրճվանքը,ինչու է սիրտը հաճելի ճմլվում,մի ծանոթ խլրտոց էր,ինչ էր՝ չէր հասկանում…
-Երևի է՛ն…. բանասեր աղջիկներից ես, հա՞…
Աջիկը ծափ տվեց.
-Վերջապես, քեզ ընկեր գտար, էլ չե՞ս փախցնի:
Իրենք էլ չզգացին՝ ինչպես փշոտ- փշոտ զրույցից սահեցին մտերմիկ տոնի…թվում է՝հին ու լավ ընկերներ էին…ճամբարի այգու մոտ կամգնեցին…
-Անունդ ինչ է, իմը՝ Արմեն…
.-Հեչ չի սազում «ռեցիդիվիստին»,-քնքուշ ժպտաց, հայացքը սահեցրեց շուրթին ծվարած բարակ գծին…
-Դե՛, ցտեսություն..
Ձայնի նուրբ թախիծը՝թաքնված,զրնգան ծիծաղում.տղայի հոգին մոլորեց.
-Անու՛նդ.. .
-Անանուն աղջիկն եմ հեքիաթի,-ասելն ու հավքի նման թռչելը ակնթարթ տևեց: Մինչ տղան ուշքի եկավ, միայն մազերն էին ծփում ճյուղերի մեջ..

Անցան օրեր.. ուրախ զվարթ, արշավներում ու խնջույքներում, անտառի սաղարթներում, ծաղիկների գույնզգույն ծովում, բույլ աղջիկների ու տղաների խենթ, անհագ խաղերում..Խարտյաշ մազերով աղջիկը, սիրածին գտնելու ապարդյուն փնտրտուքից հետո, հույսը սրտում մարմրած, երբեմն հիշում էր խորհրդավոր սպիով տղային, քնքուշ ժպտում.. Զվարթ օրերը մոտեցան անհոգ կյանքի ավարտին…աղջիկը նստեց ավտոբուսի վերջին նստարանին՝օրագիրը ծնկներին, տառերի ու բառերի փոխարեն անհասկանալի խզբզոցներում ափով շոյում էր վերջերս արված գրառումը..
-Անանու՛ն աղջիկ, մենա՜կ, տխու՜ր,ուրախ չե՞ս, որ գնում ես,էդ ուր էիր թաքնված.ինչքա՜ն ման էկա,ա՛յ, հիմա բռնացրի…

Սիրտը՝ աղջկա տաքացավ,..թավ ձայնի այդ քնքշությունը,խոշոր ,մութ աչքերը,մանկական խաղը աչքերի խորքում…Հայացքը մի պահ կանգնեց դաջված մատներին,ապա սահեց շրթունքին երիզված սպիին…
-Ի՛նչ ես քարացել ,-լայն ժպտաց,-հիշեց նույն բառերը իրեն այնպե՜ս թոված,-էրևում ա արդեն հրեշից չես վախում,հա՞,-շարունակեց բամբ ծիծաղով:Աղջիկը սիրուն ժպիտով կրկին շոյեց խոշոր ,մութ աչքերը…
-Արմե՞ն,- շշնջաց…
-Արմե՛ն, Արմե՛ն, անունս գոնե շնորհքին ա, հիմա արագ թռի…

Անանուն հեքիաթի փերին չհասցրեց ուշքի գալ, տղան գրկեց նրբագեղ իրանը, թռցրեց մեքենայից. խարտյաշ գանգուրները ալիք-ալիք ծփացին թուխ դեմքին. սիրտն ալեկոծվեց, ձեռքերը դողացին, ծաղկե բուրմունքը՝ուսից իջնող, շաղվեց սրտին…Աղջիկը չարաճճի , սուտ զայրույթով ոտքը թեթև խփեց գետնին, ձեռքը՝ կոնքին.
-Ուշացել ես արդեն..ամրոցդ տխուր է…
-Հիմա կգնանք Պարզ լիճ. հրաշք տեղ ա, ապա սթափվեց.խաժ աչքերում ընթերցեց ըմբոստ շող,-մի՛ վախեցիր,սաղ-սալամաթ հասցնեմ քո տուն, մենակ հիմա խելո՛ք մնա…
-Լիճը տեսել եմ.սովորական ջուր՝սովորական ծառերով շրջանակված…
-Ու ի՛նչ են սովորացնում էդ ձեր ախմախ ինստիտուտում, որ հրաշք բռնել էլ չգիտեք…ա՛յ, հիմա էս պահը…դու չես պատկերացնի ի՜նչ լավն ա …մեր լիճը,շուրջն էլ ոչ ոք չկա.ծպտուն չկա, ծտերի ծլվծոցից բացի…

Մի քանի րոպեից անտառի խորքում էին..նստեցին նավակ, սուս սահեցին լճի խորքը.. նավակը հուշիկ կանգնեց լճի կենտրոն…Ջինջ , զուլալ ալյակներում վետվետում էր շիկակարմիր մայրամուտը արևի շողերի ընդհատ ցոլանքներում, ծառերի տերևները, լճափին շաղված կանաչն ու ծաղիկը սեթևեթ փոխփխում էին գույները ծփծփալով: Անտառի շշնջյունը, սիրով վառված լիճն այս գողտրիկ՝ կանաչ,թավիշ սաղարթներով ոլորահյուսված.. Տղայի երազկոտ, հեռու՜, մոտի՜կ հայացքը, աղջիկն Անանուն՝ ճերմակ շորերով..իրենց սոսնձո՜ղ լռությունը..Այս շքեղ, սիրաշողշող ամրոցը՝ամենքից հեռու , ուրիշ զառ-վառ եզերքում…
Երկուսով ձուլվել էին բնության շնկշնկան հրաշքին, դարձել նրա անբաժան մասնիկը…Իրենց սավառնող հայացքը թռչունների թռիչքին՝մեկը իր տխուր սերն էր թողել այն ափին,մյուսը՝իր սարքած զսպաշապիկը՝ քաղաքի բարբաջանքում…
Տղան անվերջ խոսում էր, զմայլվում, աղջիկը , գլուխն ափերին, վայելում թա՜վ,թա՜վ ձայնը…Տղան երբեմն լռում էր, փաղաքուշ գրկում կրակված հայացքով թաքուկ՝ աղջկա իրանը,շոյում գանգուրները…երբ փերին կռանում էր ափով կոհակների հետ խաղ անելու…

-Անանու՜ն հեքիաթ, կուզե՞ս ազատեմ քեզ քո սիրուց…վառել
ես իրա թևերը, էլ չի՛ կարա քեզ…գրկի…
Աղջիկը ժպտաց անուշ, գլուխը տարուբերեց…
-Լսի՛ր, սիրուն հրե՛շ,միայն աչքերդ են երևում, չե՞ս ուզում ինձ տուն հասցնել…Երկուսն էլ կարծես իրենց հոգիները թողեցին լճի մթնափայլ ջրերում…

Ձեռք ձեռքի բռնած՝ ուղղվեցին քաղաք…Մինչև Երևան լռեցին…Աստղալույս գիշերին մրմնջացող բառերը երկա՜ր- երկար՜ շոյում էին աղջկա ականջը մորմոքուն թախիծով.«Հրեշտա՜կս, քեզ կռավատովդ էլ փախցնելու եմ քո աշտարակից..»

Անցել են տարիներ.. Ողջ կյանքում՝ պատանեկան, ուսանողական,… իր սիրո…ճերմակ աղջիկը նման չքնա՜ղ հեքիաթ չէր ապրել, այդպիսի քնքշության ծով իրենց սրտերում՝ բնության միաձուլմամբ, իրիկնամուտի սիրո բոցված շշունջով, երբևէ չէր ունեցել…Ժամանակ առ ժամանակ ափում էր թուխ անծանոթի մանկան ծիծաղով լի աչքերը լճի ջրերում ու իր հուշերում, երբ հյուծիչ ունայնը հյուր էր գալիս..

Արդյոք ու՞ր է նա..այրված թևերով չքնա՜ղ հեքիաթը..

ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
Feb 25, 2016 14:00