ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2016 3:10 - չքննարկված

Կանթեղ գրական: ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

Տաթեվ Մաղաքյան

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

**

ԱՐՓԻԿԸ

Տիկին Հեղինե Հովսեփյանի պատմածի հետքերով

Ամեն լուսաբացի քարափների հոնքին նայող,ամեն երեկո աստղերը հաշվող փոքր մի գյուղ էր։Ու այդ գյուղի համար ապրող ու այդ գյուղով ապրող երկու սիրահար, որ գաղտնի հանդիպում էին ձորում՝առվի ափին։Նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, որքան մի գիշերում բացված մանուշակ,և մաքուր էր այնքան, որքան առուն,որի ափին հանդիպում էին։Գևորգը հովիվ էր։ Մի ամառնամուտի,սարը բարձրանալուց առաջ, Արփիկին ասաց․
-Արփիկ, կսպասես, սարից կգամ կամուսնանաք։
Ու Արփիկի ափի մեջ դրեց ինչ ուներ՝մի դանակ ու մի սանր։
Թանկագին նվերները ծոցում պահած՝գյուղի նեղլիկ ճամփեքով շնչակտուր տուն հասավ Արփիկը ու սկսեց հաշվել օրերը ու սկսեց սպասել։

Սիրուն էր Արփիկը ու երևի դա էր պատճառը, որ հայրը հազիվ թույլ էր տալիս, որ նա աղբյուրը գնա ջրի ու ջրի ճամփին էլ հանդիպել էր չեչոտ երեսով Գասպարին։ Ինքը մի խեթ հայացք էր գցել Գասպարի կողմը, բայց Գասպարի սիրտն սկսել էր այրվել Արփիկի կարոտից ու մի քանի օր անց Գասպարը ծնողների հետ եկել էր Արփիկին ուզելու։ Հայրն ասել էր․-Կմտածենք, դուք գնացեք․․․Ասել էր գնացեք, կմտածենք, ոչ թե, որ Արփիկի կարծիքը պիտի հարցներ, այլ, որ ապագա խնամիների համար լի ու բոլ սեղանի պատրաստություն պիտի տեսներ․․․Արփիկին նշանեցին ու նրա հոգու ցավերին անտեղյակ, որոշեցին հարսանիքի օրը։
Գևորգը սարում իր հոտի հետ էր,իսկ գյուղում Արփիկի հարսանիքն էր։ Արփիկը նորահարսի քողի տակ շատ լաց եղավ։ Գասպարը բարձրացրեց քողը, համբուրեց ճակատը, իսկ նա արցունքոտ աչքերը խոնարհեց ու ոտքը Գասպարի տան շեմքից ներս դրեց ու Գասպարին թվաց, թե տունը լցվեց,տունը երջանկացավ,տունը լիացավ։

Ամեն երեկո Արփիկը Գևորգի նվերները հանում էր թաքստոցից, նայում ու էլի թաքցնում։ Ճակատագրի հետ չէր հաշտվում, բայց լուռ տանում էր հոգու բեռը։ Գասպարը բռի էր, թեպետ Արփիկին սիրում էր, բայց կոպիտ էր։ Ու Արփիկը Գասպար ասելու փոխարեն շատ հաճախ ուզում էր Գևորգ ասել ու լեզուն շաղում էր, շփոթվում։

Անցել էր երեք ամսից մի քիչ ավելի, Գևորգը սարից գյուղ իջավ ու գյուղում սկսեցին շշուկներ տարածվել, թե Տերտերանց Գևորգը խելքը թռցրել է, տանն ինչքան կահ-կարասի են ունեցել ջարդուփշուր է արել։ Բայց Գևորգը աչքերն արյունով լցված, սիրտն ու հոգին բռի մեջ առած, շրջում էր Գասպարի տան մոտ, որ գոնե կես աչքով Արփիկին տեսնի, որ գոնե կես բերան խոսի։ Մի օր էլ Արփիկը գլխիկոր քայլում էր դեպի աղբյուրը ու հանդիպեց Գևորգի հայացքին, դույլերը ձեռքերից գցեց, արցունքները հոսեցին, ձեռքը գրպանը տարավ ու հանեց սանրն ու դանակը, Գևորգն ամեն ինչ հասկացավ․․․Սկեսուրը հարսի հետևից աղբյուրը գնաց, ջրի ճամփից գտած դատարկ դույլերը տուն բերեց ու հիմա էլ ամբողջ գյուղն սկսեց խոսել, որ Գևորգն ու Արփիկը փախել են։

․․․Երկու տղա ու մի աղջիկ լույս աշխարհ բերեց Արփիկը ու Գևորգի տունուտեղը լցվեց մանկան ճիչով, սիրելի կնոջ քնքշանքով,մինչև․․․մինչև Հայրենական պատերազմի սկիզբը…
․․․Արփիկի հայրը հայհոյեց, անպատվեց, աղջկան արգելեց իր տուն մտնել, բայց երբ ծնվեց առաջին թոռը Գևորգը կնոջ ու երեխայի հետ աներոջ տուն գնաց, թոռանն իր շեմքին տեսնելով պապը դուռը լայն բացեց աղջկա ու փեսայի առջև։ Վերսկսվեց Գևորգի ու Զավենի՝Արփիկի եղբոր,վաղեմի մտերմությունը։ Նրանք գործն էլ էին կիսում, հացն էլ, հոգսն էլ: Հանդ էին գնում,մոշ էին քաղում, տանում քաղաք շենքերի բակերում մի կերպ վաճառում ու փողը, Գևորգի քահանա պապի պես, գուլպայի մեջ դրած գյուղ հասնում: Մի օր էլ, երբ գյուղից դուրս հոնի ծառերն արդեն կարմիր կրակ դարձած այրվում էին, Գևորգն իր երկար ձեռքերով կռացնում էր ճյուղերը, իսկ Զավենը քաղում էր խոշոր ու հյութեղ պտուղները, կոլտնտեսության վիլիսը քիչ հեռվում կանգնեց, Գևորգի սիրտը վատ բան գուշակեց, ճյուղն ընկերոջ ձեռքին թողեց ու գաղտագողի հասավ վիլիսին, բայց վազելով էլ հետ եկավ ու Զավենին մի կերպ հասակցրեց, որ հեռանան: Գյուղ գնալու փոխարեն բռնեցին քաղաքի ճամփան,երկու-երեք ժամ հետո, քաղաքի կենտրոնական շուկայում, երկու դույլ հոնի կողքին կանգնած լռում էին: Մոտ չորս ժամ Գևորգը մի բառ չխոսեց, մոտ չորս ժամ Զավենն իրեն հատուկ ճարպկությամբ հաճախորդ էր կանչում ու հոնը վաճառում, իսկ Գևորգը լուռ էր։ Երբ արդեն դույլերը դատարկ էին, իսկ գումարը գուլպաների մեջ, դանդաղ սկսեցին քայլել դեպի գյուղ։ Գյուղին չհասած՝նեղլիկ մի ճամփի վրա, կոլտնտեսության վիլիսը դեմները դուրս եկավ։ Վիլիսի վարորդը՝Գասպարը, մեքենան Գևորգի ոտքերին քսելով հազիվ կանգնեցրեց ու մռլտաց․
-Ժամը 08․00-ին գրասենյակում լինես․․․
Գևորգը այլայլվեց, նստեց մի քարի,Զավենը բռնեց ընկերոջ ձեռքը, բարձրացրեց․
-Երեխեքիս տեր կլինես Զավեն, ինձ կռիվ կտանեն։ Առավոտը, բաղերում, վիլիսի մեջ կոլտնտեսության նախագահին պահեստապետի Արուսի հետ տեսա․․․ինձ պատերազմ կուղարկի․․․

Պատերազմ գնաց Գևորգը, իսկ Արփիկը ամեն երեկո լվացքի պարանին փռեց նրանից մնացած հագուստները ու ամեն առավոտ նամակի սպասեց։
Նստում էր տաք վառարանի մոտ, ու նայում կրակե լեզուներին,որոնք օձագալար մի քանի պտույտ էին տալիս վառարանում ու մոխրացնում ինչին դիպել էին։ Սանրն ու դանակը գրպանում պահած, գլորեց տարիները։ Ու սանրն ու դանակը գրպանում պահած ամուսնացրեց զավակներին, հետո սանրն ու դանակը գրպանում պահած ամուսնացրեց թոռներին։ Հետո խնդրեց սանրն ու դանակը գրպանից չհանել․․․Գևորգն այդպես էլ չվերադարձավ,իսկ Գևորգի սև թուղթը փոստատարն այդպես էլ Արփիկին չտվեց․․․

Տաթև Մաղաքյան

**

ԴՈՒ

Դու ասացիր,որ ես վայրի ու մի քիչ բարդ եմ,
Ես ասացի.-Գուցե վայրի,բայց խելոք մարդ եմ:
Դու ասացիր.-Տեսքդ փերու՝լեզուդ մռու է,
Ես ասացի.-Տեսքս փերու՝սիրտս փխրուն է:
Դու ասացիր.-Լավ է գնամ,ես քո ձեռքին կխենթանամ,
Ես ասացի.-Գուցե՞ մնաս ու շրջվեցի արդեն չկաս…

Լուսաբացին դու մոտեցար իմ տան փակ դռանը
ու ասացիր.-Բացիր,
Ես փակ դռան հետևն անցա ու ասացի.-Չքվիր…

Տաթև Մաղաքյան

**
ՍԵՐ

Դու քո տանը նստած մեղքեր էիր հյուսել՝
Օծել մեղքերով սին,ոսկեզօծել…
Ես իմ տանը նստած ժպտում էի դեռ քեզ՝
Պատմում իմ լսածից,կարդացածից…
Դու քո տանը նստած դավեր էիր հյուսել՝
Սարդի ճարպիկ վազքով սարդոստայնի նման…
Ես՝միամիտ մի ճանճ,
Սարդոստայնդ ընկել ու աղոթում էի ճամփիդ համար…

Տաթև Մաղաքյան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ