ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 5, 2015 13:58 - 2 քննարկում

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը. Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում

http://akunq.net/am/?p=46513
Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն, խնդիր էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնել Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։
Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (նավահանգիստ էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի (1851-1930) գլխավորությամբ։
Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։ Ի դեպ, այս խնդրում հայկական պատվիրակությունների միջև կային որոշ տարաձայնություններ։ Բանն այն է, որ Ազգային պատվիրակությունը ավելի մեծ տարածքային պահանջներ էր բարձրացնում, քան Հայաստանի կառավարության պատվիրակությունը։
Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատի (հովանավորության կամ խնամակալության) հարցը։ Այսինքն, անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին՝ ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ այն կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հույս էր տածվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և Հայաստանի մանդատի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան՝ ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն 1920թ. հունիսին ԱՄՆ-ի սենատը ձայների մեծամասնությամբ մերժեց ընդունել Հայաստանի մանդատը։

Սևրի պայմանագիրը
1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Կիլիկիահայության աղետը
Սևրի պայմանագրի հետ սերտորեն առնչվում էր նաև կիլիկիահայության ճակատագիրը։ Պայմանագրով Կիլիկիայի հովանավորությունը ստանձնել էր Ֆրանսիան։ Կիլիկիահայության համար լուրջ սպառնալիք դարձավ քեմալական շարժումը։
1920թ. սկզբին քեմալական զինյալ ուժերը և թուրք-քրդական զինված խաժամուժը հարձակվում են հայ և մյուս քրիստոնյա բնակչության վրա։ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր ծավալվեցին Մարաշում, Հաճնում, Ուրֆայում և Կիլիկիայի այլ վայրերում։ Սակայն ֆրանսիական զինված ուժերի կողմից հայերին լքելու հետևանքով հայերի ինքնապաշտպանությունը թուլացավ, և տեղի ունեցան կոտորածներ, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր։
Հայ ազգային-քաղաքական շրջանները մտադիր էին Կիլիկիայում ստեղծել ինքնավարություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո։ 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։ Արձակվեց Մ. Տամատյանի գլխավորած կառավարությունը։ Հայերին զինաթափեցին։ Ֆրանսիական զինված ուժերը լքեցին Կիլիկիան՝ տեղի 150 հազար հայությանը թողնելով թուրքական հրոսակների ճիրաններում։ Կենդանի մնացած հայերը հարկադրված կրկին արտագաղթեցին դեպի հարևան արաբական երկրներ՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, նաև՝ Կիպրոս, Եվրոպա։ Երկրամասը հայաթափվեց։
Ահա այսպիսի աղետալի հետևանքներ ունեցավ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Կիլիկիայի ու կիլիկիահայության խնդրում։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ երբ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիային օգնություն էր հարկավոր, կազմվեց հիմնականում հայերից բաղկացած 5000-անոց «Արևելյան լեգեոնը» (1916թ.), որն աչքի ընկավ մի շարք կռիվներում, իսկ այժմ, երբ պետք էր Ֆրանսիայի գործնական օգնությունը հայերին, այն չկայացավ։
Հանրագումարի բերելով ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը 1918-1920թթ.՝ կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։

http://www.findarmenia.com/arm/history/27/578



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Gagik
Sep 7, 2015 5:10