ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, June 7, 2015 13:56 - 4 քննարկում

Մարկ Արյանի հայտնի անհայտ պատմությունը, նրան հիշողների և փնտրողների համար :

1968 թվական, Երեվան: Սարի թաղ թաղամաս: Տան կտուրից երեք երեխա ձեռքից ձեռք խլելով հեռադիտակը, նայում են բարձրունքից երևացող Հանրապետական մարզադաշտի իրարանցմանը: Այսօր ֆուտբոլի օր չէ , բայց զարմանալիորեն շատ մարդ կա : Սովորաբար ֆուտբոլի օրերին կանգնում է նաև անտառատակի սարալանջով անցնող բեռնատար գնացքը և այս բարձրունքից գնացքավարներն հետևում են խաղին: Այսօր առաջին անգամ մարզադաշտը հյուրընկալելու է երգչի: Բազմահազար ամբոխի ձայնին սովոր մարզադաշտը այսօր լսելու է միայն մեկ ձայն: Երգելու է Մարկ Արյանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄԱՐԿ ԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Արդ խոսվում է սփյուռքի ու հայրենիքի կապի, միացյալ ազգի ու մշակույթի մասին: Հեռուստատեսությունը և մամուլը լցված են բազմաթիվ կոչերով և մտքերով համայն հայության և հայրենիքի համար: Բազմաթիվ գիտական սեմինարներ պատմում են սփյուռքի պատմության և սփյուռքի առկա խնդիրների մասին : Ավաղ, նրա մասին կարող են պատմել միայն այն սերունդները, որոնք ծնվելով օտարության մեջ, սնվելով հեռավոր ու կորսված հայրենիքի երազանքով, ստանալով ծնողներից ժառանգություն միայն լեզու ու ազգություն, պետք է խորտակեին այն աներևույթ պատերը, որոնք դրված էին երազած ու կորսված հայրենիքից մի փոքր կտոր մնացած հույսի ու լույսի շուրջ: Նրանք պետք է կռվեին իրենց ազգության նկատմամբ հարգանքի, դիրքի ու ճանաչման համար օտար հողում, թողնելով այն իրենց հետևից որպես ժառանգություն : Նրանք պետք է պահեին իրենց մայրական լեզուն , երգելով հայրենիքի մասին երգը: Ես, հեղինակս , ապրելով սփյուռքում և լինելով օգտվող սերունդը նրանց թողած ժառանգության, չէի կարող չփնտրել ժառանգության աղբյուրները :

ԵՍ ՕԳՏՎՈՒՄ ԵՄ ժԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

Արդեն երկար ժամանակ է ինչ Եվրոպայում իմ ազգանունը ինձ տալիս է բավական կոմֆորտ գործերս առաջ տալու համար : Կարծո՞ւմ եք ազգությունն է : Հնարավոր է, բայց այս դեպքում ոչ : Ֆրանսիայում շատ Մարկարյաններ կան: Ես գիտեմ դա ինչն է, Մարկ Արյան ազգանունն է, սակայն…
Զանգում եմ գործով .
– Բարև ձեզ, խնդրում եմ գրանցել ինձ շրջանի գործատուների հետ հանդիպմանը :
– Ցավում եմ պարոն, բայց ուշացել եք, տեղերը սպառված են, կզանգահարեք երկու ամսից,- մեքենայի պես կրկնում է հեռախոսավարուհին :
– Սպասեք, սպասեք, հնարավոր է միգուցէ վերջին րոպեին տեղեր ազատվեն և …
– Չգիտեմ, չեմ կարծում, սպասողների ցուցակը երկար է, սակայն եթե պնդում եք, թողեք ձեր տվյալները:
-Գրեք, Հովհաննես Մարգարյան:
-Ներեցեք չհասկացա, Մարկ Արյա՞ն,- մեխանիկականից մարդկայինի վերափոխվելով հարցնում է ձայնը:
-Հենց այդպես ,- ասում եմ ես, որպիսի նորից տառ առ տառ չկրկնեմ ֆրանսիացիների համար դժվար իմ անունը :
Մի պահ լռություն է տիրում, հետո ձայնը, որն արդեն ամբողջությամբ մարդկայինի էր նմանվել, ինձ ասում է, «ապա սպասեք, հնարավոր է մեկ տեղ ազատվի շուտով, ես ձեզ կգրանցեմ նախապես , բայց անպայման խնդրում եմ ժամանակին կներկայանաք »:
Ես բավարարված, շնորհակալություն եմ հայտնում և դնում լսափողը :Ես լսել եմ նրա մասին ու գիտեմ, որ այդպիսի անունով երգիչ է եղել : Բայց օգտվելով նրա թողած ժառանգությունից, չգիտեմ ով է ժառանգատուն, միայն ինչ- որ պատմություններ եմ լսել նրա մասին : Բայց ահա պարզվում է, որ այստեղ՝ Ֆրանսիայում, նրան լավ են ճանաչում :
Ավելի ուշ ինձ սպասում էր նոր անակնկալ : Բրյուսելում ես պետք է ստանայի իմ «նոր մեծ» ժառանգությունը : ժառանգությունը ես ընդունեցի կայարանի տոմսարկղից:
-Երկու տոմս խնդրում եմ, դեպի Փարիզ ,- դիմեցի ես անընդհատ իր էկրանին նայող տոմսավաճառին:
-Հարյուր քսան ութ եվրո և վաթսուն,- առանց գլուխը բարձրացնելու ասաց տոմսավաճառը:
-Իսկ ավելի էժան հնարավո՞ր է, -հարցրեցի ես:
-Ոչ, -անմիջապես խոսքս կտրեց տոմսավաճառը, չցանկանալով նույնիսկ գլուխը բարձրացնել դեպի ինձ :
-Այդ դեպքում երկու տոմս և երկու ստացական վճարման մանրամասնություններով,- նեղված ավելացրեցի ես, չնայած ամենևին ստացականի կարիք չունեի :
– Ի՞նչ անունով պատրաստել ստացականը ,- նույն տոնով պատասխանեց տոմսավաճառուհին :
-Մարգարյան,- շպրտեցի ես, առանց ասելու իմ անունը, շրջելով գլուխս դեպի կայարանի իրարանցմանը : Մի պահ գլուխս հետ շրջելով դեպի տոմսավաճառը, տեսա որ նա արդեն բարձրացրել է գլուխը և ուշադրությամբ ինձ է զննում :
-Իսկ դուք անձնագիր ունե՞ք,- հարցրեց տարեց տոմասավաճառուհին, նա առաջին հայացքից երիտասարդ միջին տարիքի կնոջ էր նմանվում :
Բելգիայում ընդհանրապես, տոմսարկղում փաստաթուղթ չեն ուզում , դրա համար ես ավելի զայրացա ու հպարտորեն պարզեցի անձնագիրս դեպի տոմսավաճառը :
Տոմսավաճառը նայեց անձնագիրս, վերցրեց այն ու դուրս եկավ մի, հետո մտավ մի այլ տարեց, բայց լավ պահպանված կնոջ հետ : Սա ևս ինձ սկսեց աչքերով մանրակրկիտ զննել:Հետո լայն ժպտալով ասաց.« եթե սպասեք ևս մեկ ու կես ժամ, ապա երկու տոմս կա հաջորդ գնացքի համար առաջին կարգում, ընդհանուր գումարը կկազմի վաթսուն ութ եվրո, համարյա երկու անգամ ավելի քիչ սովորական երկրորդ կարգի գնից » :
Ես իհարկե զարմացած անսպասելի հաջողությունից համաձայնվեցի և ընկերոջս հետ գնացքում վայելեցի ինձ ժառանգություն հասած առաջին կարգը, նորից ոչինչ չիմանալով ժառանգատուի մասին:
Երկար ժամանակ խորամանկորեն օգտվելուց հետո ինձ հասած ժառանգությունից , վերջապես մի օր մտքովս անցավ ստուգել ժառանգատուի մասին տեղեկությունները և ահա այստեղ ես հայտնաբերեցի մի հսկայական հարստություն, որը թողել էր իմ ժառանգատուն իր ազգին և որը պահված էր տարատեսակ խոսակցությունների և ինֆորմացիայի բացակայության բանալիներով :

ՄԱՐԿ ԱՐՅԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ

Երբ փնտրում էի նրա մասին համացանցում, գտա երկրպագուների մի բանակ, որոնք պատմում էին Մարկ Արյանի երգերի տակ անց կացրած իրենց երիտասարդության, հուզումների, սիրո կամ լավագույն պահերի մասին : Ֆորումներում գրում են նրա մասին տարբեր երկրներից, Հոլանդիա, Բելգիա,Լիբանան, Եգիպտոս,Թուրքիա, Կանադա, ԱՄՆ և այլն . Փնտրում են ամենուրեք նրա երգերի հավաքածուները, նշելով որ այն հնարավոր չէ գտնել հիմա արդեն խանութներում : Պատմում նրա հետ կապված հուշեր : Պարզվում է համաշխարհային մակարդակի երգիչ է եղել Մարկ Արյանը : Շուտով ես պետք է ցնցվեի և անպատասխան հարցերի մեջ ընկնեի մի փաստից : Ֆրանսերենով գրված հղումնեի մեջ, մեր հայրենակիցները չհասկանալով մեծամասնությամբ գրված ֆրանսերենով տեքստերը , ավելացնում են ֆորումում այսպիսի հղումներ : Մեջբերում եմ երկուսը ; Կարինե Սահակյանցը գրում է « Ես շնորհակալ եմ ադմինիստրատորից, Հույս ունենք, որ Մարկ Արյանը մի օր նորից կվերադառնա Հայաստան և համերգ կտա » : Տիկին Սահակյանց կարծում է, որ Մարկ Արյանը դեռ կենդանի է :
Իսկ Դոկտոր Գուրգեն Կարապետյանը գրում է ; « Երկար ժամանակ է ինչ փորձում եմ հասկանալ, ինչպե՞ս է հնարավոր, որ այս մեծ երգիչը մոռացված է Հայաստանում, երբ իմ սերունդը աղոթում էր նրա երգերի տակ, երբ նա համարվում էր ամենաճանաչված ու հայ առաջին արտիստը : Երբ գրվում էին բազմաթիվ հոդվածներ նրա մասին հայերենով և ռուսերենով, երբ պատրաստում էին բազմաթիվ հեռուստահաղորդումներ նրա մասին, ռադիոյով անդադար նրա երգերն էին դնում : Նույնիսկ ես պատրաստել եմ ռադիոհաղորդում նրա մասին, գրել հոդված, ներկայացրել հեռուստատեսությամբ: Իսկ հիմա ոչ մեկը չգիտի նրա մասին և երեսուն տարի անց միայն նրա երգերից մի քանիսն է հնարավոր գտնել : Ես ուզում եմ հասկանալ ի՞նչ եղան 1968թ. Երեվանյան Համերգի ձայնագրությունները և հեռուստատեսային հաղորդման տեսագրությունը : Եվ իմ ցանկությունն է վերադարձնել Մարկ Արյանի բոլոր երկու հարյուր երգերը : Ես շարունակում եմ փնտրել նաև Երեվանյան Համերգում նրա հնչեցրած երգերը » :
Դոկտորը աշխատել է ռադիոյում կամ հեռուստատեսությունում, ինչպես ինքն է գրում, բայց չի կարողանում գտնել Մարկ Արյանի ձայնային կամ տեսագրության որևէ նմուշ և օգնություն է խնդրում, որպիսի գտնեն արտասահմանում Մարկ Արյանի Երևանյան ձայնագրությունները:
Մարկ Արյանը 1969 ին, Երևանյան համերգներից հետո, թողարկել է հայերեն երգերով ձայնասկավառակ «Իմ սպիտակ սարեր » անվանվամբ : Սկավառակի առաջին շապիկի վրա գրված է «Ես գիտեմ » և «Երևան » երգերի անունները : Բառերը և երաժշտությունը Մարկ Արյանի, մակագրությամբ : Պետք է նշել, որ Մարկ Արյանը իր բոլոր երգերի բառերի և երաժշտության հեղինակն է : Մի բացառությամբ, « Երևան » երգի բառերի հեղինակը Թամարա Դեմուրյանն է, երաժշտությունը Մարկ Արյանինը :

ՄԱՐԿ ԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հետպատերազմյա աշխարհը փնտրում էր նոր էջ : Վաթսունականի երիտասարդությունը, որը ծնվել էր պատերազմից հետո ,ուզում էր ազատվել հայրերից մնացած պատերազմի հոգեբանական շղթաներից : Կառուցել նոր երազանք , նոր սերունդների համար : «Բեյբի բում»-ի երիտասարդությունը պետք է հեղափոխեր աշխարհը վաթսունականներին : Արևմուտքում բիթլզները պետք է դառնային երիտասարդության տարերքը, Էլվիսը Նահանգներում դեռ պետք է տաներ այդ երիտասարդությանը քաղցր պատրանքների երկիր : Ֆրանսիայում երիտասարդությունը դուրս պետք է գար հեղափոխության, առանց հասկանալու ինչի, կամ ում դեմ :Արևմտյան բուրժուազիայի երեխաները դեռ պետք է դուրս գային փողոց դառնալու բայկերներ և հիպպիներ :Համաշխարհային մշակութային հեղափոխության ալիքի ազդեցության տակ էր նաև երկաթյա պատերով Սովետական Միությունը :Այդ ալիքից մի քանի կաթիլ ընկնում էին պատերից այս կողմ : երիտասարդությունը այստեղ կառուցում էր սեփական երազանքը :
Սովետական Հայաստանի վաթսունականների նոր սերունդին բաժին էր ընկել կրկնակի շղթա : Հայրերի պատերազմի և պապերի Հայրենիքի կորստյան շղթաները :Հայրենիքի իղձը պարփակված էր Սովետական մեծ երկրի պարտադրված երջանկությամբ : Խորհրդային Հայաստանի երիտասարդությունը փնտրում էր իր արմատները, սակայն պարտավոր էր նրան փնտրել կարմիր ակնոցներով և այն էլ միայն սովետական արտադրության:
Հայկական նոր սերունդը բաժանված էր երկու մասի: Հայրենիքից պարտադրաբար զրկված, սակայն հայրենիքի իղձով օտարության մեջ ապրող սերնդի, և հայրենիքում ապրող, սակայն հայրենիքի իղձից պարտադրաբար զրկված սերնդի: Առաջինները պետք է փնտրեին հայրենիքը, վերջինները հայրենիքի իղձը: Եվ այն համաշխարհային ալիքի տակ, որը սովետական երկաթյա պատերից ներս էր շպրտում հեղափոխվող մշակույթի մի քանի կաթիլ: Հայաստան պետք է մտնեին հայրենիքը փնտրող, օտարության մեջ ապրող նրա որդիները, որպիսի ցանեին հայրենիքի իղձը Հայաստանում ապրող նոր սերնդի հոգիներում :
1968թ. Հոկտեմբեր : Երևանը տոնում է իր 2750 ամյակը : Արդեն երեք տարի էր ինչ Երևանյան փոշոտված օդում պտտվում են ազգայնական տրամադրությունները : Տոնական իրադարձությունների և ազգային աներևույթ խառնաշփոթի մեջ հայտնվելու է և իր ժողովրդի սրտի ու գիտակցության մեջ է մտնելու Մարկ Արյանը :
Մարկ Արյանի ժողովրդականությունը շատ մեծ էր Հայաստանում : Վաթսուն ութին նրա համերգին Հանրապետական ստադիոնը լեփ լեցուն էր : Խորհրդային Միության եռեսուն օրվա շրջագայության ընթացքում Մարկ Արյանը բազմաթիվ համերգներ էր տվել, սակայն այն համերգը, որ պետք է տար Հայաստանում, նրա համար ամենակարևորն ու հուզականն էր : Նա Հայաստանյան համերգին պատրաստվել էր երկար, նա հրավիրել էր Եվրոպայի լավագույն ձայնային օպերատորներին, իր հետ բերել էր ամենաժամանակակից ձայնային տեխնիկան :Երևանը պատրաստվում էր ընդունել Մարկ Արյանին…

ԱՍԵԿՈՍՆԵՐ ՄԱՐԿ ԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանյան համերգներից հետո Մարկ Արյանը անհետացավ Սովետական իրականությունից : Նրա մասին պտտվում էին բազմաթիվ ասեկոսներ: Պատմում էին, թե Մարկը լրտեսության մեջ կասկածվել է Մոսկվայի կողմից : Տրամաբանական է, որ Խորհրդային միությունում միայն մի քանի օր մնացած երգիչը չէր կարող լրտեսել : Կամ ասենք որ, Նա ընդունել է իսլամ և գնացել թուրքիա ապրելու : Ինչպես կարող էր Հայաստանում հայերենով «Սրբազան Հայրենիք » երգողը իսլամանալ : Կամ ասենք «Իստամբուլ, Իստամբուլ» երգի համար՝ «պատժվել է Ազնավուրի կողմից» և  Օլիմպիա համերգասրահում մնացել է առանց հանդիսականների: Այս ասեսկոսներին միգուցէ ինքս էլ հավատայի, եթե չլիներ Մարկ Արյանի կենսագրությունը, կենսագրության ժամանակացույցը :Նրա անցած ուղին, և իսկական հայորդու այն կարողություններն ու ունակությունները, որոնք միայն հատկանշական են հանճարին : Նա կարողացել է իր ձեռքերով բարձրանալ հասնել այն բարձրունքներին, որին հասնում են միայն շոուբիզնեսի գերժամանակակից ուղղորդիչներով: Նա միայնակ խորտակելով շոու բիզնեսի փողից սարքված պատերը, մնացել է ժամանակակիցների հոգիներում ու հիշողությունների մեջ առհավետ : Սևակի այս խոսքերը միայն կարելի է նրան վերագրել. «քեզ կաղ են ասել , սակայն դու հասել ես այնտեղ ուր ոչ ոք չի հասել, քեզ կույր են ասել սակայն դու տեսել ես այն ինչ ոչ ոք չի տեսել»:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարկարյանները հիմնվում են ֆրանսիայում

Գևորգ Մարկարյանը և նրա կին Վարդանուշը, փրկված եղեռնից, ութ տարի Սիրիայում և Լիբանանում բռնագաղթվելուց հետո, գալիս են ֆրանսիա որտեղ և ունենում են իրենց երրորդ որդուն : Նրա անունը Հարություն (Հենրի) Մարկարյան էր : Ծնողները որոշել էին անպայման կնքել նրան հայկական անունով : Ծնվել է 1926 թվի 14 Նոյեմբերին, Ֆրանսիական Վալանս քաղաքում : Նա Մարկարյան ընտանիքի յոթ երեխաներից երրորդն էր: Երկուսը մահացան վաղ հասակում : Մնացին երեք քույր՝ Անահիտը, Ժանինը Դոմինիկը և եղբայրը՝ Ժակը :
1936- ին հայրը, հավաքելով իր բոլոր միջոցները գնում է մի փոքրիկ ջրաղաց Վալանսի արվարձանում և սկսում արտադրել արևլյան սննդամթերք հացահտիկային մթերքի տեսակներից: Նա հիմնում է նաև «ՄԱՐԿԱԼ» ձեռնարկությունը, որը յոթանասուն հինգ տարի անց դեռ գոյություն ունի, : հիմա արդեն մեծ ձեռնարկություն է և մասնագիտացված է բիոլոգիական սննդի արտադրությամբ:

ՄԱՐԿ ԱՐՅԱՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԳՈՐԾԱՐԱՐ

Վաղ երիտասարդ տարիքում Մարկ Արյանը ծանր հիվանդացավ, բարդ վիրահատությունից հետո երեք տարի բուժվում էր հատուկ առողջարանում և պայքարում մահվան դեմ, մաքառելով կյանքի և մահվան միջանցքում: Քսանմեկամյա Մարկը վերադարձավ տուն արդեն առողջ , նա արդեն որոշել էր, որ երաժշտությամբ պետք է զբաղվի :Նա երաժշտական դպրոց չէր գնացել : Ինքնուրույն սկսեց սովորել սոլֆեջիո, դաշնամուր, հարմոնիա, և այն ամենը ինչ պետք էր երաժիշտին : Երեք տարի նա աշխատում էր օրական 12 ժամ , երբեմն 16 : Երեք տարի անց նա զարմացրեց բոլորին նվագելով Բեթհովենի «Ապասիոնատան», որը բավականին բարդ ստեղծագործություն է նույնիսկ փորձառու երաժիշտների համար : Նա զբաղվում էր նաև պոեզիայով և գրում սեփական բանաստեղծություններ:
Երբ նա արդեն քսանհինգ էր, հայրը նրան նշանակում է ընտանեկան զարգացող բիզնեսի կառավարիչ : Հակառակվելով իր սրտին , սակայն ոչ հորը, նա ստանձնում է այդ պատասխանատվությունը և շատ արագ ցուցադրում նաև գործարարության մեջ իր տաղանդը : Երեք տարիների ընթացքում փոքրիկ ընտանեկան բիզնեսը դառնում է 45 աշխատող ունեցող ձեռնարկության :Այնուհետև, Վալանսում բացում է երաժշտական խանութ, որտեղ օգնում են նրան քույրերը : Շատ արագ ձայնասկավառակների խանութը, մեծ հաջողություն է ունենում և կարճ ժամանակահատվածում դառնում երաժշտական սկավառակների խանութների ցանց : «Հաջողությունը նրա մեջ էր, որ իմ վաճառողները գիտեին ինչ են վաճառում, նրանք գոնե մեկ անգամ պետք է լսած լինեին այն, ինչ վաճառում են» կպատմի նա մի օր: Այնուհետև նա մի օր անսպասելի որոշում է ընդունում և վաճառում հաջող ընթացող բիզնեսը : Թողնելով սկավառակների վաճառքը նա տեղափոխվում է Փարիզ, բնակարան գնում Օլնեյ Սու Բուա արվարձանում : Ինչպես սկսնակ հեղինակ, թակում է բոլոր դռները, սակայն նրան քաղաքավարի մերժում են: Նա չի վհատվում,և քանի որ ոչ ոք չի ուզում երգել իր գրած երգերը , նա որոշում է ինքը երգել: Այնուհետև, հիմնում է սեփական ձայնագրման ստուդիան, անվանելով այն «Մալաթիա»:Ինչպես նաև թողարկում սեփական «Մարկալ» ապրանքանիշով ձայնասկավառակներ : Վաթսուներեքին նրա քույրերից մեկը ամուսնանում է բելգիացու հետ և նրանք միասին ձեռք են բերում մի գիշերային ակումբ, բելգիական ծովափին` Զեեբուրգում և անվանում «Բարք ա Ժակ» :

60-ԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԵՐՔԸ, «ԲԱՐՔ Ա ժԱԿԸ» ԵՎ ՄԱՐԿ ԱՐՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մի քանի անհաջող փորձից հետո Հարություն Մարկարյանը որդեգրում է Մարկ Արյան կեղծանունը :Թողարկում նոր սկավառակ «Արյանները և եվրոպական տղաները » երեք հազար օրինակից և ուղևորվում դեպի Զեեբուրգ « Բարք ա ժակ » :
1963թ. Օգոստոսն է : Բելգիայի բոլոր ակումբներում Մարկ Արյանի սկավառակն է պտտվում : Մի քանի օրվա ընթացքում Մարկ Արյանի երգերը դարձել են հիթ : Ձայնասկավառակների գնման կետերում ֆանտաստիկ պահանջարկ է առաջացել : « Բարք ա Ժակ » Նավակ ակումբ ընկնելը անհնարին է : Երիտասարդ շիկահեր և սևահեր աղջիկները լայն շրջազգեստներով, և տղաները լայնաբերան տաբատներով և վերնաշապիկներով անընդմեջ պարում են Մարկ Արյանի երաժշտության ներքո :
Վաթսուն երեքի վերջում Մարկ Արյանը իր ապրանքանիշով պայմանագիր է կնքում խոշոր երաժշտական « Գրամոֆոն » ֆիրմայի հետ : Հաջողությունները հաջորդում են միմիյանց : Հաջորդ տարվա ընթացքում Մարկ Արյանը թողարկում է ևս երկու սկավառակ : « Եթե ես լինեի արքայի որդին » երգը Հոլանդիայում մեկ ամիս դառնում է համար առաջին հիթը և մեկ շաբաթվա ընթացքում այստեղ վաճառվում է ավելի քան տասներկու հազար սկավառակ:

ՄԱՐԿ ԱՐՅԱՆԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՄԱՐԿ ԱՐՅԱՆՆ Է

Նա չէր սիրում պայմանագրեր կնքել, որտեղ կային տարատեսակ պարտադրություններ , Նախընտրում էր ինքը պարտադրել :Պրոդյուսերական տներից արված բազմաթիվ առաջարկներ մերժելուց հետո, որոշում է հիմնել սեփական պրոդյուսերական տունը : Ջեֆ Դեբոեկը դառնում է նրա պրոդյուսերական տան գեղարվեստական ղեկավարը : Այսուհետ երաժշտական աշխարհում Մարկ Արյանը նաև որոշող է : Նա ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, ձայնասկավառակների սեփական ապրանքանիշը,թողարկում է ձայնասկավառակներ, ունի իր պրոդյուսերական տունը, ունի նաև վեց հոգանոց երաժշտական խումբ, ձայնային օպերատոր,գեղարվեստական ղեկավար, ինքնուրույն իրացնում է իր թողարկած երգերը, գրում երաժշտությունը ու բառերը և այն կատարում բեմի վրա : Նա նաև հետագայում կաշխատի այլ երգիչների հետ: Ֆրանսիական առաջավոր շոու բիզնեսի աշխարհին չենթարկվող փոքրամարմին հսկան շուտով միայնակ ունենալու է միջազգային համբավ :

ՄԱՐԿ ԱՐՅԱՆԸ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՏՂ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՏՈՒՐԲԱԴՈՒՐ

Վաթսուն չորսի ամռանը Լիբանայան « ԼՍԴ » ձեռնարկությունը պայմանագիր է կնքում Մարկ Արյանի հետ Լիբանանում նրա սկավառակները իրացնելու համար : Կարճ ժամանակահտվածում բոլոր մինչ այդ թողարկված երեք սկավառակները մեծ պահանջարկ են ունենում այս երկրում : Սակայն նրան արևելքի աստղ պետք է դարձներ նրա զգացմունքները դեպի մի երիտասարդ կնոջ , որոնք պետք է վերափոխվեին երաժշտության: «Կեթի » երգը լիբանանում նրա չորրորդ ալբոմի երգերից էր որտեղ նաև ‘’Դու ես իմ սրտի հիթ պարադի առաջինը » երգն էր : Այս երգեր կպտտվեն վաթսունականներին բազմաթիվ միլիոն անգամներ :
Վաթսուն վեց թիվն է : Մարկ Արյանը ունի միջազգային համբավ : Նա ունի պայմանագրեր ավելի քան տասնհինգ երկրների հետ : շրջագայությունների ժամանակ նա հավաքում է բազմահազար հանդիսկաններով լեցուն դահլիճներ և մարզադաշտեր : Թուրքիայում շրջագայության ժամանակ իր համերգներին վաճառվել էր ավելի քան 80000 տոմս : Իստամբուլի փողոցներում զբոսնելուց ներշնչվում է «Իստամբուլ» երգը , որը զուտ լիրիկական երգ է : Ահա նրա բառերը թարգմանաբար ;
Իստամբուլ, Իստամբուլ
Մտքովս հաճախ են անցնում
Քո մզկիթներն ու երկար մինարեթները
Որոնք ձգվում են դեպի երկինք :
Իստամբուլ, հաճախ երազում տեսնում եմ
Բոսֆորի կապույտ աչքերը,
Ուր երևում է մի կերպար շատ սիրելի
Ես թողեցի քո պատերի մեջ,
Մի աղջկա անարատ սրտով,
Մի աղջկա, ում ես սիրեցի
Որը գեղեցիկ է ինչպես պոեմը…..
……………………. ;
Այս երգն է պատճառը ասեկոսների : Մարկ Արյանը թուրքիայում եղել է երեք անգամ, տասը օրով, շրջագայությունների ժամանակ : Պետք է նշել, որ Թուրքիա նրան հրավիրել են տեղի հայ համայնքի ազդեցիկ դեմքերը : Նրա կյանքում եղել են երեք կին Կեյթը, Նիկկին, ամուսնացել է մեկ անգամ , Մարյանն Բուրիեսի հետ :այնպես որ այս վարկածը չի համապատասխանում իրականությանը : շարունակենք փնտրել իրական խնդիրը :
Նա Շահի հրավերով այցելում է Իրան սակայն վատառողջ լինելու պատճառով նրա համերգը հետաձգվում է :Շահը ուղարկում է անձնական բժշկին և շուտով ապաքինվելով նա համերգ է տալիս Շահի ներկայությամբ :
Վաթսունականներին ,Մարկ Արյանը հրավիրվում է հեռուստատեսություններ, Փառատոնների, բոլոր եվրոպական երկներում արևելքում, Կանադայում, ԱՄՆ ում : Սակայն զարմանալիորեն ոչ Ֆրանսիայում : Նրա սկավառակները վաճառվում են Ֆրանսիայում անդադար, սակայն ռադիոյով նրան հազվադեպ է հնարավոր լսել :
1968 Թ ; թողարկվում է Մարկ Արյանի տասերորդ ալբոմը :Այդ տարի Արյանը կթողարկի ևս երկու ալբոմ :

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԳԸ 

Սովետական Միությունում Մարկ Արյանը երեսուն օրյա շրջագայության էր : Մոսկվայում նրա համերգների տոմս գտնելը անհնար էր : Երևանում նա տվեց մի քանի համերգ և ամենակարևոր համերգը Հանրապետական մարզադաշտում 30000 հանդիսականի առջև : Մինչ այդ ոչ մի երգիչ չէր համարձակվել երգել մարզդաշտում : Նախ երաժշտական ակուստիկայի տեխնիկական խնդիրներ էին բարդ և ծախսատար : երկրորդ, որ մարզադաշտ լցնելը հանդիսականներով շատ դժվար էր : Սակայն Արյանը արդեն բազմաթիվ անգամ լցրել էր բազմահազար համերգային դահլիճներ : Իսկ Հայաստանում նա գիտեր, որ երգելով հայերեն նրան տրիումֆ էր սպասում : Նա նախընտրում էր լինել հայերենով, հայրենիքի երգը երգող սփյուռքահայ երգիչ, քան անհասկանալի լեզվով երգող ֆրանսիացի աստղ` հայկական ծագումով :
Երևանում նա երգեց իննը երգ հայերենով , ինչպես նաև « Երևան » երգը և մի քանի ֆրանսերեն երգեր : Նույն թվականին թողարկվեց նրա հայերենով ձայնասկավառակը : Յոթանասունականներին նրա երգերը լսում էին ամենուր Երևանում : Նա այլևս հայրենիքի ձոնը հնչեցնողն էր :
Կարոտով լցված երգել եմ ես, երգել
Օտար ափերին նորեն քեզ երազել
Արարվեցար ձեռքումս երկիր իմ ազատ
Դու բացիր վառ գարուններ համայն հայության
Փառք քո զավակներուն , քեզնով են հպարտ
Փառքդ տանեմ աշխարհներուն իմ Երևան
Եկել եմ փարվեմ քո սրբազան հողին
Սևանից զուլալ, իմ Հայրենիք անգին :
…………………………………………..
Սա թուրքամետության մեջ անարդարաբար մեղադրվող երգչի երգն է, որ երգում է նաև « կսիրեմ ձեզ սպիտակ սարեր » երգը ձոնված Արարատին :Ահա բառերը թարգմանաբար (քանի որ հայկական տարբերակը կորել է) ;
Երբեմն աչքերս փակ
Կտեսնեմ ձեր գագաթները սպիտակ
Կլսեմ ձայնը պարզ
հովիտներու աղբյուրներիդ
Կսիրեմ ձեզ սպիտակ սարեր, Սիրուն սարեր իմ երկրի
Կսիրեմ ձեզ սպիտակ սարեր, քնքուշ սարեր իմ երկրի
Կծերանամ, ձյունի պես սպիտակ մազեր կունենամ
Նախնիներիս մոտ կյանքիս վազքը կվերջացնեմ
Կսիրեմ ձեզ սպիտակ սարեր
Քնքուշ սարեր իմ մայր երկրի
Կսիրեմ ձեզ սպիտակ սարեր իմ երազների
………………………………………

Ցավոք նրա բոլոր հայերեն երգերը չկան : Միգուցե և կան նրանք՝ ինչ- որ մեկի մոտ : Վաթսունիննին նկարահանվել է ֆիլմ « Երգում է Մարկ Արյանը » Այն գրված է հայֆիլմի արխիվի ցանկում , բայց մինչ այսօր երբևէ չի ցուցադրվել :
Հասկանալի է, որ սովետական այդ ժամանակահատվածում ազատ երկիր և սրբազան հայրենիք երգելը շատ համարձակ էր և որ նրա մասին ինֆորմացիայի կորուստը մեր երկրում տրամաբանական էր : Սակայն ինչո՞ւ, լինելով միջազգային ճանաչում ունեցող երգիչ , իր երկրում՝ Ֆրանսիայում, նրա մասին ինֆորմացիան բացակայել է իսկ սկավառակները չեն թողարկվել : Այստեղ ես գալիս եմ այն եզրահանգման, որ «Օլիմպիա»- ի հետ կապված պատմության մեջ միգուցե ճշմարտություն կա : Ի՞նչ է եղել իրականում : Ինչո՞ւ յոթանասունականներին սկզբներին Մարկ Արյանի նոր սկավառակն արգելվում է Ֆրանսիայում և Արյանը դիմում է խորամանկության, շապիկի վրա գրելով «արգելված սկավառակ» և վաճառում ձեռքի վրա : Ինչո՞ւ յոթանասունականների երկրորդ կեսին և ութանասունին նա զբաղվում է միայն ուրիշ երգիչների ձայնագրությամբ : Եթե նա համարվել է թուրքամետ , ապա ինչո՞ւ այդքան ակտիվ սփյուռքյան մամուլը լռում է : Արխիվներում նրա մասին ոչինչ չկա : Լռում են նաև նրանք, ովքեր թվում է թե, գիտեն նրա մասին :
Հասկանալու համար թե ինչու Ֆրանսիայում Արյանը համերգ չէր տալիս և ստուգելու այն վարկածը, թե Ազնավուրը գնել էր « Օլիմպիայում » Արյանի բոլոր տոմսերը, մեզ կօգնի հենց ինքը «Օլիմպիան » :

Ո՞ԻՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՕԼԻՄՊԻԱՆ

Փարիզյան «Օլիմպիա»–ն իրականում մեծ համերգասրահ չէ : Այսօր այն երկուհազար տեղ ունեցող դահլիճ է :Երեսուն տարի առաջ միայն հազար երկու հարյուր : Մարկ Արյանը սովորաբար կարողանում էր լցնել վեց յոթ հազարանոց կոնգրեսների պալատ : Հայաստանում երեսուն հազար հանրապետական մարզադաշտ :Սակայն ասում են, եթե արտիստը չի անցնում «օլիմպիա»-ով ճանաչում չի ունենում : Ինչո՞ւ հենց Օլիմպիայով :
« Օլիմպիան », նախկին փարիզյան կաբարեն, որի սեփականտերն էր Մուլեն Ռուժի հիմնադրողը, անցած դարի հիսունականներին դառնում է համերգասրահ կամ մյուզիք հոլլ: Այնուհետև սեփականության իրավունքը գնում է « Յունիվերսալ մյուզիք »-ը : Այս կազմակերպությունը երաժշտական բիզնեսի համաշխարհային, խոշորագույն կոռպորացիա է և Ֆրանսիայում նրա գործունեությունը համարյա մենաշնոր է : Այս կազմակերպությունը կապիտալի ձեռնարկություն է, հիմնված Ֆրանսիական Սոցիետե ժեներալ բանկի կապիտալի վրա, որն էլ իր հերթին բխում է հանրահայտ Ռոտշիլդների կապիտալից : Յունիվերսալ մյուզիքը խոշորագույն սկավառակների թողարկող է , տիրում է հսկայական քանակի հեղինակային իրավունքների, կազմակերպում շոու բիզնեսը : Բոլոր այն երգիչները, որոնք կնքում են պայմանգիր Յունիվերսալ մյուզիք»-ի հետ, արագ բարձրանում են «Օլիմպիայով», և խաղում այնուհետև նրա գրված կանոններով: « Յունիվերսալ մյուզիքը » հսկայական գումարի հոսք է բերում Սոցիետե Ժեներալ բանկին, իհարկե երգիչների արվեստի և հանդիսատեսի երկրպագության շնորհիվ : Այս կազմակերպությունը կարող է դարձնել աստղ, և աստղին մարել իր մեդիատիկ և ֆինանսական ուղղորդիչներով : Եթե ուշադրություն դարձնեք, ապա շատ ձայնասկավառակների շապիկների վրա կտեսնեք «Յյունիվերսալ մյուզիք» մակագրությունը : Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մեծ մասը պատկանում են այս ձեռնարկությանը : Եվ հենց նա էլ տնօրինում է երգիչների բեմական ճակատագիրը :
«Օլիմպիայի» պատմության վարկածը ուղղակիորեն կապված է Մարկ Արյանի երաժշտական աշխարհում «ինքնագլուխ» գործունեությամբ : Նա լինելով ոչ միայն արվեստագետ, այլև հմուտ ձեռներեց, հիմնել էր սեփական երաժշտական կայսրությունը և կառուցում էր սեփական Արարատը ընդդեմ Օլիմպիայի:

ՄԱՐԿ ԱՐՅԱՆԻ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՆ…

Նա բացում է իր ձայնագրման երկրորդ ստուդիան Օհեյնի առանձնատան մոտ, որը Վաթերլոուի շրջանում է : Զինում է իր նոր ստուդիան ամենավերջին տեխնիկայով : Ներդնում է 80000 դոլլար և լատինական ամերիկայից հատուկ ծառի փայտ է բերում, որից սարքված պատերը բարձր ակուստիկա ունեն : Մարկ Արյանի մոտ ձայնագրվում են արդեն շատերը : Մեծ նվագախմբերից մինչև ‘ « Eagles », Antony Quinn, Marwin gay, և այլոք :
Կենսագրությունը ուսումնասիրելով տեսնում ենք, որ Մարկ Արյանը Յոթանասունականների երկրորդ կեսին մինչև ութանասուհինգ թավականը ավելի շատ զբաղվում է այլ երգիչների երգերի ձայնագրությամբ իր ստուդիայում : Խորհրդային միության համերգից հետո, Նրա համերգները և թողարկված սկավառակները հետզտհետե նվազում են : Իսկ 75-77 թվականը նա ընդհանրապես ոչ մի գործունեությամբ չի զբաղվում : ոթանասունականներին նրա թողարկած «Երևան» ձայնասկավառակը ամենապահանջվածն էր : Այն թողարկվել էր Թեհրանում և բերվել Հայաստան: Չնայած Մոսկվայում նույնպես թողարկվում էին նրա սկավառակները, սակայն դրանք միայն ֆրանսերենով երգերն էին : Ահա այն երկրների ցանկը, որտեղ թողարկվել են Մարկ Արյանի սկավառկները ; Արգենտինա, Բրազիլիա, Գերմանիա, Կանադա, Կոնգո, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա,Հունաստան,Հոլանդիա,Իրան, Իսրաել,Իտալիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մադագասկար,Պորտուգալիա,Ռուսաստան, Շվեյցարիա,Չեխոսլովակիա, Թուրքիա :

ՈՒ՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

2007 թվականին թողարկվեց Մարկ Արյանի երգերի մի հավաքածու,մոտ քսան երգով, որտեղ նաև ընդգրկված է « Երևան » երգը ինչպես Բոնուս : Այդ սկավառակը թողարկվել է «Յունիվերսալ մյուզիք»-ի կողմից : Մինչ այդ բազմահազար քանակությամբ թողարկումներից և ոչ մեկը « Յունիվերսալ մյուզիքինը » չեն եղել :
Նույն 2007 թվականին, անմիջապես սկավառակի թողարկումից հետո, հեռուստատեսության էկրաններին երեսուն տարի բացակայությունից հետո հայտնվեցին Մարկ Արյանի կադրերը, ըստ որում տարբեր ձևերով : Հանրաճանաչ Տյերրի Արդիսոնի հաղորդման ժամանակ, որտեղ հավաքվում են չնաշխարհիկ վառ դեմքերը : Տարեց արիստներից մեկ՝Արդիսոնին նվիրեց մի հին սկավառակ, որը Արդիսոնն անմիջապես միացրեց, որպեսզի իրեն հասած անակնկալը հասանելի լինի բոլորին : Լսվեց Մարկ Արյանի ձայնը : Արդիսոնը բացականչեց. «սա Մարկ Արյա՛նն է», և սկսեց կրկնել Արյանի բառերը երաժշտության հետևից, ընկնելով ռոմանտիզմի և նոստալգիայի գիրկը : Մի ուրիշ հաղորդման մեջ որտեղ ցուցադրում են էկրանին կատարված զավեշտալի դեպքերը, հաղորդավարը ուշադրության արժանացրեց այն կադրին, որտեղ Մարկ Արյանը երգելով «իմ փոքրիկ նավատորմ » երգը, երկու ձեռքով բռնվում է ուժեղ թափահարվող նավի բազրիքից, որպիսի չընկնի : Ապա երաժշտության առաջին բառերը լսելուց հետո հաղորդավարն ասեց, թե իրեն դուր եկավ բելգիացի անհայտ երգչի այս երգը և ռեժիսորին խնդրեց այն պտտել մինչև վերջ : Հետևությունները թողնելով ձեզ ես վերադառնում եմ 77 թվական :

ՏՐԻՈՒՄՖԻՑ ԴԵՊԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՆԱՀԱՆՋ

Յոթանասուն երեքին թողարկված և ռադիոյով արգելված սկավառակից հետո Մարկ Արյանը դադարեց ակտիվ գործել : Այդ սկավառակը նա վաճառեց հանճարեղ մտահաղացմամբ, վրան կարմիր տառերով գրելով «արգելված է ռադիոյի կողմից» : Այնուհետև մինչև 77թ. ոչինչ չթողարկեց :77-ին նա վերադառնում է « Օպերացիա բաց սրտով » ձայնասկավառակով : 78-ին թողարկում է « քնքուշ տարիների երգերը » սկավառակը : Սակայն ոչ մի համերգ չի տալիս : Նրան չեն հրավիրում հեռուստատեսություն, ռադիո , թերթերը լռում են : 80-ականներին նա իր ստուդիայում ձայնագրում էր Ամերիկյան վերը նշված երգիչներին միայն և… թողարկում է իր վերջին սկավառակը « Առագաստից այն կողմ » : 85-ի ապրիլին հրավիրվում է Լոս Անջելես և տալիս բազմաթիվ համերգներ: Նրա համերգների մասին գրել են սփյուռքյան մամուլում : Ութսուն հինգի մայիսին ձայնագրում է իր վերջին երգը «քո հաղթանակը » անվամբ:
85թ. նոյեմբերի 30-ի առավոտյան զարթնեցնում է կնոջը, ասելով որ վատ է զգում : Մինչ բժշկական օգնությունը կգար, Մարկ Արյանը արդեն չկար :
Նա իր վերջին հանգրվանը գտավ 1985թ. դեկտեմբերի 4-ին, Օհեյնի գերեզմանատանը :

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

2009 թ. ամբողջ աշխարհի հայերը հայացքները սևեռել են դեպի Շվեյցարիա : Այստեղ ստորագրվելու է հայ- թուրքական հաշտեցման պայմանգիր, որտեղ Հյասատանը պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որով պետք է ճանաչի թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվի թուրքիայի նկատմամբ իր պահանջներից , այդ թվում և ցեղասպանության ճանաչման պահանջից : Հայերը համայն սփյուռքի միահամուռ դուրս են եկել փողոց և իրենց անհամաձայնությունն են հայտնում աշխարհին նման դրվածքի համար : Հայաստանում թեժ պայքար է : հայ ժողովուրդը փորձում համոզել իր նախագահին չխաղալու այդ պարտադրված խաղը : Զարմանալիորեն այդ ստորագրման պահը ցուցադրելու են ուղիղ եթերով, և ոչ միայն Հայաստանի հեռուստատեսությամբ : Սակայն արդեն մեկ ժամից ավել է, որ ոչինչ էկրանին չի կատարվում: Հայկական կողմը ասես հրաժարվում է այն ստորագրելուց :Քիչ անց սրահ է մտնում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը : Նրան են հետեվում ԱՄՆ ի և Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարները, ինչպես նաև մի շարք պաշտոնյաներ : Հետո բերման է ենթարկվում նաև հայակական կողմը, որպեսզի կայանա ստորագրությունը : Կողք կողքի կանգնած քաղաքական դեմքերի սառած և կեղծ ժպիտների մեջ երևում է… արվեստագետը : Իսկ ի՞նչ է անում արվեստը քաղաքականության մեջ : Ակամայից հիշում եմ Մարկ Արյանին, ով մեղադրվում էր թուրքիայում համերգներ տալու համար` թուրքամետության մեջ : Արվեստը քաղաքականություն չի սիրում և մեռնում է նույնիսկ փոքր դոզայից : Սակայն, քաղաքականությունն է սիրում արվեստին և այն կրում է որպես դիմակ : Եթե այնտեղ կանգնած լիներ «սրբազան հայրենիք , համայն հայերի միակ հանգրվան» երգող` արգելված երգիչը, պատկերը այլ կլիներ : Հիմա այստեղ կանգնած արվեստի համաշխարհային հեղինակության ամենակարևոր դերը` հայ ժողովրդին վստահություն ներշնչելն է, որ դավաճանագրերը ի շահ են Հայաստանի : Նա լուռ, առանց խոսքի, առանց հասկանալու, միայն իր ներկայությամբ պետք է դա անի : Ահա թե ինչ դեր է խաղում արվեստը, երբ դառնում է քաղաքական դեսպան :Ահա թե ինչու Մարկ Արյանին (Արու Արիացուն ) պետք է վերացնեին մեր իրականությունից, որովհետև նա կարող էր հավաքել տասնյակ հազարանոց արենաներ և իր հետեվից տանել դեպի սրբազան ՀԱՅՐԵՆԻՔ…





4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՎԵՄ
Sep 11, 2015 20:17