ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 23, 2015 9:49 - չքննարկված

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ. ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ.

10885450_810690155637028_1046333196499302007_n

ԴՈՒ ԾՆՎԻ´Ր, ԵՐԳ

Քունն է փախել
Իմ աչքերից
Ու ծվարել
Չգիտեմ ու՜ր.
Լուռ փնտրում եմ
Որտե՞ղ գտնեմ
Հիմա նրան.
Խոհերի՞ս մեջ,
Հեռուներու՞մ,
Բայց իզու՜ր…
Ու քանդում եմ
Իմ մտքերի
Կծիկն անվե՜րջ
Ու անվե՜րջ.
Ինձ թվում է
Թե չի անցնում
Գիշերն ասես.
Ու գիշերն այս
Չունի վերջ…
Եվ ծանրացած
Գիշերն ահա
Իմ կոպերում,
Վեր եմ ելնում
Ու ետ նետում
Քողն անվերջ
Մթության.
Մի նոր երգ է
Երկունք ապրում
Խոհերիս մեջ
Ու թող որ նա
Ծնունդ առնի,
Լույս աշխարհ գա.
Եվ ո´չ մի գիշեր
Ու ո´չ մի մեգ
Նրա ծնունդին
Արգելք չդառնա,-
– Դու ծնվի´ր, երգ:

1983

ԳԻՐՔ ԻՄ, ԴՈՒ ԹՌՉԻՐ

Գիրք իմ դու թռչիր աշխարհից – աշխարհ,
Որտեղ հայ մարդ կա մոլոր, գլխիկոր
Դու փարոս դարձիր, լույսդ արձակիր .
Հույսի շող նրանց սրտերում վառիր
Լույս տուր ճամփեքին, որ չմոլորվեն,
Բռնեն հայրենի տունդարձի ճամփան,
Որ հայոց հողում ծլեն ու ծաղկեն
Արմատներ գցեն, ամուր ամրանան
Թռչի´ր դու իմ գիրք աշխարհին պատմիր
Sեր-Զորում հանգչող հայերի մասին.
Ցեղասպան թուրքի դիմակը բացիր,
Որ լա՜վ ճանաչեն այդ բարբարոսին.
Գիրք իմ կոտրի´ր շղթաներն ամեն,
Հալեցրու մարդկանց սրտերը սառած
Խորը թմբիրից արթնանան, ելնեն
Այրերն աշխարհի խղճները մեռած…
20.02.2005թ

ՀԱՅԱՍՏԱՆ

(Օրհներգ)
Փառք ու պատիվ քեզ իմ անուշ Հայաստան
Հույսի կամուրջ ողջ աշխարհի հայության
Ապրի´ր հավերժ, գովքդ երգենք դարեդար,
Ազատ, անկախ հայի միակ դու պատվար:
Զավակներդ բազկի ուժով հաղթական
Մեր պապերի արյուն ճամփեքով անցան.
Հողմերի դեմ մաքառեցին’ ժայռ դարձան,
Քո հուներից վարարեցին’ գետ դարձան,
Դարձան սերմ ու ցանվեցին աշխարհով մեկ
Չծնկեցին սակայն երբեք ու երբեք.
Քո հավատքով մոխիրներից խոյացան,
Սուրբ Մաշտոցի գիր-գրոցով ամրացան,
Նարեկացու հանգ ու վանկով հիացան,
Անդրանիկի ու Նժդեհի
Թրի զարկով անսասան,
Կերտեցին քո լույսի ճամփան,
Հույսի ճամփան Հայաստ´ն:
կրկներգ
Հավաքական ուժն է ազգի միտքն անմեռ
Փրկությունն այս է հայի, միակ ճանապարհը մեր
Ողորմություն ումից հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվենք, սա եկած է դարերից:

Այս օրհներգի մեջ օգտագործել եմ հատվածներ իմ
երեք տարբեր բանաստեղծություններից.
1 ճամփաս բացե´ք, ես Ղարս կերթամ
2 Քանի դեռ կա հայ տառ ու բառ
3 Զարթնի´ր, Չարենց

ՀՍԿԱՆԵՐԻ ՔԱՐ ԱՉՔԵՐԻՆ

Իմ դեմ հազար-հազար խութեր,
Բայց քայլում եմ , գնում եմ դեռ.
Պայքար եղավ ճամփաս անցած,
Չդիմացավ սիրտս մաշված.
Վիրավոր է սիրտս մարդիկ,
Դեղ ու դարման ես չգտա
Դեռ հոսում է ջուրը պղտոր.
Մուժ է հայի օրը վաղվա
Արդարություն շա՜տ փնտրեցի,
Բայց ապառաժ իմ դեմ ելավ.
Ողջ աշխարհը կեղծ, երկդիմի,
Դավեր նյութող, արյան ծարավ:
Ազգս էլ մի բուռ, եղեռն ապրած.
Այս ցավն է ինձ անվերջ տանջում
Մենք մի կետ ենք, աշխարհը մեծ,
Այս մտքերն են սիրտս լափում.
Կդիմանա՞ս դու իմ խեղճ ազգ
Հզորների խարդավանքին.
Դու մի փոքրիկ, նվազ մի հասկ
Հսկաների քար աչքերին
4.11.2005թ

ՃԱՄՓԱՍ ԲԱՑԵ´Ք, ԵՍ ՂԱՐՍ ԿԵՐԹԱՄ

Դուք ինձ ներեք ի´մ գարուններ,
Այգաբացեր իմ կյանքի.
Դուք մանկության ծաղկուն սարեր
Զմրուխտ հավքեր երկնքի,
Որ չեմ երգում ծառ ու ծաղիկ
Վարդ , մանուշակ ու մեխակ,
Որ չեն գերում երգն հավքերի,
Վայելքները բովանդակ.
Սերն էլ սրտիս խորհքում լռեց,
Աստղ ու լուսին խավարեց.
Էլ չեմ կարող ձեր գովքն անել
Միտքս ճամփա է ընկել.
Երկնած միտքս ճամփա կերթա
Ընկել ճամփա Մասիս կերթա
Կերթա Սիփան ու Մարութա
Մեր սարերը… լիճը Վանա,
Քաղաքները’ Ղարս, Ադանա,
Բիթլիս Էրզրում ու Երզնկա,
Մուշ ու Սասուն,
Որ ծառերուն կիջներ
Կիջներ անու՜շ մանանա
Միտքս երկնել ճամփա կերթա
Դուք ինձանից միք նեղանա
ճամփա ընկել ոտքով կերթա
Ոտաբոբիկ, հանց ուղտավոր.
Մեր վանքերն ու բերդերն անտեր
Ամրոց, տաճար’ Անին ավեր
Ամե´նն ավեր,
Թուրքի դավեր
Ջարդին, թափին մեր խաչքարեր,
Վառին մեր սուրբ ավետարան,
Գիրք ու մատյան…
Մարագներում մանուկ ու ծեր
Հարսն ու փեսա’ ահե՜լ, ջահե՜լ
Կրակ տվին ու վառեցին,
Խորովեցին ազգիս սաղ-սաղ
Բարբարոսները նենգ ու խարդաղ.
Էլ ձեր գովքն ինչպե՞ս անեմ.
Սիրտս է լցվել լոկ ա՜խ ու վա՜խ.
Թուրքը զավթեց մեր գողգոթան
Թափառ դարձանք ու գաղթական.
Մենք նայեցինք մահվան դեմքին,
Բայց ապրեցինք,
Մենք ժայռ դարձանք հողմերի դեմ
Մաքառեցինք,
Մենք գետ դարձանք’ մեր հուներից
Վարարեցինք
Դարձանք մենք սերմ ու ցանվեցինք
Աշխարհով մեկ.
Դարձանք ավեր,
Տուն- տնավեր
Դարձանք խիղճն ողջ աշխարհի,
Քար աշխարհի,
Կույր աշխարհի
ՈՒ լռեցինք…
Այս էլ արդեն
Քանի´, քանի ՜ տարի
# #
#
Դե արի ու պոետ հիմա
Գարուն երգիր, սիրտդ թնդա,
Երբ սրտիցդ արյուն ելել
Գետ է դառել, ելե՜լ կերթա.
Դուք ինձանից մի´ք նեղանա
Իմ խնկաբույր այգաբացներ,
Ծառ ու ծաղիկ, երկնի հավքեր,
Սարից իջնող պաղ- պաղ ջրեր,
Ձյունի տակից նոր արթնացած,
Կապույտ աչքերդ դեպ ինձ պարզած
Մանկությունից ձեզնով գերված.
Դուք իմ անգին ձնծաղիկներ,
Ի´մ գարուններ.
Սրտես արյուն ելել կերթա
Դուք ինձանից միք նեղանա
Միտքս երկնել ճամփա կերթա.
Կարոտ սիրտս բողչան կապել,
Տեղից ելել
ճամփա ընկել մեր տուն կերթա,
Որ իմ պապի’
Բալո աղի
Տուն ու տեղին,
Արտ ու ցանքին
Մեր կալերին
Որ տեր դառնամ,
Որ oջախիս ծուխը դառնամ’
Երկինք ելնեմ.
ճամփաս բացե´ք.
Ես Ղարս կերթամ,
Ի´մ տուն կերթամ.
Ես մեն – մենակ կռիվ կերթամ…
5.06.2005թ

ՄԱՀՎԱՆ ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ

Դրախտ իմ երկիր, երկիր Նաիրյան.
Անթի՜վ զավթիչներ դարեր շարունակ
Ասպատակում էին, որ քեզ տիրանան
Դարանակալ էր թուրքը խորամանկ.
Գլխավորությամբ Աբդուլ Համիդի
Դարի դահիճները փաշա կոչեցյալ
Հրեշներն այս’ Թայլաթ, էնվեր, Քեմալ…
Թող նրանք լինեն հավերժ նզովյալ.
Մշակեցին մի ծրագիր դաժան.
Պոկել արմատից սերուցքը ազգի.
Հայաստանը միայն առանց հայերի
Այս էր միակ փափագը թուրքի,
Որ տերը դառնա մեր լույս հողերի:

* * *
Թուրք ասկյարները կատաղած գազան,
Առաջն արած հանց ոչխարի հոտ.
Քշում էին ազգիս դեպ արաբական
Անապատները’ այրող, ավազոտ…
Գնում էր մահվան քարավանը լուռ,
Մահվան սարսուռն էր փչում նրանից,
Թուրք ասկյարներն անհաց ու անջուր
Քշում էին ազգիս տնից ու տեղից.
Քշում էր թուրքը, թուրքը ցեղասպան
Բարբարոս, նենգ ու թալանչի,
Թափում էր անմեղ արյունը մանկան,
Ջահել, ջիվան տղաների.
Մեկն’ հարսնացու, մյուսը’ փեսա
Մեր ու մանուկ, ծեր , ալեհեր.
Uոված, ծարավ ընկան ճամփա.
Մորմոքում էր Մասիսը ծեր:
Ընկան ճամփա, ողբ, լաց ու կոծ
Սոդոմ – Գոմոր էր երկրում հայոց
Կոտորում էր թուրքն անխնա
ՈՒ չԷր հանում անգամ հոգոց:
Գնում էր քարավանը գիշեր ու զօր
Հոգու մեջ հույսեր փայփայում իզուր.
Նրանք միլիոն էին, և ոչ թե հազար
Մեկը’ ռամիկ, մյուսը’ հանճար…
Մայրն իր այրամբ սնում էր մանկան,
Որ ցամաք աչքով ավանդի հոգին.
Կցնցվեր անգամ դահիճը դաժան,
Թե ներկա լիներ այս ոճրի պահին:
Գնում էր դանդաղ քարավանը դեռ
ճամփին թողնելով անթի՜վ դիակներ
Իրիկնադեմ էր, երբ հասան Տեր-Զոր
Զուր էին արդեն փրկության հույսեր
Քարավանն այստեղ արդեն կանգ առավ
Հասել էին վերջին, վերջին կանգառին
ՈՒ անապատն այս իր ծոցն առավ,
Գերեզման դարձավ իմ ամբողջ ազգին:
Անապատում այս արաբական
Թուրք փաշաները հաղթանակ տարան.
Ծրագիրն իրենց ի կատար ածվեց
Տեր – Զորը հայի դիերով լցվեց.
Նրանք անթի՜վ էին, անթի՜վ, անհամար
ՈՒ կոծկվեց հայոց եղեռնը մեկ դար
Թուրքը լափեց արյունը հայի.
Վայրի գազաններն անապատների:
Մարտիրոսվեց ազգս դաժան
Թուրքի ձեռքով նենգ, ցեղասպան
Աստված միայն հային փրկեց.
Մոխիրներից նորից հառնեց.

* * *
Աշխա´րհ,
Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին.
Դու մասնակից ես հայոց եղեռնին,
Երկդիմի ես, շահամոլ ու բիրտ.
Հայոց եղեռն է ծանրացած խղճիդ
Հայի արյունով ձեռքերդ լվացել,
Բերանդ սրբել ու հետ ես քաշվել
Թուրքի կապերն ազատ արձակիր,
Քո շահն հայի գլխի հետ փոխիր.
Լռությանդ գինն այսoր հատուցիր
ՈՒ հին մեղքերից գոնե ազատվիր
Այսօր անմեղի դիմակ ես հագել
Հայկական հարցը փորձում ես կոծկե՞լ
Հիմարի դերում ես սակայն հայտնվել.
Թուրքը ձեռքերն առաջ է պարզել
ՈՒ Եվրոպա է փորձում սղոսկել.
Հերթն հիմա քոնն է դու լավ իմացիր,
Դու հային նայիր ու քեզ օր դատիր.
Հայն ամոթն է արար աշխարհի,
ՈՒ մեծ ոսկորը թուրքի կոկորդի.
Թե ողջ աշխարհը քար դառնա’ լռի,
Տեր-Զորն երբեք, երբեք չի ների.
Իր խոսքն ունի այսoր ասելու,
Դիմակն աշխարհի դեն, շպրտելու.
Ոսկորներն ահա լեզու են առել,
Տեր-Զորից իրենց ձայնն են բարձրացրել.
Պահանջում են արդար դատաստան’
Պատռում են չադրան դաժան լռության:

* * *
Իսկ աշխարհը դիտում է դեռ,
Լոկ Մասիսն է մորմոքում ծեր.
Գեթ Աստծուն է ապավինում
Հայոց եղեռն ու աղոթում:
Այդ օրից սև սիրտն է սառել
ՈՒ գագաթը ձյունով ծածկվել.
Աչքն է պահել պանդուխտ որդուն,
Թե երբ պիտի հեռվից գան տուն
Գուցե այնժամ ցնծությունից
Ձյունը քաշվի սեգ գագաթից.
Վարդ, մանուշակ այնտեղ ծաղկի
Հենց կատարին Մասիս սարի.
Սպասում է դեռ արդար դատի’
Հայոց ողբի, Մեծ Եղեռնի,
Որ գութ լցվի ծոցն աշխարհի,
Հային քաղցր աչքով նայի,
Նայի ինչպես հավասարի
Փափագն այս է ծեր Մասիսի,
Որ իր գլխից չալման հանի.
Հանի հավետ դեն շպրտի
ՈՒ իր վսեմ, սեգ գագաթին’
Եռագույնը լոկ ծածանի
4.0-10.2005թ

ԱՇԽԱՐՀԱԿԱԼԸ

Կանխազգում եմ գալիքդ աշխարհ
ՈՒ ողբում վաղվա սև օրվա դ համար,
Քանզի թուրքն է քեզ հաստատ իշխելու
Արդ իմ ասածն եք հետո հիշելու:
Էլ ի՞նչ պատերազմ, պատերա՞զմ երբե´ք.
Ահա շատ շուտով, մոտ ապագայում
Լինի Եվրոպա, թեկուզ տիեզերք,
Թուրքն է տիրելու, այդ են ինձ ասում
Վաղագուշակող մտքերն իմ գալիք.
Նա ներքուստ մի մեծ ախորժակ ունի.
ՈՒզում է կրկնել Մեծն Նապոլիոնի,
Կամ Հիտլերի պես, որ ժամանակին
Փորձեցին ուժով տիրել աշխարհին,
Բայց ինչքան խելոք լինեն երկուսով,
Խորամանկությամբ չեն հասնի թուրքին.
Հնուց է գիտակ նա այդ < արվեստին>
Հագել է այսօր նա գառան դիմակ,
Ցույց տալիս իրեն բարեկիրթ մի ազգ
ՈՒ սփռվում է ողջ աշխարհով մեկ,
Անվերջ բազմանում, գցում է արմատ,
Սուսիկ ու փուսիկ ու շա՜տ աննկատ.
Աստղաբաշխորեն աճում ու աճում,
Մեծ Եվրոպայի դռներն է ճանկռում.
Զոռով, թե խաթրով հենց որ խցկվի,
Առաջին քայլը ա´յ սա կլինի.
Շքեղ կտոնի իր հաղթանակը,
Կարող է շարժել այս ձեր զարմանքը.
Դեռ նա ուզում է շահել ժամանակ,
Թուրքը գիշատիչ, նենգ ու անառակ
Հենց որ իր թաթը Եվրոպա դնի,
Հետո կրունկին հաստատ տեղ կանի.
Կամաց, քայլ առ քայլ նա կգրավի
ՈՒ ողջ աշխարհն իրենով կանի.
Աշխարհի գլխին սև ամպ է կախված.
Փորձանքից միայն այս պատուհասած,
Լոկ հայը թուրքին կարող է սանձել,
Քանզի կոկորդի ոսկորն ենք դարձել,
Թե որ աշխարհը փաստն այս ընդունի,
ՈՒ խոհեմ լինեն այրերն աշխարհի,
Բացեն դիմակը թուրքի իսկական,
Նայեն աչքերին գեթ արդարության,
Հայոց եղեռն է իբրև խարազան,
Ա´յս է բանալին միակ փրկության
Արար աշխարհի ու ողջ մարդկության,
Որ կշղթայի թևերը նրա,
Թուրքի փափագն էլ սրտում կմնա…
12.11.2005թ

ԱՐԱՐԱՏՆ Է ԻՄ ԽՈՍՔԵՐԻ ԳԵԹ ՎԿԱՆ

Արդարությու´ն, ու՞ր ես ասա քեզ փնտրեմ.
Ազգիս վերքին սպեղանի գեթ դնեմ
Աղոթում եմ, աղոթքս հասնի առ Աստված,
Բացի ազգիս բախտի դռները գոցված.
Տիտղոս չէ որ խնդրում եմ քեզ, գանձ, կամ գահ
Դու Sեր Աստված, իմ խեղճ ազգին ողորմա.
Շղարշոտ է, մուժ է օրը մեր վաղվա
Այս մտքերն են սիրտս լափում անխնա:
Քշված տնից-բնից’ օտար ափերում
Դեռ գոյում ենք, մաքառում ենք անկոտրում
Հոգով անպարտ, բայց միշտ թափառ ենք ավա՜ղ
Կարոտ սրտից քաշում հազար ա´խ ու վա´խ:
Մի բուռ մնաց ազգս մորթված, թալանված
Թուրքի սրից մի հրաշքով փրկված
Օտար հողում սերմեր տվեց, ընձյուղվեց,
Վեր խոյացավ, հային ոչինչ չծնկեց:

Բայց մինչև ե՞րբ մենք օտարի ծառ ջրենք
ՈՒ օտարի տունը ամուր կառուցենք,
Երբ մեր հողերն անտեր ու դուրս մնացել,
Թուրք ճիվաղն է ազգիս ձեռքից գողացել.
Ծովից – ծով էր մեր հողերն այգեստան
Մի աննշան կետ մնաց մեր գողգոթան.
Արարատն է իմ խոսքերի գեթ վկան’
Աչքը ճամփին, պանդուխտ որդիք ե՞րբ կգան:
2005թ Բրյուսել

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

Ինչքան էլ հողմեր շառաչեն ‘ իզու՜ր,
Մասիսը երբե´ք չեն կարող հարթել,
Ինչքան էլ թեկուզ հայը մնա լուռ,
Անցյալը սակայն նա չի մոռացել:
Նա չի մոռացել , Ինչպե՞ս մոռանար
Ձայների արքա մեր Կոմիտասին,
Ինչպե՞ս մոռանար Ռուբեն Սևակին
ՈՒ մեծ բանաստեղծ Սիամանթոյին…
Նա չի մոռացել, չի էլ մոռանա.
Մասիսը գերված, Անին մեր ավեր
Ղարս ու էրզրում, Վան ու Երզնկա
Մեզ սպասում են նորից անհամբեր.
Մեզ, որ Տեր-Զորի անապատներում
Անհետ ու անհուշ ուզեցին կորցնել,
Սակայն մենք այստեղ’ մայր հողի գրկում
Աճեցինք նորից, երգինք հորովել
Մեզ, որ կոտորել են մարդուկները թուրք,
Այդ բիրտ գազաններն անապատների,
Բայց հանճարներ ծնող մի ժողովուրդ
Իր Նարեկներով դարեր պիտ ապրի:
Նա պիտի ապրի իր կուլտուրայով,
Իրեն արհեստով ու մեծ արվեստով,
Իրեն երգերով, անցյալի վերքով,
Դառը հուշ դարձած իր Մեծ եղեռնով.
Ապրել է, կապրի այսպես ապրելով.
Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան,
ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի
Ժամն է, որ գցի լռության չադրան…
# #
#
Մասիսը երբեք չի ուզում տեսնել
Իր պանդուխտ որդուն մոլոր, գլխիկոր.
Արեգակին է հայացքը հառել,
Սակայն չի հալչում սրտի ձյունը խոր:
—–
15-ը ապրիլի 1965թվականին եմ գրել այս բանաստեղծությունը, երբ դեռ
տակավին 16 տարեկան էի: ՈՒ այս բանաստեղծության նախավերջին
քառյակը գրում էի իմ տարածած թռուցիկների վրա, որպեսզի
կարողանամ արթուն պահել իմ ազգին, որպեսզի հիշողոթյունից չջնջվի
Մեծ Եղեռնը , որպեսզի մոռացության չմատնվի…
Եվ այս էր պատճառը, որ գրքի տպագրության ժամանակ ես հարմար
գտա, որ գիրքի վերնագիրը լիներ ” Մենք չենք մոռացել”

ՈՒ ՔԱՆԻ ԿԱ ՀԱՅ ՏԱՌ ՈՒ ԲԱՌ

Դարեր ի վեր, դարեր ի վեր
Ազգիս արյունն է հեղվել միշտ
Կաթի՜լ – կաթի՜լ , շի՜թ առ շի՜թ
Ավարայրից մինչև Տեր-Զոր
ՈՒ Սումգաիթ…
ՈՒ դուք եք լոկ միակ վկան.
Դուք’ իմ անգի,
Դուք’ իմ անմահ
Հայոց տառեր
Հայոց տառեր մեր հայերեն,
Որ եկել եք անտիկ դարեն.
Սուրբ Մաշտոցը ձեզ արարեց,
Հղկեց, տաշեց մեզ պատգամեց,
Որ պահպանենք
ՈՒ փայփաենք
Մեր հավատքի ամուր կամքով
ՈՒ մեր խաչով,
Մեր պապերի անցած ճամփով,
Արահետով,
Պարմիչների մագաղաթյա
Մատյաններով,
Նարեկացու հանգ ու վանկով
Կոմիտասի երգ ու տաղով,
Շարականով,
Մեր արյունոտ սև անցյալով
ՈՒ բիբլիական Արարատի
Ձյունե թագով,
Նվիրումով,
Որ շղթայված մեր մայր հողում
Աչքը ճամփին մեզ է սպասում
Թուրքն է գերել մեր աչքի դեմ.
Քեզ իմ երգով ետ կբերեմ’
Իմ գրիչով կելնեմ մարտի,
Ոչ մի ուժ չի նրան հաղթի,
Կկոտրեմ ես ամե´ն կապանք,
Վերջ կդնեմ քո տառապանք:
Փորձություններ կգա՜ն-կերթա՜ն
Դարեր կգան, դարեր կերթան
Կմնաս միշտ, միշտ Հայկական
Դու իմ միակ, իմ Բիբլիական.
ՈՒ քանի կա հայ տառ ու բառ,
Քանի որբ ես հրաշք իմ սար,
Հայը չունի քուն ու դադար.
Քանզի մենք ենք քո տերն արդար
Հայի երազ, հոգի, հավատ
Մեսրոպատառ ի´մ Արարատ:
2005թ Բրյուսել

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայը հաստատ այս հարցում շահեց,
Գիշատիչ թուրքին մեր երկրից քշեց
Արցախ աշխարհը նորից ետ բերեց,
Հայն իր արյամբ, պատվով երդվեց,
Որ կազատի և սարը Բիբլիական,
Ընդմիշտ կլուծի հարցը Հայկական
ճիշտ ճամփան այս է մեր ազատության.
Թող թուրքն ընդմիշտ այս բանն իմանա,
Թե ողջ աշխարհին թեկուզ տեր դառնա,
Ազգս կենդանի ական կդառնա;
Թուրքը մեր թափին էլ չի դիմանա.
Կդնենք հավերժ ամեն ինչին վերջ.
Մեր փրկությունն է լոկ մեր բազուկի մեջ
Սոսկ ցնորքներ են մնացածը ողջ.
Պատրա´ստ լինենք միշտ., ա´յս եմ անում կոչ:
2003թ Բրյուսել

ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ

Կյանքում մահից չկա դաժան բան,
Բայց ես չեմ վախենում այդ մահ կոչվածից
Մահը իմ վշտից դաժան չի այնքան
Վիշտ, որ չեմ կարող պոկել իմ սրտից
Դաջվել է այնտեղ իմ ծնված օրից
ՈՒ դարձել միակ իմաստն իմ կյանքի’
Այրվում եմ անհաս-անհաս կարոտից
Պապերիս էրկրի’ այգեստանների
Ես երգ ու պարով մահը կընդունեմ
Թեկուզ հենց այսօր, թեկուզ այս պահին,
Միայն թե ուխտս, ուխտս կատարվեր
Ազատ տեսնեի ես Մասիս սարին:
Հանկարծ թե իղձս թաղեն հողի տակ,
Հողն էլ չի կարող բերանս փակել
Իմ սրտում դաջված վիշտը անհատակ
Հանդերձյալ կյանքն էլ չի կարող կոծկել.
Պահանջատերն եմ պապերիս երկրի
Ո´չ առաջինն եմ, և ո´չ էլ’ վերջի
Լինի հանդերձյալ, լինի այս կյանքում
< Հայ -Դատն> է միայն իմ կարոտ սրտում:

* * *
Գիտցե´ք, աշխարհում մի հայ էլ մնա,
Հայոց եղեռնը նա չի մոռանա
Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից – ծով ձգվող հողը պապերիս…
2003թ Բրյուսել

ԶԱՐԹՆԻ´Ր, ՉԱՐԵՆՑ

Զարթնի´ր, Չարենց. դու անցյալ չես
Մեզ հետ ես դու անբաժան
Հնչեցրու´ երգդ այսօր
Խոսքերդ մարգարեական:
ՈՒ՞ր ես հիմա հայոց պոետ
Դու նաիրյան մեծ երգիչ,
Ազգիդ վիշտը հետդ տարար,
ՈՒ հեռացար աշխարհից,
Հայոց մտքի լուսե աստղ
Դու միշտ ցոլա երկնքում
Սևով գրվեց ջահել կյանքդ
Քո կորուստն ենք միշտ սգում.
Խաչվեցիր դու ազգի համար
Գինդ նոր են իմանում
Նախանձ մարդիկ քեզ դավեցին,
Այսօր անմեղ ձևանում
Դու էլ չունես քեզ գերեզման,
Համբարձվեցիր լուռ, անձայն
Ոչ ոք չեկավ քեզ օգնության
Առեղծվածն է շատ դաժան:
Այսօր ազգդ մորմոքում է .
Մեծ է կորուստդ, Չարենց,
Երգդ շողն է արեգական
Լույսդ երբեք չխամրեց:
Հավաքական ուժն է ազգի
Գաղափարը քո անմեռ
Փրկությունն այս է հայի
Միակ ճանապարհը մեր.
Ողորմություն ումի՞ց հայցենք,
Որ պաշտպանի դավերից
Մեր կռիվը պիտի կռվենք’
Սա եկած է դարերից,
Սուրը եթե պատյան դնենք
Տանուլ կտանք մ ենք նորից.
Միտքդ այս էր , կիսատ մնաց
Երգդ պոկված լարերից:
Այսօր ես եմ երգդ երգում,
Երգս եմ խառնել քո երգին,
Վախենում եմ ես էլ մնամ
Կարոտ մեր լույս հողերին
Չարենց, ես էլ քո բոցերից
Ծոցս առած, կրակված,
Երգս պայքար, պահանջս արդար,
Ոխն է սրտումս ծվարած.
* * *
Հայոց վաղվա օրը մուժ է
Մասիս սարին ամպն է թառել.
Արդարության դուռը փակ է
Ղարսն է ճամփիդ աչքը պահել.
Հավաքական մտքերդ էլ վեհ
Այսօր կախված են օդից,
Մինչև օրս չենք ազատվել
Այդ ազգային, բարդույթից.
* * *
Զարթնի´ր, Չարենց, հնչեցրո´ւ
Երգերդ հանց պատվիրան,
Որ արթնանա ազգի ոգին ,
Քո խոսքերով մոգական:
2004թ Բրյուսել

ՉՀԵՌԱՆԱՄ ՎԵՐՔԵՐՈՎ

Ա՜խ, կտեսնեմ քեզ ազատ
Քեզ, ի´մ Մասիս, ի´մ ահաս
Ցավս գոցած իմ սրտում
Ինչպե՞ս գնամ անմուրազ
Աստվա´ծ կյանք տուր, որ ապրեմ,
ՈՒ թեկուզ իմ երգերով,
Արդար պահանջս ասեմ.
Չհեռանամ վերքերով,
Որ չափսոսամ իմ ապրած
Փոթորկալից այս կյանքին.
Բացեմ դիմակը քողարկված,
Խոսքս ուղղեմ աշխարհին,-
– Բա´վ է դավեք իմ ազգին,
Բավ է կոծկեք դժնդակ
Հայոց եղեռնն ուրանաք
Քոչվոր ազգ չենք, իմացե´ք,
Հային ծնկել մի´ փորձեք,
Ինչքան դավեր էլ նյութեք,
Զուր պատրանքներ մի´ ծոցեք,
Տե´ր իմ, կյանք տուր , որ ապրեմ
Չմնամ ես կարոտով.
Հարստություն, գանձ ու գահ
Չի էլ անցնում իմ մտքով.
Դու դատավոր Հայ դատին
Խնդրանքս այս է բարձրյալին
Արդարության դուռը բաց,
Այն վաղուց է կողպված
Տե´ր իմ, տուր ինձ կյանք այնքան,
Որ հասնեմ իմ մուրազին.
Այնժամ հանգիստ տակավին
Վերջին անգամ կնայեմ
Արարատի գագաթին
ՈՒ իմ հոգին կավանդեմ
Ես կավանդեմ իմ հոգին
Լուռ , խաղաղված, կամովին…
2005թ Բրյուսել

ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ԻՆՔԸ’ ԱՍՏՎԱԾ

Թուրքը տգետ, թույլ ու անճար,
Տեսավ հայը քաջ ու հանճար
Սրտում ծնվեց խանդը նենգ, չար,
Քանզի չուներ էլ ուրիշ ճար,
ՈՒ մշակեց հրեշաոճ
Մի ծրագիր եղեռական
Ձեռագիրն էր լոկ թուրքաոճ
Սպանդ հայի,
Թուրքի թալան
Աստծո կամքով ազգս փրկվեց
Թուրքի ճանկից վայրի, գազան
Մոխիրներից ծլարձակեց
Աշխարհով մեկ’ հանց սերմնացան.
Արդեն ուղիղ, ուղիղ մեկ դար
Գովքն ենք անում մեր Էրգրի
Հյուսում երգեր հազա՜ր- հազա՜ր
Այն օրից վեր ծով կարոտի:
* * *
Գիտե´մ, գալու է պահը լուսավոր,
Կբացի դեմքդ աշխարհը մի օր
Կմաքրի ձեռքերդ արյունից հայի,
Որ զատվի մարդն ու գազանը վայրի
Անմեղ արյունը գետին չի մնա.
Հայն իր հողերի տերը կդառնա
ՈՒզեք, թե չուզեք, ինչքա՜ն էլ անցնի
Մենք հավատքով ենք ապրում գալիքի.
Ես պոերտն եմ այդ լույս այգաբացի
Թեկուզ անցնի էլ բյուր հազար տարի,
Քանի գերի է երկիրն իմ Նաիրի,
Երբե´ք չի քնի ոխը հայ ազգի:
Աստված է երգիս ուժ տալիս ու թև,
Որ հնչի ուժգին, հնչի հարատև.
Մինչ սպասումի պահը հրաշքի,
Որ հաղթանակած ելնեմ գագաթին
Վես ու բիբլիական մեր Արարատի
ՈՒ ասեմ թուրքի ուղիղ ճակատին,-
– Մե´նք ենք լոկ արդար տերն այս սարի.
Դեռ սպասում ենք սուրբ դատաստանի,
Մեզ հետ է և ինքը’ Աստված,
Քանզի նա էլ վերում բազմած,
Համբերությունն իսպառ հատած
Բարկությունն է թափում նա ցած
Արյան ծարավ ու կուրացած
Մարդ էակին գազան դարձած
2004թ Բրյուսել

ՆՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ

Նույն է աշխարհը. կույր ու անհոգի,
Ինչպես անցյալում’ դարասկզբին,
Երբ թուրքն էր թափում արյունը հայի
ՈՒզում էր ջնջել երեսից երկրի
Հայ տառն անգամ ու շունչը հայի.
Մորթեց, թալանեց, որ նրան տիրի.
Մի կետ մնացինք ծովից-ծով երկրից
Փյունիկի նման ծխացինք վշտից,
Բայց մենք հառնեցինք մեր մոխիրներից:
Այսօր էլ նույնն է, նույնն է աշխարհը
Դիտողի դերում’ լուռ ինչպես քարը,
իսկ արյունը հոսում է անվերջ
Արյան ծով է , մենք էլ նրա մեջ.
Արթնացե´ք, մարդիկ խորը թմբիրից,
Արթնացե´ք, և դուք, որ ձեր ձեռքումն է
Ղեկն աշխարհի, դուք արյան ծարավ,
Տարված ձեր շահով, դուք իսկը դահիճ
Աշխարհը քաոս դարձրիք իրավ.
ՈՒշքի´ եկեք շուտ, ընկել եք ճահիճ
Ձեր ձեռքով անմեղ արյունն է հեղվում.
Այսօր արաբի, իսկ վաղը թե ու՞մ…
ՈՒժեղը միշտ էլ ճիշտ է ու հաղթող
Վա՜յ նրան, ով թույլ է ու անկարող…
Նույնն է աշխարհը ‘ կույր ու անհոգի,
Ինչպես անցյալում թուրքը տմարդի
Թափում էր, լափում արյունը հայի,
Իսկ աշխարհն էր լոկ դերում դիտողի…
2003թ Բրյուսել

ԱՐԾՎԻ ԹԵՎԵՐՈՎ

Անվերջ քայլել եմ ուզում,
Սիրտս բանալ եմ ուզում.
Մի հարազատ, մոտ մարդու
Դարդս պատմել եմ ուզում
Նստել հոգնած մի քարի
Վիշտս ցրել եմ ուզում
Նայել երկնի անհունին
Անհագ թռչել եմ ուզում.
Առնել թևեր արծվի
Թռչել մտքով, էությամբ
Թռչել էրգիրս կարոտի,
Շնչել, արբել բնությամբ
ՈՒ գիրկն ընկնել երազի
Թռչել, թռչել ու գնալ…
Իմ թևերով արծվի
Երկնի մովում վերանալ…
2005թ Բրյուսել

ԹՈՒՐՔՆ Է ՓՈՐՈՒՄ ԻՐ ՀԱՄԱՐ ՓՈՍ

Կյանքս դարձավ դաժան կատակ.
Ինչու՞ եկա ես լույս աշխարհ,
Որ քո մատից ես փուշ հանե՞մ,
Թե ամեն օր արցունք թափեմ,
Քո կարոտից ի´մ Արարատ
Սիրտս մաշեմ.
Արազ դառնամ ու վարարեմ.
Ինչու՞ եկա ես լույս աշխարհ.
Ո՞ր մի ցավիդ համար լացեմ,
Ո,՞ր մի դարդիդ դարման անեմ…
Ամեն անգամ դեմքիդ նայեմ
Ամոթ անեմ, անճարակ եմ,
Որ չեմ կարող քեզ ազատել,
իմ խոսքերով բարձրաձայնել,
Քար սրտերում գութ ներարկել.
Բացել մարդկանց աչքերը կույր,
Որ փակել են մեր բախտի դուռ
,Որ ստում են ու համառում,
Որ աշխարհում,
Թուրքն արնախում
Գեթ չի թափել արյուն մերոց.
Եղել է լոկ թեթև հրոց ու հրմշտոց.
ՈՒ չի եղել եղեռն Հայոց.
Եղել է լոկ ողբ, լաց ու կոծ,
Եղել է լոկ ալան, թալան’
Ծով հողերն են դրա վկան,
Իսկ թե հանկարծ
Այս խոսքերից վիրավորված,
Ցավից խոցված ,
Աղաղակես ու վկայես
Sեր-Զորն ի տես.
Թուրքն է դառնում խոսքի ական,
Լեզու թափում,
Որ հավատան,
Ոտքի կանգնում ազգ ու տակով
ՈՒ հարձակվում ամբողջ թափով.
Արձակում է մի վայնասուն,
Թե չի հեղվել հայի արյուն.
Կուրծքն է ծեծում, արցունք թափում,
Իր ալլահին վկա կանչում,
Իսկ աշխարհը հիմարացած,
Թացն ու չորն իրար խառնած,
Խճճվում է ու խճճվում
ՈՒ չի ջոկում
Ո՞վ է ճիշտն այս մութ հարցում.
Այնքա՜ն շատ է թուրքի սուտը,
Որ չեն գտնում գործի տուտը:
Անվերջ ստում ու համառում,
Ըմբոստանում ու մաքառում,
Դեմքն է փոխում ամեն վայրկյան,
Հագնում դիմակ անմեղ գառան,
Անում շիվան, ողբ, լաց ու կոծ,
Ի ցույց հանում ողջ մեռելոց.
Խոր ընդերքից քանդում, հանում
Մի քանի դար առաջ մեռած,
Ոսկորները դեռ չփթած
Շարքի շարում,
Գոռում, գոչում
Թե հայերն են մեզ կոտորել
ՈՒ ամոթից թողել, փախել
Ոսկորներն այս ձեզ ապացույց,
Մենք ենք լռել այսքա՜ն վաղուց,
Իսկ աշխարհն ահաբեկված,
Այս պատկերից խիստ շփոթված,
Թողած իրեն ողջ բան ու գործ,
Դե արի ու ջոկիր հիմա
Մարդ արարած
Ո՞վ է զոհը, ո՞վ մսագործ.
Հանելուկ է այս եղեռն հայոց.
Դեռ փնտրում են նոր ապացույց…
# #
#
Բայց թե թուրքը չի դադարում,
Ջանք ու եռանդ չի խնայում.
Հորինում է ու հորինում
Իր ստերից չի ամաչում
Աչքերիդ մեջ անթարթ նայում
Լկտի ժպիտ տալիս դեմքին,
Դե´, դիմացիր թուրքի ստին:
Հորինում է ու չի հոգնում.
Ժամանակ է շահել ուզում.
Ոտքը դնի հենց Եվրոպա,
Աշխարհն իր դեմ ծնկի կգա,
Այնժամ կզգան թափը թուրքի,
Ոչ ոք իր դեմ կուտ չ ի ուտի,
Բայց չեն թողնում որ զորանա,
Եվրոպայի դուռը բանա.
Աշխարհով մեկ խայտառակում,
Թուրքի վրա ցեխ շպրտում,
Պախարակում < ազնիվ> ցեղը,
Պորտն են դնում իրեն տեղը,-
Թե ընդունիր մեծ եղեռնը.
Դե արի ու թուրք դիմացիր ,
ՈՒ հայի հետ մտերմացիր,
Էլ չեմ ասում հողերը լույս.
Թող չունենան այս հարցում հույս.
Իր ստերով մխիթարվում,
Սրտի խորքում հույս փայփայում,
Բայց թե ինչքան գործին գիտակ,
ՈՒ ստերի օվկիան անտակ,
Ընկած ստի լաբիրինթոս,
Թուրքն է փորում իր համար փոս.
Էլ չեն լսում ու հավատում.
Հատուցում են լոկ պահանջում:
Դրա համար թուրքն իր մտքում
Անիծում է ու հայհոյում.
Մեղքը նրանց վզին բարդում,
Որ չարեցին գործը կարգին
Հազար նզովք փաշաներին.
Սուլթան Համդին ու Թայլաթին,
Էնվեր փաշին ու Քեմալին…
Սազական չէր այդ թուրք ազգին,
Որ չեն պոկել հային քոքից,
Սերմ է տվել, աճել նորից
Վեր ընձյուղվել մոխիրներից
Այսօր բռնել իր կոկորդից,
Ձերք չի քաշում հող ու ջրից.
Խոսքն է ուղղում ողջ աշխարհին,-
-Եկե´ք թիկունք կանգնեք հային,
Կանգնեք պաշտպան “Հայոց Դատին”
Մեկտեղ հաղթենք թուրք հրեշին…

* * *
Ականջալուր իմ խոսքերին,
Դարման արեք իմ վերքերին,
Որ չափսոսամ ապրած կյանքիս,
Տարիների իմ պայքարիս.
Հպարտ նայեմ Արարատիս’
Ամոթ չանեմ ‘ թնդա հոգիս.
Փափագն այս է խենթ պոետիս:
2005թ

ՄԻ ԲՈՒՌ ՍՐՏՈՒՄ

Ինքս ինձնից օտարվել եմ.
Իմ մտքերից, իմ իղձերից
Իմ օջախից հեռացել եմ
Կախված լինեմ ասես օդից
Որդիներս օտար երկրում
Իրենց բույնն են ուզում հյուսել.
Կհաջողվի՞ մտածում եմ
Նրանց բռնած ուղուց շեղել.
Տարիներս են թռչում արագ
Շղթայվել եմ օտար հողում
Լոկ ձագերիս կարոտն անհագ
Ինձ պահել է այս վանդակում.
Այնքան կարոտ է ամբարվել
Իմ այս փոքրիկ, մի բուռ սրտում.
Տեսնես ո՞վ է մեզ անիծել
Ծլենք, ծաղկենք օտար հողում…

ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ

( Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին)
Քնած էր Գուրգենը օտար երկրում
Հայրենի տունն էր տեսնում երազում
Գուցե տեսնում էր աղջկա՞ն սիրած,
Կամ մեր լեռները, ծառե՞րը ծաղկած.
Քնած էր խաղաղ իրեն մահիճում
Հայոց բանակի սպան դյուցազուն
Եվ անգամ մտքի ծայրով չեր անցնում.
Դարան էր մտել թուրքն արնախում.
Ազարին գիտեր. ազնիվ պայքարում
Անկարող էր դեմ առ դեմ կռվել,
Վճռեց նենգորեն’ լոկ թուրքին վայել
Խորամանկորեն հարցերը լուծել:

* * *
Դեռ Դավթից եկել ու մեզ է հասել
Հայը քնածին մատով չի կպել,
Բայց թուրք բորենին, արյունն աչքն առած
Կացնով գլխատեց Գուրգենին քնած
Բոթն հայոց աշխարհը ցնցեց
ՈՒ կյանքը մի պահ ասես կանգ առավ
Անգամ գետերը լռեցին վշտից,
Արցունքն էր հոսում Մասիսի կրծքից.
Նույն ձեռագիրն էր մեզ վաղու՜ց ծանոթ
Անցել են մենք այս ճամփով արյունոտ
Արդեն մոտ հարյուր տարի է անցել,
Թուրքն էությամբ նույնն է մնացել,
Բնավ չի փոխվել թուրքն արնախում’
Անկուշտ թալանչի ու բիրդ մարդասպան
Աշխարհի երեսին չկա ո´չ մի ազգ,
Նենգ ու ցեղասպան որ լինի այսքան:
ՈՒ ծնվում են, ծնվում են դեռ
Թայլաթներ են ծնվում ու նոր Համիդներ…
Դահիճներ են ծնվում դավադիր, խարդախ
Թուրք մայրերի արգանդից ավաղ…

* * *
Ննջի´ր դու խաղաղ, ննջի´ր հայորդի
Թող վարդ-մանուշակ շիրիմիդ ծաղկի
Գուրգե´ն, քո մահով նորից հաստատվեց
Թուրքն իր իսկական դիմակը բացեց.
Չարն անպատիժ չի մնա երբեք
Մենք քո վրեժը մի օր կլուծենք.
Թեկուզ դարեր գան ու դարեր գնան
Կհատուցեն մի օր գինը մեր արյան:
Այսօր աշխարհն անհոգի, անսիրտ
Թևեր է տվել արնախում ու բիրտ
Քամելիոնի պես իր գույնը փոխող,
Իր էությունն անվերջ քողարկող,
Սուտը բերանում աջ ու ձախ շաղող
Այդ թուրք հրեշին ազգս բզկտող:

Գիտցե´ք,
Թուրքն ինչքա՜ն էլ իր կաշին փոխի,
Ինչքա՜ն սողեսող օձի պես գնա,
Թույն է լեզվի տակ, պատրաստ խայթոցի.
Թուրքը’ թուրք էլ հավերժ կմնա…

* * *
Ննջե´ք, հայորդիք, ննջե´ք դուք խաղաղ
Հալվում է արդեն սառույցը դանդաղ
Ձեր արյան գինը նա կհատուցի
Աստծո դիվանից ու՞ր պետք է փաղչի:
2005թ Բրյուսել

ՍՐՏԻՍ ՎԵՐՔԸ

Իմ մեջ գարնան հովեր ունեմ
Դեռ չծնված երգեր ունեմ
ՈՒ իմ սրտի մի անկյունում,
Թաքուն պահած վերքեր ունեմ,
Իմ մեջ կարոտ ունեմ մի լուռ.
Հողս է դարձել ծովից մի բուռ
Ազգս ծվեն-ծվեն արվել,
Աշխարհով մեկ է սփռվել,
Իմ մեջ զայրութն է ցասումի
ՈՒ վրեժի ծարավը խենթ,
Իմ մեջ ոխն է իմ պապերի
Խաչքարերն անձեռակերտ
Իմ մեջ հավատն է գալիքի
Փուչ, անօրեն այս աշխարհում
Հանձնում եմ լոկ Աստծո դատին,
Չարին չկա երբեք ներում:
2003թ Բրյուսել

ԳԱՂԹ

Ղարս քաղաքն եմ ես սիրում,
Թեև երբեք չեմ տեսել.
Պապերս էին լոկ ապրում,
ՈՒ հայրս է այնտեղ ծնվել
Ծնվել է նա ճամփեքին,
Գաղթի ճամփին է ծնվել.
Մտել են գյուղն Արշունի
Տատս երկունք է ապրել.
Ֆորգոնի մեջ լաց ու կոծ,
Տատս երկունք է ապրում,
ՈՒ Արշունի գյուղի մեջ
Հա՜յրս, հա՜յրս է ծնվում.
– Անբախտ բալես
Մեծ տատս ասում
ՈՒ կրծքին է սեղմում
Հորս’ բարույր արած
Արտասվում է գերդաստանն
Այս դիպվածից հուզված:
ՈՒ արցունքներն աչքերին
Հասնում են ափն Արազի.
Ասքյարներն են ճամփան փակել
Փակել են կամուրջն հույսի,
Ո՞վ իր գլխից ձեռ էր քաշել
Նրանց մեկը երկուս անի.

* * *
ՈՒ լցվում էին մարդիկ անփորձ,
Արազն էին իրենց գցում,
Ասես իրենց, իրենց կյանքով,
Իրենց բախտերն էին փորձում
Կոտորվում էր հայությունն
Իր մայր գետում:
Այդ պատկերից ահաբեկված,
Պապս վերցնում է բարուրն իմ հոր
ՈՒ Արազն է ուզում գցել,
Բայց թե տատս նոր մայրացած
Հորս խլում պապիս ձեռքից,
ՈՒ ասում է խիստ նեղացած,-
_ Առաջ լավ է ինքս մեռնեմ,
Միայն թե որդուս մահը
Իր հոր ձեռքով թող չտեսնեմ…
* * *
Հանկարծ հեռվից մի հողմե ամպ է
Բարձրանում
Հողմե ամպը դեպի Արազն է
Արշավում
ՈՒ հասնում են նրանք ահեղ
Ֆիդայիններն մեր քաջարի,
Նրանց թրի մի հարվածով
Գլորվում է գլուխներն
Ասկյարների…
* * *
ՈՒ պատմում էր տատս ամեքին,
Կոտորածն էր պատմում Հայոց
Հիշում երեք եղբայրներին,
Որոնց թուրքերն այրեցին
Մարագներում
Հայե՜ր, Հայե՜ր հազարավոր…
Մարագներից երկինք ելնող
Մխի, ծխի հոտն էր հիշում
Պատմում էր նա, անվերջ պատմում,
Աչքի արցունքը չէր ցամակում
1982թ

ԶԵՆՔ, ՈՐ ՈՒԺԵՂ Է ՍՐԻՑ

Երբ աչքերս բացեցի,
Տատիս արցունքը տեսա
Թոթով լեզվով բարբառի,-
– Լացիդ պատճառն ասա´.
-Փոքր ես ձագ իմ,
Փոքր ես բալես,
Երբ մի քիչ էլ մեծանաս,
Այնժամ սիրտս կբանամ քեզ
Լացիս գինը կիմանաս:
Ես մեծացա , հասակ առա
Տա´տ իմ, ողբդ իմացա
Մատաղ սիրտս վշտով լցվեց,
Հացս’ արցունք ես կերա:
ՈՒ իմ մատաղ, մատաղ սրտում
Ոխն ազգիս ծվարեց.
Ես ուղտեցի մինչև ի մահ
Թող թուրքը լավ իմանա,
Գրվել եմ ես ազգիս զինվոր,
Անպարտելի, կամավոր.
Կպայքարեմ իմ գրիչով,
Որ տրված է ինձ վերից
Զենքս այս է , իմ խոսքերով’
Զենք, որ ուժեղ է սրից:
Իմ պապերի հող ու ջրի
Արդար պահանջը շուրթերիս
Արձակում եմ հրովարտակ
Այրերին ողջ բովանդակ,-
– Թե փորձում եք իրոք լինել
Ջատագովներն աշխարհի,
Բա´վ է կոծկեք եղեռն Հայոց
Բա´վ է լինեք երկդիմի
Արաբական անապատում
Թաղված ամոթն աշխարհի,
Uին խոսքերով հորջորջում եք
Արդարությու՞ն ազգերի.
Դուք ուզու՞մ եք խաղաղություն,
Երբեք արցունք չթափվի.
Մի´ք հեղեք դուք անմեղ արյուն,
Եղեք արդար ու բարի:
Թեկուզ դարեր գան ու գնան
Թուրքին ոչինչ չի փրկի,
Կգա մի օր օրն հատուցման
Աստծո դատից չի փաղչի…
2005թ Բրյուսել

ՈՒ ԱՄԵՆ ԳԻՇԵՐ

Սրտումս են թաղված,
Գլխումս են թաղված
Խղճիս ծանրացած
Ոսկորներն ազգիս
Տեր-Զորում սփռված’
Սրտումս են թաղված.
Դաշույնի նման
Սիրտս մխրճված
Քանդում, ավերում
Ամեն մի վարյրկյան
Էությունս ողջ.
ՈՒրվական դարձած
Հանգիստ չեն տալիս
Թափառ մտքերիս.
Այցի են գալիս
Ինձ ամե´ն գիշեր,
Երբ մենակ եմ ես,
Ես ու իմ հուշեր.
Իմ հյուրն են նրանք
Հյուրը թանգակին.
Նայե´ք դուք ահա
Ա´յ այս փոքրիկին.
Բերնի վայր ընկած
Ջուր է աղերսում
Ձեռքերն ինձ պարզած.
Ջուր են աղերսում
Պապակ շուրթերով,
Տարբեր դեմքերով,
Ահել ու ջահել
Մանկիկներ սևաչ…
Կենդանանում են
Աչքերիս առաջ…
Ձայներն է նրանց
Հնչում ականջիս,
Լսում եմ անվերջ
Փրկության կանչեր
ՈՒ մթության մեջ
Դեմքե՜ր ու դեմքե՜ր…
Դեմքերն իմ ազգի
Նման տեսիլքի
Գալիս են , անցնում
Սիրտս են հոշոտում,
Միտքս են հոշոտում
ՈՒ ամե´ն գիշեր,
ՈՒ ամե´ն գիշեր,
Երբ մենակ եմ ես,
Ես ու իմ հուշեր:
Թաղված իմ գլխում
Հանգիստ չեն տալիս
Թուրքի ձեռքերով
Տանջամահ եղած,
Տեր-Զորում սփռված
Ոսկորներն ազգիս
Սուրբ մասունք դարձած
Գալիս են անցնում,
Կենդանանում են,
Կենդանանում են
Աչքերիս առաջ
Դեմքերն իմ ազգի
Նման տեսիլքի
ՈՒ ամե´ն գիշեր,
ՈՒ ամե´ն գիշեր,
Երբ մենակ եմ ես,
Ես ու իմ հուշեր.
Գալիս են լափում,
Մտքերս են լափում,
Սիրտս են լափում.
Լափում են ամբողջ
Էությունս ողջ…
2005թ

ՀԱՅՆ ԻՐ ԱԶԳԸ ՉԻ ՈՒՐԱՆՈՒՄ

Օտար հողում ես միայնակ,
Քայլում եմ լուռ ու գլխահակ
Աչքս է առնում դեմից եկող
Լույս աչքերով մի ծե՜ր կնոջ.
Վզից կախված մի փոքրիկ խաչ
Հարցնում եմ,-
-Ո՞վ ես, ի՞նչ ազգ
ՈՒ մնում եմ արք ու զարմանք
Պատասխանն է թուրքերենով
Մի հատիկ բառ,-
– Էրմենի եմ, էրմենի եմ’
Հայ եմ ասաց.
Դողդողջ ձայնով ու շտա կամաց.
Սառսուռ անցավ իմ մարմնով
ՈՒ կրծքիս տակ սիրտս մխաց.
Հայն է խոսում թուրքերենով,
Բայց ինչու՞ ոչ հայերենով.
Սա եղեռն է լավ իմացեք.
Սիրտս այրող մի նոր Տեր-Զոր
Շարունակվում է մինչև այսօր.
Սփռել է մեզ աշխարհով մեկ.
Ներում չունի թուրքը երբեք,
Բայց քեզանից գոհ եմ Աստված,
Որ ստեղծել ես հայ արարած,
Թեկուզ մորթված ու թալանված,
Թեկուզ օտար ափեր քշված
Իրեն խաչը պատվով տարած,
Ամե՜ն ազգից բարձր կանգնած
Գոյատևման մեծ պայքարում,.
Ի՜նչ լեզվով էլ թեկուզ խոսի,
Արյան կանչն է հավերժի
Այս ծեր կնոջ երակներում.
– Հայն իր ազգը չի ուրանում:
2003թ Բրյուսել

ԿԱՐՈՏ

Հազար երանեկ ձեզ արագիլներ,
Որ ձեր դեմ չկան ոչ մի սահմաններ,
Բաց են ճամփեքը գոնե ձեզ համար
Աշխարհում մեր այս այսքա՜ն անարդար.
ՈՒ՞ր էր, որ ես էլ թռչուն դառնայի
Թռչեի պապերիս էրկիրն անգին
Նստեի մեր տան մամռոտ տանիքին,
Բույնս հյուսեի մեր բարդու ծառին.
Անհաս կարոտը սիրտս թռչեի,
Իմ նախնյանց շիրմին այցի գնայի.
Թռչեի բոլոր արահետներով,
Բարձր սարերով ու մեր արտերով,
Իջնեի մեր սուրբ լեռան գագաթին,
ՈՒ վերջ չունենար իմ այս երազին…
2003թ բրյուսել

ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ

Այնպես կուզեի ես շանթ դառնայի
ՈՒ շանթարգեի այն նենգ ամպերին,
Որոնք պատել են իմ Մասիս սարին,
ՈՒ ողողեի գագաթը Մասսի
Լոկ ջերմ շողերով Հայոց արևի
Եվ հաղթանակած բարձր ձայնեի,-
– Մե´րն է Մասիսը, զուր են ձեր դավեր,
Դու´ք, մարդասպան թուրք թալանիչներ…
Իմ ցնծությունից աշխարհը ցնցվեր,
ՈՒ ծածանեի եռագույնը մեր…
2003թ

ԱՐԱԳԱԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՐԱՏ

Թմբուկներ զարկեք, դհոլ ու զուռնա
Հայն է պարում, աշխարհն իմանա
Պարում հնօրյա իրեն քոչարին
Սեգ Արագածի ծաղկուն լանջերին
Եկել ենք, եկել, եկել հավաքվել,
Մի միտք, մի հավատք իրար ենք ձուլել
Ձեռք-ձեռքի սեղմել, մի բռունցք դարձել
Մե՜ծ ու հաղթական շուրջպար ենք բռնել.
Պարում ենք մեր մեծ պարն այս դարի,
Պարում է հայն ի ցույց աշխարհի,
Որ մոխիրներից երկինք ենք հառնել,
Աստված է ազգիս ուժ տվել, պահել.
Հայն իր սրտում մուրազ է ծոցել,
Լույսի ծիածան կամարով կապել.
Կամրջել ամուր սեր, հույս ու հավատ.
Արագածից մինչև Արարատ.
ՈՒ մոտ է պահը, ժամն աստեղային
Կգան որդիքդ կարոտ սրտերին
Կգան աշխարհի տարբեր ծեգերից,
Կհանեն չալման հավետ քո գլխից.
Կթնդա խրոխտ Սասնա քոչարին
Մեր զույգ սարերի զմրուխտ փեշերին.
# #
#
Աչքդ ճամփին էլ չի մնա
Ի´մ փառապանծ, ի´մ տառապած,
Հերթը մի օր քեզ էլ կգա.
Մեզ հետ է և ինքը’ Աստված.
25-05-2005թ Բրյուսել
Այս բանաստեղծությունը նվիրել եմ Արագածի մեծ շուրջպարին:

ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ԱՌԱՍՏՎԱԾ

Uրտիս խորին մի անկյունում
Տխրությունն է ծվարել
Անկախ ինձնից ու իմ կամքից
Այնտեղ իր բույնն է դրել
Արմատներ է գցել շատ խոր
Ասես ինձ հետ է ծնել,
Ինձ դարձրել տխուր, մոլոր
Միտքս շղարշով պատել:
Հուսահատ եմ ու թևաթափ’
Ազգիս վիշտն է սրտիս մեջ.
Ազգս փոքր, վերքերն անափ
Ելք եմ փնտրում ես անվերջ
Շուրջս եմ նայում
Թափառ հայեր,
Հայերենն էլ մոռացած
Uփռվել են աշխարհով մեկ,
Այլ ազգերի են ձուլված:
ՈՒ փնտրում եմ, փնտրում անվերջ
Փնտրում օտար երկրում
ՈՒ ինձ նայող աչքերի մեջ
Հայի աչքեր եմ փնտրում:
Ամե՜ն տեղ ենք մենք’ ամենուր
Այս աշխարհի երեսին
Աստված բացի´ր գոնե մի դուռ,
Սատար կանգնիր իմ ազգին:
Ես միամիտ մի հայ պոետ
Դեռ հույսեր եմ փայփայում
Քար աշխարհի քար սրտերից
Արդարություն պահանջում,
Երբ աշխարհն արյան ծով է
Մարդիկ նայում են բեմից,
Էլ որտեղի՞ց արդարություն
Հնչի արնոտ շուրթերից,
Էլ որտեղի՞ց հիշեն հանկարծ
Իրենց շահերը թողած
Հարգեն Հայոց եղեռնը Մեծ
Խիղճ ու հավատք ուրացած,
Էլ որտեղի՞ց ուրախ լինի
Uիրտս վշտից ավերված,
Հայոց հողը թուրքն է վայելում,
Ազգս է մորթված, թալանված:
Շահն է այսօր թագավորում
Աշխարհը դարձել է ջունգլի
ՈՒժեղը թույլին հոշոտում է
Գազանի պես տանջալի:
Աղոթում եմ ես առ աստված.
Դու տեր անտեր իմ ազգին,
Մարդիկ շահից են կուրացած
Ծախել իրենց խիղճ, հոգին:

* * *
Ես միամիտ մի հայ պոետ
Դեռ հույսեր եմ փայփայում.
Քար աշխարհի քար սրտերից
Արդարություն պահանջում…
2004թ Բրյուսել

ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻ

Երազներս եմ թաղել հեռվում,
Շրջում մոլոր, օտարոտի,
Հազար մուրազ սրտիս խորքում
Գուցե մնա հավե՜րժ թերի.
ՈՒ՞ր շպրտեց բախտն այս անգութ
Հայի բախը հավերժ թափառ,
Մի հարվածով գրվեց անփույթ
ճակատագիրը մեր այսքա՜ն դառ.
Դարձել ենք մենք իսկը գնչու
Ցուպը ձեռքին դեգերող,
Ախր խելոք ազգ ենք ինչու՞
Միտքն է սիրտս կեղեքող.
Պատասխանն այս է դաժան
Թող աշխարհն իմանա.
Արգանդում է թուրքը գազան
Խեղդել ճիչը հայ մանկան.
Քշել, հանել մեզ մեր բնից,
Տնից-տեղից, հող ու ջրից,
Որ մենք ձուլվենք, ոչնչանանք,
Մեր հողերին տեր չդառնանք:
Բավ չէ ՞ մնանք այսքան ծարավ,
Այսքան հեռու մեր հողերից,
Համբերությունս իսպա´ռ հատավ,
Սիրտս մաշվեց ծով կարոտից:

* * *
Գիտե´մ, մի օր կմեկտեղվենք,
Մենք’ հայերս ողջ աշխարհի,
Եռագույնը կծածանենք
Սուրբ գագաթին Արարատի:
2004թ Բրյուսել

ՍԻՐՏՍ Է ԽՌՈՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ

Մտքեր իմ բացե´ք դռները գոցված,
Հորդե´ք, հեղեղվե´ք խենթ ու վարարած.
Սրբե´ք ձեր ճամփից աղբն այս կուտակված
Թող որ զուլալվի ջուրը ճահճոտված,
Որ չմնան իղձերս անկատար,
Մտքերս շղթայված ու փակ
Թղթին հանձնեցի արցունքներն իմ տաք,
Ինձ մնաց դատարկ ցավ ու տառապանք.
Շա՜տ փնտրեցի սրտիս սփոփանք.
Արդարություն, խիղճ ու հավատանք,
Ա´յս է երնկավորիս միակ բաղձանք,
Որ չլինեն երբեք դավեր, անարգանք:
Դերասան են դարձել մարդիկ.
Կյանքն է դարձել դառը խաբկանք
Հանուն շահի ու աթոռի
Կորցրել են դեմք, պատկառանք:
Սիրտս է խռով այս աշխարհից,
Մարդկանց վարքից’ ծախու, դաժան
Չի տարբերվում մարդը գայլից.
Դիմակներն է միայն բաժան:
ԲՐՅՈՒՍԵԼ

ԴՐԱԽՏ ԵԴԵՄՈՒՄ

Երբ մոմի պես մի oր ես հանգչեմ,
ՈՒ դառնամ մի բուռ հողն իմ հայրենի,
Ցանեք մոխիրս մեր սար ու արտին,
Թող հողն հայրենի իմ սիրուց բերրի
Ցանեք իմ արդար սերմերն ամենուր
Փույթ չի թե անժամ կյանքից հեռանամ,
Կճախրի հոգիս դրախտ եդեմում,
Ես այնտեղ կրկին կկենդանանամ.
Վեր կհամբարձվեմ, կծիածանվեմ
Ցոլքերով իմ տաք’ ինչպես մանանա.
Սեր ու բարություն վերից կանձրևեմ
ՈՒ կիջնեմ Մշո դաշտերի վրա:
2005թ բրյուսել

ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ

ճամփեքին ընկած
Ձեր շիրիմները
Թող գարնան ծաղկած
Վարդերով ծածկվեն.
Անհետ ու անհուշ
Գերեզմանները
Թող սերունդների
Սրտերում այրվեն.
Այրվեն ու ծխան
Ամեն մեկիս մեջ,
Որպես հավիտյան
Ծխացող փյունիկ…
Չէ՞ որ այդպիսի
Եղեռն աշխարհում
Ո´չ մի ազգություն
Չէր տեսել. մարդիկ:

1989թ Արտաշատ

ԱՐԹՆԱՑԵ´Ք, ՀԱՅԵՐ

Դեռ չի անցել հարյուր տարի.
Հարյուր գարուն դեռ չի անցել
Մեր սուգը սև սրտներիս մեջ,
Մեր ժպիտը մնաց թերրի.
Հե՜յ, որտեղ ես
Մեծն Շիրազ
Դե հիմա քո աչքերը բաց
Տե՜ս, լուսաշող այս մեծ դարում
Թուրքն արնախում,
Սումգաիթում
Դարասկզբի կիսատ թողած
Հայոց ջարդն է շարունակում,
ՈՒ առանց մի պատկառանքի
Ասես ի լուր ողջ աշխարհի,
Ազգն այդ վայրի ու տմարդի
Հանդգնում է
Առևանգել ու սպանել,
Բռնաբարել կանանց հայոց
ՈՒ հայ մարդու խանդը շարժել…
* * *
Դե բա´վ է լռենք
Արթնացի´ր Դավիթ.
Նստիր դու նորից Քուռկիկ Ջալալին,
Կապիր քո մեջքին քո Թուր Կեծակին,
Որ ելնենք մարտի
Հայոց զոհերի ու մեր նամուսի
Վրեժը լուծենք…
Արթնացի´ր, Դավիթ.
Արթնացե´ք, Բոլոր քաջեր հայածին.
Դու´ք, Անդրանիկի
Կտրիչ զինվորներ,
Վարդան զորավար,
Քաջ ֆիդայիններ…
Էլ բա´վ է քնեք,
Ժամն է հատուցման
Արթնացե´ք, կազմենք մի հուժկու բանակ
Դու´ք մարտը վարեք,
Եվ տեսնենք արդար ու սուրբ
Դատաստան
Որ ելնենք անհաս մեր սարը Մասիս,
ՈՒ չքնաղ լեռան
Ձյունե գագաթին,
Խմենք կենացը պապերիս:

1988թ Արտաշատ

ԳՆԱ´ՆՔ, ՀԱՅԵՐ

Մեկ-մեկ ինձ-ինձ միտք եմ անում.
Այ՞ս է վերջը մեր փուչ կյանքի.
Ազգս է մեռնում օտար հողում
Ձուլվում այլոց բյուր ազգերի.
Նմանվել եմ այն թղսկանին,
Որ ձագերին շուրջն հավաքած
Դեգերում է մայրամուտին,
Ծով կարոտը սրտում թառած.
Գնա´նք, հայեր, թող հողը մեր
Մեր գալուստից հավերժ ցնծա
ՈՒ Մասիսի սիրտն էլ ծեր
Մեր ջերմությամբ թող ջերմանա:
2003թ Բրյուսել

ԱՐԵՎԻ ճԱՄՓԱՆ

Արև, փշերդ ես ամուր բռնած
Չջգիտեմ, թե դու ինձ ու՞ր ես տանում.
Օտար երկրում սիրտս կոտրված
Միակ մտերիմ դու ես իմ սրտում
Արև, ես էլ մենակ եմ քեզ պես.
Թող որ գրկեմ շեկ վարսերը քո հուր
Օտար երկրում իմ կյանքն ու հույսն ես,
Սիրտս մի թողնի անտեր ու թափուր.
Արև. սպասիր, քեզ հետ եմ գալիս,
Հողիս կարոտից սիրտս է լալիս.
Այստեղ չհանգչեմ իմ մայրամուտիս,
Գեթ այգաբացիդ ես քեզ հետ լինեմ
Արև շողերդ որ գիրկս առնեմ
Տանեմ շողերդ շաղեմ ամենուր
Uառած սրտերին տամ կրակ ու հուր.
Իմ Մասիս սարին շողերդ շաղեմ,
Որ նրա սրտի խոր ձյունը հալեմ.
Ա´րև, դարձիր ինձ տեր ու ուղեցույց,
Փարվիր ինձ, մտնեմ ես քո տաքուկ ծոց,
Գնանք միասին երկիրն իմ հայոց:
2003թ. Բրյուսել

ԻՆՁ ՓՐԿԵ´Ք, ՄԱՐԴԻՔ

Հոգնած ու լքված ինքս ինձանից,
Քայլում եմ մոլոր օտար երկրում.
Հուսախաբ, անմիտ, անիմաստ կյանքից,
Ես իմ ծնունդն եմ անվերջ անիծում

Ասես թե լինեմ արմատից պոկված,
ՈՒ դեն շպրտված մի վայրի ծաղիկ.
Իմ հող ու ջրի բույրին կարոտած,
Մեռնում եմ իզուր, փրկեցե´ք մարդիք

Ինձ տարե՜ք, տարե՜ք տնկեք մեր այգում
Հողից հայրենի, զեփյուռից անուշ
Շուրթերիս կիջնի անեղծ մի եղյամ
Սրսփուն ցողն այդ բալասան ու բույժ
Նորից կբուրեմ ու կշողշողամ
Ինձ փրկե´ք մարդիկ,
Որ չմահանամ …

ԱՆԻ

Անի´, կգամ մի օր ուխտի
Մայր տաճարում մոմեր վառեմ.
Որ քո ամեն ավեր քարի
Իմ արցունքով նրանց շաղեմ.
Մատաղ անեմ մայր տաճարում,
Պատերիդ տակ խունկ խնկարկեմ,
Հազար ու մի եկեղեցուդ
Ավեր փառքը գեթ վայելեմ:
Արդյոք ո՞վ էր մեզ անիծել,
Հեռվից կարոտ առնենք միմյանց
Անգամ քարն է լեզու առել
Խոսում փառքը մեր նախնյաց.
Դարեր ի վեր ասպատակվեց.
Էլ սելջուկ թուրք, էլ պարսիկ…
Բայց ոչ ոք քեզ գեթ չտիրեց.
Հզոր էիր, անառիկ
Այսօր, երբ դու ավերվել ես,
Թալանվել ես ահավոր,
Թեկուզ ավեր էլ գերող ես,
Նույնքան գեղ ու թևավոր:
Անի´, մի օր երբ աշխարհում
Արդարություն թևածի,
Հեռվից կգան որդիներդ
ՈՒ շունչ կտան քարերիդ.
Միայն հոգով ուժեղ լինենք
Կգա մի օր օրն այդ լույս
Աստված մեծն է, ե´կ հավատանք
ՈՒ աղոթենք լիահույս…
2003թ Բրյուսել

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔԵԶ

Ինչու՞ են քեզ
Այդքան տանջում
Սրի քաշում
Ազգ իմ խելոք
ՈՒ խելացի.
Քանզի փոքր ես,
Փոքր ու մեծ ես,
Որ ծնել ես
Նարեկացի,
Որ դու ունես
Սարն Արարատ
Հավերժական
Ձյունե գագաթ
ՈՒ հպարտ ես
Մեր սարի պես.
Չես սիրում դու
Ստորանալ,
Քեզ ապտակող
Ձեռքն համբուրել
Կամ թե ծնկել
Ոտքերի տակ.
Դու շիփ -շիտակ
Մեր բարդու պես
Բարձրանում ես
Երկինքն անհաս.
Չես խոնարհվում
Ո´չ մեկի դեմ,
Թե մեռնում ես’
Մեռնում կանգնած
1997թ Արտաշատ

ԽՂճԻ ՍՈՎ

Խղճի սովն է աշխարհը տիրել
ՈՒ մարդը մարդու կոկորդն է կրծում,
Ասես կատաղած գազան է դարձել
Արյան ծարավ է ու չի հագենում.
Գազանը միայն իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ պետք չէ աշխարհում,
Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
Գայլեր են հագած դիմակներ գառան… ? Իսկը գայլեր են դիմակով գառան
Մեկը’ գանձեր է դիզել անհամար,
Մյուսն’ իր դիրքն ու աթոռը հարմար
Այս է մեր կյանքը. այսքան անարդար.
Ո՞վ է մտածում քաղցածի համար:
Մեկ անգամ ենք լոկ մենք աշխարհ գալիս
ՈՒ ոչ-ոք իր հետ ոչինչ չի տանում
Պատասխան տվեք միայն մի´ հարցիս.
Այսքան արյունն ինչու՞ եք թափում.
Աշխարհի գանձն աշխարհին է միշտ
Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում
Բա´վ է աշխարհը լցնեք մահ ու վիշտ
Խղճի սով է ձեր բիրդ հոգիներում…
2003թ Բրյուսել

ՈՒԺԵՂՆ Է ԱՅՍՕՐ ՔԱՅԼՈՒՄ ԱՂԹԱԿԱՆ

Արյուն ու արցունք, մահ է ու սարսափ
Մարդն է դարձել դահիճ անողոք.
Լցվել է համբերության բաժակն ափե -ափ
Կյանքն է տաղտկալի’ իսկական դժողք

Պատերազմում է աշխարհն ամբողջ.
Մերը մանուկ է ուրացել
Արյան ծով է մեր շուրջը ողջ
Մարդկանց սիրտը քար է դարձել.

Հողն է տնքում ու մղկտում.
Անթի՜վ, անհամար դիակներ մատաղ
Կուրծքը լայն բացած իր ծոցն է առնում,
Իր որդիներին արյունով շաղախ:

Լռե´ք հավիտյան արկեր մահաբեր,
ՈՒ՞մ են ձեռնատու խենթ պատերազմներ.
ՈՒժեղն է քայլում այսօր հաղթական.
Մարդկային կյանքը դարձել է էժան
15-07-2006թ Բրյուսել

ԳՆԱՄ ՀԱՍՆԵՄ ԻՄ ԵՐԱՄԻՆ

Ա՜խ քամիներ խենթ, խելագար
Առեք դուք ինձ ձեր թևերին
Ես էլ չունեմ ձեզ պես դադար
Գնամ, հասնեմ իմ երամին

Տարեք հեռու՜, հեռու՜ անհաս
Երկիրն լույս երազներիս
Սպասում եմ,
Որ մի օր գաս
Ալեկոծ է խռով հոգիս
12-10-2006թ Բրյուսել

ԱՆԳԻՆ ՊԱՊԵՐԻՍ ԷՐԳՐՈՒՄ ԹԱՂԵՔ

Որպես բալասան իմ վառված սրտին,
Մասիսն է ազատ, արև ճակատին
Ղարսի մեր տունը առվակի ափին,
ՈՒր ապրում էին պապերն իմ անգին.
Բարդիներ կային առվակի ափին,
ՈՒ փայտե նեղլիկ փոքրիկ մի կամուրջ…
Տատս էր պատմում ՜
Արցունքն աչքերին
Սրտում կարոտն էր ու լի՜քը անուրջ…
Երկա՜ր ու ձիգ տարիներ անցան,
Տագնապներդ տատ իմ ի´նձ բաժին հասան.
Հողի կարոտն ինձ էլ է պատել,
Ցնորհք պատրանքը սիրտս է մաշել,
Փափագս ասեմ’ ինձ արեք դեղ, ճար,
Այլապես չունեմ ես քուն ու դադար.
Գեթ սիրտս հանեք, հանեք ու տարեք,
Անգին պապերիս էրգրում թաղեք.
Լոկ այնտեղ սիրտն իմ հանգիստն իր կառնի,
Հայրենի հողի բույրն երբ առնի:
7–07-2006թ Բրյուսել

ՀՐԱՇՔ ԵՍ ԱՍԵՍ

Աստվածատուր ես
Իմ հայ ժողովուրդ.
Քեզ մորթում են,
Ապրում ես նորից.
Թալանում են քեզ,
Պոկում արմատից,
Սակայն աճում ես
ՈՒ դալարում ես
Ծաղկում ես անգամ
Չոր անապատում
Լերկ քարի վրա’
Սառնամանիքին.
Հրաշք ես ասես
Երկնքից իջած,
Քո տանջանքներին
Վկա է Աստված:
Կանգուն ես , հպարտ
Մասիս սարի պես
ՈՒ չես խոնարհվում
Ոչ մեկի առաջ,
Թեև փակել են
ճամփեքդ կյանքի,
Սակայն ապրում ես
Ապրում ես ու կաս…
2004թ Բրյուսել

ՉԱՐՆ Է ՄՏԵԼ ՄԵՐ ՄԵՋ ԴԱՐԱՆ

Ասես լինի կյանքը միրաժ
Շուրջս ամեն փուչ ու խաբկանք
Լոկ աշխարհն է կանգուն հավերժ.
Մենք այսօր կանք, վաղը’ չկանք
Ծով մտքերն են սիրտս տանջում.
Վերացել է սեր, բարություն…
Մարդն է անվերջ դավում մարդուն
Հեղում անվերջ անմեղ արյուն:
Փոթորկվել է աշխարհն այսօր
Ալեկոծվել ծով ու օվկիան
Խելակորույս մարդն է մոլոր
Գցում իրեն մահվան բերան
Շղթայված է մարդը մտքով.
Չարն է մտել մեր մեջ դարան.
Շաղախել է հացն արյունով
ՈՒ քայլում է դեռ հաղթական…

* * *
Աստված միայն մեզ կազտի
ճիրաններից այդ չար ոգու
.Փրկիչը մեր հոգիների’
Արարչական ուժով հուժկու:
2005թ Բրյուսել

ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Օտար ճամփով գնում եմ դեռ
ՈՒսիս դրած մի ծա՜նր բեռ
ՈՒ քայլում եմ միշտ դեպի վեր.
Բայց կհաղթի.՞ սիրտս ավեր.
Արդյո՞ք կգա օրն այս լույս,
Որ իմ գլխից մղեմ ես դուրս
Ինձ կեղեքող անթի՜վ մտքեր,
Որ դարձել են իմ գլխին տեր:
Ես կազատվե՞մ այս մտքերից,
Ինձ շղթայող կապանքներից,
Ամե՜ն բեռից ու ճամփեքից
ՈՒ ինձ այսքա´ն օտար երկրից.
Հոգնել եմ ես այս բեռի տակ,
Հոգնել եմ ես ամե´ն ինչից
Գուցե և դուք ինձ չհավատաք,
Հոգնել եմ և ի´նքս ինձնից:
Երնեկ մի օր դեն շպրտեմ
Մտքիս բեռը կրակ դարձած,
Որդիներս օտար երկրում,
Օտար հողում են ամրացած.
Ի՞նչ եմ կորցերլ օտար երկրում,
Եկել եմ ես նրանց տանեմ,
Որ օջախիս ծուխը ծխա,
ՈՒ հայրենի հողին գամեմ,
Որ ձագերիս ձագերն անգամ
Օտար լեզվով չբարբառեն,
Որ հայ մնան ու չլուծվեն
Հայոց հողում ծլեն, ծաղկեն.
Նստեն, կանգնեն հայավարի,
Դառնան սյունը Հայոց երկրի
Այնժա´մ սիրտս հանգիստ կառնի
ՈՒ կչքվեն մտքերս իսպառ,
Երբ օջախս միշտ հեղեղվի
Ձագուկներիս խինդով կայտառ…
2003թ Բրյուսել

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Այգաբացներով ուզի հիանալ,
Օտար երկրի այգն էլ չգերեց,
Ծաղկունքի բույրով ուզի արբենալ
Ծաղիկն էլ այստեղ անբույր հայտնվեց
Մայրամուտ է լոկ օտար երկրում
Անվերջ գալիս է, գալիս ու գնում
Ամեն օրվա պես այս օրն էլ անցավ,
Անցավ լուռ, անձայն ու ոչինչ չասավ
Միայն այս օրից մնաց իմ գրած
Այս երկու տողն ու սիրտս կոտրված.
2003թ Բրյուսել

ԿԱՆԹԵՂՍ ԱՆԹԵՂ

Երկնքում դեռ նոր լույսեր կվառեն
Իմ բյուր մտքերը լույս ջահեր դարձած
Նենգ խավարի դեմ խենթ կպայքարեն,
Հուրս որոտի շանթից է սերված.
Կանթեղով անթեղ ծովերը կանցնեմ,
Օվկիաններ անտակ, անձավներ մթին
Սարերը կանցնեմ ու դարեր կանցնեմ
Մինչև տիեզերք’ աստղեր ու լուսին
ՈՒ ես կանձրևեմ աշխարհի վրա
Իմ հոգու լույսը, նոր գարուն կգա
Կհալեմ մեռած սրտերը սառած,
Կհաղթեմ խավարին հավերժ անիծված…
2005 Բրյուսել

ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՈՒզում եմ բերանս կոծկել, չխոսել,
Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ նաև կեղծ լռությունից.
Փոթորիկ է սրտումս , գիտցե´ք,
Մրրիկ ու հողմեր իրար միաձյուլ
Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
Բերանս փակել մի´ փորձեք իզուր.
Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ, ասեք
Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալից
Գոնե թող թղթին զայրութս հանձնեմ,
Միգուցե այսպես խաբեմ մտքերիս:
Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
Լռելն էլ իրեն գինն ունի ավա՜ղ
Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ
Ա՜խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
Թշվառին, խեղճին չտեսնելու տամ
Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ,
Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ:
Այդ ի՞նչ եմ ասում ես’ երեսպաշտս.
Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
Էլ ինչի՞ս է պետք նման ապրելս
Մեռնելը լավ չի՞ , քան թե հարմարվեմ.
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
Քանի շնչում եմ, կենդանի եմ, կամ
Ձայնս չեն կարող խլել ինձանից.
Չեմ լռի իմ մահիճում անգամ
2004թ Բրյուսել

ԻՄ ՎԵՐՋԸ

Շտապում եմ անվերջ, բայց ու՞ր և ինչու՞
ՈՒզում եմ օրերս, որ շու՜տ-շու՜տ թռչեն
Անցնեն ու գնան, որ հասնեմ վերջիս,
Թե ինչու՞, ինչու՞ ես էլ չգիտեմ.
Անհայտության մտքե՞րն են արդյոք
Հետապնդում անվերջ իմ անձին,
Մի պահ թվում է հավետ է կյանքը
ՈՒ շա՜տ եմ հեռու, որ հասնեմ վերջին:
Ես մահվան մասին չեմ էլ մտածում
Հավասարություն այնտեղ է միայն,
Հարուստ ու աղքատ նույն տեղն են գնում,
Թվում է կյանքն անմիտ ու ունայն,
Բայց կա մեկ ուրիշ, մեկ ուրիշ աշխարհ.
Հանդերձյալ կյանքն է մեզ առաջնորդող.
Մտորում եմ իմ մեջ անդադար
Դրախտ-դժոխքի մտքերն են տանջող.
Այս կյանքում մարդը պատվով թե չապրի,
Նրան դժոխքը հաստատ կընդունի,
Ահա´ ամբողջ տարբերությունը’
Բարու ու չարի բուն էությունը.
Մարդիկ կան տգետ, դաժան ու ագահ,
Ամե՜ն, ամե՜ն ինչ վայելում են ճոխ,
Իսկ խեղճ աղքատին’ չոր հացի կարոտ
Դրախտի հույսն է միայն ամոքող.
Մարդասպանը չարն իր հոգում
Սատանի պատվերն է նա լոկ կատարում,
Բարին’ մրջույն չի տրորում անգամ,
Բռնել է հոգու փրկության ճամփան:
Ես էլ եմ գնում հավերժի ճամփով.
ՈՒզում եմ որ շուտ հասնել իմ վերջին
Կյանքս ապրել եմ դժողքի ահով,
Որ բաց ճակատով հասնեմ դրախտին…
2004թ Բրյուսել

ՄՏՔԵՐՆ ԻՄ ԱՆՄԵՌ

Կարո՞ղ եք սպանել մտքերս երկնած
Փորձեք, կարո՞ղ եք հարցնում եմ ձեզ
Նրանք ձիեր են, հրեղեն, անսանձ
Շանթ ու որոտի հրից են ասես
Ո´չ ոք չի կարող նրանց բռնանալ,
Լոկ ես եմ տերն իմ նժույգների,
Ամուր բռնել եմ սանձերը նրանց
Նրանք արքան են իմ ծով մտքերի.
ՈՒ երազներիս թամբին ես նստած
Սլանում եմ երկնի անհունում
Ողջ էությունս նրանցով լցնած
Անձիս մասին եմ հաճախ մոռանում:
Մտքերս հեծած հրեղեն ձիեր
Ինձ հերու՜, հեռու՜, հեռու՜ են տանում,
Որ ցանեմ սիրո, բարության սերմեր
Այս չար ու անգութ , դաժան աշխարհում
Տանեմ մտքերս անհաղթ, երկրային
Շաղեմ սար ու արտերում անծայր
Գութն իմ ներարկեմ ես քար սրտերին,
Տամ հոգուս լույսն աշխարհին արար,
Երբ արտերն իմ բերքի տակ կքվեն,
Այդժամ հանգիստ, խաղաղված սրտով
Իմ նժույգներին ազատ կարձակեմ,
Որ ճախրեն մտքերն իմ աշխարհից աշխարհ,
Երգն իմ հավերժի ամենուր սփռեմ,
Որ չլինեն գեթ ավեր ու դավեր,
Չարին, խավարին մտքով շանթարգեմ,
Որ վառեն մտքերն իմ լուսեղեն ջահեր
Անսանձ, հրածին մտքերն իմ անմեռ:
2004թ Բրյուսել

ԿՅԱՆՔԻՍ ԳԱՐՈՒՆԸ

Ընկճված եմ ու թևաթափ.
Ինքս եմ մեռել ես իմ մեջ
Մտքերս հնչում են գունատ
Ամեն ինչին ասես վերջ.
Խոսքերս թաղցոտ են հնչում,
Այսպես ո՞նց ապրեմ, ասե´ք,
Լեռներում է հոգիս դեգերում
Փափուկ կյանք չեմ ձգտել երբեք
Որտե՞ղ եք իմ թանկ գարուններ,
Գիրկդ բաց, գալիս եմ նորից.
Բոկոտն վազեմ սարերում,
Կարոտս առնեմ ձեզանից:
Կարոտել եմ արևիդ այրող,
Երկնքիդ’ աստղերով զարդարված,
Սարերիդ ծփացող խոտերում,
Ծիծաղս այնտեղ է թաղված:
Այստեղ օտար է ամեն ինչ.
Օդի տեղ թույն եմ ես շնչում,
Մտերիմ են մտքերս ու գրիչ,
Հուշերս ինձ տուն են տանում:
Խոսքերս վերջացած են թվում,
Երգս երգված է արդեն.
Սիրտս մի բան է տենչում.
Գեթ մտքերս ինձ չլքեն,
Որ ելնեմ սարերդ ծաղկուն
Փնջեմ ծաղիկներ պես-պես
Գիտե´մ, սպասում էիք իմ գալուն
Շա՜տ էի կարոտել ես ձեզ.
Ջուր խմեմ քո պաղ աղբյուրից,
Բարդին հով անի իմ վրա
Կհնչեն երգերu շուրթերից,
ՈՒ կյանքիս գարունը կգա:
2004թ Բրյուսել

ՆՎԻՐՈՒՄ

Արդյոք օրե՞րս են արդեն հաշված,
Թե՞ ես եմ նրանց հաշիվը կորցել
Sկար է սիրտս , տխուր , հալածված
Ասես արևն է գլխիս խավարել:
Կյանքս ամեքին ես նվիրեցի.
Լինի հարազատ, կամ թեկուզ օտար
Ծանոթ, անծանոթ հացս կիսեցի,
Պատրաստ ընկածին հասնելու համար,
Ոչ մեկից ոչինչ ես չաղաչեցի
Դատարկ գրպանով ինձ հարուստ կարծի,
Թե ինձ մեկ տվին, տասը տվեցի.
ՈՒմ ինչ տվեցի < անդա՜րձ> ասացի:
Կյանքում չսիրի սուտ կույր ձևացնել,
ՈՒ հոգուս լույսը տվի ամեքին
Իմ տկար սրտի վերջին վայրկյանն էլ.
Վերջին թրթիռն էլ ձե´րն է լիովին…
2003թ Բրյուսել

ՍԻՏԻՍ ԳԱՐՈՒՆԸ

Մազեր իմ, ի՞նչ է ուզում եք ասել,
Թե մայրամու՞տն է կյանքիս մոտեցել.
Օ՜, այդ մտքի հետ ես չեմ հաշտվում.
Համառ պայքարն է իմ մեջ ծվարել.
Մազեր իմ, ինձ բնավ չեք կարող հաղթել
Դուք ճերմակել եք, սիրտս է ջահել
Կրծքիս տակ նրան ջահել եմ պահել.
Կյանքիս գարունը այնտեղ եմ թաղել,
ՈՒր իմ հոգու ջահերն եմ վառել,
Թև առած սիրտս սարերն է ճախրել,
Այնտեղ են սրտիս երգերը հյուսվել,
Ձնծաղիկներն այնտեղ են ծաղկել,
Սրտիս ջերմությամբ սառույցն է հալվել…
Մազե´ր, չեմ խորշում ձեր ճերմակ գույնից
Ինձ չի հաջողվի փաղչել ձեզանից.
Մտածում եմ լոկ , անվերջ միտք անում
ՈՒ ձեզ փրկելու հնարքը գտնում.
Կներկեմ ես ձեզ գարնան գույներով,
ՈՒ կզարդարեմ բյուր ծաղիկներով,
Որ հայելու մեջ , երբ իրար նայենք’
Մեկս մյուսից մենք ամոթ չանենք:
2003թ Բրյուսել

ԵՐԿՈՒՆՔ

Երկնում եմ հաճախ ես ինքս ի´մ դեմ,
Ապստամբում են մտքերս բոլոր.
Սիրտս սանձում է, որ չմոլեգնեն,
Չդառնան նրանք չափից շատ հզոր:
Երկունք են ապրում մտքերս երկնած
ՈՒ ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս
Եվ այդ մրրիկից այս երգս ծնված
Խաղաղություն է տալիս մտքերիս.
ՈՒ սիրտս հլու մտքիս փոթորկին
Նրա տարերքն է ողջունում անսանձ
Քանզի միտքն է իշխում միշտ սրտին,
Ինչքա՜ն էլ թեկուզ լինի վարարած:
2003թ Բրյուսել

ԱՇԽԱՐՀԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

(Երազ և մեկնաբանություն)
Էությունս համակ
Հանելուկային առեղծվածության,
Խոհերիս խոհը խարիսխ էր փնտրում
Կառչելու մարդու բանականության,
Հարցականների, անհայտ գոյացման
Զուտ տիեզերական,
Ո´չ փիլիսոփայական
Այլ’ հաստատական
Պատասխաններն իմ մտայնության.
Անվերջանալի որոնումներիս
Գեթ հագորդ տվող,
Մշուշը ցրող փնտրտուքներիս,
Բանալին եղավ երազն իմ ցնցող,
Որ մեկնաբանեց,
Ինքնին հաստատեց,
Անլուրջ է ու միֆ, ջանում են իզուր
Իրենց գիտությամբ զուր ապացուցել,
Իբր կապկից է թե մարդը սերվել.
Այս անհեթեթ մտքերը մերժող’
Իմ այս երազն եղավ հաստատող,
Որ մեր տերն է Արարիչ Աստված,
ՈՒ միակ որդին’ Հիսուսը խաչված.
Հենց ինքը’ Sերը, իր հայտնությունով
Կայծակի նման հատու շանթարգեց,
Մտքիս շղթայված դռները բացեց
Եկավ հայտնելու լոկ իր մտքերով,
Որ թելադրվում է մեր տիրոջ կամքով
Ձայնելու համայն, համայն մարդկության
Երազն իմ ահա´ հրաշք տեսիլքով

* * *

ԵՐԱԶ ՏԵՍԻԼՔ

ՍԵգ Արարատի գագաթը ժայթքեց
ՈՒ հրաբխից գետը կրակե
Իր ամբողջ թափով լանջն ի վար հոսեց.
Ինձ թվաց մի պահ, թե լավան ահա
Աշխարհն ամբողջ կուլ կտա հիմա.
Այդ պահին ամպը որոտաց ուժգին
Եվ Արարատի կրակ գագաթին
Հրաշք երկու մարդ իմ դեմ հառնեցին.
Մեկը’ նման էր իսկը հսկայի.
Գերբնական, ահեղ ու հեքիաթային,
Իսկ մյուսը’ լույս էր երեսին
ՈՒ զուտ երկնային.
Ես կանգնած էի հենց նրա կողքին.
Կամաց շշնջաց նա իմ ականջին,-
– Աստվածն է, գիտցե´ք,
Շա՜տ է բարկացած
Ա´ռ այս մատնոցն
ՈՒ դիր ափի մեջ.,
Որ նա հանդարտվի,
Թե չէ աշխարհը քար ու քանդ կանի
Համբերությունն էլ իր չափն ունի…
Ինչ-որ ճերմակ նյութ մատնոցում լցված,
Հլու, հնազանդ ես այն դրեցի
Ափի մեջ տիրոջ, որ գութը շարժվի.
Հրաշք կատարվեց.
Sերը խաղաղվեց,
Այդ պահին հանկարծ
Լավան դադարեց.
Անգամ երազում զգացի սարսուռ,
Զորությունն Աստծո ու որդուն Հիսուս,
Որ հայտնություն եկան ինձ’ երկնավորիս
Հայտնեմ աշխարհին, որ կրկին փրկեց
Հոգիները մեր. դա ապացուցեց
Հենց իմ երազում’ մեր Sերը խաչված.
Բարկացած Աստծո զայրութը մեղմեց:

* * *

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Անբնական դող մարմնովս անցավ,
Ո´չ քուն, ո´չ արթուն էությունս լցվեց
Անբեկանելի մի խո՜ր հավատքով.
Ցնծում էր հոգիս նոր զգացումով,
Որ ես տեսել եմ իրեն’ Արարչին,
ՈՒ միակ որդուն’ Հիսուս Քրիստոսին,
Շփվել նրանց հետ ոչ թե երազում,
Այլ հենց բնական, իրական կյանքում.
ՈՒ փառավորվեց, թնդաց իմ հոգին
Անձս վերստին վկա տեսիլքին:
Խաղաղություն իջավ խոհերիս,
Հար հագուրդ տվեց փնտրտուքներիս.
Տերը փարատեց մտայնությունն իմ,
Եկավ ասելու ո´չ իմ մեջ ցնծամ.
Աշխարհին պատմեմ գրչիս զորությամբ.
Աստծո մեծության,
Լուռ համբերության,
Մեղքի գոյության
Հոգու փրկության
ՈՒ մեր էության
Մասին չլռեմ, որ ես բարբառեմ
Ի լուր աշխարհի ես բարձրաձայնեմ,
Որ Աստծո տված մարդ արարածի
Արյունն էր հոսում նման լավայի
Բիբլիական սարից հոսում էր անվերջ,
Մեր երկու տերն էլ արյան ծովի մեջ:

* * *

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Հանդարտվի´ր դու, ով մարդ արարած,
Քանի բարի է Արարիչ Աստված
Հորդորում է մեզ մեր Sերը խաչված.
Թե չես ուզում, որ աշխարհը նորից,
Uկիզբ առնի կրկին, կրկին զրոյից,
Մի´ հանիր Աստծուն համբերությունից,
Մի´ թափիր անմեղ արյունը մարդու,
Գիտցի´ր, աշխարհում հյուր ես միայն դու.
Երկինք ու երկիր,
Արև ու լուսին,
Շնչավոր, անշունչ,
Տիեզերքը ողջ
Ղեկավարվում է
Կամքով մեր տիրոջ.
Ամեն ինչ իրեն սկիզբն ունի ու վերջ,
Դու մի´ խցկվիր Աստծո գործի մեջ,
Որ կյանքն աշխարհում միշտ հարատևի,
Ջրով, կրակով նա չծածկվի.
Թե չփրկեր մեզ Հիսուսը բարի,
Կփակվեր դռները հավերժ դրախտի.
ՈՒշքի´ եկ, խոնարհ ծառայիր Աստծուն
ՈՒ միակ փրկիչ իր Հիսուս որդուն.
Ահա խորհուրդն իմ այս երազի.
Ամեն ոք յուրովի թող մեկնաբանի:
2004թ Բրյուսել

ՔԱՐ ԵՍ ԴՈՒ ԱՇԽԱՐՀ

Քար ես դու աշխարհ
Իսկը անկենդան,
Անշունչ ու անտաշ,
Անիմաստ, անմիտ
Ոտքի տակ ընկած
Քար ես դու աշխարհ,
Իսկը մի կույր քար
Անտարբեր ու լուռ
Մարդ կոչեցյալի
Դաժան արարքի,
Uտի, նենգության
Քարեղեն վկան.
Քար ես դու աշխարհ.
Մա´րդ, վաղուց ես
դեմքդ կորցրել,
ճամփիցդ շեղվել,
Հոգիդ ես ծախել
Չար սատանային
ՈՒ դարձել գործիք
Դու նրա ձեռքին.
Նա քեզ քեզանից
Խլել ու տարել,
Տեղը քարեղեն
Մի իր է դրել.
Դարձրել շահամոլ,
Լկտի, փառամոլ,
Անհագ մարդասպան.
Նա քեզ խաբել է
Ոսկով, արծաթով
ՈՒ ադամանդով…
Եվ մարտի հանել,
ՈՒ դավեր նյութել
Մա´րդ, քեզ արարող
Տիրոջ’ Աստծո դեմ.
Անմոռանալի է ու աններելի
Դու մարդ երկդիմի,
Երբ մարգարեներն
Ավետեցին
Աստվածորդու գալուստն
Աշխարհին,
Նենգափոխվեցիր,
Մատնիչ Հուդայի
Ձեռքով ծախեցիր
Աստծո միածին,
Մի հատիկ որդուն,
Որ աշխարհ էր եկել
Հոգիդ փրկելու
Սատանի ճանկից,
Դու նրան փայտին
Խաչեցիր դաժան
Մա´րդ, դարձել էիր
Կատաղած գազան
Մոռացած Աստծո
Ամե՜ն պատվիրան.
Աշխարհը լուռ էր,
Քարի էր նման.
Ների´ր ինձ, իմ տեր,
Չեմ կարող լռել
Մարդկային ցեղի
Կռապաշտության,
Դավաճանության,
ՈՒ անասելի
Ոճրագործության
Այս պահը դաժան
Մա´րդ,
Հենց այս արարքով
Ապացուցեցիր,
Որ չես ծառայում
Դու քո գոյությամբ
Քեզ արարողին,
Դու ծառայում ես
Հլու, հնազանդ
Նենգ սատանային.
Այլապես ինչպե՞ս
Մարդ արարածը,
Որ արարել է
Մեր Sեր Աստվածը.
Այլակերպվեր այսչափ
Մտքով, էությամբ.
Դառնար քծնվող,
Տձև, անառակ
Գծուծ մի էակ.
Մա´րդ
Հեռացել ես,
Շա՜տ ես հեռացել
Գեթ մարդ կոչվելուց.
Ես չեմ վարանում
ՈՒ չեմ երկմտում
Երբե՜ք ու երբե՜ք
Մարդկային դեմքով
Լոկ ուրվականդ է
Միայն մնացել.
Սատանան քո մեջ
Ոստայն է հյուսել
Հայտնվել ես դու
Նրա ծուղակում
Մտքով շղթայված
Sկար էությամբ.
Նա քո սրտի տեղ
Մի քար է դրել
Հոգով, մարմնով
Քեզ քար դարձրել
Աշխարհը լցրել
Քարի կույտերով
ՈՒ Աստծո տված
Լուսեղեն հոգին
Դու ծախել ես
Մա´րդ
Նենգ սատանային…

* * *
Իմ Հիսուս խաչված,
Դու իմ հոգու տեր
Քո ամեն վերքիդ
Համար եմ տանջվում.
Ներքուստ ամաչում,
Որ պատկանում եմ
Մարդկային ցեղին,
Որ ծախել է իր
Խիղճն ու հոգին:
Դավաճանի սև
Խարանն է դաջվել
Հար ու հավիտյան
Մա´րդ
Քո ճակատին:

* * *
Այդ օրից բազում
Դարեր են անցել,
Սակայն աշխարհը
Նույնն է մնացել.
Փրկի´ր, Արարիչ,
Փրկի´ր դու մարդուն
Այդ սատանան է
Նրան ուղղորդում
Աշխարհը լցրել
Մահվան սարսուռով,
Այսօր ամեն ինչ
Չափվում է շահով.
Մարդը դահիճի
Կերպարանք առած
Մորթում է, թալանում
Նա համատարած:
Փրկի´ր դու իմ Sեր,
Փրկի´ր դու մարդուն
Քար սրտերի մեջ
Ներարկիր արյուն,
Կենդանություն տուր
Մարմին ու հոգուն.
Վերածնի´ր Տեր
Աշխարհը կրկին,
Որ մարդը հաղթի
Անառակ չարին,
Որ մարդն հավատա
Քո գոյությանը,,
Քո զորությանը…
Առաջնորդի´ր , Տեր
Հավիտենական կյանք,
Որ քո արարած
Մարդը մոլորված
Եդեմական դրախտի
Դռները բացի
Չդառնա Sե´ր իմ
Բաժին դժողքի:

ՈՐ ՀԱՂԹԵՄ ՉԱՐԻՆ

Փնտրում եմ գտնեմ
Իմ մեջ բույն դրած
Նենգ սատանային,
Որ փորձում է շեղել ինձ անվերջ,
Որ քայլեմ իրեն ճամփով դիվային.
Երկնում եմ ամբողջ մտքով, էությամբ,
Պատերազմում եմ ես ինքս իմ մեջ,
Որ հաղթեմ չարին
ՈՒ ճզմեմ նրա
Uաղմը չարածին.
Չտրվեմ երբեք
Անթի՜վ, անհամա՜ր
Կեղծամներ դեմքին,
Շինծու ժպիտին,
Խարդավանքներին,
Որ չպղծի հանկարծ
ՈՒ ապականի
Մարմինն իմ արդար,
Հոգիս երկրային:
2005թ Բրյուսել

ՏԳԵՏՆԵՐՆ ԱՅՍ ԱԶԳԱԴԱՎԱՆ

Բաժա՜ն – բաժա՜ն արին ազգիս
Քարոզիչներն այդ ինքնակոչ.
ՈՒրացել են մեռոն, հավատ
Եկեղեցին մեր անաղարտ.
Մոմ չեն վառում, խունկ չեն ծխում.
Անգամ խաչն են ուրանում.
Մեկն է դարձել հիսունական,
Իսկ մյուսն’ ուրբաթական
Էլ չեմ ասում բողոքական,
Սակայն ումի՞ց…
Գլուխգործոցն այս ամեքից
Հոգևորսն է սատանեական,
Որ կոչվում է եհովական.
Այս ամենը մեկ են եղել
ՈՒ դարձել են մի մե՜ծ ական.
Ազգիս հիմքերն են խալխլում
Տգետներն այս ազգադավան:
2005թ Բրյուսել

ՉԵՄ ՄԵՂԱՆՉԵԼ

Բացի իմ ծով, ծով մտքերից,
ՈՒ գրիչից, չունեմ ոչինչ,
Բայց հանգիստ է սիրտս ամեքից.
Չեմ եղել նենգ ու կողոպտիչ,
Եղել եմ միշտ բարի, արդար
Խարազանել տմարդն ու չար
Ըմբոստնել եմ, երբ տկարին,
Խեղճին, թույլին հալածել են.
Դատավոր եմ եղել արդար,
Որի համար ես հաճախ եմ
Թանկ վճարել, սակայն երբե´ք
Ես չեմ լռել ու մեղանչել:
2003թ Բրյուսել

ԻՄ ԹԱՆԿ ՕՐԵՐԸ

Սառը հայացքով, տխուր, մտածկոտ
Ժպիտն է ասես մարել իմ դեմքին,
Քայլում եմ դանդաղ, ինքնամփոփ, թաղծկոտ.
Խռովքն է նիրհում իմ զույգ աչքերին:
Քայլում եմ մոլոր, հոգսաշատ ու լուռ
Իմ մեջ է ասես քաոսն աշխարհի.
Մի´ք փորձեք դուք ինձ սփոփել իզուր.
Սրտիս վերքերը գեթ չեք ամոքի:
Աստծո պարգևած մի հատիկ կյանքը
Վատնում եմ, մաշում հենց այնպես, անմիտ.
Քամուն եմ տալիս իմ թանկ օրերը,
Ասես ավազում կորած մարգարիտ.
Այսպես անիմաստ օրերս են թռչում
ՈՒ չեմ հասկանում այս կյանքից ոչինչ.
Ինչու՞ եմ եկել և ու՞ր եմ գնում
Այս հարցն է իմ մեջ հնչում ավերիչ…
Բրյուսել

ՁԵԶ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ

Գարու´ն, այնքան շուտ գնացիր,
Լուռ հեռացար իմ կյանքից.
Ինչու՞ այդքան շտապեցիր
Բան չհասկացա ձեզանից
Հիմա այնքա՜ն կարոտել եմ
Քո բուրմունքին խնկաբույր.
Աշնան շեմին ցնորվել եմ
Ձեզ եմ փնտրում ամենուր
Ձեզ եմ փնտրում իմ գարուններ
Գիրկն ընկած ծով հուշերիս,
Սարում ծաղկած ձնծաղիկներ,
Ծիրանագույն երազներիս:
6-10-2005թ Բրյուսել

ԱՌԱՆՑ ՁԵԶ Ո՞Վ ԵՄ

Ա՜խ իմ խեղճ մտքեր
ՈՒմ եք հարկավոր,
Որ մնացել եք
Թղթիս էջերին
Գամված ու մոլոր.
Անտեր որբուկի
Թաղծոտ աչքերով
Աչքերիս նայող
Դուք իմ ծով մտքեր,
Իմ թափառ մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր.
Ձեր պատիվն ու
Հարկն իմացող,
Անթի՜վ վերքերիդ
Դեղ ու ճար արող,
Մտքիդ խորքերը
Քանդող, պրպրտող,
Ձեզ հուսադրող,
ՈՒ թևեր տվող,
Թեկուզ գովեստի
Բառեր շշնջող
Նախանձ շուրթերից
Չեղավ բարբառող
Իմ լքված մտքեր,
Հուսախաբ մտքեր
Աշխարհի աչքից
Հեռու՜, հեռավո՜ր
ՈՒ՞մ եք հարկավոր.
Այսպես մե՜ն- մենա՜կ
Այս մեծ աշխարհում
ճամփա եք ընկել
Եվ ու՞ր եք գնում,
Ի՞նչ եք որոնում.
Դռներ եք թակում.
Նեղ, փակ դռներից
Մտնել եք փորձում,
ՈՒ վաղու՜ց գոցված,
Բայց չսպիացած
Վերքեր եք քանդում.
Դուք իմ ապստամբ,
Իմ արդար մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր
Անվերջ մենավոր
Մտքով զորավոր
Կռիվ եք տալիս
Մարդկանց իսկական
Դեմքը բացելիս,
Չարի, տմարդի,
Ստի, նենգության
Դավաճանության,
Իսկը’ խարազան
Իմ ըմբոստ մտքեր,
Իմ անհաղթ մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր.
Չքվե´ք իմ կյանքից
Իսպա´ռ, հավիտյան.
Մի´ք դարձեք հաղորդ
Մութ գիշերներիս,
Անքուն աչքերիս,
Հոգնած կոպերիս,
Տառապանքներիս
Մի´ք դարձեք հաղորդ
Ընկեր, մեղսակից
Իմ արթուն մտքեր
Թևաթափ մտքեր
Մտքեր գլխիկոր
ՈՒ՞մ եք հարկավոր,
Որ ամեն անգամ
Հլու – հնազանդ
Խոնարհ ծառայի
Հավատարմությամբ
Չեք լքում անձիս,
ՈՒ ցասումնալից
Պահերիս անգամ,
Երբ դուրս եմ գալիս
Ես իմ հուներից,
Երբ վարարում եմ,
Ափե -ափ զարկում
Բեկորները ձեր,
Իմ առագաստն եք
Դառնում իմ մտքեր,
Որ ձեր կուսական
Լազուր ջրերում
Նավարկեմ հզոր
Որ երգն իմ հյուսում
Ծաղկանցն իջնող
Ցողերից շաղոտ
Զեփյուռից մեղմիկ
Հողմերից հեծող
Դուք’ իմ երկնային
Իմ վայրի մտքեր
Վարարած մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր
Դուք, որ չեք ծնկում,
Լռում, մեղանչում
Քծնում, հարմարվում
Ծառս եք լինում
Անսանձ ձիերի
Խրխինջով վայրի
Կտրում եք անծիր
Տարածությունը
Բոլոր – բոլոր
Ժամանակների
Անցյալն եք կապում
Անհայտ գալիքին
ՈՒ կարոտակեզ
Մտքիդ թռիչքով
Խարիսխ եք գցում
Արարատն ի վեր’
Նոյան Տապանի
Կայմից բիբլիական
ՈՒ սեգ բարձրունքից
Խրոխտ, հաղթական
Զիլ բարձրաձայնում.
– Ի´մ վաղագուշակ,
Ի´մ անսանձ մտքեր
Տառապած մտքեր
Ի´նձ եք հարկավոր,
Մտքեր թևավոր
Դուք իմ երկնային,
Շանթ ու որոտի
Բոցերից սերված
Նրա հուր ծոցում
Թրձված, կոփված
Մտքեր իմ երկնած
Ծվատված, մոլոր
Ի´նձ եք հարկավոր,
Դուք’ իմ հրեղեն
Իմ ցողաթաթախ
Սրսփուն, անեղծ
Իմ վայրի մտքեր,
Զուլալ ու անկեղծ
Ի´նձ եք հարկավոր
Դուք իմ մերձավոր
Արդար դատավոր
Աշխարհի աչքից
Հեռու՜ – հեռա՜վոր
Ի´նձ եք հարկավոր,
Թեև հանգչում եք
Հոգևվարքի մեջ
Թղթիս էջերին
Լքված, խունացած
Սիրտդ կոտրված,
Իմ անբախտ մտքեր,
Իմ խոնհար մտքեր,
Խելագար մտքեր,
Դուք իմ միակ տեր
Ի´նձ եք հարկավոր
Դուք իմ մերձավոր
Մտքեր զորավոր.
Առանց ձեզ ո՞ վ եմ.
Անտեր ու որբ եմ,
Ոտքի տակ ընկած
Քարի կտոր եմ…
27-02-2006թ Բրյուսել,

ՍՐՏԻՍ ԵՐԳԸ

Մի կրակ է
Այրվում իմ մեջ
ՈՒ բոցկլտում,
Ինչքան շատ եմ
Այն պրպրտում,
Ավելի է նա թեժանում
Խարույկ դառնում.
Սրտիս երգն է
Այնտեղ ծնվում.
Կենդանանում
ՈՒ թրձվում թեժ խարույկում:
Սառնամանիք լինի դրսում,
Մրրիկ, կամ հողմ’
Ես չեմ մրսում.
Այդ կրակի հուրն է անվերջ
Ինձ ջերմացնում,
Բայց թող ասեմ,
Խոստովանեմ.
Վախենում եմ,
Վախենում եմ, որ բռնկված
Խարույկն հանկարծ,
Հանկարծ հանգչի.
Մտածում եմ,
Մտածում եմ ու աղերսում,
Թող հավաքեն հուրը նրա,
Մոխիրն անգամ թող հավաքեն
ՈՒ դրոշմեն
Մեր լեռներից վայր գլորված
Մի լերկ, ողորկ քարի վրա.
Սրտիս երգն այնտեղ գրեն’
Գրեն թեկուզ
Մի քանի տող…
1983

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարող է ասեմ
Թող ու հեռացիր,
Կարող է ասեմ
Հավերժ մոռացիր,
Բայց սիրտս, սիրտս
Միշտ քեզ կտենչա
Աշնան տերևի պես
Ահից կդողա,
Որ չհեռանաս,
Որ չմոռանաս…
Արտաշատ

ԹՈՂ ՄԻՇՏ ՎԱՌ ՄՆԱ

Հավատում էի,
Երբ ասում էին
Հիմա չեն սիրում,
Հիմա խաղում եմ,
Բայց օ՜ դու, օ՜ դու
Երջանիկ աղջիկ
Հոգովդ լռիկ,
Սիրովդ անմար
Տեսա բռնել ես
Լուսե ճանապարհ.
Հավատացի ես
Հավատով խորին,
Որ կա, հավերժ է,
Հաստատ ու կայուն
Սերը սրտերի,
Շշունջն աչքերի,
Համբյուրն հայացքի.
Թող միշտ վառ մնա
ՈՒ հարատևի
Սերդ առաջի,
Սերդ վարդաբույր…
1966թ Բրյուսել

ԲԱՅՑ ԻԶՈՒ՜Ր, ԻԶՈՒ՜Ր

Համբերությունս հատել է իսպառ.
Ոչ քուն ունեմ, և ոչ էլ դադար
Փորձում եմ անվերջ
Պատկերդ ջնջել
Սրտիս, մտքիս խորքերից խորունկ,
Բայց իզու՜ր, իզու՜ր…
Արյանս մեջ ես ներծծվել իմ սեր.
Դարձել ես գլխիս, մտքերիս դու տեր,
Դարձել բանալին կողպված սրտիս,
Արցունքն էս հոսող կարոտ աչքերիս
Ժպիտն ես դեմքիս…
Ամենուր դու ես,
Դո’ւ ես, դո’ւ միայն
ՈՒ ամեն վայրկյան
Հետապնդում ես ստվերի նման.
Կամա, ակամա դարձել եմ գերին
Ես իմ փայփայած սին պատրանքներին
Մեղավորի պես կանգնել եմ մոլոր,
Փակվել են իմ դեմ դռները բոլոր
Անզոր, գլխիկոր,
Փորձում եմ անձս վերստին փրկել,
ճամփիս փլուզված կամուրջներն հզոր,
Փորձում եմ նորից, նորից կամրջել,
Բայց իզու՜ր, իզու՜ր.
Երազ ես, ցնորհք, տեսիլք հեռավոր
Քո տաք համբյուրն է լոկ շուրթերիս դաճվել…

16-10-2006թ

ԿԳԱՄ

Ես կգամ մի օր
Գարնան հովի հետ
ՈՒ մեխակների բույրի հետ
Կգամ.
Վաղ արշալույսին
Երբ քնած լինես,
Ցողիկ կդառնամ
Զովի թևերով քո գիրկը
Կգամ
Գուցե դու չզգաս
ՈՒ չհավատաս,
Բայց ես, ես
Կգամ…
1981թ Արտաշատ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ե´տ բեր նորից գարուններս,
Ես ծաղկել եմ ուզում,
Ե´տ բեր նորից գարուններս
Ես ժպտալ եմ
ՈՒզում,
Ես ձնծաղիկ,
Ձյան տակ ծաղկած
Արևի շող եմ
ՈՒզում
Ծլել, ծաղկել ու շողշողալ,
Բույր խնկարկել եմ ուզում,
Բացել լեզվիս կապանքներն,
ՈՒ բարբառել եմ
ՈՒզում
Աշնան շեմին
Ի´մ գարուններ,
Ձեզ գտնել եմ
ՈՒզում.
Գոնե մեկ օր
Ազատության
Վայելքն ըմպել եմ
ՈՒզում:
1987թ Արտաշատ

ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ

Թող փայփայեմ
Քեզ անվերջ
Իմ հուշերի մեջ.
Դու ուշացա՜ծ , ուշացա՜ծ,
ՈՒշացած իմ սեր.
Քեզանից հեռու ,
Թող որ քեզ այրեմ
ՈՒ այրվեմ քեզ հետ.
ՈՒ մի օր , մի պահ,
Երբ մեր հայացքներն
Իրար հանդիպեն,
Ինչպես կայծակներն
Երկնակամարում
Իրար են բախվում.
Այնժամ կայլալվես
ՈՒ կխենթանաս,
Կցանկաս շուռ տալ
Անիվը բախտի,
Որ մեր հայացքները
Հավերժ հանդիպի:
1986թ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ