ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 19, 2014 17:33 - 2 քննարկում

Ովքե՞ր են հայերեն խոսող հույները` «հայ-հոռոմները»

Այշե Հյուր

Մի ժամանակ այս տարածքներում էր ապրում «հայ-հոռոմներ» անվանմամբ մի համայնք: 1923 թ. ստորագրված Լոզանի խաղաղության դաշնագրի շրջանակներում Հունաստանի և Թուրքիայի միջև կնքված Փոխանակման պայմանագրի համաձայն` Թուրքիայից Հունաստան ուղարկված հայ-հոռոմների համայնքը հոգևոր տեսակետից Հույն ուղղափառ եկեղեցուն ենթակա, բայց հայերեն խոսող մի խումբ էր: Այս թեմայի վերաբերյալ որևէ գիտական ուսումնասիրություն չի կատարվել, սակայն հիմնականում բանավոր աղբյուրներից օգտվելով` հայ-հոռոմների մասին կարևոր տեղեկությունների հասու եղած իզմիրցի հույն Յորգոս Անաստասիադիսի (1874-1971) համաձայն` հայ-հոռոմների էթնիկ արմատների շուրջ կան տարբեր տեսակետներ:

Միգուցե Անաբասիսի մնացորդա՞ցը

Ըստ ժամանակակից հույն պատմաբանների` հայ-հոռոմները Ք.ա. 401 թ. իր եղբորը` Արտաքսերքեսին, գահընկեց անելով` պարսից թագը ձեռք գցել աշխատած երիտասարդ Կյուրոսի համար պատերազմած, սակայն Կյուրոսի սպանությունից հետո հետ վերադարձած հույն վարձու զինվորների մնացորդացն են: Այս առասպելական «վերադարձը» պատմվում է վերոհիշյալ արշավանքին մասնակցած հույն պատմիչ Քսենոփոնի կողմից գրի առնված «Նահանջ բյուրոց» («Անաբասիս») վերնագրով աշխատության մեջ: Այս տեսակետի կողմնակիցների համաձայն` նրանց հետագայում` Ալեքսանդր Մեծի ասիական արշավանքի ժամանակ, միանում են նաև այն հունական զինվորները, որոնց լքել էին ճանապարհին` անվտանգության նկատառումներով: Այս խմբերը, ամուսնանալով Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ.) շրջաններում ապրող հայ բնակչության կանանց հետ, ուծացվել են և ժամանակի ընթացքում մոռացել իրենց լեզուն:

Իսկ միգուցե Էգինա կղզուց եկած հույնե՞ր

Հայ-հոռոմների էթնիկական առումով հույն լինելու մասին մեկ այլ վարկածի համաձայն` նրանք բյուզանդական ժամանակաշրջանում Հունաստանի Աթենքի մերձակայքում գտնվող մի կղզուց` Էգինայից եկած գաղութաբնակներն են: Սվասի (Սեբաստիա) մոտակայքում գտնվող Էգինի անվանումը ևս ծագում է Էգինայից: Ի դեպ, Էգինն այն բնակավայրն է, որտեղ պատմականորեն ձևավորվել է հայ-հոռոմների առաջին համայնքը: Այս խմբերը չեն ցանկացել իսլամանալ Բյուզանդական կայսրությանը վերջ տված Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում և խառնվել են իրենց բնակված շրջանների հայ բնակչության հետ: Քանի որ վերոնշյալ շրջանը մեծ նշանակություն է ունեցել թուրքերի համար, նրանք ճնշումների չեն ենթարկվել իսլամ ընդունելու առումով, սակայն ժամանակի ընթացքում լեզվականորեն ուծացվել են հայերի կողմից:

Թե՞ հելլենացած հայեր

Ըստ հայոց դիցաբանության` հայկական ցեղատոհմի հիմնադիրն է եղել լեգենդար Հաբեթոսից սերած Հայկը: Հայկի կերպարը ստեղծվել է Ք.Ա. 24 թվականին, և կրում է հայերեն «առաջնորդ» իմաստը: Հայերենում հույնին (հռոմեացի իմաստով) ասում էին «հոռոմ», այդ իսկ պատճառով հայերեն խոսողներին, այսինքն` հայ-հույներին, ասել են «հայ-հոռոմներ»:
Իսկ համեմատաբար նոր հայկական աղբյուրների համաձայն` հայ-հոռոմները բյուզանդական շրջանում հելլենացած (հունացած) հայերն են: Ըստ այդ տեակետի` հայ-հոռոմները մի հատվածն են այն հայերի, որոնք համակրանք չեն տածել Քրիստոսի բնույթի մասին աստվածաբանական տարաձայնությունները լուծելու նպատակով գումարված, սակայն միջին ճամփորդի վարքագծով մոնոֆիզիթի-դիոֆիզիթի բաժանման պատճառ դարձած 451 թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովի որոշումների հանդեպ և 552 թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովից հետո հիմնել են իրենց եկեղեցիները, և որոնք հայերի կողմից քրիստոնեություն ընդունելու մեջ մեծ դեր խաղացած կապադովկիացի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվանման շնորհիվ այսօր որպես «գրիգորյան» անվանվող հայ ուղղադավաններից զատվելով` շարունակել էին ճանաչել Կոնստանդնուպոլսի պատրիարքին: Այս հայերը ժամանակի ընթացքում իրենց արմատների հետ կապը լիովին կորցնելով` իրենց ընդունել էին որպես հույներ:
Հայ-հոռոմների հայկական ծագում ունենալն ընդունող պատրիարք Կոնստանդիոս Առաջինի տեսակետով` 628 թ. հայոց կաթողիկոս Եզրը պարսիկների հետ տարված պատերազմից հաղթանակով վերադարձած Բյուզանդիայի կայսր Հերակլիոսի հրավերից անմիջապես հետո բազմաթիվ եպիսկոպոսների հետ մեկտեղ գնացել էր Էրզրում` հանուն խաղաղության, ապա խնդրել էր 451 թ. Քաղկեդոնի ժողովի պաշտոնական արձանագրությունները և, այդ տիեզերական ժողովն ընդունելով որպես «էկումենիկ», անկեղծորեն հավատացել էր վերոնշյալ եկեղեցական ժողովի դոգմաներին: Այն օրվանից հետո Բյուզանդական կայսրութանը սահմանակից շրջաններում բնակվող հազարավոր հայեր ընդունել էին ուղղափառ եկեղեցու ծիսակարգը, ավանդույթները, տոներն ու պահքը: Այս խմբերը, որոնք կայսրության մեջ հայտնի էին որպես հայ-հոռոմներ, հավաքվել էին Եփրատի արևմտյան ափին` 12-ից ավել գյուղում, որոնց կենտրոնն էր Էղինը: Հայերեն խոսող այդ ուղղափառները հոգևոր առումով հպատակվում էին Մեծ Անթաքիայի պարիարքարանին ենթակա Էրզրումի և Դիաբեքիրի մետրոպոլիտներին:

Լեզվով հայ, հոգով հույն

Ըստ Յորգոս Անաստասիադիսի` անկախ այն բանից, թե որն է այս տեսակետների մեջ ճշմարիտը, այսօր հայ-հոռոմներն իրենց համարում են հույն: Թեև հարյուրամյակներ շարունակ մեկ բառ անգամ չգիտեն հունարեն, պահպանում են իրենց անսասան հավատքն իրենց հունականության հանդեպ: Նրանց մայրենի լեզուն նախ հայերենն է, ապա` թուրքերենը: Հայերենը սովորում են դպրոցում: Եկեղեցում կատարվող արարողություններն առավելապես թուրքերեն ու հայերեն և ավելի քիչ հունարեն տաղերի խառնուրդ են: Սակայն չնայած այն հանգամանքին, որ համայնքը չի հասկանում հունարեն աղոթերգերը, բայց և այնպես հայերեն ընթերցվող հոգևոր երգերը ոչ մի առնչություն չունեն այն շարականների հետ, որոնք երգվում են հայկական եկեղեցիներում: Դրանք հունական ուղղափառ եկեղեցու աղոթերգերի թարգմանությունն են և ընթերցվում են հունական եկեղեցու երաժշտության ձայնաշարքով: 1896 թ. հայերեն տաղերի տեղը գրավեցին առավելապես քարամաներեն (հունատառ թուրքերեն) աղոթերգերը:

Ակնից Էղին, Էղինից Քեմալիյե

Որոշ աղբյուրների համաձայն` առաջին կենտրոնը, որում ի հայտ են եկել հայ-հոռոմները, Սվասի Էղին գյուղն էր: Իսկ Էղին անվանման ծագման մասին լեգենդը հետևյալն է. ասում են, թե այն ժամանակաշրջանում, երբ Մասիսի (Արարատի) և Իրանի հայերը տարածվել են Անատոլիայում, մի խումբ հայեր, Եփրատի ափով առաջանալով, որոնել են այն գետի ակունքը, որի շուրջը պետք է որ լինեին շատ բերրի հողեր: Նրանք առաջանալիս անընդհատ ասել են` «Ա~կն, ա~կն». այդպիսով նրանց կողմից հմնված քաղաքի անունը դարձել է «Ակն»:
Հայ-հոռոմների` Արևելյան Անատոլիայում գտնվող գյուղերը վեցն էին. Վագ, Զորակ, Մուսագա, Սիրզու, Հոգուս ու Մամսա: Սրանցից առաջին չորսը ենթակա էր Էղինին, իսկ Մամսան` Չմշկածակին: Իսկ Հոգուսը մյուս չորս գյուղից գտնվում էր բավականին հեռու` Քեմախում: Երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսներն առաջացել են մինչև Էրզինջան (Երզնկա-Ակունքի խմբ.) ու Էրզրում (Կարին-Ակունքի խմբ.), Հոգուսի բնակիչները նրանց դիմավորել են ցնծությամբ: Բայց երբ ռուսական բանակն սկսել է նահանջել, նրանք վախի պատճառով ռուսների հետևից գնացել են Ռուսաստան: Այս խմբերը մինչև հանրապետության շրջանը մնացել են այնտեղ:
Եփրատի Էգին շրջանում բնակվող 70 հայ-հոռոմական ընտանիքները 1924 թ., մեկ տարի առաջ որպես Լոզանի Խաղաղության դաշնագրի ենթամաս ստորագրված Փոխանակման պայմանագրի համաձայն` ուղարկվել են Հունաստան և Էղրիբոզի հյուսիսում գտնվող Քաստանիոթիսա ագարակում տեղավորվելով` հիմնել են Նոր Էղինը: Երկու տարի չանցած Ռուսաստանից (ավանաբար հոգուսցի) 50 ընտանիք ևս բնակություն հաստատեց Սալոնիկի մոտ գտնվող Դիավաթայում: Իսկ Էգին անվանումը, հանրապետական շրջանում Մուստաֆա Քեմալի պատվին անվանափոխվեց Քեմալիյեի, հայ-հոռոմների վերջին հետքն էլ լիովին ջնջվեց:

Բիթինիան հայ-հոռոմների ճակատագիրն է

Անատոլիայի մյուս մեծ հայ-հոռոմական համայնքը 1608 թվականից ի վեր բնակվում էր Ադաբազարի (բյուզանդական ժամանակաշրջանի անվամբ` Բիթինիայի) շրջանում: Ենթադրվում է, որ Գեյվեի մերձակայքում գտնվող Հուդի, Օրթաքյոյ և Ֆընդըքլը անվանումներով երեք գյուղի առաջին բնակիչները եկել են Էղինից: Քանզի այսօր Էղինի շրջանում կան Օրթաքյոյ անունով երկու գյուղեր, որոնք մինչև վերջերս կոչվել են «Հուդի» կամ տարեցների կողմից` «Ալ-փերաք» («Աղբերակ»):
1923 թ. դոկտոր Վենեդիկտոս Ադամանթիադիսը «Բոլոր գաղթականների առաջին կոնֆերանսին» ներկայացրած ծանուցման մեջ հետևյալ կերպ է մեկնաբանել հայ-հոռոմների ճակատագիրը. «Առևտրի և արդյունաբերության մեջ առաջացած, հարուստ, 15 հազար ու ավելի բնակչով Գեյվեի-Օրթաքյոյի հույները 1920 թ. հունիսի վերջերին հավաքվել են Սաքարիա-Քարաչայի մերձակայքում գտնվող իջևանատներում և թրատվել ծայրահեղ կրոնամոլ խմբերի կողմից: Այս կոտորածից փրկվածներն էլ լեռներում հետապնդվել են բարակների կողմից ու անողոքաբար սպանվել: 1920 թ. օգոստոսին շրջանում մեկ հույն անգամ չի մնացել: Փրկվել կարողացել են ողջախոհ գտնվելով` իրենց հողերը կոտորածից առաջ լքած մի քանի հարյուր հոգի միայն»:
Հավանական է, որ այդ մի քանի հարյուր հոգին էլ հետագայում հեռացել են երկրից: Եթե նույնիսկ կան էլ այստեղ մնացածներ, դժբախտաբար` այլևս անհնար է խոսել «հայ-հոռոմների» մշակույթի մասին…

Աղբյուրը` “Ակօս” շաբաթաթերթ
Ամսաթիվ` 03.07.2009
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Պողոս Պետրոս
Dec 20, 2014 7:30