ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 25, 2014 5:00 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Բարձրունու եռօրյա մարտը Մաս 28

Ինքնաթիռ ռեստորանի պայթեցման հաջորդ օրվա կեսօրին, ինչպես ջոկատի մարտիկներից երեքը իջել էին Վայքից Արտաշատ,այնպես էլ նույն օրը երեկոյան՝ վերադարձան Վայք:Այս դեպքի մասին, հենց հաջորդ օրը ես հայտնեցի Աշոտ Նավասարդյանին:Նա զարմացավ և հաստատեց մեր կասկածները,որ ինչ որ բան է ձեռնարկվում ջոկատի դեմ:Եվ հաշված օրեր անց, Արտաշատ գործուղվեց հին ու հայտնի քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանը,կոորդինացնելու համար Արտաշատի և Արարատի ԱԻՄ-ների աշխատանքը:Սակայն Արարատում այլևս ԱԻՄ գոյություն չուներ:Արարատի ԱԻՄ-ում կասկածամտություն և անվստահություն էր տիրում և եղած մի քանի տղաները դժգոհ իրենց ղեկավարից, հեռացել ու ցրվել էին և Հակոբջան Թադևոսյանը մնաց Արտաշատում,որպես Արտաշատի «Անկախության Բանակ»-ի շտաբի պետ:ԿԳԲ-ն և Ներքին գործերը շատ լավ գիտեին,թե ո՞վ է Հակոբջան Թադևոսյանը և կարծում եմ,որ գիտեին նաև՝ տարիներ առաջ,մեր պատանեկության շրջանում նրա՝ մեր հոգևոր հայրը լինելու հանգամանքը ևս,ինչպես նկարագրել եմ պատմությանս սկզբում:Հակոբջան Թադևոսյանը ազգի անմնացորդ նվիրյալներից էր,հին ԱՄԿ-ական ու պատմաբան:Նրա առաջարկով ջոկատը անվանվեց «Արտաշատի Մովսես Գորգիսյանի անվան Անկախության Բանակ»:Մի քանի օրից մենք միասին մեկնեցինք Վայքի Բարձրունի գյուղ,որպեսզի Հակոբջանը մոտիկից ծանոթանա ջոկատի անդամներին և նրանց գործունեությանը:Գոյություն ունեցող կարգ ու կանոնը,իրենց գործի իմացությունը,քաղաքական և ռազմական գործերի կազմակերպվածությունը շատ զարմացրին Հակոբջանին և նա այդ մասին մանրամասն հաղորդել էր Աշոտ Նավասարդյանին: Հակոբջան Թադևոսյանի նման անհատի մուտքը Արտաշատ, հանգիստ ընդունվել չէր կարող շրջանի կոմունիստների և հատուկ ծառայությունների աշխատողների շրջանում և այդ փաստը ցնցում առաջացրեց շատերի մոտ:Անաչառ լինելու համար պետք է ասել,որ Հակոբջանը թուլություն ուներ խմիչքի հանդեպ և օգտվելով դրանից,մեկը մյուսի ետևից սկսեցին շտաբ այցելել և´ շրջանի բարձրաստիճան ղեկավարների ,և´ հանցագործ մաֆիայի ներկայացուցիչները,և´շատ այլ կասկածելի մարդիկ,որոնք բոլորն էլ փորձում էին ամեն կերպ համոզել Հակոբջանին,ընդունելու կերուխումի իրենց առաջարկները:Հակոբջանը բացարձակապես չէր ճանաչում Արտաշատցիներին և չգիտեր,թե ով՝ ով է և ի պատիվ իրեն՝ պետք է ասել,որ բնատուր խելքն ու զգոնությունն էին համարյա միշտ թելադրողը,երբ նա անգամ գինովցած էր լինում:Եվ այսպես,նա միշտ և բոլոր դեպքերում մերժում էր կերուխումի այն առաջարկները,որ արվում էին իրեն,կարծես զգալով,որ դրանք ինչ որ ուրիշ նպատակ են հետապնդում:
Մի օր,երկու տարի ԿԳԲ-ի բանտում գտնվելուցս հետո,երբ դատարանի վճռով ազատ արձակվեցի,փողոցում պատահաբար հանդիպեցի նախկինում Արտաշատի բարձրաստիճան կոմունիստ ղեկավարներից մեկին և մեր փոքրիկ զրույցի ընթացքում նա այսպիսի միտք արտահայտեց՝.«Եթե այդ Հակոբջանը չգար Արտաշատ,ձեզ հետ էսքան բան չէր պատահի»:Մարդն ի նկատի ուներ ուղղակի Հակոբջանի ճանաչված և «վտանգավոր» այլախոհ լինելու փաստը:Բայց ես երբեք այդ կածիքին չեմ եղել:Գուցե Հակոբջանի ներկայությունը ավելի կատաղեցրեց կոմունիստական մաֆիային և արագացրեց մեր հանդեպ նրանց ծրագրած գործողությունները,բայց որ այդ ծրագիրը մեր դեմ կազմվել էր Հակոբջանի Արտաշատ գալուց առաջ,դա հաստատում էր անգամ ՆԳ Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից զինված ու նրա ցուցումով մեր դեմ ելած հանցավոր խմբի ղեկավար Ռուբեն Հակոբջանյանը , Գլխավոր դատախազությանը տված իր ցուցմունքում:Համենայնդեպս,այն ժամանակ եթե տեսնում ու հասկանում էինք,այսօր՝ երբ անցել են 22 երկար ու ձիգ տարիներ,վստահաբար կարող ենք ասել,որ Կոմունիստական Մոսկվան ամեն ինչ անում էր ազգային-ազատագրական շարժումը վերածելու քաղաքացիական կռիվների,ինչի միջոցով,«բաժանիր, որ տիրես» հայտնի ասույթի համաձայն,ուզում էր թուլացնել ժողովրդի համախմբվածությունը և պատճառ ունենալ զորք իջեցնելու Հայաստան ու ճնշելու շարժումը:Իսկ դրա հաջողության համար, Հայաստանում չէին պակասում ՆԳ Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի նման ազգադավ ծախու արարածներ և որպես գործիք օգտագործվող այնպիսի հանցագործներ,ինչպիսիք էին Ռուբեն Հակոբջանյանն ու Միշա Խուդավերդյանը,որոնց համար որպես առաջին ու վերջին սրբություն՝ շահն էր ու էլի շահը…Սեփական ազգի դեմ դավադրություն կազմակերպելով,սրանք ուղղակիորեն դառնում էին հավատարիմ գործակալները կոմունիստական տոտալիտար ռեժիմի և ըստ այդմ էլ՝ ավելի ամուր կանգնում ոտքերի վրա և միաժամանակ, վերացնում էին անպատիժ կերպով տարիներ ի վեր իրենց կատարած հանցագործությունների բացահայտման հնարավորությունը:Կարմիր Մոսկվիան և նրա հայ գործակալները,երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար,պարզ է,որպես թիրախ, պետք է ընտրեին ամենաուժեղին և այդ խմբում՝ ամենակարևոր մարդուց պետք է սկսեին:Անհրաժեշտ էր նախ՝ գլխատել ջոկատը…
1990 թվականի մարտի 23-ի առավոտյան ես զանգ ստացա Վայքից:Սկսվել էին Բարձրունու մարտերը և Վայքի շտաբից հայտնում էին,որ Սամվելին շտապ օգնություն է պետք՝ կռվող կամավորներ,զինամթերք ու նաև բժիշկներ:Նախ պետք է ասեմ,որ ջոկատն այդ ժամանակ արդեն չափազանց լավ էր զինված ,ուներ նույնիսկ զրահամեքենա՝ ԲՏԵՌ,որը վարում էր կրտսեր եղբայրս՝ Վարդանը:ԲՏԵՌ-ը սահման էր տարվում միայն անհրաժեշտություն դեպքում,քանի որ սահմանների վրա էին գտնվում դեռևս սովետական զորքերը:ԲՏԵՌ-ը պահում էինք Արտաշատի ԴՕՕՍԱՖ-ում:
Հակոբջանը շտաբում չէր, երբ Վայքից ստացա հեռախոսազանգ:Օգնության կանչը լսելով,առաջինը հեռախոսով կապնվեցի կրտսեր եղբորս Վարդանի հետ ու հայտնեցի լուրը:Հետո անմիջապես զանգահարեցի Երևան, Աշոտ Նավասարդյանին:Նա պատասխանեց,որ Երևանի Բանակը պատրաստ չէ և մինչև պատրաստվի ու մեկնի հեռավոր Վայք,գուցե և մարտը վերջացած լինի:Ասաց,որ Արտաշատի Անկախության Բանակին է հանձնարարված պահել Բարձրունու սահմանը,ուրեմն նրանք էլ պետք է մարտը վարեն իրենց ուժերով:Մոտ մեկ ժամ անց,երբ արդեն շտաբում էր Հակոբջանը,երկրորդ զանգն ստացանք Վայքից:Այնտեղից հայտնում էին,որ մարտը շատ կատաղի է,թշնամին երեք կողմից շրջափակել է Բարձրունին և շտապ օգնություն է պետք:Հակոբջանն անմիջապես զանգահարեց Նավասարդյանին և նա մի կերպ խոստացավ «մի բան անել»:Հակոբջանը ակնհայտորեն դժգոհ ու բարկացած էր այդ պատասխանից:Ես վազեցի վերև,ՀՀՇ-ի շտաբ:Այն ժամանակ Արտաշատի ՀՀՇ-ի ջոկատի պետն էր Վիտիա Մարգարյանը:Հայտնեցի նրան լուրն ու ասացի,որ շտապ օգնություն է պետք:Սա կտրուկ հրաժարվեց,ասելով,որ՝.«մենք ՀՀՇ-ին ենք ենթարկվում,իսկ ՀՀՇ-ից նման հրաման չունենք»,հետո խոստացավ կապնվել Երևանի ՀՀՇ-ի հետ ու հարցում անել:Հարցում անելուց հետո հայտնեց,թե՝.«ՀՀՇ-ն մեզ հանձնարարել է Արտաշտից այն կողմ չգնալ,Արատաշատը պահել»:Իմ համբերության բաժակը լցվեց և սկսեցի ամեն տեսակ լուտանք թափել Վիտիայի ու այնտեղ գտնվող ՀՀՇ-ականների գլխին:Իսկ նրանցից շատերն այսօր ղեկավար պաշտոնների են,թեև չունեն ոչ մի կրթություն,բայց փոխարենը՝ ճանաչված են որպես շրջանի «ֆիդայիներ»:Կրտսեր եղբայրս՝ Վարդանն, արդեն գործի էր գցել ԲՏԵՌ-ը,վերցրել էր եղած ամբողջ զինամթերքն ու կազմ-պատրաստ կանգնած էր շտաբի դիմաց:Նրա հետ էր նաև «Գարուն» արտադրական միավորման ցեխի վարիչ Գագոն,որը ժամանակին,ինչպես պատմել եմ արդեն,ջոկատի ձեռք բերած ավտոմատ զենքերը ուսումնականից դարձրել էր ռազմական:Նա 40-նն անց մարդ էր,ջոկատի անդամ չէր,բայց դա չէր խանգարում,որ միշտ զենքը ձեռքին միանար ջոկատին, նրա բոլոր մարտերի ժամանակ:Մենք մնացել էինք անելանելի վիճակի մեջ:Ինձ մոտ կար Վազգեն Սարգսյանի տան հեռախոսահամարը:Ես զանգահարեցի նրան, պարզվեց,որ նա տանը չէ,բայց Արարատ քաղաքում է:Ես ու եղբայրս շտապ մեկնեցինք Արարատ:Ծանոթ մի կին կար այնտեղ,քաղսովետի աշխատող,նրա միջոցով գտանք Վազգենին:Նա մի հին «Վոլգա 21» մակնիշի սպիտակ մեքենայով եկավ մեզ հետ հանդիպման:Հանդիպեցինք Արարատի ավտոբուսների կանգառում ու հայտնեցինք լուրը՝ խնդրելով օգնություն:Նա խոստացավ,որ շտապ մի բան կձեռնարկի և հորդորեց մեզ հանգիստ լինել օգնության հարցում…Բայց այդպես էլ, նրա կողմից ևս ոչ մի օգնություն չեղավ 3 օր տևած մարտերի ընթացքում ու դեռ ավելին…
Պետք է ասեմ,որ այսօր՝ կատարված այդ դեպքերից 23 տարի անց արդեն,կան մարդիկ,որոնց թեև ժամանակին բացարձակապես չենք էլ ճանաչել,ովքեր ոչ մի առնչություն չեն ունեցել ո´չ մեզ հետ կատարված դեպքերի հարցում,ո´չ որևիցէ կերպ երբևէ օգնության ձեռք են մեկնել ,բայց ինքնահաստատվելու խնդիր ունենալով,հայտարարում են և նույնիսկ բացահայտ պնդում,որ իբր իրենք ջոկատի համար դժվարին օրերին կանգնած են եղել Արտաշատցի մարտիկների կողքին և որ ամենազավեշտականն է՝ իբր փրկել են նրանց կյանքը շրջանի հանցագործների հարձակումներից:Կուրծք ծեծող այդ հեքիաթասացները չգիտեն էլ,որ եթե այսօր այլևս կենդանի չէ ջոկատի հրամանատարը,բայց ջոկատի մարտիկները մինչ օրս էլ սերտ կապի մեջ են միմյանց հետ և նրանցից ոչ ոք,նույնիսկ կրտսեր եղբայրս,որ միշտ եղել է Սամվելի կողքին,չեն էլ հիշում,որ նման «փրկարարներ» են ունեցել:Ավելին՝ չեն հիշում,որ առհասարակ նման կերպարներ են եղել շարժման շարքերում:Այն էլ այնպիսի «փրկարարներ»,ովքեր անհրաժեշտության դեպքում անկարող կլինեն իրականությանը մոտ գոնե մեկ դրվագ պատմել իրենց «փրկարարական» քաջագործություններից:Մարդիկ,որոնց հայտարարությունները զուրկ են տարրական ճշմարտությունից և իրենց երկրորդ խոսքն արդեն փաստում է,որ այդ պատմությունները հորինված հեքիաթի ժանրից են,լսած լինելու և ուզած ձևով իրենց իսկ երևակայություններում վերարտադրելու,իրենց էլ գլխավոր հերոսի դերը վերապահելու ու մատուցելու արգասիք,քանզի բացարձակապես նման գործողություններ երբևէ տեղի չեն ունեցել,ինչ նմաններն են պնդում:Մինչդեռ իրականում օգնության ձեռք մեկնած մարդիկ՝ համեստորեն լռում են:Իսկ նման «փրկարար քաջերին» մնում է մեկ հարց ուղղել,թե այդքան քաջ լինելով հանդերձ,այդ ու՞ր էին,երբ մարտերի ընթացքում ջոկատին օգնություն էր անհրաժեշտ,երբ ջոկատը կենաց-մահու կռիվներ էր տալիս Կոռնիձորում,Բարձրունիում երեք օր շարունակ,իսկ իրենց՝ այս ջոկատի «հերոս փրկարար» հայտարարողները տաքուկ նստած էին Երևանում:Կամ այդ ինչպե՞ս պատահեց,որ իրենց քաջագործություններով երբևէ աչքի չնկան ոչ մի մարտում,կռված ազատամարտիկների շրջանակներում բացարձակ ճանաչում ձեռք չբերեցին և հիմա՝ 23 տարի անց ջանք չեն խնայում կուրծք ծեծել ու բղավել,թե եղել են այն ժամանակ ամբողջ հանրապետությունում հայտնի,ամենահամարձակ և ամենալավ զինված Արտաշատի ջոկատի «փրկարարները»,շրջանի հանցագործների դեմ տարվող պայքարի «հերոսներ» և անգամ առանց ամոթի իրենց հայտարարում են ՀՀԿ-ի երկրորդ դեմք ու նույնիսկ՝ հրամանատար:Ինքնահաստատվելու ողորմելի նպատակ…
Մենք Արարատից վերադարձանք և ուղղվեցինք դեպի հիվանդանոց և բառացիորեն հաշված րոպեներ հետո,բավականին մեծ քանակությամբ բժշկական պարագաներ վերցրած,բժիշկն ու բուժքույրը միացան մեզ:Թող ինքնագովություն չհամարվի,եթե ասեմ, որ այդ պարագայում ես հանգիստ շտաբում նստել չէի կարող:Անհրաժաշտ օգնության բացակայությունը մի տեսակ ստիպում,պարտավորեցնում էր ինձ անպայմանօրեն մեկնել մարտի դաշտ:Չգիտեի,թե ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,ոչ էլ դրա մասին մտածելու ժամանակ ունեի,բայց շատ պարզ գիտակցում էի՝ մարտի դաշտ հասնելու անհրաժեշտությունը:«Վիլիս» մակնիշի մեքենան, շտաբի դիմաց մեզ էր սպասում:Ես Հակոբջանին հայտնեցի,որ մեկնում եմ Բարձրունի:Նա դժգոհեց,ասելով թե ես ի՞նչ պիտի անեմ մարտի դաշտում:«Մի բանով գուցե օգտակար կլինեմ»,ասացի ու բժշկի և բուժքրոջ հետ բարձրացա մեքենա:
Կեսօրվա ժամը 11-12-ին մենք արդեն Բարձրունիում էինք:Գյուղի հանդերն ու դիմացի սարի լանջերը անխնա ռմբակոծվում էին սարից այն կողմ գտնվող ադրբեջանցիների կողմից:Սարի գագաթին,ժայռաբեկորների տակ դիրքեր մտած, կատաղի մարտի էին բռնվել ջոկատի մարտիկները:Իրավիճակը տեսնելով,Արտաշատից եկած բժիշկն ու բուժքույրը, մոտիկ գտնվող տնակում սկսեցին արագ-արագ դասավորել բժշկական պարագաներն ու խնդրեցին անմիջապես երկու-երեք մահճակալներ բերել ու տեղադրել այդտեղ:Արագորեն ստեղծվեց նաև զինվորական հոսպիտալը:Գյուղի կենտրոնում,բժշկական այդ կետի հարևանությամբ, հեռադիտակն աչքերին,ձեռքին հաղորդիչը,կանգնած էր գյուղապետը,շրջապատված մեծ քանակությամբ գյուղացիներով:Նրանց մոտ, ուղղակի գետնի վրա, փռված էր բավականին մեծ մի ծածկոց,որի վրա կուտակված էր մեծ քանակությամբ ուտելիք և գյուղի կանայք դեռևս շարունակում էին բերել ու եղածի վրա ավելացնել նոր բարիքներ:Երբ մոտեցանք նրանց,գյուղապետը համոզում էր,խնդրում էր գյուղացիներին վերցնել հավաքված ուտելիքը,նստել մոտիկ կանգնած «Վիլիս»-ն ու բարձրանալ դիրքեր,ասելով,որ մարտիկները լուսադեմից մարտի մեջ են և նրանց ուտելու ու խմելու բան է պետք հասցնել:Ոչ ոք չէր համաձայնվում վերցնել ուտելիքն ու հասցնել դիրքեր:Չգիտեմ,թե ի՞նչ կատարվեց այդ րոպեին,ի՞նչ ուժ մղեց ինձ առաջ,բայց մտածելու վարկիան անգամ չկար,գիտակցությունս ոչ մի դեր չխաղաց այդ րոպեին,ոչ մի երկմտություն,վախ չկար հոգուս մեջ,կարծես թե դա բնական էր,կարծես դա այդպես էլ պետք է լիներ, և ես դժգոհող,պատճառաբանող տղամարդկանց այդ ամբոխի մեջ բարձրաձայն հայտարարեցի,որ ես դիրքեր կհասցնեմ ուտելիքը:Գյուղապետն ու ամբոխը զարմացած շրջվեցին իմ կողմ:Ես ավելի վստահ կրկնեցի ասածս,հայտնելով նաև,որ ես ջոկատի հրամանատարի քույրն եմ:Ոչ մի առարկություն չեղավ:Մինչ տղամարդիկ սկսեցին արագորեն հավաքել ու կապել ուտելիքով լի ծածկոցի ծայրերը,բուժքույրը վազեց դեպի բուժկետ,հավաքեց առաջին օգնության պարագաներ և վերադարձավ հայտարարելով,որ ինքն էլ է ինձ հետ բարձրանում դիրքեր:Բժիշկը համաձայն չէր,նույնիսկ ահաբեկվեց:Երբ մենք արդեն տեղավորվել էինք «Վիլիս» մեքենայի մեջ,նա մոտեցավ և սկսեց ամբողջ ուժով քաշել բուժքրոջ թևից,ցանկանալով նրան վայր բերել մեքենայից,ասելով,որ նա շատ վտանգավոր ու անմտածված քայլ է անում:Բուժքույրը պատասխանեց,որ իր ներկայությունն հենց այս րոպեին, առաջին գծում գուցե ավելի է անհրաժեշտ և մենք շարժվեցինք առաջ:Մեր մեքենան անվնաս հասավ մինչև սարի բարձրադիր լանջին գտնվող ահռելի ժայռաբեկորի տակ:Վարորդն այդտեղ հայտարարեց,որ վտանգավոր է և ավելի առաջ շարժվել չի կարող:Մենք վերցնելով ուտելիքն ու բժշկական պարագաները, իջանք մեքենայից,որն անմիջապես ետ շարժվեց:Լեռը պատված էր ճերմակ ձյունով,որի վրա կարկատանների պես տեղ-տեղ երևում էր ձնհալոցքից ազատված հողը՝ պատված ձնծաղիկներով:Ժայռաբեկորից վերև,դեպի լեռան մոտիկ գագաթը ձգվող շավղի աջ կողմում,փոքրիկ հարթության վրա նկատեցինք մի զրահամեքենա:Երբ սկսեցինք ձյուների մեջ խրվելով ու բարձրանալով առաջ շարժվել,մեզ հետ ձյունապատ գետնի վրայով քարշ տալով մեր բեռը,զրահամեքենայից հանկարծ դուրս եկավ միջինասիացու արտաքինով մի զինվոր և ռուսերենով դիմելով մեզ հարցրեց,թե ու՞ր ենք գնում:Լսելով մեր պատասխանը,նա զգուշացրեց,որ շատ վտանգավոր է առաջ շարժվելը,բայց ձեռքով ցույց տվեց,թե որ ուղղությամբ պետք է գնանք:Մեզ համար պարզ դարձավ,որ սովետական բանակի զինվորները ներկա են հայ-ադրբեջանական սահմանի վրա,բայց չեզոք դիրք են գրավել:«Մեծ եղբայրը» անվրդով դիտում էր, թե ինչպես են կենաց-մահու կռիվ տալիս իր «փոքր եղբայրները»,ավելի ճիշտ կլինի ասել՝ դիտում էր իր ԿԱՐՄԻՐ ձեռքով գրված դատավճիռ-սցենարի կենդանի պատկերը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ