ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, September 19, 2014 23:14 - 4 քննարկում

ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՅՈՒՏԸ՝ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Հարություն Մինասյան (1)
Հարություն Մինասյան
Հոգեբույժ, Երևան

Աշխարհին հայտնի է, որ բնական կամ սև ծաղկի դեմ պատվաստման մեթոդի առաջին հայտնագործողն ու կիրառողը հանդիսանում է անգլիացի բժիշկ Էդուարդ Ջենները (1749-1823):
Սակայն քչերը գիտեն, որ դեռևս մինչև Ջենների ծնվելը հայ բժիշկները Հայաստանում հաջողությամբ կիրառել են ծաղկի պատվաստումը և այդ գյուտը Անգլիա է անցել Հայաստանից:
Հայաստանում բնական ծաղիկ հիվանդության մասին տեղեկություններ են տվել Անանիա Շիրակացին (VII դ.), Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարութիւն» աշխատության մեջ (XII դ.), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) Տիգրան Փեշտիմալճյան (XIX դ.) և ուրշներ: XVII դ. մի հայ վարդապետ, որպես բնական ծաղկի պատկինումը (inoculation) հայերի գյուտը լինելու մասին հաստատող օրինակ բերում է Գրիգոր Նարեկացու (X դ.) հետևյալ տողերը. «Թարախ մթերից պատեալ զերկաթով գաղտնեացս ծածուկք` ազդեն ինձ տագնապս, վէրս պահեալս անխնամարկելիս.»: Ֆրանսիացիներ Ֆ. Տըզոթեոն և Լ. Վալանթեն (1800թ.) պատկինումին նվիրված իրենց ստվարածավալ աշխատության մեջ գրում են, որ բնական ծաղկի դեմ պայքարի այդ մեթոդը անհիշելի ժամանակներից կիարռվել է Ասիայի, մասնավորապես Կասպից ծովի ավազանի երկներում, Վրաստանում, Չերքեզստանում, Թաթարստանում, Թուրքմենստանում, Եփրատ և Տիգրիս գետերի ավազանի երկրներում, Բաղդադում, Բասրայում և Հայաստանում:
Կասպից ծովի եզերքներից պատկինումի մեթոդը Կոստանդնուպոլիս է անցել XVII դարավերջին: Ըստ Հ. Ղուկաս Ինճիճյանի (1835թ.) «Այսպիսի քաջ հմտութիւն բժշկութեան Հայաստանեայց էր, որ նախ ի Հայաստան ետ հնարել զգիւտ պատուաստելոյ զպատրուսն ծաղիկ անուանեալ հիվանդութեան և անտի սփռիլ այլուր. զորմէ գրէալ է մեր ի Տարեգրութեան և ի Դարապատում գիրսն»: Ըստ պոլսահայ բժիշկ Տիգրան Փեշտիմալճյանի (1884թ.), բնական ծաղկի դեմ պատկինումի (inoculation) մեթոդը ամենայն հավանականությամբ ի սկզբանե կիրառվել է Հին Հայաստանում, քանի որ «Մինչեւ այս օրս կան այնպիսի տեղեր Փոքր Ասիոյ մէջ, որք տակաւին այս նախնական միջոցին (inoculation – ՀՄ) կը դիմեն, զի պատուաստն (vaccination – ՀՄ) անծանօթ է նոցա տակաւին, ծաղիկէ ազատ մնալու համար»:
Տ. Փեշտիմալճյանը շարունակելով գրում է նաև, որ ծաղիկ հիվնդությունը հիվանդ մարդուց արհեստականորեն առողջ մարդուն փոխանցելու համար ծաղկի «պուտին չորացած քոսն կամ կեղեւը դնել չամիչի մեջ և տալ ուտելու պատկինելի մանկան»: Այս սովորությունը տակավին մինչև հիմա մնացել է Բարձր Հայքի որոշ գյուղերում: Ըստ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծաղիկ հիվանդության դեմ պատվաստում կատարելը եղել է հայ բժիշկների գյուտը: Հին Հայաստանում այն ծանոթ է եղել հայ բժիշկներին և նույնիսկ հասարակ մարդկանց: Ծաղիկով հիվանդ մարդուց կամ կենդանուց վերցրած պատվաստուկը դնելով չամիչի մեջ տվել են երեխային, որ կուլ տա: Եվ երեխան հետագայում չի հիվանդացել այդ խիստ վարակիչ մահացու հիվանդությամբ: Հետագայում պատվաստման ժողովրդական այս մեթոդը հայ բժիշկները փոխադրել են Կ. Պոլիս, ուր նրանք մտածել են կատարելագործել մեթոդը և պատվաստումը կատարել մաշկը ճեղքելու միջոցով:
Անգլիական դեսպան Լորդ Վուորթլեյ Մոնթակյուն տեսնելով սև ծաղկի դեմ հայ բժիշկների հորինած մեթոդը, սիրտ է արել 1717 թ..Կ. Պոլսի Պելկրատ գյուղում պատվաստել իր 6-ամյա միակ որդուն: Հաջող արդյունքից խրախուսված և օգտվելով «հեղինակային իրավունք» հասկացության բացակայությունից, դեսպանուհին գյուտը իր հետ տարել է Անգլիա: Անգլիայում Ուելսի դուքսը և Օրլեանի դուքսը հետևել են դեսպանուհու օրինակին: Ըստ Հովսեփ Հովասափյանի (1998) Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդին 1768թ. հոկտեմբերի 12-ին բնական ծաղկի դեմ վարիոլացիայի եղանակով պատվաստել է հատուկ այդ նպատակով Պետերբուրգ հրավիրված անգլիացի բժիշկ Թոմաս Դիմսդալը: 1769 թ. Եկատերինա 2-րդ կայսրուհին ծաղկի դեմ պատվաստման ենթարկեց նաև իր Պողոս որդուն: Հատագայում պատվաստվեցին Մարի Թերեզան և ուրիշները:
1796 թ. անգլիացի բժիշկ Է. Ջենները պատրաստել է կովի ծաղկի պատվաստը և առաջին անգամ պատվաստման փորձ կատարել 8-ամյա մի տղայի վրա: Մեկ ու կես ամիս անց նույն տղային պատվաստել է բնական ծաղիկ և նա չի հիվանդանցել: Փորձը տվել է գերազանց արդյունք և աստիճանաբար մասսայականացվել: 1803 թ. Լոնդոնում հիմնվել է ծաղկապատվաստման ինստիտուտ, որը ղեկավարել է Ջենները: 1813թ. Օքսֆորդում Ջեններին շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան: Հետագայում Է. Ջենները ընտրվել է Եվրոպական բազմաթիվ ակադեմիաների, ինստիտուտների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ:
Իսկ հայ բժիշկները և նրանց գյուտը այդպես էլ մնացել է ստվերում և չգնահատված:

Հարություն Մինասյան
Հոգեբույժ, Երևան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐ
Sep 20, 2014 4:32