ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, July 30, 2014 22:09 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 5

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 5

Մեր մեքենան առաջ էր շարժվում և հանկարծ , երիտասարդ բարդիների մեջ սեղմված ճանապարհի վրա , կարծես միանգամից մեր դեմ դուրս եկավ Բանդի – Մահու գետի կամուրջը : Ջրառատ գետի ափերի երկայնքով փռված էր դաշտը , որտեղ նախկինում հայ բոշաներն էին իրենց վրանները խփել ու թևածել էր երգն ու պարը : Հետո ՝ պապս ու իր կամավոր մարտիկ ընկերները , Վասպուրականի գաղթականության հետ միասին եկել ու հասել էին այստեղ , չիմանալով , որ դեպի Վանա լիճ գնացող այս գետի ՝ Բերկրիի ջրերը , որին հետագայում թուրքերը Բանդի-Մահու անունը տվեցին, ու այդ գետին հարակից դաշտը, դառնալու էին իրենցից շատերի գերեզմանը : Հայերը Բերկրի էին կոչել այդ գետի անունը ,Բերկրի՜, այսինքն բերկրանք , ուրախություն , երջանկություն բերող … Թուրքերն , այն մի չար նախախնամությամբ կոչեցին ՝ Բանդի-Մահու:Ես չգիտեմ,թե թուրքերեն ի՞նչ է նշանակում Բանդի-Մահու անվանումը,բայց այդ անվան մեջ սպրդել է հայերեն «մահ» բառը և Բանդի-Մահու գետը, մահվան գետ դարձավ իր ժողովրդի՝ Վասպուրականի հայության համար ու դրոշմվեց նրանց հիշողության մեջ, որպես կոտորածի ու սարսափի մի դժոխային վայր…
Կանգնած գետի կամրջի վրա,նայում ենք նրա հոսող ջրերին : Մտովի պատկերացնում եմ պապիս պատմած ամբողջ սարսափը ու ինձ համար արդեն դժվար է կտրվել պատկերացումներից ու վերադառնալ իրականություն,վերադառնալ այսքան հանգի՜ստ ու զուլալ հոսող ջրերին:Գետի ձախ ափին,բարդենիների ետևում տներ են ու տնամերձ այգիներ:Այգիներում մարդիկ կան:Թու՞րք են,քու՞րդ… միևնույն է ինձ համար:Հիմա,փայտփորիկի նման միայն մի բան է անընդհատ կտցում ուղեղս՝.« տեսնես այս մարդիկ չե՞ն սարսռում այս հողը փորելիս,ցանելիս:Տեսնես ստացված բերքն ու բարիքը իրենց երեխաներին տալիս,չե՞ն մտածում ,որ այն սնուցված է արյամբ,հայի´ արյամբ,թե՞ այդ արյունն ավելի է քաղցրահամ դարձնում պտուղը…Լու՜ռ ու տխուր թողնում ենք Բանդի -Մահուն ու շարժվում առաջ:Ոչինչ չենք խոսում երկար ժամանակ,ամենքս մեր մտքերի հետ ենք,ժառանգություն ստացած մեր ցավի հետ…
Լռությունը անսպասելի խախտվում է բոլորիս զարմացական բացականչություններից՝.«Վանա ծո՜վը»:Ճանապարհի աջ կողմում, մեր աչքերի առաջ բացվում է Հրա՜շքը,Վանեցու Կարո՜տն ու Երազանքը՝ Վանա ծո՜վը:Վանեցիները երբե´ք լիճ չէին ասում:Արևի ճառագայթներն ընկել էին ծովի հայելու վրա և կոհակները փայլում էին մի անասելի գեղեցկությամբ ու գույներով:Եվ որքա՜ն տեղին էին այստեղ Սևակի խոսքերը՝.
Եվ գույնե՜ր,գույնե՜ր,
Որ անուն չունեն…
Աննկարագրելի է Վանա ծովակը,նման հրաշք չկա ոչ մի տեղ:Ամենատաղանդավոր նկարչի վրձինն անգամ անկարող է վրձնել այն գույները, ինչին ականատես ենք լինում մենք:Կանաչ,կապույտ,փիրուզյա,ճերմակ՝ ինչպես շողշողուն արծաթ:Այս բոլոր գույները առկա են այնտեղ և այնքան չքնաղ համադրությամբ,որ ապշում ես բնության հանճարեղության ու հրաշքի առաջ:Մա՜նր կոհակներն ասես թռթռալով պարելիս լինեն լճի երեսին:Որքան առաջանում ենք դեպի Վան,գույներն այնքան ցայտուն են դառնում,դառնում ուրիշ,դառնում ավելի հմայիչ ու մենք վերջապես հասկանում ենք,որ «էրգիր» կորցրած մեր մեծերի կարոտը չէր պատճառը,որ նրանք այնքա՜ն հեքիաթային էին նկարագրում իրենց քաղցրիկ Վանը:Վա՜նը…Վանն իր տեղով հենց հեքիաթ է,որ կա,անմոռաց հեքիաթ նրա´ համար,ով մեկ անգամ գեթ կտեսնի…
Մեր մեքենան մոտենում է քաղաքին և կապույտ ցուցանակը արդեն հուշում է՝ ՎԱՆ: Անվան ներքևում գրաված է՝. ունի 228 000 բնակչություն: Մենք այստեղ կանգ ենք առնում: Այստեղ մեզ դիմավորելու է եկել բարձրահասակ, թիկնեղ,ցայտուն աչք-ունքով , կոկիկ հագնված , մոտ 35-ամյա մի տղամարդ: Նա մեր վարորդի ծանոթն է և Վանի քաղաքագլուխ Չիլիկի եղբայրը: Թու՞րք է, քու՞րդ՝ չգիտենք… Նա ձեռքով ցույց է տալիս՝ անցնել դիմացի մայթ: Մենք շարժվում ենք ու կանգնում ալյումինե դռներ ու պատուհաններ արտադրող մի բավականին մեծ արտադրամասի բակում: Մեքենայից իջնելն ու մեր զարմանքը մեկ են լինում՝ մարդը բարևում ու իր առանձնասենյակ է հրավիրում մեզ՝ մաքուր հայերենով: Մենք ներս ենք մտնում նրա առանձնասենյակ, որտեղ սպասավորի դիրքով կանգնած մեզ է սպասում մոտ 65 -ամյա մի քուրդ, բավականին հնամաշ հագուստով, բայց բարի ժպիտով:
Աբդուլլա Չիլիկը ներկայացնում է՝. ծանոթացեք,քուրդ է, Հաջին է, հայերեն չգիտի: Մենք նրա անունն այդպես էլ չիմացանք և ուղղակի Հաջի ենք ասում նրան: Ես անմիջապես պատրաստում եմ տեսախցիկս, որ նկարեմ Վանեցի այս հայախոս մարդուն: Հետո,ոգևորված նրա հյուրընկալ պահվածքից, համարձակվում եմ հարցեր տալ՝.
-Ափո ջան,ո՞րտեղից գիտես Հայերեն:
-Բա իմ մեծ տատն ու պապս , երկուսն էլ մաքուր հայեր են եղել-պատասխանում է նա:
-Մեծ պապն ու տատտ վանեցինե՞ր էին-հարցնում եմ:
-Չէէէ՜,-ձգում է նա-պապս ու տատս մաքուր Քյավառցիներ են եղել, ազգանուններն էլ
Չիլինգարյան: Էստեղ կոտորածի տարին, որ սաղ հայերին սպանել են թուրքերը՝ քրդերի
ձեռով, հետո էլ շուռ են եկել քրդերին են սպանել: Քրդերը որ տեսել են խաբնված են
թուրքերից, խաբար են ուղարկել Հայաստան, կանչել են Հայերին: Ասել են եկեք, մենք
սխալվել ենք, եկեք միացեք մեզ, միասին կռվենք թուրքի դեմ, ազատենք երկիրը,
Հայաստան սարքեք, մենք էլ ձեզ հետ ինքնավարության կարգով ապրենք էստեղ: Բայց կոտորած տեսած հայերը վախեցել են, չեն հավատացել, չեն եկել, իսկ էն հայերը , որ կոտորած չեն տեսել, վեր են կացել ու եկել են: Պապս ու տատս էլ դրանցից են եղել: Եկել են էստեղ, տեսել են էլ ճար չկա մի բան անելու,Աթաթուրքն արդեն նոր օրենքներ է դրել ու փակել սահմանը: Մերոնք էլ վախից կրոնափոխ են եղել ու քրդի անվան տակ մնացել են էստեղ, մտածել են՝ավելի լավ է քուրդ դառնանք, քան թե թուրք: Էսպես է եղել-իր պատմությունն ավարտում է քրդացած հայ մարդն ու հանկարծ հավելում՝.-բայց Վանում շատ հայեր կան, որ քրդի անվան տակ ապրում են, վախենում են, չեն ասում, որ հայ են: Դե մարդս մարդ լինի, քրիստոնյան ո՞րն է, մուսուլմանը ո՞րն է, կարևորը որ հայ ենք-վերջացնում է նա ու լռում: Իսկ ես լրիվ համաձայն եմ մուսուլման եղող իմ այս հայրենակցի հետ ու նա ինձ համար լրիվությամբ հայ է:
-Իսկ Հայաստան եկած կա՞ս-հարցնում եմ:
-Հա՜,շատ եմ եկել: 1997թ.-ին եկա, Երևանում այ էս տիպի արտադրամաս բացեցի, ասեցի արտադրամասիս ղեկավար պիտի ընտրեմ մի չքավոր հայի, որ ոտքի կանգնի ու հասկանա իր բանվորներին: Գործը դրեցի, ղեկավարին գտա, ամեն բան սովորեցրի, բացատրեցի ու եկա Թուրքիա: 6 ամիս հետո գնացի Հայաստան, տեսա էս ցեխիս ղեկավարն արդեն տուն է առել, մեքենա է առել, ամեն բան տեղը-տեղին: Ինձ տարավ իր տուն պատիվ տվեց:
Հետո գնացի արտադրամաս, խոսեցի բանվորների հետ, նրանք սկսեցին չորս կողմից բողոքել, թե արդեն 6 ամիս է աշխատում են, բայց դեռ մի գռոշ աշխատավարձ չեն ստացել: Շատ բարկացա: Կանչեցի ցեխիս պետին, ասեցի . -ես էսօր քո տանը խորոված կերա, քո երեխեն որ էտ խորովածն ուտում է, բա դու չես մտածու՞մ, որ էս բանվորների երեխեքն էլ մի բան ուտել են ուզում: Ինչի՞ աշխատավարձները ժամանակին չես տալիս, ինչի՞ չես հարգում բանվորներին,ախր նրանք են, որ ինձ ու քեզ փող են բերում: Սա անմեղացավ, խոստացավ ուղղել սխալը: 6 ամիս հետո երբ նորից եկա, նորից նույն պատմությունը, դեռ ավելի վատ: Վիճացինք, մյուս օրը տեսնեմ կանչեց մի 6-7 հոգի մարդ, ու դրանք պահանջեցին, նույն օրը թողնել Հայաստանը, ասելով, թե ՝ թուրքն ո՞վա, որ գա մեր հողի վրա գործ դնի, դու էստեղ էսօրվանից ոչ մի բան չունես, մեկ էլ ոտքդ Հայաստան չմտնի – վերջացրեց ու քմծիծաղ տվեց Ափոն: Կարճ դադարից հետո ավելացրեց. Հայաստանում ապրող հայերը մենակ մտածում են իրանց մասին, մեկը-մեկին օգնել չունեն, չեն հասկանում, որ իրար օգնելով ավելի շուտ ոտքի կկանգնեն: ՈՒրախացան դրանք,թե մի թուրքի թալանեցին,մեծ հերոսություն արին-հանդա՜րտ,առանց բարկանալու,նույնիսկ թույլ ժպիտով պատմում է Ափոն ու լռում:Նույնիսկ ցավ չկա աչքերում:
Իսկ մենք ամաչում ենք քրիստոնյա Հայաստանում բնակվող մեր «հայ տղերքի» համար:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ