ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, May 30, 2014 14:38 - 11 քննարկում

Ինչ է գրում “Հրապարակը”,Կարդալով Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամների հարցազրույցներն ու գրավոր ելույթ-կոչերը

Կարդալով Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամների հարցազրույցներն ու գրավոր ելույթ-կոչերը, չգիտես ինչու, հիշեցի Օստապ Բենդերի հիմնած կազմակերպություններից մեկը, որոնց միջոցով նա կապիտալիզմի «մնացուկների» հայրենասիրությունն էր բորբոքում: Կոչվում էր «Թրի եւ խոփի միություն»: Այդ միության անդամները մեծ հուզմունքով եւ հիացմունքով էին ունկնդրում գաղափարների «մեծ կոմբինատորի» ճառը դժբախտ խնամազուրկ երեխաների մասին, որոնց համար պետք է փող հավաքել. «Նպատակը սուրբ է: Ամենուրեք մենք լսում ենք տնքոցներ: Մեր ահռելի երկրի բոլոր ծայրերից օգնության են կանչում մեզ: Մենք պետք է օգնության ձեռք մեկնենք եւ մենք այն կմեկնենք»: Այնպես չէ, որ մենք անլուրջ ենք վերաբերվում Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության նպատակին ՝ պահանջատիրությամբ տեր կանգնել Արեւմտյան Հայաստանի տարածքներին, կամ այն հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ տարբեր երկրներում փորձել են իրականություն դարձնել հայերիս պատմական իղձը: Բայց եկեք մի պահ դատենք սթափ:
1401352671,6078

Սույն վտարանդիների կառավարությունն ունի խորհրդարան, որը Փարիզում՝ 2014 թ. հունվարին նույնիսկ նախագահական ընտրություն է անցկացրել եւ «նախագահ» է ընտրել Արմենակ Աբրահամյանին, «խորհրդարանի նախագահ» է ընտրել Արմեն Տեր-Սարգսյանին, «վարչապետ» է հաստատել Տիգրան Փաշաբեզյանին: Ակցիաների դարաշրջան է, եւ սա էլ կարելի է ընդունել որպես խորհրդանշական քաղաքական ակցիա, ժողովրդական դիվանագիտության սրամիտ հնարք: Բայց «վտարանդիների» պետությունն ավելի հեռու գնաց: Սկսեց քաղաքացիներ հավաքագրել եւ նրանց վաճառել Արեւմտյան Հայաստանի անձնագրեր: Փաստաթղթի ամբողջական անունն է՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության անձնագիր»: ԱՄՆ հայաբնակ քաղաքներում հեռուստատեսությամբ հաղորդումներ են կազմակերպվում, որոնց ժամանակ վտարանդի կառավարության անդամները, օրինակ, «արդարադատության նախարար», Հայաստանից հեռացած նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, հայտարարում են, որ Արեւմտյան Հայաստանի քաղաքացու անձնագրով հայերը, երբ ցանկանան, կարող են այցելել իրենց պատմական հայրենիք: Ուզում ես սրտանց հուզվել, բայց մեկ էլ մտածում ես՝ բայց ե՞րբ չեն կարողացել ամերիկահայերը կամ ֆրանսահայերը գնալ Թուրքիա իրենց անձնագրով, կամ սկսում ես պատկերացնել, թե ինչ դեմք կունենա թուրք սահմանապահը, եթե այդ նույն ամերիկահայը տանը թողնի իր իսկական անձնագիրը եւ նրան մեկնի Արեւմտյան Հայաստանի «նախագահ» Արմենակ Աբրահամյանի ստորագրությամբ «վտարանդի հայի» անձնագիրը: Անձնագրի գինը ԱՄՆ 40 դոլար է: Օրերս մեր խմբագրություն էր այցելել վտարանդի կառավարության հայաստանյան ներկայացուցիչը՝ գրող Բակուր Կարապետյանը, ով հայտարարեց, որ արդեն 36 հազար անձնագիր է վաճառվել:

Բազմապատկում ենք 40 դոլարով եւ ստանում ենք 1 մլն 440 հազար դոլար: Ճիշտ է, Բակուր Կարապետյանը հայտնում է, որ հայաստանցիների համար, որոնք, հավանաբար, «քյասիբի» համարում ունեն սփյուռքահայ մեր բարեկամների մոտ, գործում է զեղչերի համակարգ, եւ անձնագիր նրանք կարող են գնել ընդամենը 4-6 հազար դրամով, եւ որ ամբողջ գումարն օգտագործվում է միայն տպագրական ծախսերը հոգալու համար: Բայց, միեւնույն է, մեծ գումար է ստացվում: Աշխարհասփյուռ հայությունը, որի նուրբ թելերին են կպել նախաձեռնության հեղինակները, մեծ խանդավառությամբ է արձագանքում, մեծ հաճույքով բացում դրամապանակները: Բաղձալի անձնագրերը լավ կոմերցիոն գաղափար են, եւ պատահական չէ, որ հետաքրքրել են ԱՄՆ իրավապահներին: Ճիշտ է, վտարանդի կառավարության դեսպան Բակուր Կարապետյանին զայրացնում է այս հետաքրքրությունը, եւ նա համարում է այն պրոթուրքական ուժերի խարդավանք: Բայց հարց է ծագում. ո՞ւմ պիտի դիմեն Արեւմտյան Հայաստանի խաբված քաղաքացիները, եթե հանկարծ պարզվի, որ նրանք գումարները վճարել են, բայց իրական անձնագիր չեն ստացել: Էլ չեմ ասում այն ամերիկահայի մասին, որը Ստամբուլի օդանավ է փորձում նստել՝ ամերիկյան անձնագիրը տանը թողնելով: Ո՞ւմ պետք է դիմեն այդ մարդիկ:

Արեւմտյան Հայաստանի ներքին գործերի նախարարի՞ն: Ի դեպ, առաջին խաբվածներն արդեն ի հայտ են գալիս: Օրինակ, ամերիկահայ Ռոբերտ Նազարյանը հայտնում է, որ նախկինում էլեկտրոնային նամակներ էր ստանում «վտարանդի կառավարությունից» իրենց գործունեության մասին, գումար է փոխանցել, սակայն անձնագիր չի ստացել, փոխանցել է 30 եվրո՝ անձնագիր ստանալու համար, բայց այլեւս «լուր չունի»: «Գրել եմ արդեն 6 նամակ, բայց պատասխան չկա։ Ես դեռ սպասում եմ իմ ԱՀՀ-ի անձնագրին։ Հավանաբար, շուտով կստանա՞մ։ Ես երկար ժամանակ է, որ նամակ չեմ ստանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վտարանդի կառավարությունից, ինչպես առաջ։ Կարո՞ղ է կառավարությունը հրաժարական է տվել, չեմ իմացել։ Կամ էլ ինչ-որ մեկը շատ ճարպիկ կերպով իմ անունը ջնջել է նամակ ստացողների ցուցակից։ Խնդրում եմ պարզել այդ հարցը»,- գրել է Արեւմտյան Հայաստանի ապագա քաղաքացին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Արմենակ Աբրահամյանին, բայց պատասխան դեռ չկա: Ինչպե՞ս չհիշենք Օստապ Բենդերին, պարոնայք երդվյալ ատենակալներ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.hraparak.am/news/view/56055.html?fb_action_ids=710759292317466&fb_action_types=og.likes



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Նազարյան
May 30, 2014 20:16