ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 8, 2014 5:21 - 1 քննարկում

ԳՆԴԻ ԵՎ ՇՐՋԱՆԻ ՍԵՄԱՆՏԻԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒՄ

Հայկական ժողովրդական պարերի կատարման հիմնական դասավորությունը փակ ու բաց շրջանի և սպիրալաձև դասավորությունն է: Գունդը և շրջանը կապվում են ամբողջի, համայնականի, կատարելության հետ: Կլոր իրերը ընդունվում և հասկացվում են որպես խորհրդանիշներ (անիվ, աղորիք, սանդ, ջրաղացքար, թոնիր, կլոր հացեր): Ազգային տարազի և կանանց զարդերի մեջ հատուկ իմաստ և նշանակություն ունեն կլոր զարդերը: Հայկական կենցաղում շրջանը տարբեր երկրաչափական նշանների համադրությամբ գործածվում է որպես գորգերի, կարպետների, ասեղնագործության և բոլոր նախշակարերի հիմք և ունի իր խորհրդանշական իմաստը: Աստվածային հատկանիշը խորհրդանշելու համար գործածվում են գնդաձև երեք խորհրդնիշներ՝ ճաճանչ, գունդ (խաչակիր ոսկե խնձոր) և կլոր գլխով գավազան՝ որպես թագավորներին ի վերուստ տրված աստվածային հատկանիշների կրողներ: Ժայռապատկերներում իրար մեջ արված շրջանագծերով բազմաթիվ շրջանագծեր կան, որոնք խորհրդանշում են արևը: Բոլոր կլոր իրերը սիմվոլներ են և ունեն արևի, տարու և կյանքի ցիկլային մտածելակերպի նշանակություն:
Հայկական տան կարևորագույն մասը թոնրատունն է, որի կենտրոնում թոնիրն է՝ իր սրբազան էությամբ: Հայաստանի բոլոր ազգագրական շրջաններում թոնրի շուրջ բազմաթիվ սրբազան արարողություններ են կատարվում: Պսակի կամ որևէ սրբազան արարողություն կատարելիս արարողապետը երեք, հինգ կամ յոթ անգամ պտտվում է թոնրի, սրբավայրի, նույնիսկ որևէ իրի շուրջ, ապա կատարում պահանջվող ծեսը: Շրջան գծելն ու կատարելն ունեցել են հատուկ հմայական ուժ: Շրջանը պետք է անպայման փակվեր: Փակ շրջանը կապվում է աշխարհի, կատարելության, ամբողջականության ու անվերջության, կրակի, արևի աստվածության հետ, ունի պահպանելու, մաքրագործելու հատկանիշներ:
Պարաշրջանի ներսի և դրսի սեմանտիկան ունի իր որոշակի դրական (շրջանից ներս cosmos) և բացասական (շրջանից դուրս chaos) նշանակությունը: Հայերի մեջ պարաշրջանից դուրս՝ պարողների թիկունքն անցնելը դիտվում է նենգամտություն, արարողակարգի միտումնավոր քանդում: Պարաշրջանը սահմանափակում է որոշակի տարածություն, ընկալվում է որպես կյանք՝ իր պոտենցիալ անվերջությամբ, իսկ շրջանից դուրս անկարգությունն ու անորոշությունն է:
Հայկական ժողովրդական պարերում շրջանի և գնդի հասկացությունն ամբողջանում է «գովընդ-գյոնդ, գուվանդ» պարատեսակում, որի դասավորության շրջանաձև ու սպիրալաձև կառուցվածքում արտահայտվում է նաև ժամանակի անվերջության գաղափարը: Գովընդների հիմնական պարաձևը երկուս գնալ, մեկ դառնալն է, որոնց գումարը երեքն է: Ջավախքում այդ պարաձևը կոչվել է «իրէք ոդկ»: Հայկական ազգագրության մեջ երեք թվի հմայական նշանակությունն անառարկելի է: Աշխարհաստեղծման հնդկական դիցամտածողության մեջ Վիշնուն իր գործողությունների մեջ կատարել է երեք քայլ և տիրել աշխարհին: Գովընդապարերում հնդեվրոպացի հայերը, երեք քայլ կատարելով, անմասն չեն մնում այն մտածողությունից, թե իրենք ծիսական գործողությամբ մասնակցում են տիեզերքի արարչագործությանը: Գովընդ և մասսայական պարերի կատարումն ամփոփում է տիեզերաբանական, աշխարհաստեղծման, ժամանակի ցիկլային շրջադարձման, աշխարհի երկվության ու եռամասնության գաղափարների շատ տարրեր, որոնց պարբերաբար կրկնությունները ծիսական մտածողությամբ ապահովում են կյանքի ցիկլային թարմացում, երիտասարդացում ու զորեղացում: Պարի շրջանի, կիսաշրջանի ու գնդի անվերջ շրջապտույտն ապահովում է շեղումներից աշխարհը մշտապես նախկին, բնական վիճակին ծիսական արարողությամբ վերադարձնելը:

Ժենյա Խաչատրյան
(«Պարը հայոց մեջ» հոդվածների ժողովածուից)



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sos
May 9, 2014 13:02