ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, December 29, 2013 19:07 - 2 քննարկում

Յոզղատի հայության տեղահանության և կոտորածների դատավարությունը` ըստ օսմանյան «Մեմլեքեթ» օրաթերթի (1919 թ).Մելինե Անումյան.

Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու

Սույն հոդվածը նվիրված է 1919 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Ստամբուլի ռազմական դատարանում կայացած` Յոզղատի հայերի տեղահանության և կոտորածների դատաքննության նիստերի ժամանակ արծարծված որոշ հիմնախնդիրների քննությանը` ըստ Ստամբուլում օսմաներենով (արաբատառ թուրքերենով) հրատարակված «Մեմլեքեթ» օրաթերթի հաղորդագրությունների:

1919 թ. փետրվարի 5-ից մինչև ապրիլի 7-ը կայացած` տասնութ նիստից բաղկացած, Յոզղատի դատավարությունն առաջինն էր 1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված շուրջ 63 դատական գործերի շարքում: Կարծես ճակատագրի հեգնանքով դատավարությունն ընթանում էր հենց այն դահլիճում, որտեղ դրանից 10 տարի առաջ Աբդուլ Համիդի ներկայությամբ հանդիսավորապես հռչակվել էր օսմանյան խորհրդարանի բացումը[1]:

Մեղադրյալները սկզբնապես եղել են երեքը` Յոզղատի փոխմութասարիֆ (սանջակի/մարզի կառավարիչ) և միաժամանակ Բողազլըյանի կայմակամ (գավառապետ) Մեհմեթ Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը և Յոզղատի վաքֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյազ Ալին: 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է` հետագայում քննվելու նպատակով, որը, սակայն, մնացել է սոսկ թղթի վրա[2]: Դատավճիռը կայացվել է ապրիլի 8-ին, ըստ որի` ամբաստանյալներից Մեհմեթ Քեմալը դատապարտվել է մահապատժի[3], իսկ Թևֆիկը` 15 տարվա տաժանակիր աքսորի[4]:

Հարկ է նշել, որ Յոզղատի դատական նիստերի ընթացքում և, հատկապես, 1919 թ. փետրվարի 22-ի նիստում, ընթերցվել են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, հատկապես` ծածկագիր հեռագրեր, որոնց վավերականությունը հաստատելուց հետո միայն ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել Մեհմեթ Քեմալին[5]:

1919 թ. փետրվարի 15-ին կայացած 6-րդ նիստում վկա Ստեփանը ցուցմունքներ է տվել առ այն, որ նախ` Գյուլլեր, ապա` Էլեքչիլեր աքսորված հայերը կացիններով, քլունգներով և գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից[6]: Վկան հայտնել է, որ ջարդին ներկա են եղել նաև ամբաստանյալները, և որ կոտորվել է իր գյուղի ամբողջ բնակչությունը[7]:

Նույն նիստում հայերի կոտորածների փաստը հավաստող վկայություններով հանդես է եկել նաև տիկին Աննիկը, որը հաղորդել է, թե առաջին և երկրորդ քարավաններից առանձնացվել են տղամարդիկ, երրորդից` գեղեցիկ կանայք, իսկ մյուս հայերը կոտորվել են[8]:

1919 թ. փետրվարի 18-ի` թվով 7-րդ նիստում հանդես եկած վկաներից Անկարայի 15-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Հալիլ Ռեջային վկայել է, որ «ըստ մայոր Շահաբ բեյի[9] ստացած ծածկագիր-հեռագրի` Բողազլըյանում բնաջնջվել էին 2-ից 3 հարյուր հայեր»[10]: Արձանագրությունում կարդում ենք.

«Հալիլ Ռեջայի – Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովում ևս ինձ հարցրել են, թե Բողազլըյանից հեռագիր ստացե՞լ եմ, թե՞ ոչ: Կարծեմ` նման մի հեռագիր է ստացել Շահաբ բեյը, որը վերաբերել է 2-ից 3 հարյուր հայերի բնաջնջմանը: Հեռագիրն ինձ մոտ չէ: Այն պետք է որ Կայսերիից (Կեսարիա-Մ.Ա.) հղված լինի Անկարա:

Դատախազ – Ի՞նչ պատճառներից ելնելով է Ռազմական գերատեսչությունը զբաղվել տեղահանության խնդիրներով:

Հալիլ Ռեջայի – Տեղյակ չեմ: Ինձ նման հեռագիր հասավ, և ես այն հանձնեցի գլխավոր հրամանատարությանը: Շահաբ բեյից չեմ հարցրել պատճառների մասին…:

Դատախազ – Որտեղի՞ց է Շահաբ բեյը նման տեղեկություն ստացել:

Հալիլ Ռեջայի – Բողազլըյանից»[11]:

Նույն նիստում լսել են նաև ազգությամբ հույն վկա Հրիսթաքի Անդրեյադիսին, որը հանդես է եկել հետևյալ վկայությամբ. «331 թ. (1915-Մ.Ա.) հուլիսի 24-ին` ուրբաթ առավոտյան, հրաման տեղ հասավ, և Ջեմալ բեյը[12] սկսեց տեղահանությունը: Աքսորյալների առաջին խումբը հաջորդ օրը տարագրվեց Սվաս (Սեբաստիա-Մ.Ա.): Երկրորդ խումբը ևս ուղարկվեց Սվաս: Հայերի երրորդ խումբն աքսորվեց Կայսերի: Այդ ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության պատվիրակը[13] հայերին բնաջնջելու վերաբերյալ բանավոր հրամաններ տվեց: Ջեմալ բեյը չհամաձայնեց դրանց: Գնաց Չորում: Լսեցինք, որ պաշտոնից հեռացվել է. նրան փոխարինեց Քեմալը: Լսեցինք, որ բնաջնջվել են միայն Բողազլըյանի հայերը…

Այնուհետև ժողովրդին զույգ-զույգ տարել են Բաղլըջայի և Բեզլիհանի կողմերը: Լցրել են մի փարախ, որի շուրջը ճահճոտ է եղել, և այնտեղից երեք-երեք կամ հինգ-հինգ հանելով` սպանել: Փախած-թաքնվածներին բացահայտելու նպատակով ասել էին, թե իսլամ ընդունածները փրկվելու էին, սակայն երբ փախածները դուրս էին եկել իրենց թաքստոցներից, նրանց ևս կոտորել էին»[14]:

Հրիսթաքի Անդրեյադիսը նույն նիստում հաղորդել է նաև, որ Յոզղատը տեղահանությունից առաջ ունեցել է 2000 տուն հայ բնակչություն, իսկ հետո` ընդամենը 200[15]:

Դարձյալ միևնույն նիստում վկաներից ունկնդրության է արժանացել նաև Սիմոն էֆենդին, որը դատարանին հայտնել է, թե Սալիմ բեյը պաշտոնազրկվել է տեղահանության ժամանակ բնաջնջմանը չմասնակցելու պատճառով[16]:

Նույն նիստում հիշյալ վկայից հետո ունկնդրության արժանացած վկա Գեղամ էֆենդին դատարանին տեղեկացրել է, որ հայերի բնաջնջմանը մասնակել են նաև Յոզղատի ժանդարմները[17]:

Դատաքննության 9-րդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 22-ին, դատարանի նախագահ Հայրեթ փաշան դատական քարտուղարին խնդրել է ընթերցել մի շարք ծածկագիր հեռագրեր, որոնցից մեկում դիվիզիոնի հրամանատարը զինվորական կորպուսին էր հայտնում Բողազլըյանում 1500 հայերի սպանության մասին, իսկ մյուսում, որը կրում էր 207 համարը, հիշատակվում էր Բողազլըյանում և շրջակա բնակավայրերում 360 հայերի բնաջնջման մասին[18]:

Նույն նիստում դատարանի նախագահի հրահանգով ընթերցվել է նաև 1915 թ. հուլիսի 17-ի թվակիր հեռագիրը, ըստ որի` տեղահանության ընթացքում հայերին սպանել է ժանդարմերիայի սերժանտ Հուսեյինը, ինչպես նաև օգոստոսի 11-ի թվակիր` թիվ 263 հեռագիրը, ըստ որի` Յոզղատի սանջակում ոչ մի հայ չպետք է մնար[19]: Միևնույն նիստում, դարձյալ դատարանի նախագահի ցուցումով, ներկայացվել է նաև մեկ այլ հեռագիր, որը վերաբերում էր Բողազլըյանում 130 հայերի ոչնչացմանը[20]:

Սույն դատական գործընթացի 10-րդ նիստում` 1919 թ. մարտի 5-ին, վկաներից ունկնդրության արժանացած Թոքաթի մութասարիֆը հավաստել է, որ հայերի սպանությունների փաստը հայտնի է եղել բոլորին[21]:

Այս նիստում լսված վկաներից Յոզղատի նախկին մութասարիֆ Ջեմալը բացասական պատասխան է տվել իրեն ուղղված այն հարցին, թե արդյո՞ք որևէ նախանշան եղել է առ այն, որ Յոզղատի հայերը պատրաստվում էին «ապստամբել»[22]:

Միևնույն նիստում, որպես վկա, ունկնդրության է արժանացել նաև վարչական տեսուչ Նեդիմ բեյը, որը հայտնել է, թե ըստ իրեն հասած խոսակցությունների` տարագրված 140 հոգանոց հայկական քարավանին գիշերը գավազաններով ոչնչացրել են մի փարախում: Վկան նաև շեշտել է, որ հայերին աքսորել են որոշ գյուղերից, և որ ճանապարհին նրանք ենթարկվել են չեթեներից բաղկացած ավազակախմբերի հարձակումներին[23]:

Այս նիստում ևս ընթերցվել է Շահաբ բեյի` Բողազլըյանի տեղահանության ժամանակ կատարված սպանությունները և չարաշահումները փաստող ցուցումը: Ներկայացվել են ևս երկու ցուցում: Դրանցից առաջինում, ժանդարմերիան հաղորդել էր, թե 36 հայերից 11-ը սպանվել էին հրոսակախմբերի կողմից, իսկ մյուսները` կոտորվել հետագայում: Երկրորդը, որի վրա նշված էր «գաղտնի» բառը, վերաբերում էր Բողազլըյանի տեղահանությանը[24]:

Դատավարության տասներկուերորդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. մարտի 7-ին, դատական քարտուղարն ընթերցել է Կայսերիի ժանդարմերիայի սերժանտի զեկույցը, ըստ որի` 26 հայ ժանդարմերիայի պահպանության տակ տարագրվելիս ենթարկվել է ժանդարմների հարձակումներին, որոնք նրանց սպանել են[25]:

1919 թ. մարտի 24-ին կայացած դատական գործընթացի տասներեքերորդ նիստում դատախազը հիշատակում է Բաքքալ գյուղից պղնձագործ Մահմուդին հղված գրավոր հրամանի մասին, ըստ որի` (հայ-Մ.Ա.) կանանց, տղամարդկանց ու երեխաների հագուստը և իրերը պետք է պահվեին: Ինչպես պարզաբանել է դատախազը` «Այստեղ խոսքն, անկասկած, վերաբերում է հագուստին: Այդ դեպքում այս հրամանը, անկասկած, վերաբերում է ոչ այլ ինչի, քան սպանությանը»[26]:

Յոզղատի դատաքննության տասնհինգերորդ նիստում (1919 թ. մարտի 27-ին) դատարանին ցուցմունքներ տված վկա Մեհմեթ բեյը, որն անգլոհպատակ գնդապետ էր, հայտնել է, թե անձամբ ինքը տեսել է, թե ինչպես են կացիններով ու դաշույններով հայերին կոտորում Քարաքուշ լեռնահովտում[27]: Նույն նիստում ընթերցվել է նաև ամբաստանյալ Թևֆիկի ստորագրությունը կրող տեղեկագիրը, որը հիշարժան է, մասնավորապես «Հայերի արմատը չորացնել» արտահայտության պարունակությամբ[28]:

Դատավարության տասնվեցերորդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. մարտի 29-ին, դատախազն արձանագրել է, որ դատաքննության ընթացքում լսված վկաների ցուցմունքները պարունակում են մեղադրյալ Մեհմեթ Քեմալի մեղավորությունը հաստատող անհերքելի ապացույցներ. «Քեմալ բեյի դեմ հանդես եկած գլխավոր վկաներն են Բողազլըյանի մյուֆթին (հոգևոր առաջնորդը-Մ.Ա.) և զինվորական վերադասները: Ի հավելումն դրանց` կան նաև հայ վկաներ: Հետևաբար, Քեմալը գտնվում է բարդ կացության մեջ: Կարելի է ունկնդրության արժանացնել նաև պաշտպանող կողմի ներկայացրած վկաներին, սակայն քանի որ հանցագործությունը բացահայտ է, պաշտպանող կողմի վկաները որքան գովաբանեն այդ մարդուն, կարծում եմ, որ դա դատարանի համար անիմաստ կլինի»[29]:

Սակայն, չնայած այս բոլոր արժանահավատ վկայություններին ու փաստերին, քեմալական իշխանությունները Յոզղատի գործով մեղադրյալ և դատապարտյալ Մեհմեթ Քեմալին հետմահու ոչ միայն արդարացել են, այլև` հերոսացրել: Նա կախաղան է բարձրացվել 1919 թ. ապրիլի 10-ին` Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում: Նախ` մահապատժի արարողությունն ինքնին կատարվել է ոչ ընդունված կարգով: Ըստ օրենքի` կախաղանի դատապարտվածը մահապատժի էր ենթարկվում նախքան արևածագը, դատապարտյալի մարմինը հրապարակում էր մնում ևս 5-6 ժամ, ապա` անշուքորեն թաղվում: Մինչդեռ Մեհմեթ Քեմալի մահապատժի արարողությունն ի կատար է ածվել կեսօրից հետո` ժամը տասնինն անց քսանին[30], ստվար բազմության ներկայությամբ, որին մասնակցել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: Մահապատժից հետո Մեհմեթ Քեմալի դին դրվել է Բայազետ մզկիթի լվացարանում. գործողություն, որն անթույլատրելի էր մահապատժի դեպքում[31]: Հաջորդ օրը մեծ շուքով կազմակերպվել է նրա թաղման արարողությունը, որին մասնակցել են ավելի քան տասը հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», իսկ նրա այրու և զավակների նկատմամբ սահմանվել է ազգային խնամակալություն: Ինչպես նշում է Արամ Անտոնյանը, «այն թուրք ժողովուրդը որ հանրային հանգանակութեանց իր քսակը այն ատեն միայն կը բանայ, երբ վիզը կը սեղմեն, ինքնաբերաբար, 5-10 օրուան ընթացքին 20 հազար օսմ. ոսկի գումար մը հանգանակելով, յանձնեց Քէմալ պէյի այրիին»[32]:

Ավելին, Անկարայի մեջլիսը 1920 թ. դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Մեհմեթ Քեմալի ընտանիքին թոշակ տրամադրելու մասին[33]: Այսօր ևս Բողազլըյանում կարելի է տեսնել հերոսի կոչմանն արժանացած հայտնի հայասպան Մեհմեթ Քեմալի արձանը:

Այսպիսով, Յոզղատի դատաքննության ժամանակ ընթերցված բազմաթիվ հեռագրերը և բարձրաստիճան ականատեսների վկայությունները փաստել են, որ տեղի հայության բնաջնջումն իրականացվել է օսմանյան տեղական իշխանությունների, ժանդարմերիայի և բնակչության կողմից, որոնք իրենց հերթին հրահանգներ էին ստացել կենտրոնական կառավարությունից: Սույն դատավարության ընթացքում արձանագրված Յոզղատի նախկին կառավարչի ցուցմունքի համաձայն` հերքվել է Յոզղատում հայերի կողմից ապստամբության նախապատրաստվելու մասին վարկածը, որը XIX դ. վերջերից առ այսօր բազմիցս շահարկվել է Հայոց ցեղասպանության պատմությունը նենգափոխող պատմության կեղծարարների կողմից: Ըստ այդմ, Յոզղատի դատաքննության նյութերը, տարբեր կտրվածքներով, ամբողջությամբ պահպանում են իրենց այժմեականությունը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

gasarov@online.de
Dec 30, 2013 8:52