ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 21, 2013 1:23 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 9)

Մաս 8

«Ինչի՞ էսպես եղավ» …նորից հանգիստ չի տալիս փայտփորիկի կտկտոցը:

Կոտորեցին մեզ,սփռեցին աշխարհով մե՜կ,իսկ մենք անգամ իրավունք չունեցանք հիշելու,ողբալու,բողոքելու…Հիմի եկե՜լ ու հասել ենք Վան,եկել ենք ո´չ որպես տանտեր,այլ որպես հյուր:Եկել ենք եկվորների´ մոտ ու չգիտենք,հիմի մե՞նք ենք տանտերը,թե՞ նրանք:Մենք գիտե´նք,որ մերն են այս հողն ու երկինքը, նաև նրա´նք գիտեն:Մենք հուշեր ունենք,չա՜ր հուշեր,որ մեզ հանգիստ չեն տալիս,թույլ չեն տալիս ապրել լիարժեք:Մեր զոհերի,մեկ ու կես միլիոն զոհերի աճյունները չամփոփվեցին հողում,իսկ թուրքը չի հասկանում,որ հողին չհանձնված մարդու հոգին ,մարմնից զատվելով երկինք չի գնում,մնում է իր անտերունչ մարմնի կողքին,մնում է հավիտյա՜ն,այդ հոգին ձա՜յն ունի,բողոքի՜ ձայն,պահանջի՜ ձայն,որ այն չի´լռելու,այն մի´շտ արթուն,մի´շտ զգոն է պահելու ապրողներիս և ստիպելու´ է բողոքե՜լ… Մենք ասելու բա՜ն ունենք,պահանջելու բան՝ նրանց ձայնով,նրա´նց փոխարեն…Եվ մեր հոգու բողոքը գրանիտ է դարձել,վեր խոյացել ու խրվել կուրծքը երկնի…
«Ինչի՞ էսպես եղավ»:
Ապրիլ էր,դանդա՜ղ բարձրանում էինք դեպի գրանիտե մեր բողոքը,դեպի Ծիցեռնակաբերդ:Բազմահազար մարդկանց մեջից հանկարծ մեկը ձայն տվեց ինձ:Շրջվեցի դեպի աջ:Վազգենն էր Սարգսյան,նրա հետ էլ Կամոն:Մոտեցա,բարևեցի:Վազգենը մտահոգ էր երևում,կարծես մի փոքր չարացած և միանգամից դիմեց ինձ՝.
-Խալիսայից բերած փողերի մասին դու՞ էիր ասել տղաներին:
-Հա,ի՞նչ կա որ,չասե՞ի-զարմացա նրա հարցի վրա:
-Էտ փողերից մի կոպեկ մենք չենք կարա ոչ մեկին տանք,որտև դրանք մեր կյանքի գնով ենք ձեռք բերել ու մերն են,-կտրուկ,շեշտված,առանց երեսիս նայելու ,շուտասելուկի նման վրա տվեց Վազգենը:
-Բայց մենք ընդհամենը զենք ու զինամթերքի համար ենք ուզել գումար,-արդարացա ես:
-Արտաշատից պիտի ճարեիք էտ փողը,ոչ թե գայիք իմ մոտ,-նետեց նա:
-Ախր Արտաշատը ո՞րն է,Արարատը ո՞րն է,ես չեմ հասկանում:Էտ զենքով չպիտի՞ կռվենք ընդհանուր թշնամու դեմ,-բարկացա ես: Նա դարձավ դեպի ինձ,նայեց աչքերիս մեջ ու բարկացած ,բայց բավականին ցածրաձայն,որ միայն մեզ լսելի լինի,ասաց՝.
-Իսկ դու գիտե՞ս,որ Խալիսայի ադրբեջանցիներն արդեն բողոքել են:Ռուսները նրանց հետ զինվորներ են դրել,մայիսի 15-ին դատ է լինելու էտ գործով ու ադրբեջանցիները,ռուս զինվորների հետ գալու են Արարատի դատարան,կարող է մեզ տանեն ոտքով-գլխով կորցնեն…
-Ես այդ օրն անպայման կգամ դատարան,- նրա խոսքը կիսատ թողեցի ես:
-Ի՞նչ-ավելի բարկացավ Վազգենը,-ադրբեջանցիներին էլ հենց էտ է պետք:Նրանք ռուսներին ասել են,որ Խալիսայում էտ դեպքի ժամանակ կանայք էլ են եղել,հիմի նրանք հենց էտ կանանց են ման գալիս:Գաս,հանկարծ ճանաչեն քեզ,տանեն վախեցնեն,կին ես,սկսես պատմել եղածը,լռիվ գնանք կորե՞նք:Գիտե՞ս, Արարատի միլիցաները մեզ բռնել տարել էին,էն տեսակ դաժան ձևով ծեծեցին ինձ ու Կամոյին,փոքր գրատախտակ կար,էտ գրատախտակով էնքան են տվել գլխներիս,որ էլ ասելու չի,հեսա,թող Կամոն ասի,-վկայակոչեց Կամոյին Վազգենը, որն էլ ձեռքի շարժումով ու գլուխը ձգելով վերև՝ հաստատեց նրա ասածը:
-Վերջը, խոստովանել ենք եղածը-շարունակեց Վազգենը-մոտ 60 հազար ռուբլի տվել եմ Արարատի միլպետին էտ փողերից,որ պրծել ենք դրանց ձեռից,ու հլը տեսնենք,թե դատի գործը ոնց է վերջանալու-մի քանի վարկյան լռեց,հետո նորից դարձավ ինձ-իսկ դու,Սվետա,հիշիր սա,-մատը բարձրացրեց ու մի փոքր իմ կողմը թեքվեց Վազգենը,-հիշիր քո ամբո´ղջ կյանքում,չմոռանա´ս,էտ բանը դու ոչ տեսել ես,ոչ էլ գիտես:Հասկացա՞ր:Հուր ու հավիտյան մոռացիր էտ մասին ու այլևս ոչ մեկի մոտ խոսք դուրս չգա բերանիցտ,-խիստ,խորհրդավոր,չարացած ասաց նա ու լռեց:Ես թողեցի նրանց և ավելի արագ քայլերով առաջ անցա,առանց որևիցե մեկ բառ ասելու:

Իսկ ադրբեջանցի «հայցվորները» եկա՞ն… Այս հարցը տալիս եմ մինչ այսօր:
Գնու՜մ էինք Ծիծեռնակաբերդ,հարգելու անմեղ զոհերի հիշատակը,դեռ չիմանալով,թե ինչքա՜ն նոր զոհեր ենք ունենալու,որոնց մի մասը՝ թիկունքից խփված… որոնց մասին էլ պիտի փորձեինք լռե՜լ,փորձեինք մոռանա՜լ «հուր ու հավիտյան»…
…Երեկոյան հնչող ազանի ձայնը,որ նամազի է կանչում մուսուլման հավատացիալներին:Նստած ջերմ զրուցում են մերոնք Հաջիի ու տանտեր թուրքի հետ,ինչպես հի՜ն ծանոթներ,իսկ թրքուհին մեր անկողիններն է պատրաստում:
Առաջին լուսաբացն է Վանում:Սա իրոք հրաշքի է նման:Քիչ անց գալիս է Ափոն և ընթրելուց հետո նրա մեքենայով շարժվում ենք դեպի Վանա բերդ:Մեքենան թեքվում է դեպի աջ և մենք արդեն առաջ ենք գնում հայտնի Խաչփողանով,որը նախկինում կենտրոնական ու ամենահայտնի խաչվող փողոցն է եղել Վանում:Երևում է Վանա բերդը,բարձր,ժայռոտ բլրի վրա, վեր ցցված կավաշեն պարիսպներով:Տոմսակ ենք գնում ու մտնում բերդի տարածք:Առաջին բանը որ նկատում ենք,մեծ ու գեղեցիկ,ճյուղերը ներքև կախած ուռենու տակ եղող քյահրեզն է՝ Վանա քյահրեզներից մեկը:Վանեցիք Վանում եղող անուշահամ բոլոր աղբյուրներին քյահրեզ էին անվանում:Մոտենում ենք,ձեռքներս բուռ արած սկսում անհա՜գ ու երկա՜ր խմել քյահրեզի առատորեն թափվող ջրից,լվացվում ենք,լցնում գլխներիս ու չգիտենք թե է´լ ինչ անենք,որ հագեցնենք նաև հոգիներիս ծարավը:Հաջին նայում է բարի՜աչքերով ու ժպտում հուզված:Քյահրեզի հենց դիմաց, փոքրիկ քարե կամուրջ ունեցող առվակից այն կողմ Վանի պատմության թանգարանն է,որտեղ կան ձեռագործ հայկական ու թուրքական գորգեր,ասեղնագործ ժանյակներ,անկողնու պարագաներ,մութագաներ և այլն:Իսկ քյահրեզի ձախ կողմից դեպի զառիվեր ձգվում է անխնամ,քարքարոտ կածանը,որը տանում է դեպի Վանա բերդի բարձունքը:Բարձրանում ենք:

Ամենաբարձր կետի վրա ամրացված է Աթաթուրքի մե՜ծ երկաթյա պատկերը,ինչպես համարիա ամեն մի լեռան,ամեն մի բարձունքի ու ժայռի վրա այդ երկրում: Կանգնած ենք Վանա բերդի վրա:Ներքևում,դիմացներս Վանի նախկին Քաղաքամեջ կոչված տարածքն է,որը Վանի կենտրոնն է եղել:Այնտեղ են գտնվել Վանի շուկան,որտեղ 17-ամյա դաշնակցական Տաճատ Թերլեմեզյանը գնդակահարել է իր դավաճան քեռուն՝ մատնիչ Դավոյին,այնտեղ են եղել կառավարական բոլոր շենքերը,գրադարանը, վարժարանները,եկեղեցիներն ու մզկիթները և զինանոցը:

Նայում ենք նախկին Քաղաքամեջին ու տխրում :Չկա այլևս երբեմնի շեն Քաղաքամեջը:Ամենուր անկանոն ,խոտածածկ թմբեր են,որոնք հիշեցնում են նախկինում եղած կառույցների մասին,ընդհամենը մեկ պատ է մնացել զինանոցից,մեկ-երկու կիսաքանդ պատ էլ՝ եկեղեցուց:Հողին հավասարեցրած ահռելի այդ տարածքի վրա կանգուն են միայն երկու մզկիթները,իսկ տարածքը ծածկված է արածող ոչխարների հոտերով:

Այնտեղ ոչ մի նոր կառույց գոյություն չունի,թեև ամբողջ Վանը կառուցվում է ահռելի թափով:Նույն պատկերին ականատես եղանք նաև երկրորդ անգամ այցելության ժամանակ՝ 2011-ի ամռանը,թեև այս անգամ, զարմանալի ձևով կառուցվել,մեծացել էր Վանն այնքան,որ իր մեջ էր առել արդեն Շուշանց ու Ավանց գյուղերը:Մի տխու՜ր,չարագուշակ լռություն էր տիրում Քաղաքամեջի վրա:Կանգնած ենք , ձախ կողմում Վարագա լեռն է,աջ կողմում Վանա ծովի արծաթագույն հայելին,իսկ ետևում Վանա Այգեստանն է,որն այս ամբողջ պատկերից առանձնանում է իր յուրահատուկ կանաչով:Այգեստանի տները ուղղակի թաղված են կանաչ ծառների մեջ:
-Այգեստանն է,-ձեռքն առաջ է մեկնում Ափոն-հիմի, էլ առաջվա այգիներն ու ծաղիկ-ծաղկունքը չկան,մերոնք ասում են,որ առաջ անպատմելի են եղել Այգեստանի այգիները:
Հայրս ու Վարդգեսը գլուխներն են ափսոսանքով տարուբերում, իսկ Ափոն ժպտալով դառնում է նրանց՝.
-Մի մտածեք,մի քանի տարի համբերե´ք ու էս սա՜ղ տարածքները նորից Հայաստանինն են
ըլնելու-հաստատուն ձայնով հավաստում է Ափոն:
Այնքան հավատ կա նրա ձայնի մեջ:«Որտեղի՞ց նրան այս հավատը»-զարմանում եմ ես իմ հոգու մեջ ու մտածում՝. «երանի՜ իրականություն դառնար ասածդ»…
Իջնում ենք Վանա բերդից և Ափոն անսպասելիորեն մեքենայի ընթացքն ուղղում է դեպի Այգեստան:
-ՈՒզում եմ հիմի զարմացնել ձեզ-խորամանկ ժպտում է և քիչ անց մեքենան կանգնեցնում մի վարդաշատ տարածքում, գեղեցիկ կառույցի մոտ:Իջնում ենք և կամարաձև քարե մուտքից ներս մտնում:Մեր առջև բացվում է Վան ծովն իր ամբողջ գեղեցկությամբ:Ափը, բավականին բարձր սալապատված բետոնով, կարծես զսպում է ծովի ջրերին:Տարածքը մաքուր է,խնամված,գեղեցիկ աթոռներ են դրված ամբողջ ափի երկայնքով:Ձախ կողմում,ծաղկաշատ ափից սկսվում ու դեպի ծովի ջուրն է ձգվում տախտակամածը,որի վրա, ձախ կողմում ռեստորանն է:Փաստորեն ռեստորանն ու տախտակամածի մեծ մասը գտնվում են ծովի ջրերի վրա:Ափոն հրավիրում է առաջանալ:Մատուցող քուրդը բացօդիա դրված սեղաններից մեկն արդեն բեռնել է ամեն տեսակի բարիքներով:Տեղավորվում ենք և Ափոն բոլորիս փոխարեն ու բոլորիս համար պատվիրում է՝.
-Խորոված Վանա տառեխ բեր:
Քուրդը ժպտում է ու գլխով անում:Անմիջապես ծովից տառեխ բռնելու պատրաստություն են տեսնում և մինչ մենք վայելում ենք աշնանային տաք ու փափուկ արևի ջերմությունն ու զրուցում,մեր սեղանը լրացվում է Վանա խորոված տառեխով:Տառեխը լոկ ուտելիք չէ մեզ ու մեր նման վանեցիների զավակների համար:Տառեխը նշխարհ է,սրբություն է,կարոտի հագեցում…Սա գիտի նաև մատուցող քուրդ երիտասարդը,որը խորհրդավոր ժպիտով է ընդունում պատվերն ու նույն ժպիտով էլ մատուցում:

Վանա տառեխների քանդակը դրված է Վանի կենտրոնական հրապարակներից մեկում:Տեսնես մենք երբևէ կսովորե՞նք գնահատել մեր մեծ ու փոքր հարստություններն այսպես,այսպես ցուցադրել,չխուսափելով նորը համեմել հնով,կարևորը՝ թվացիալ անկարևորով…
-Հիմի ձեզ պիտի տանեմ Արտամետ-ասում է Ափոն:
-Արտամետա խնձոր կառնենք ու կտանենք մեզ հետ-վրա եմ բերում ես :
Մեր մեքենան գնում է Վանա ծովի ափով դեպի Արտամետ:Ափն այստեղ քարքարոտ է,ճերմա՜կ,կարծես ժավելաջրով լվացած քարեր լինեն:Կանգնեցնում ենք մեքենան և իջնում:Առանց վարկյան իսկ կորցնելու վազում ենք դեպի ծովի ջրերը:Քարերն այնքան լպրծուն են:Հանկարծ նկատում ենք,որ ջուրն էլ է լպրծուն ՝.«մենք սապոն չէինք կյիտնա ինչ պան ի:Մեր Վանա ծովու ճուր սապոն էր որ կար»-հնչում են տատիս խոսքերը:Ես պահը չեմ կորցնում,մեքենայից բերում եմ երկու օր առաջ փոխած հորս ճերմակ վերնաշապիկն ու սկսում ուղղակի լվանալ:Բոլորը ծիծաղում են:
-Մեր շոֆերները որ գալիս են հեռու տեղերից,հենց էտպես,կեղտոտ,յուղոտ շորերով մտնում են ծովի ջրերի մեջ,մի քիչ կանգնում են ու լրիվ մաքրված դուրս գալիս-բացատրում է Ափոն:
Ես բոլորի հայացքի դեմ եմ պահում հորս լվացած վերնաշապիկն ու մենք ապշում ենք՝ ձյունի պես ճերմակել է,ոչ մի քրտինքի ու կեղտի հետք չկա օձիքին:
-ՈՒրեմն ճիշտ էին ասում մեր մեծերը,մենք էլ գիտեինք,թե կարոտից չափազանցված բաներ են պատմում իրենց Վանի մասին-մեղմ ու զարմացած գլուխն է տարուբերում Վարդգեսը:Դուրս ենք գալիս ջրից և անցնում ճանապարհի հակառակ կողմը:Մրգի փոքրիկ խանութ է:Ամեն տեսակի ու գույնի խնձորներ կան,բայց Ափոն բացատրում է վաճառող տղամարդուն,որ մեզ հա´տկապես Արտամետի խնձոր է պետք:Միջին չափի կիսակարմիր խնձորներով լցված երկու արկղ տեղավորում ենք մեքենայում:Արտամետի խնձո՜րը… հոտն անմիջապես տարածվում է մեքենայում:
Հետո,երբ վերադարձանք Հայաստան,Արտաշատում և գյուղերում ապրող վանեցիների զավակներից նրանք,ովքեր տեղյակ էին,որ Վան ենք գնացել,գալիս ու խնդրում էին մեկ խնձոր,կամ՝ մեկ տառեխ և մեզ հետ բերած ամբողջ խնձորն ու տառեխը նշխարհի նման բաժանեցինք բոլորին:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ