ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 21, 2013 1:34 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 12)

Հրաշքներ իրո´ք գոյություն ունեն,ինչպես ահա այս մեկը…մենք կանգնած ենք Ախթամար կղզու վրա և Վան ծովի մե՜ղմ քամին շոյում է հուզմունքից վառվող մեր դեմքերն ու մենք երանության մեջ ենք: Անհնար է նկարագրել այդ զգացմունքը,հոգու թրթիռն ու հույզերը:Բարձրանում ենք դեպի վեր,դեպի ս. Խաչ եկեղեցին:Կիսավեր է եկեղեցին ու լքվա՜ծ,որբացա՜ծ:
Կղզին ամբողջությամբ ծածկված է նշենիներով:Հարավային կողմում,կղզու համեմատաբար ցածրադիր մասի վրա,հենց ծովի հարևանությամբ, երկու բարձր նշենիների շվաքի ներքո կան կոճղերից պատրաստված նստարաններ ու սեղան:Հյուսիսային մասն ամբողջությամբ ծածկված է հին հայկական գերեզմանաքարերով:Անչա՜փ գեղեցիկ է եկեղեցին,երբևէ տեսածս հայկական եկեղեցիներից ամենագեղեցիկը:Հարավային կողմում ունի մուտք,որի վրա բացակայում է դուռը:Մենք,համբուրելով մուտքի պատի քարերը ներս ենք մտնում և ներսից դեպի դուրս նկարահանող իմ տեսախցիկը ֆիքսում է զարմանալի՜ն… Հաջին,հավատացիալ այս քուրդ մահմեդականը,որն այցելել է Մեքքա՝ Մուհամմեդի գերեզմանին,կռացել և համբուրում է մուտքի քարերը:Տեսախցիկն իջնում է ներքև հուզմունքից թուլացած ձեռքիս հետ՝.
-Հաջի՜,դու է՞լ ես համբուրում մեր եկեղեցու դուռը,-հուզմունքից հազիվ եմ արտաբերում ես:
Մեկ բառ անգամ հայերեն չիմացող Հաջին,կարծես հասկանում է և այնպե՜ս հասարակ ,այնքա՜ն բնական ժպիտով պատասխանում է՝.
-Սրբավայր է,ի՞նչ տարբերություն:
Սա անչափ զարմանալի է մեզ համար,անսպասելի:Մի պահ նորից կտրվում եմ իրականությունից ու մտքով ետ գնում դեպի 1990 թվականի կեսեր:
…Ամառ էր:Հորս հետ մեքենայով գնում էինք Խոր Վիրապին հարակից Լուսառատ գյուղ:Ճամփան անցնում էր Փոքր Վեդիի միջով:Այդ օրերին այլևս ոչ մի ադրբեջանցի չկար Փոքր Վեդիում,տեղափոխվել էին Ադրբեջան:Ազգամիջյան հակամարտությունն իր գագաթնակետին էր հասած,սկսվել էին զինված ընդհարումները:Երբ մեր մեքենան Երևան-Արարատ մայրուղուց թեքվեց դեպի աջ և մտանք Փոքր Վեդի,հանկարծ ճանապարհի աջ մասում նկատեցինք կանգուն մնացած,բոլորովին անվնաս մուսուլմանական փոքրիկ մզկիթը,որն ադրբեջանցի ազգաբնակչությունն էր կառուցել:Լուսառատում ապրող մեր բարեկամներն ասացին,որ թեև ադրբեջանցիները գնացել են,բայց ոչ մի հայ նրանց մզկիթին ձեռք չի տալիս,մտածում են,որ ինչ էլ լինի՝ սրբավայր է,կործանել չի կարելի…
«ՈՒրեմն մենք կարող էինք նաև այսպե´ս ապրել՝ եթե ցանկանայինք,եթե մեզ ու նրանց թույլ տային»-մտածում եմ ես:
«Ինչի՞ էսպես եղավ»…Նորից հնչում է Իգդիրում հանդիպած ադրբեջանցու հարցը,որն իմն է նաև ու ես հայացքս դանդա՜ղ բարձրացնում եմ վեր,դեպի ս.Խաչ եկեղեցու կիսախավար գմբեթ,որտեղից ինձ են նայում աչքերը փորված,քերված,հրազենով գնդակահարված մեր սրբերի որմնանկարները:Դիմացներս եկեղեցու ավերված խորանն է,որտեղից դարե՜ր շարունակ հնչել է հայ եկեղեցիականների «Տե՜ր ողորմիան» ու խնկարկվել եկեղեցին…
«Ինչի՞ էսպես եղավ»…
Գերմանացի զբոսաշրջիկների խումբը աղմուկով լցվում է եկեղեցու սրահ և մի պահ քարանում ասես մեր լու՜ռ ներկայությունից:Մենք կանգնած ենք խորանի առաջ ու բառեր չունենք ո´չ ասելու,ո´չ աղոթելու:Ես լու՜ռ հանում ու խորանին եմ դնում ինձ հետ Հայաստանից՝ Խոր Վիրապից բերած մեծ քանակությամբ մոմերն ու խունկը:Վերցնում եմ նրանցից երկուսը,վառում ու ամրացնում անմիջապես խորանի պռնկին եղող քարերի վրա,որտեղ ուրիշ վառված մոմերի հետքեր էլ կան:Նայում եմ մի պահ վառվող մոմի լույսին ու հոգիս երջանկություն է ապրում պարտքս կատարած լինելու գիտակցումից:Այս երկու մոմե՜րը…
Վան գալուց առաջ եղանք Խոր Վիրապում:Եկեղեցու մոմավաճառ երիտասարդին հետաքրքրեց,թե ինչու՞ եմ այդքան շատ մոմ գնում:
-Տանելու ենք Արևմտյան Հայաստան-ասացի ես:
-Վան գնալու՞ եք-հանկարծակիի եկավ,լարվեց երիտասարդը:
-Անպայման-պատասխանեցի ես:
Հուզմունքից թրջվեցին երիտասարդի աչքերը:
-Երանի՜ ձեզ-ամբողջ հոգով արտաբերեց նա ու երկու մոմ վերցնելով մեկնեց դեպի ինձ-Ես վանեցու թոռ եմ,որ խնդրեմ, այս երկու մոմը մեր ընտանիքի կողմից չէի՞ք վառի Ախթամար կղզու ս.Խաչ եկեղեցում:
Ինչպե՞ս կարող էի մերժել այդ փոքրիկ խնդրանքը,որն այնքան սեր,հոգու ծփանք ու կարոտ ուներ իր մեջ,մի ողջ գերդաստանի ժառանգած կարոտ:
-Ինչու՞ չէ,սիրով-պատասխանեցի ես-կվառեմ Ախթամարում,կնկարահանեմ քո տված վառվող մոմերն ու կբերեմ կտեսնես:
Երիտասարդը սրբեց արցունքներն ու ժպտաց թաց աչքերով…
Մինչ ես գործի գցեցի տեսախցիկս՝ նկարահանելու երիտասարդ մոմավաճառի տված վառվող մոմերը Վանի Ախթամար կղզու ս.Խաչ եկեղեցու խորանի վրա,հայրս,Վարդգեսն ու մեր վարորդը վերցրեցին երկուական մոմ և մոտեցան խորանին:Հանկարծ տեսախցիկիս էկրանի վրա հայտնվեց Հաջին,վերցրեց երկու մոմ,մոտեցավ խորանին,վառեց և ամրացրեց մեր մոմերի կողքին,հետո բարձրացրեց գլուխը վեր ու ինչ որ աղոթքի խոսքեր մրմնջաց…
Երանի քո ազգի սիրտը, քո սրտի տրոփն ու ջերմությունն ունենար,Հաջի՜,այն ժամանակ մենք ո´չ մի խնդիր չէինք ունենա,այսքան չէի´նք տառապի ոչ մե´նք,ոչ էլ՝ դու´ք:
Մտորումներս ուժ են տալիս ինձ և ես կտրուկ շարժումով թեքվում եմ մեր ետևում լու՜ռ կանգնած գերմանացիները՝.
-Խնդրեմ,կարող եք մոմ վերցնել-դիմում եմ նրանց գերմաներենով:Նրանք հաճելիորեն զարմանում են,մոտենում և իրար ետևից վերցնում են մոմերը:Նորից այս ամենին անհաղորդ,դիտողի դերում է միայն պատի տակ կանգնած սևամազ,գծավոր վերնաշապիկով տղամարդը:Մինչ գերմանացիները մոմ են վառում,մենք խորանի վրա ենք բերում կրակն ու սկսում խնկարկումը:Խնկի հաճելի հոտը տարածվում է եկեղեցու սրահում և մենք սկսում ենք միաձայն ու բա՜րձր աղոթել:Մոմ վառող գերմանացիները լուռ են,հետո շրջապատում են ինձ, իրենց շնորհակալությունը հայտնելու,իսկ ես անմիջապես որսում եմ պահը և ստանձնում էքսկուրսավարի դերը,չմտածելով անգամ,թե այդ խմբի հետ կա՞,թե՞ չկա էքսկուրսավար:
Սկսում եմ հստակ գերմաներենով,արագ-արագ պատմել նրանց եկեղեցու կառուցման ու նշանակության մասին,Հայոց ցեղասպանության մասին,որպես վկայություն ասածներիս՝ հավելելով մեր ընտանիքի պատմությունը,տեղեկացնելով,որ շեն ու բարվոք,13 տուն ունեցող մի գերդաստանից,որտեղ գաղթից առաջ «7 օրորոց կեռթեր-կյիկեր»,փրկվեցին ու Հայաստան հասան ընդհամենը 5 շունչ,մնացածը մնացին գաղթի ճամփին,զոհվեցին Բերկրիում,Կոտոլագյալի կռվին:
Գերմանացիներն ուշադիր,սարսափած աչքերով լսում են պատմությունս:Նրանցից ընդհամենը մեկը,մի կին գիտի Հայոց ցեղասպանության մասին:Բոլորը զարմանում են,հարցերի տարափ տեղում գլխիս:Թեև մեր խմբից ոչ մեկը չգիտի ոչ մի բառ գերմաներեն,բայց բոլորն էլ հասկանում են, թե ինչի մասին են պատմածներս և երբեմն հայրս ու Վարդգեսը հուշում են,թե ինչ ավելացնեմ:Նույնիսկ Հաջին է գլխի ընկնում,թե ինչի մասին է զրույցս:Գերմանացիների խմբի հետ եղող սևամազ տղամարդը,որն այդպես էլ կանգնած պատի տակ ուշադիր լսում է մեզ,հանկարծ շջվում ու դուրս է գալիս եկեղեցուց:
Ավելի՝ քան մեկժամիա էքսկուրսավարի կամավոր « աշխատանքս» ավարտելուց հետո,բոլորի հետ միասին դուրս ենք գալիս եկեղեցուց:Եկեղեցու դրսի պատերին հրաշալի պահպանված են բոլոր քանդակները,փորագրված հայկական գրությունները:Այս բոլորը մանրամասն դիտելուց հետո,իջնում ենք մի փոքր ներքև և բարձրադիր ափամերձ նշենիների տակ եղող սեղենի վրա սկսում շարել հետներս բերած ուտելիքն ու խմիչքները:Նավավարն ու մյուս քրդերը չեն շտապում և քիչ անց,կղզում եղող մարդկային այս ինտերնացիոնալ խումբը շարվում է սեղանի շուրջ:Գերմանացիների համար հյուրասիրության այս հրավերքը զարմանալի,անչափ հաճելի մի բան է և մեր երկար կեր ու խումը դեռ չավարտած,հանկարծ ինձ է մոտենում այդ խմբի հետ եղող սևամազ տղամարդը ու գերմաներենով դիմում ինձ՝.
-Գիտե՞ք տիկին,ես ազգությամբ թուրք եմ և այս խմբի ԳԻԴ-ն եմ:Ես էքսկուրսիա պետք է անցկացնեի այս խմբի հետ,բայց դուք առաջ ընկաք ինձնից և անգործության մատնեցիք ինձ,-անկեղծանում է թուրքը ժպտալով:
-Լավ չէ՞-պահը չեմ կորցնում կատակելու-ես օգնեցի ձեզ ,իրական պատմությունն իմ կողմից եղավ,էքսկուրսավարին հասանելիք վճարն էլ թող ձերը լինի-ասում եմ,և բոլորս միասին ծիծաղում ենք:
Հանկարծ Հաջին դառնում է քրդերին ու սկսում թուրքերենով պատմել Մխկներում կատարվածը և պատմելու ընթացքում հետզհետե ավելի ու ավելի է բարկանում:Քրդերը գլուխները զարմացած տմբտմբացնում են:Համակ ուշադրություն է դարձել նաև թուրք ԳԻԴ-ը:Հանկարծ,իր բարկության մեջ,Հաջին ձեռքը մեկնելով դեպի ծովը,տանում է ձախից՝ աջ ու ասում՝.
-Ո՞վ չգիտի,որ էս ամբո՜ղջ հողերը հայերինն են եղել :Էն ժամանակ վատություն արեցինք,ինչ կա չկա վերցրինք,էս մարդկանց սպանեցինք ու քշեցինք էստեղից,բա հիմի՞ ինչի ենք շարունակում թշնամությունը:Բա որ վաղը,մյուս օրը հանկարծ Ամերիկան վերցնի էս հողերն ու տա հայերին,սրանք ետ գան,էն ժամանակ ո՞նց ենք նայելու սրանց երեսին,ո՞նց ենք սրանց հետ ապրելու,թու´հ-թքում է նորից Հաջին,հայհոյում ու գլուխը տարուբերելով ավելացնում,-Մխկների խալխ՝ փիս խալխ:
Քրդերը գլխով նորից համաձայնության նշան են անում ու մինչ Վարդգեսը հորս հետ զարմացած քննարկում է Հաջիի ասածը,ես մտածում եմ՝. «հազա՜ր փողկապավոր ու կրթված քաղաքական գործիչներ քո մի եղունգն անգամ չարժեն,Հաջի՜:Նրանց ստացած կրթությունը ,նրանց օգնելու փոխարեն,իրականում հեռացնում,զրկում է նրանց մարդ մնալու կոչումից և դարձնում այս հողագնդի վրա նոր չարիքներ մոգոնող ռոբոտների:Այս հողագունդը կանգուն է քեզանո´վ ու քեզ նմաններո´վ,Հաջի:Քեզ նման ՄԱՐԴԿԱՆՑՈՎ»:
Մոտ երեք ժամ կղզում անցկացնելուց հետո,մենք տեղավորվում ենք նորից նավակում և դանդա՜ղ հեռանում մեր երազանքների կղզուց:
-Դու սպասի’ր Ախթամար,մենք գալո’ւ ենք,անպայմա’ն ենք գալու,-մեջս հորդած զգացմունքներից բարձր ձայն եմ տալիս ես և գերմանացիները կտրուկ շրջվում են իմ կողմ,չհասկանալով,թե ինչու՞ եմ այդպես ձայնս գլուխս գցել:
Հետո,մինչև ափ տիրում է մի բազմանշանակ լռություն:Ամենքս մեր մտքերի հետ ենք՝ հայացքներս հառած հետզհետե հեռացող ու փոքրացող Ախթամարա կղզուն…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

edit this page



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ