ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, August 3, 2013 12:47 - 3 քննարկում

Թուրքական ուժերի ենթադրյալ հեռացումը և հայկական զորախմբի հավանական ժամանումը Հարավային Լիբանան:

Հարավային Լիբանանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորամիավորումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցը դեռեվս բանակցային թեմա է: Բանակցությունները կտարվեն հայկական կողմի եւ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ խաղաղապահ առաքելության ղեկավար երկրի՝ Իտալիայի համապատասխան կառույցների միջեւ:

Թեեւ վերջնական որոշում չի կայացվել ու հրապարակվել, այսուհանդերձ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բանբերի հայտնածները այս մասին գրեթե հստակ են դարձնում, որ հայկական դասակը առաջիկայում կժամանի Լիբանան եւ կներգրավվի խաղաղապահ ուժերի առաքելության իրականացման միջազգային աշխատանքներին:

Հետադարձ ակնարկը հուշում է, որ պաշտոնական Երեւանը, ժամանակին, Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի ավարտին’ 2006-ին, խանդավառություն ցույց չէր տվել ներգավվելու հարավային Լիբանանում տեղակայվելիք ուժերին եւ փաստորեն իր մասնակցությունը չէր բերել: Այսուհանդերձ, հետագայում խորհրդանշական մասնակցության ձեւաչափը ապահովվել էր: 2012-ից ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է Հայաստանի Հանրապետության զինյալ ուժերից մեկ սպա:

Ժամանակներն ու աշխարհաքաղաքական պայմանները բնականաբար որոշիչ դեր ունեն մասնակցության նկատմամբ արձանագրված վերապահությունները վերացնելու եւ ներրգրավվելու ուղղությամբ բանակցությունները աշխուժացնելու առումով: Մի պահ շրջանցելով որոշումների կայացման բուն շարժառիթների մասին վերլուծական մոտեցումները, իբրեւ զուտ տեսություն կարելի է նշել, որ ընդհանրապես միջազգային կառույցներում հավասարակշռված, փոխլրացուցիչ եւ աշխուժ ներկայությունը դրական գործոններ կնկատվեն տվյալ պետության արտաքին քաղաքականության իրականացման ընթացքում: Մեր դեպքում, անշուշտ, կա հստակորեն պետական շահի եւ առաքելության վայրերի տեղի հայ համայնքների յուրահատկությունների համատեղ նկատառումը: Եվ եթե Աֆղանստանն ու Կոսովոն հայկական զորախմբերի տեղակայման առումով նման խնդիրներ չունեին, ապա նույնը չէր կարելի ասել Իրաքի համար, ուր նման յուրահատկությունների նկատառումը ավելի քան անհրաժեշտ էր։

Ավելորդ չէ հիշել, որ վերջերս լիբանանյան մամուլը հրապարակեց առաջիկա սեպտեմբերին խաղաղապահ առաքելության շրջածիրում տեղակայված թուրքական զորամիավորման հեռացման մասին լուրեր: Նման որոշման հավանական պատճառները թուրք զինվորների նկատմամբ տեսանելի վտանգավոր կացությունն էր ստեղծված՝ Սիրիայում թուրքական կեցվածքի եւ լիբանանցի առեւանգյալների պատասխանատվությունը Անկարայի ուսերին տեսնելու պատճառներով: Թուրքական կողմից հերքում չի եղել։ Հերքումանման հաղորդագրություն հրապարակեց ԵՈՒՆԻՖԻԼ-ը, ասելով որ մինչ այժմ նման դիմում չի ստացել թուրքական զորամիավորման համապատասխան բաժանմունքից:

Անկախ այն իրողությունից, որ թուրքական զորախումբը կմնա՞, թե՞ կհեռանա, կամ նման հրապարակումները տեղեկատվությու՞ն են, թե՞ ապատեղակատվություն, պարզ է միայն, որ լիբանանյան կարեւոր շրջանակների համար նորօսմանականների համեմատաբար նախկին ընկալման տարողությունը էական փոփոխության է ենթարկվել: Երկու ենթադրյալ պատճառներն էլ, որոնք նշվում են հրապարակումներում, հիմնովին բացասական դերակատարություն են վերագրում Անկարայի կիրառած շրջանային եւ տեղական քաղաքականությանը:

Թուրքական զորամիավորման ենթադրյալ հեռացումը եւ հայկական զորախմբի հավանական ժամանումը իրար հետ առնչվող գործողություններ չեն իհարկե։ Երկուսը արձանագրվելու դեպքում սակայն, առաջինը կլինի Անկարայի ազդեցության գոտու կայացման հաշվին, մինչ երկրորդը, իր չափի մեջ, Երեւանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի առավելություններ կապահովի:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artin
Aug 3, 2013 19:53