ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 1, 2013 17:35 - 1 քննարկում

Համայն հայությունը ծնկաչոք պետք է շնորհակալություն հայտնի Աշոտ Սուքիասյանին, անորսալի գանձագող վարչապետին ծուղակը գցելու և օվշարային վանդակով արդարադատությանը հանձնելու համար….

Այսպես, թե այնպես Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի

2013-06-19 13:35:30

Երկար սպասված նամակը ադամանդագործ, հայտնի սանիկ եւ օվշորի փայլուն մասնագետ Աշոտ Սուքիասյանից «Հետքը» վերջապես ստացավ: Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Իսկ հետախուզում է հայտարարվել, քանի որ Սուքիասյանի գտնվելու վայրն անհայտ է:

Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակում Աշոտ Սուքիասյանը ազնիվ պիոների համառությամբ փորձում է ապացուցել, որ վերոհիշյալ խարդախություններն ու ապօրինությունները, բոլոր վատ բաներն արել է առանց Նավասարդ կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի: Բնականաբար, նա նաեւ պնդում է, թե նրանց անունները գրանցել է առանց իրենց գիտության:
Նա ասում է, թե դա արել է, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր ոտնձգություններից:
Իհարկե, Հայաստանում նույնիսկ ամենահեռավոր գյուղերի ամենահեռավոր սարերի հովիներն անգամ գիտեն, թե այս պատմության մեջ ով ինչ դերակատարում ունի, բայց եթե մի պահ մեզ ստիպենք հավատալ, որ Աշոտ Սուքիասյանը ճիշտ է, ապա նույնիսկ այս դեպքում Տիգրան Սարգսյանը րոպե առաջ պետք է պաշտոնանկ արվի: Ստացվում է, որ եթե ինչ որ մեկի բիզնեսն այս կամ այն ձեւով կապված չէ Նավասարդ Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ, ապա նրանք հանդիպում են խոչընդոտների եւ ոտնձգությունների: Հակառակ դեպքում Աշոտ Սուքիասյանը նման քայլի չէր դիմի: Վերջին հաշվով նա բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ է եւ հրաշալի գիտի, թե ինչն ինչոց է:
Այսուհանդերձ, քիչ հավանական է թվում, որ առանց Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի գիտության Աշոտ Սուքիասյանը նման քայլի դիմեր: Հետեւանքների մասին նա հրաշալի պատկերացում պետք է որ ունենար: Իսկ հիմա հանրությունը սպասում է մի քանի հարցերի պարզաբանման: Մասնավորապես, Աշոտ Սուքիասյանը պետք է պատմի, թե ինչպես է գողացել անձնագրերի պատճենները, կեղծել ստորագրությունները եւ նոտարով համաձայնություն ստացել:
Մյուս կողմից անչափ հետաքրքիր է, թե ինչու է նա իր կնքահորը նման անհարմար վիճակում դրել, երբ այդ նույն մարդուն ժամանակին անչափ թանկարժեք ավտոմեքենա է նվիրել: Շատ հետաքրքիր է նաեւ, թե ինչու է Սուքիասյանը բաժնեմաս հատկացրել Սարգսյանին եւ Կճոյանին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դատախազությունը պետք է ստանա հնարավորին չափ արագ: Իսկ մինչ դատախազությունը կաշխատի, Տիգրան Սարգսյանը պետք է թողնի վարչապետի պաշտոնը: Նման վարչապետ ունեցող երկիրը ոչ միայն չի կարող առաջընթաց գրանցել, այլ նաեւ դատապարտված է միայն անհաջողությունների եւ տապալումների: Սա այն դեպքն է, երբ նրան պետք է պաշտոնանկ անել անգամ Բադեն Բադենից:

Հակոբ Ասատրյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աբրահամյան Ստեփան
Jul 1, 2013 21:12