ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 3, 2013 12:32 - 3 քննարկում

Իրական հայը` Արտո Թունջբոյաջյան:

“Գրեմմի 2011”-ի դափնեկիր Արտո Թունջբոյաջյանի հետ հանդիպումը “Մեցցո” ակումբում էր` անցյալ տարի այս օրերին: Բայց Արտոն Գրեմի-մրեմիների մասին չէր եկել խոսելու մեզ հետ: Պատմում էր, որ իր ընկերը` տրոմբոնիստ Աշոտը, մահացել է, եւ նրա երեխաները օգնության կարիք ունեն:  “Հիմա Հայաստանը ո՞նց է, Աշոտի երեխաները էդենց են: Հասկացա՞ր: Ես հիմա մի հատ տուն ունեմ, ուզում եմ էդ հողը եւ տունը ծախեմ, Աշոտի երեխաներուն դնեմ:  …Էստեղ Աշոտին մահին մասին խոսում եմ` խնդում են:  “Աշոտը մեռավ,- ասում եմ,- Երեխային համար փող հավաքում եմ”,- հա-հա-հա,- խնդում են: Կարա՞ս  բացատրել էդի ի՞նչ իմաստ ունի: Կարո՞ղ ա իմ հայերենս ուրիշ մի բան հասկանում են, բայց մեռնելը ուրիշ ի՞նչ ձեւով կարաս բացատրես”:

Կովերը, առները, ձիերը եւ նույնիսկ էշերը լացում են մեռնելուց առաջ: Բայց դժվար հանդիպած լինենք ծիծաղող որեւէ կենդանու: Ծիծաղը չափազանց մարդկային հատկանիշ է: Բայց եւ այնպես, ո՞րը կգերադասեք` լացող ձի՞ն, թե՞ բնազդով ծիծաղող մարդուն: Չհասկանալու բան չկա:

“Մեռավ մարդը, մարմինով թռավ մարդը: Հոգով չի մեռնում, էդի հավատում եմ: Չենք մեռնում, մարմինները փոխում ենք: Ադոր համար ասի` մեռնելը ինձ համար ծնունդին սկիզբն է: Մարդը չմռենի, էդ ժամանակ մարդկություն կմեռնի: Պատկերացնո՞ւմ ես` մեկը չմռենի` միլիարդ, բիլիարդ մարդիկ կլցվեն աշխարհի գլխին: Բայց մեզի չեն սովորեցրել մեռնիլ”,- այսպես է կարծում Արտո Թունջբոյաջյանը:

Երբ երգը սկսում է խոսել, մի՞թե նա պատմում է, որ ինքը կառուցվածքային բարդ սյուիտ է` հիմնված հայկական մեղեդայնության եւ ռիթմերի վրա, ջազ, ռոք, նյու էյջ, ֆյուժն եւ ավանգարդ տարրերի միահյուսմամբ: Երգը հոգու եղածն է պատմում: Ու եթե մենք լսում ենք առանց խոսքերի անհավանական այդ երգերը, ծափահարում, պարում, խենթանում, ուրեմն` մի բան հասկանո՞ւմ ենք:

“Մեկ-մեկ գալիս են, ասում են Սայաթ-Նովային էս երգը արա, քեզի համար լավ կլինի: Ես էլ ասում եմ` մի հատ Սայաթ-Նովայի պես հագվի, դուրս ելիր, նայինք, եթե նորմալ լինի, ես ալ Սայաթ-Նովային երգերը կգրիմ, կերգեմ, կնվագեմ: …Ես ապրած կյանքիս ձայնը հանում եմ, որովհետեւ ես նորմալ մարդ եմ: Որովհետեւ մտքիս  ձայնը չէ: Չեմ նստում` սենց կոմպոզիցիոն էնեմ, նենց էնեմ, նենց էնեմ` չէ: Ինչքան ապրում եմ, հետո մի հատ նկար երեւում է, էդ նկարից ձայներ կպնում են ինձի: Տենց են իմ գրած երգերս: ”ՙԱրարատն” ալ տենց է, Զարարատն ալ տենց է: “Արարատը” լավ երգ է, բայց ինձ համար շատ երգ կա, քի իսկական իմաստը “Արարատից” լավն է”,- ասաց Արտոն:

Եվ այնուամենայնիվ, մեզ համար “սաունդ-թրեկ”  դարձավ “Արարատը”: Մենք այնքան ենք սիրում  “Արարատը”, որ 500 դոլարով պատրաստ ենք վաճառել եւ գնել: Այդ օրը` “Մեցցոյում”, մի կերած-խմած, գլուխը սափրած տղա 500 դոլար հանեց գրպանից եւ ցուցադրաբար շաղ տվեց բեմի վրա` հանուն “Արարատի”… Արտո Թունջբոյաջյանը ժպտաց, գրկեց այդ տղային եւ երգեց “Արարատը”:

“Մեկ-մեկ համբերությունը կարեւոր բան է, գիտե՞ք: Եթե չես համբերում, 500 դոլարը գրպանիցդ բերում է: Համբերեր` “ՙԱրարատը” ձրի պիտի լսեր, հասկացա՞ր: Իսկական բացատրի իրեն. հետ կուտայի, պրոբլեմ չէ: Բայց Աշոտը երկու հատ երեխա ունի: Էդ մարդը նորից կարա աշխատի, բայց Աշոտը ի՞նչ կարա աշխատի, հասկացա՞ր:

Իսկ “Արարատ” պատվիրած անհամբեր տղան էյֆորիայի մեջ պարում էր բեմում, պատեպատ խփվում, բռունցքը թափահարում եւ գոռում` “Ա-րա-րատ”:

Արտո Թունջբոյաջյանը ժպաց ու նկատեց. “Որովհետեւ դոլարը գնաց գրպանեն, դրա համար ելավ: Չտեսա՞ր: Վերցրի փողերը: …Ես զոռով մի բան չարի, հասկացա՞ք: Ոգեւորվել է մարդը, հելավ, ուզում է գոռալ, ուզում է երգել, պրոբլեմ չի ինձ համար…”:

Մեզ համար էլ երբեք պրոբլեմ չի եղել խաչել մեր միջի լուսավորին ու աստվածացնել ամենավերջում: Մեր աչքի գերանը չտեսած` գոռալ` բռնեք, թուրքը…

“13-14 տարեկան ինձի էստեղ էլ թուրք սարքին, Թուրքիայի երաժշտության շպիոն սարքին, ինձի ասին` դուն իրավունք չունես Հայաստան ներկայացնելու, ինձի խաբին տուն սարքելու վախտ: Ինձի տենց արին, տենց արին, սենց արին… մնաց մի հատ ականջիս ծակը: Էսօր ալ անձնագիր տվին,- ասում էր Արտոն ու ցույց տալիս նոփ-նոր անձնագիրը,-  …Էսօր ինձի անձնագիրը տվին… իսկականն ա: Հա, բայց հիմա ի՞նչ եղավ` սրանով ես ես հա՞յ  դարձա: Էսքի առաջ հայ չէի՞”:

Թուրքիայում համերգ պիտի ունենար: Կազմակերպիչը ֆրանսիացի գործարար էր, պայման դրեց, որ չի ասելու` ով է, որտեղից եւ ինչ է խմբի անունը: Դահլիճը լիքն էր: Բարձրացավ ու ասաց` “Բարեւ ձեզ, ես հայ եմ, եկել եմ Հայաստանից, խմբիս անունն էլ հայկական նավատորմի նվագախումբ է”:

“ …Ես եմ Հայաստանը: Ես տենց եմ զգում: Ես երեւանցի չեմ: Բայց երեւան նայում եմ, շատ քիչ հայաստանցի կա: Ո՞ւր են էդ հայերը: Ո՞ւր են էդ հայասեր հայերը: …Սփյուռք չկա: Հայեր կան, իրենց կյանքը խրել է մի տեղ, բայց մի ձեւով գտել են, ապրել են: Հասկացա՞ր: Էդի Սփյուռքի հայ չի: Սփյուռքի հայը հայաստանցի է, քի թողնում է իր երկիրը, էրթում է ուրիշ տեղ` մի կտոր փող աշխատի, բերի: Մենք փողի համար չենք երթում արտասահման: Դրա համար իրենք Սփյուռք են, ես` չեմ: …Իմ երաժշտությունս, իմին ջիպս, իմին կոշիկներս, իմին ոսկիներ, իմին խորովածներ, իմին կանայքներ… տենց չեն ապրում…: Մենք: Մենք` ո՞վ ենք: Դուք մենք չե՞նք, մենք դուք չե՞նք:

Քրիստոսը գոմում ծնվեց, Կոմիտասը` կոշկակարի խրճիթում, Արտո Թունջբոյաջյանն էլ` ”Մի սենյակին մեջ մեծցեր եմ… Մի սենյակին մեջ 6 հոգի, լույս չկար, հոսանք չկար, ջուր չկար, զուգարան չկար: Երգ գրել եմ` “ՙԴու մի գոռար”… Հեռու երթում էի զուգարան, նավը սիգնալ տալիս էր: Երկու տարեկան էի, գիշերը 3-ին, 4-ին, էդ ձայնը հենց լսում էի, վազում էի, հետ դառնում էի: Դրան համար երգ գրել եմ… /Դու մի գոռար, գըվախնամ…/ …Հիմա ինձի հարցնես` էդ մի սենյակը աղքատ չէի՞ զգում: Հարուստ էինք` մի հատ շալվար, մի հատ կոշիկ, մի կտոր ուտելիք, մի հատ էլ պառկելիք տեղ: Պապս 4.30 ելնում էր անկողինից, ախպերս պառկում էր: Բայց դրանք մեր ուրախություններն են: Մարդեր կան, 2, 3 սենյակ ունեն, բայց աղքատ զգում են իրենց, որովհետեւ էդ մեծ ջիպը չունեն, էդ մեեեծ տունը չունեն, էդքան փողը չունեն: Գյոռմամիշ ասում ե՞ք դուք: Գյոռմամիշներուն տառը մի 5-6 տարի մնաց վերջանալու Հայաստանը”:

Վերջ չկա: Խոսքը գյոռմամիշների մասին չէ: Երգը ծնվում է տիեզերքից, այնտեղ էլ` շարունակվում է:

“Ես մեռնիմ նե, քարին ուզում եմ գրեմ` ՙԱխպեր ջան, ներողություն, զբաղված եմ, մի գրեք, Հիսուսին հետ համերգներ սարքում ենք, մի զանգեք ինձի”: Գոնե ըտեղ չխանգարեն, հասկացա՞ք”,- հարցնում է Արտո Թունջբոյաջյանը:

Դե ինչ, հասկացա՞նք:

Մարինա Բաղդագյուլյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ստեփան Խ
Apr 3, 2013 15:35