ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 3, 2013 17:52 - 2 քննարկում

Մենք ու մեր գրողները` առանց թթխմորի, որբի զգացողությամբ:

Մենք ու մեր գրողները15:20 – 03.03.2013

Այսօր Գրողների միջազգային օրն է: Թե ինչ խնդիրներ ունեն ժամանակակիցներն այսօր` կներկայացնեն իրենք:

 

Կարեն Անտաշյան

Եթե բոլորի անունից մի ցանկություն հայտնեմ, ապա դա կլինի գրականությամբ ապրուստ վաստակելու հնարավորությունը, ինչը սակայն չափազանց ուտոպիստական է հնչում հիմա: Մյուս ցանկությունս այն է, որ մեր ժողովոււրդն ըստ արժանվույն ճանաչի ու գնահատի այն գրողներին, ովքեր արժանի են դրան, թե չէ հեռուստաեթերից այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ Հայաստանում միայն դերասաններ ու երգիչներ կան:

 

Արփի Ոսկանյան

Մարդիկ այլևս շատ չեն ընթերցում և շատ են գրում, և դա խնդիր է գրողի համար, գրողից խլվել է գաղափարներ հղանալու ու ուղղորդումներ տալու մենաշնորհային առաքելությունը։ Սակայն գրականակենտրոն հասարակություններում, ինչպիսին մերն է, գրողը և գիրն են ստեղծում իրականությունը։ Մի կողմից գրողը հայտնվել է լուսանցքում ու զրկվել հասարակական գործերի վրա ազդելու լծակներից, մյուս կողմից՝ հասարակությունը փոխելու և իրականությունը մոդելավորելու հարցում նրա դերն անփոխարինելի է։ Հայ գրողների համար խնդիր է գրական միջավայրի հետևողական աղճատումը ու վերացումը։ Ոչ միայն գրական միջավայրի, այլ ընդհանրապես հոգևոր միջավայրի։

 

Գրական միջավայրի այս վիճակը շատ նման է մեր քաղաքականությանը. կարծես թե ամեն բան կա նորմալ պետություն ունենալու համար՝ և օրենքներ, և պայքարող քաղաքացի, բայց ինչ-որ շատ կարևոր բան պակասում է։ Խնդիր է և այն, որ ամեն ինչ արվում է գրողին և նրա աշխատանքը հեղինակազրկելու համար, և այն, որ նորից նկատվում է գրող լինելը պրեստիժային դարձնելու միտում։ ԽՍՀՄ-ից մենք ժառանգություն ենք ստացել գրողների կույտ, որոնք իրենց կյանքում մեկ-երկու բան են գրել կամ դա էլ չեն գրել, բայց նրանց միշտ ներկայացրել են որպես գրող։ Էդ մարդկանց Խորհրդային միությունը բուծում էր հատուկ նպատակով. առաջինը՝ նրանցով ստվերելու իսկականներին, երկրորդը՝ օգտագործելու համար նույն կերպ, ինչպես այսօր, նախկինների ավանդույթը շարունակելով, օգտագործում են նորօրյա տերերը։ Ու մեր նոր պետությունն էլ շարունակում է բուծել նոր գրողներ՝ հնի նմանությամբ։ Դա էլ է խնդիր։ Բայց այդ բոլոր խնդիրները գրողի համար երկրորդական են դառնում այն պահից, երբ սկսվում է գրական աշխատանքը։

 

Այսօր գրողի հիմնական խնդիրը նյութական միջոցներ հայթայթելն է՝ թույլ տալու համար իրեն զբաղվել գրականությամբ։ Շատ քիչ գրողներ կան, որոնք այդ խնդիրը փորձում են լուծել գրական աշխատանքը նյութականացնելու, դրամական փոխարժեքի վերածելու ճանապարհով, բայց այդ ջանքը գրականության համար նույնքան կարևոր է, որքան քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը քաղաքացիական հասարակության ու պետության կայացման համար։ Որովհետև քանի դեռ մենք չենք սովորել գնահատել գրական արտադրանքը և վճարել դրա դիմաց, այն լինելու է ոչ այնքան անգին, որքան անարժեք։

 

Նշան Աբասյան

Վերջին երկու-երեք տարում արդի գրականության տարածման համար որոշակի նպաստավոր պայմաններ են ձևավորվել` ստեղծվել են գրական կայքեր, ակտիվացել են հրատարակիչները, կազմակերպվում են մրցույթներ, պետական ծրագրեր են իրականացվում: Բայց, գիտե՞ք, արտաքին այս «հարմարավետության» մեջ դեռևս պակասում է այն թթխմորը, որը պիտի կենդանացնի այդ ամբողջը, համ կտա: Չկա, այդպես էլ չի հայտնվում այն հոգատար մեծ ձեռքը, որը հայրաբար կգոտեպնդի երիտասարդ գրողներիս, կասի.«Գրե´ք, զավակնե´րս, ես ձեր կողքին եմ»:

 

Այսօր գրողն իր սեփական կապերի, ինքն իրեն այստեղ-այնտեղ ներկայացնելու միջոցով գուցե մեծ ճանաչում ձեռք բերի, բայց դրանով հանդերձ հոգու խորքում նա մի ներքին ողբերգություն ունի, որբի զգացողություն: Հասկանո՞ւմ եք, երբեմն ավելի քան արտաքին հաջողությունները, գրողը, ինչպես ցանկացած մարդ, իր թիկունքին իրեն սիրող պետության կարիքն է զգում, նրա աներեր աջակցության կարիքը: Անտարբերության համատարած այս ճահիճն է խեղդում: Ամեն ինչ թողել են քո սեփական ուսերին: Եվ թող չասի ավագ սերունդը, թե խորհրդային տարիներին էլ էր այդպես:

 

Գեւորգ Թումանյան

Մեր ժամանակներում գրողը պետք է, որ շատ խնդիրներ չունենա: Կյանքն անսպառ մի շտեմարան է, և գրողը ասելիքի ու նյութի պակաս չի զգա, իսկ հրապարակվելը ընդհանրապես խնդիր չէ: Գևորգ Թումանյանը կուզենար անվերջորեն ճանապարհորդել, ճանաչել, հետազոտել և, ամենակարևորը, զգալ ու զգացնել: Այնպես է ստացվել, որ միջավայրի առումով ես կարծես մեկուսացված լինեմ, որ համացանցն էլ չլիներ` շատ տխուր կլիներ, իսկ ես սիրում եմ կենդանի շփումը: Ամեն թռչուն իր երամի հետ պետք է լինի, իսկ ես այդպես էլ իմ երամը չգտա:

 

Հ. Գ. yerkir.am-ը շնորհավորում է գրողներին` օրվա առթիվ` մաղթելով անսպառ նյութ, օրեցօր աճող ընթերցողների բանակ եւ այն ուշադրությունը, որին, իսկապես, արժանի են ՄԵՐՈՆՔ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Armen Melikian
Mar 3, 2013 18:20