ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 20, 2012 14:58 - չքննարկված

Այո՛, մարզպետը պետք է ընտրվի մարզի բնակչության կողմից, ոչ թե նշանակվի: Ահա նշանակովի մարզպետի վիճակը…

Աշոտ Արսենյանի ենթակա մարզպետ Էդգար Ղազարյանի արկածները Վայոց ձորում

2012-09-18 14:41:06

 Վայքի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Ինչպես ասում են, իր գործն է, եթե ցանկություն ունի ուղեկցելու, թող ուղեկցի, բայց միայն ոչ աշխատանքային ժամերին: Այսուհանդերձ, ուղեկցելու ընթացքում նա հասուն քաղաքական եւ պետական պաշտոնյային ոչ վայել գործով է զբաղված: Ղազարյանը քննադատում է նախորդներին, հատկապես ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանին:
«Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,-հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Էդգար Ղազարյանը, որն ամբողջ կյանքում ինչ-ինչ պատճառներով միայն պաշտոններ է նվեր ստացել: Այս մասին, սակայն, քիչ անց: Իսկ հիմա Էդգար Ղազարյանին հուշենք, որ մարզպետը պետություն է ներկայացնում եւ իրեն վայել չէ դեռահասին վայել հայտարարություններ անելը: Եթե նա ուզում է աչքի ընկնել, ապա կարող է այլ ձեւեր ընտրել, իսկ այլ կուսակցությունների հասցեին արած նման յուրաքանչյուր հայտարարության համար նա պարտավոր է պատասխան տալ:
ԲՀԿ-ի մասին Էդգար Ղազարյանի պատկերացումները բավական աղոտ են եւ երեւում է, որ երիտասարդին մոլորության մեջ են գցել: Տրամաբանական հարց է առաջանում, թե վայոցձորցիներն ինչ մեղք են գործել, որ իրենց նման անտեղյակ ու հեշտությամբ մոլորության մեջ ընկնող մարզպետ է բաժին հասել: Ի դեպ, հավանաբար փուչիկների մասին Վայոց ձորի նորանշանակ մարզպետը ինչ-ինչ բաներ լսել է եւ չի ընկալել, որ փուչիկների սիրահարը ՀՀԿ-ն է, որն իր նախընտրական հանդիպումների ժամանակ պայթեցնում է դրանք, այրելով երիտասարդների:
Ի դեպ, մարզպետը պնդում է, թե Եղեգնաձորի քաղաքապետին ուղեկցում է ոչ աշխատանքային ժամերին եւ շեշտում, թե վերջին հինգ տարվա ընթացքում Վայոց ձորում որեւէ դրական քայլ չի եղել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն մարզերը, որոնք ղեկավարել են ՀՀԿ-ական մարզպետները ծաղկում են, իսկ Վայոց ձորը ԲՀԿ-ի պատճառով անկում է ապրել: Իրականությունը բոլորովին այլ է: Նույն ԲՀԿ-ական մարզպետների ջանքերով Վայոց ձորում այնպիսի հարցեր են լուծվել, որոնք այլ մարզերում լուծման կարոտ են:
Ակնհայտ է, որ 36 տարեկանում մարզպետ դարձած երիտասարդը, որին մինչ նշանակումը մարզում մի քանի հոգի էին ճանաչում, խնդիր ունի շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր իրեն այս պաշտոնն են նվիրել: Գցել-բռնել է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակասություններ կան եւ որոշել է ԲՀԿ-ի հասցեին հումորներ անել` ուրախացնելով իր տերերին:
Էդգար Ղազարյանի նշանակումը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում մեկ անգամ եւս ապացուցեց, թե ներկա իշխանություններն ինչ Հայաստան են ցանկանում կառուցել: Ով էր Էդգար Ղազարյանը, ինչ էր արել Հայաստանի եւ մարզի համար, որ արժանացավ նման վստահության: Իզուր ժամանակ մի վատնեք, պարզապես Սերժ Սարգսյանն իրեն մատուցած ծառայությունների համար տեղի ֆեոդալ, «Ջերմուկ Գրուպի» Աշոտ Արսենյանին թույլ տվեց մարզպետ նշանակել ում ցանկանում է: Իսկ ներկայիս մարզպետը եղել է Արսենյանի մարկետինգի տնօրենը, հետագայում` խորհրդականը:
Վայոց ձորում համառ լուրեր են պտտվում, որ կազինոյաշատ գերմանական Բադեն-Բադենում Արսենյանը շքեղ տուն ունի, որտեղ հաճախ հյուրընկալվում են, թե Սերժ Սարգսյանը, թե նրա կինը` Ռիտա Սարգսյանը: Ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում: Դե նման ծառայությունների համար Արսենյանին մի մարզպետ նշանակելու իրավունք տալը հեչ բան է:
Բնականաբար, Էդգար Ղազարյանը ոչ թե Վայոց ձորի մարզպետն է, այլ տեղի ֆեոդալի համհարզը Վայոց ձորում: Պարզ է նաեւ, որ այս երիտասարդը պետք է ամեն ինչ անի շեֆերին դուր գալու համար: Նրա կենսագրությունը վկայում է, որ այս հարցում նա մեծ փորձ ունի:
Ի դեպ, որքանով է բարոյական Ադրբեջանի հետ բավական երկար սահման ունեցող մարզի ղեկավար նշանակել զինվորական ծառայություն չանցած մարդուն: Ծանոթանալով Էդգար Ղազարյանի պաշտոնական կենսագրությանը, պարզվում է, որ նա բանակում չի ծառայել: Նա ծնվել է 1975թ.: Այնպես որ, բանակում պետք է ծառայեր կամ 1993-ին կամ գոնե 98-ին: 1993-1998 թթ. նա սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետում: Ավարտելուց հետո բանակում ծառայելու փոխարեն մինչեւ 2001թ. սովորել է ասպիրանտուրայում: Ընդ որում, ոչ միայն սովորել է, այլ աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, իսկ 2000-2001թ.թ. Եվրամիության Tacis կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրում, որպես կառուցվածքային բարեփոխումների փորձագետ: 2001-ին կրկին հայտնվել է կառավարության աշխատակազմում եւ զբաղեցրել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2002-ից մինչեւ 2008-ը աշխատել է «Ջերմուկ Գրուպում»: Ամենազավեշտալին այն է, որ մարզպետարանի կայքում զետեղված նրա կենսագրությունում «Ջերմուկ Գրուպ»-ի բոլոր տառերը գրված են մեծատառերով: Ահա այսպես է նա նաեւ շնորհակալ լինում Արսենյանին: Ի դեպ, 2008-11 թվականներին նա ղեկավարել է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղը, իսկ մինչ մարզպետ նշանակվելը եղել է ՀՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետի դեկանը: Պարզվում է, որ ուսման ծարավ երիտասարդը 2006-2007թթ. Սովորել է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցում, իսկ 2009-2010թթ. Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցում:
Համաձայնվեք, որ նման հարթ կենսագրություն ունեցող երիտասարդը շատ լավ կիմանա, թե ժամանակակից Հայաստանում ինչպես են շնորհակալ լինում շեֆերին: Ի դեպ, բոլորն են լավ հիշում, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ էր քարոզում Աշոտ Արսենյանի օգտին: Նույն Արսենյանին պատկանող հիմնարկներում տեղի բնակչությունը ունի ճորտի կարգավիճակ: Գնացեք Ջերմուկ ու առանց ձայնագրիչի կամ տեսախցիկի հարցրեք ցանկացած ջերմուկցու, թե ինչպիսի պայմաններում են աշխատում մարդիկ եւ կհասկանաք, թե ինչ վիճակ է այնտեղ տիրում: Պարզ է, որ տարօրինակ կենսագրություն ունեցող Էդգարը, որը պարզապես շարունակում է մնալ նույն Արսենյանի աշխատողը, լուծելու է ոչ թե բնակչության խնդիրները, այլ կատարելու է իր շեֆի հանձնարարականները, որոնցից մեկն էլ ԲՀԿ-ի հասցեին անհաջող արտահայտություններ անելն էր եւ նախկին մարզպետներին քննադատելը:

Վարդան Մինասյան 



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ