ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 12, 2012 11:43 - 9 քննարկում

ՄԱՀՄԵԴԱԿԱՆԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է, որ մահմեդականացած հայերի թիվն աշխարհում առնվազն 1 միլիոն է։ Նրանք կենտրոնացած են գերազանցապես Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Ստամբուլում, Ռուսաստանում, Վրաստանում (Աբխազիա), Միջին Ասիայում (հիմնականում Ղըրղզստան, Տաջիկստան) եւ Ղազախստանում: Իսկ համշենահայերի իսլամադավան հատվածը` 300-400 հազար մարդ։
Ընդհանրապես իսլամադավան հայերի հանդեպ վերաբերմունքի հարցը Հայոց Մեծ Ազգահավաքի հեռանկարի անկյունաքարերից է: Այս հարցի վերաբերյալ մեզանում այսօր կա երկու հիմնական մոտեցում:

Առաջինը ավանդական այլատյաց պսեւդոազգայնական մոտեցումն է, որը ժառանգվել է այն ժամանակներից, երբ հայոց պետականության կորստի պայմաններում հայ ժողովրդի մշակութային եւ վարչաիրավական կենսագործունեությունը կարգավորող հիմնական ազգային ինստիտուտը Հայ Առաքելական եկեղեցին էր:

Ըստ «մեկ ազգ-մեկ կրոն-մեկ մշակույթ» մոտեցման, եթե կաթոլիկ եւ ավետարանական հայերը մի կերպ ընդունվում են որպես թեկուզ «խոտանված», բայց, այնուամենայնիվ` հայ, ապա մահմեդականի հայ լինելու հնարավորության մասին խոսք լինել չի կարող:

Մյուս մոտեցումը` պոստազգայնականը, որքան արդիական, այնքան էլ «լավ մոռացված հին» մոտեցում է, որի անկյունաքարային կատեգորիաներն են «պետությունը» (իսկ հայկական նորագույն անկախ պետականությունների դեպքում` «ազգային պետությունը») եւ «քաղաքացին»: Ըստ այս մոտեցման, Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիներով աշխարհասփյուռ հայ ազգի գլխավոր հիմնասյունն է: Այս պարագայում ՀՀ քաղաքացու կրոնական եւ մշակութային պատկանելությունը դառնում է երկրորդական, եւ դրա բազմազանությունը ազգային պետության եւ քաղաքացիության շրջանակներում չի դիտվում որպես ազգի կամ պետության անվտանգության սպառնալիք:

Միաժամանակ «ազգային պետությունը» տեղ չի թողնում պոստազգայնականության այն ծայրահեղության համար, ըստ որի` ազգային պատկանելությունն ընդհանրապես նշանակություն չունի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է:

Իրականում առաջին մոտեցումը ինքն է ուղղակի սպառնալիք ազգային պետականությանը, քանի որ ենթադրում է անհամատեղելիություն ոչ միայն իսլամադավան հարեւանների (օրինակ` «հայերը եւ թուրքերը անհամատեղելի են» արտահայտությունը այս մոտեցման տիպիկ ցուցիչներից է), այլեւ անգամ ուղղափառ վրացիների հետ («վրացիները թուրքից էլ վերան են»):

Մինչդեռ երբ դու ամբողջ տարածաշրջանը դիտում ես որպես օտար եւ քեզ հետ անհամատեղելի օրգանիզմ` ինքդ ես դառնում օտար եւ անընդունելի մարմին տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար եւ քո անվտանգությունը ապահովելու համար ստիպված ես լինում եւ լինելու ապավինել արտատարածաշրջանային հզոր ուժերին` լինի դա Հյուսիսում թե Արեւմուտքում, որոնց նպատակները միշտ չէ, որ համահունչ են քո շահերին:

Այսպիսով, որքանով է հավանական մահմեդականացած հայերի վերադարձը հայկական ինքնության: Այս խնդրին անդրադարձած բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ առավելագույնը 2-3 միլիոնի հասնող մահմեդականացած հայերի շուրջ մեկ միլիոնը թեկուզ մասնակիորեն պահպանում են իրենց հայկական ինքնագիտակցությունը, իսկ եւս 500.000-1.000.000` կրիպտոհայերը երբեւէ այն չեն էլ կորցրել:

Հետաքրքիր փաստ. 80-ականների վերջերին, ազգամիջյան հարաբերությունների սրումից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Աբխազիայից Ղազախստան տեղահանված համշենահայերի ժառանգները դիմել էին Մոսկվային` Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Սակայն մերժում էին ստացել: Այն ժամանակ Հայաստանում խոսակցություն տարածվեց, որ մերժման հիմքում ընկած է եղել Էջմիածնի բացասական դիրքորոշումը:

Հայաստանի անկախացումից հետո նկատվում է Թուրքիայի իսլամադավան հայերի ազգային ինքնագիտակցության աճ: Դրան մեծապես նպաստեց անգամ Հրանտ Դինքի ողբերգական մահը: Հայտնի են թուրքական մամուլում հնչած այն կարծիքները, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ես Հրանտ Դինքն եմ», «Ես հայ եմ» պաստառներով Ստամբուլի փողոցները հեղեղած բազմահազարանոց ցույցերի մասնակիցների մի մասը կրիպտոհայեր էին` ծպտյալ հայեր:

Ակնհայտ է, որ 10.000-20.000, հնարավորության դեպքում` անգամ ավելի համշենահայերի, քրդահայերի, զազահայերի եւ թրքահայերի վերաբնակեցումը Հայաստանի Հանրապետությունում եւ նրանց հանդեպ հոգատար պետական եւ հանրային վերաբերմունքը.

1. հիմքեր կստեղծի նրանց մեջ հայկական ինքնության ամրապնդման եւ զարգացման, սեփական անկախ պետականության սահմանների ներքո նրանց ադապտացման եւ Հայաստանի հասարակության մեջ լիարժեք ինտեգրման, իսկ նրանց մի մասի համար էլ` դեպի քրիստոնեական հավատք վերադարձի համար,

2. կնպաստի մեզանում տարածաշրջանի մահմեդական ժողովուրդների, նրանց կենսաձեւի ավելի լավ ճանաչմանն ու նրանց հետ առավել ներդաշնակ համակեցության մշակույթի ձեւավորմանը (ամեն դեպքում այդ խնդրի լուծման առումով մահմեդական հայերը առավել գերադասելի են Իրանից ժամանող պարսիկ, հաճախ էլ ադրբեջանցի մահմեդականներից. ի դեպ, Հայաստանում արդեն այժմ մշտական կամ ժամանակավոր բնակություն են հաստատել մի քանի հազար իրանցի մահմեդականներ),

3. հոգեբանական, մշակութային, կրոնական, քաղաքական եւ այլ կարգի կամուրջներ կգցի ոչ միայն դեպի Թուրքիայի իսլամադավան հայության խմբերը, այլեւ դեպի բուն թուրք, քուրդ, լազ էթնոկրոնական զանգվածները:

Միայն հիացմունք կարելի է ապրել Իսրայելում հրեաների ազգահավաքի («Ալիյա») մեթոդաբանությունը դիտարկելիս: Քանի որ այդ ժողովրդի ազգաստեղծ գլխավոր գործոնը, ի տարբերություն հայերի, ոչ թե էթնիկ, այլ կրոնական պատկանելությունն է, այնտեղ գրկաբաց ընդունում էին եւ են անգամ այլ ռասայի պատկանող եթովպական հրեաներին, ընդ որում` հայրենադարձող խմբերին օդանավակայանում աղուհացով դիմավորում էին ամենաբարձր մակարդակով պետական պաշտոնյաները եւ կրոնական առաջնորդները: Եվ այսօր եթովպահրեաները, ռուսական հրեաները Իսրայելի զինված ուժերի առավել մարտական հատվածն են:

Հայության դեպքում ազգահավաքի հենքը լինելու է հայկական ծագումը` արյունը, գենետիկան, որը մենք, որքան էլ «մեզ ոչ մեկից չենք գերադասում», սակայն արժեւորում ենք, համարում մեծ բնական ներուժ պարունակող: Ի վերջո, կրոնները, գաղափարախոսությունները անցողիկ են, մնայուն է միայն մարդը, նրա գենետիկան, իսկ մեր դեպքում, հուսանք, նաեւ նրա ազատությունն ապահովող անկախ պետականությունը եւ նրա հայրենիքը` հողի եւ հայրենակիցների տեսքով:

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելիք իսլամադավան հայությանը եւս, մեր կարծիքով, պետք է դիմավորեն պետության ղեկավարները եւ Հայ Առաքելական եկեղեցու հովիվները: Եվ երիցս սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե համատարած արտագաղթի պայմաններում կազմակերպել հայրենադարձության նոր ալիք դեպի Հայաստան` անիմաստ է կամ անհնար. հայրենադարձությունն իր մեջ նաեւ արտագաղթի չափերի նվազեցման հսկայական հոգեբանական ներուժ է պարունակում եւ այդ հարցում արժե մեծ ջանքեր գործադրել:

Արդեն մոտ ապագայում Թուրքիայում հայ ազգային շարժում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է բաց թողնել այդ երկրում ապրող իսլամադավան եւ ծպտյալ հայության համար դեպի լիարժեք հայկական ինքնություն վերադարձի բոլոր ուղիները` Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ դառնալուց մինչեւ իսլամադավան մնալը: Իսկ երես թեքել սեփական արյունակից եղբայրներից նրա համար, որ նրանք այլ կրոնի հետեւորդներ են եւ այդ հիմքով թույլ չտալ նրանց վերադառնալ տուն, սեփական հայրենիք` փոքրոգության ու թուլության նշան է, որը չի տեղավորվում պետական մտածողության շրջանակներում:

Վերջապես, սա տարածաշրջանում առաջիկա տարիներին տեղի ունենալիք դրամատիկ աշխարհաքաղաքական փոփոխություններին պատրաստ լինելու համար անհրաժեշտ քայլերից մեկն է:

ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ՌԱՀՀԿ ավագ փորձագետ



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Armen Melikian
Sep 12, 2012 12:29