Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, September 5, 2012 23:09 - 3 քննարկում

Զգուշացե՛ք ՀՀԿ-ից և ՀԱԿ-ից, նրանք երեկ Ազգային Ժողովում գարշահոտ տարածեցին…

Ողորմելի մարդկանց երկիրը

Ազգային միասնության ակտը վերջապես կայացավ: Վերջին օրերի համազգային հարայհրոցի ֆոնին, Հայաստանի ազգային ժողովը երկնեց մի հայտարարություն, որն այլ կերպ չես բնութագրի, քան հայկական պետականության դատավճիռ: Մինչ այժմ այդ հարցում մի քիչ աղջկական ամոթխածություն կար, մի քիչ սեթեւեթանք, բայց դա անցավ: Ժամանակներն են այդպիսին:

Այդ հայտարարության մեջ Ազգային ժողովն ասում է, թե Ղարաբաղը չի կարող որեւէ կարգավիճակով մտնել Ադրբեջանի կազմ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովում հայտարարում է, թե Ադրբեջանը խոչընդոտում է բանակցություններին, իսկ ահա հայկական կողմը ամեն ինչ անում է դրանք շարունակելու համար: Հանրապետական կուսակցության պատգամավորներն էլ ասում են, թե ԼՂՀ ճանաչումը ժամանակավրեպ է, եւ վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Կոնգրեսի խմբակցության ղեկավարն էլ կոչ է անում արկածախնդրություն թույլ չտալ:

Ինքնիշխան, արժանապատիվ պետության իշխանությունը, Ազգային ժողովը, որը համարվում է ներկայացուցչական մարմին, իր համար վաղուց պիտի պարզած լիներ, որ Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, եւ դրա համար բանակցություններ պետք չեն, եւ կաներ թերեւս այն քայլը, որը Լեւոն Զուրաբյանը համարում է արկածախնդրություն, իսկ Գալուստ Սահակյանը ասում է՝ ժամանակը չէ. կհայտարարեր բանակցություններից դուրս գալու, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Սակայն աղջկական ամոթխածությունը, աշխարհին «քաղաքակիրթ» երեւալու մարմաջն ու պարզապես ոգու ու արժանապատվության բացակայությունը թույլ չտվեցին դա անել:

Մյուս կողմից, ինչ սպասես մի քաղաքական դասից, որն իրենից ներկայացնում է մորթապաշտների, քաղաքական առեւտրականների, հանցագործների, պատեհապաշտների կոնգլոմերատ, որն այս բոլոր տարիներին զբաղված էր Հայաստանի ու Ղարաբաղի ողջ մարդկային ու նյութական ռեսուրսը եւ ապագան մսխելով, որը հանուն անձնական շահի պատրաստ է հանձնել ամեն ինչ: Պատկերացնել կարելի է, թե այս պահին աշխարհում ինչպիսի զարմանքով, կամ ավելի ճիշտ սարսափով են հետեւում Հայաստանի «քաղաքակիրթ ու ոչ արկածախնդիր» քաղաքական դասի ու այսպես ասած հանրության պահվածքին. իսկապես, մեծագույն իմաստություն է պետք եթե ոչ ընկալելու, ապա գոնե պատկերացնելու, թե ինչպես կարելի է այդ աստիճան զուրկ լինել մարդկային տարրական արժանապատվությունից եւ կամքից:

Դա նոր չէ, այդպես եղել է միշտ: Շատ հեռու պետք չէ գնալ, ընդամենը կարելի է հիշել Շուշիի հաղթանակը եւ տարածքների ազատագրումը. այդ ժամանակ հայ ողջ «առաջադեմ հանրությունը» գլուխը բռնած ողբում էր՝ ոնց ենք սրա տակից դուրս գալու: Եւ մինչ ինչ որ հրաշքով այս հանրության մեջ դեռ մնացած կյանքին այլ կերպ նայող մարդիկ սերունդների համար արժանապատվություն, հեղինակություն ու ապագա էին հարթում Ադրբեջանի դեմ պատերազմում, թիկունքում բոլորը ձգտում էին խելոք ու քաղաքակիրթ երեւալ եւ բանակցություններ էին վարում «փոխզիջումների» հիման վրա, զրոյացնելով հերոսների կռած հաղթանակը:

Եւ ահա, զրոյացված հանրության հերթական անկեղծ պոռթկումը վերածվեց բալագանի, եւ այդ հսկայական էներգիան, որը կարելի էր ուղղել Հայաստանի վիճակը շտկելուն, անխնա մսխվում է քաղաքական տարբեր խմբավորումների անձնական նեղ նպատակների համար՝ ազգային միասնության ցուցանակի ներքո:

Աստված պահի Հայաստանը:

Հայկ Արամյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YAN ZAL
Sep 6, 2012 2:39