ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, June 21, 2012 7:33 - 1 քննարկում

Հրապարակում եղծված մի սրիկայի մասին…

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սամասուդի կողմնակից

2012-06-18 17:25:01

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոդվածով անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին եւ ավելի քան պարզ ասել է, որ եթե նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ապա ինքը կողմ է քվեարկելու: Իհարկե, նա սկսում է բացատրել, թե ինչու է կողմ քվեարկելու եւ այստեղ բացահայտում իր էությունն ու աշխարհայացքը:
Պարզվում է, որ ժողովրդավարության համար “պայքարող” Նիկոլը բռնապետության կողմնակից է, էությամբ բոլշեւիկ եւ կողմ է, որ մարդկանց միջեւ հարաբերությունները լուծվեն ինքնադատաստանի միջոցով: Ավելին, չգիտես ինչու, նա ինքն իրեն վերին դատական ատյանի տեղ է դրել եւ ցանկանում է մարդկանց ճակատագրերը տնօրինել: Իսկապես, սարսափելի է եւ լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ ԱԺ պատգամավոր դարձած երիտասարդը, որը տարիներ շարունակ մարդկանց խաբում էր, թե պայքարում է ազատությունների եւ ժողովրդավարության համար, գրում է, թե Օսկանյանի կալանավորմանը կողմ է քվեարկելու, որ հաստատի իր անձնական մեղադրանքը, իր անձնական դատավճիռը: Ահա այսպես, ոչ ավելի, ոչ պակաս: Նիկոլ Փաշինյանը հասել է մի աստիճանի, երբ իրեն թվում է, թե ինքը հենց նա է, ով կարող է մեղադրանք ներկայացն
ել եւ դատավճիռ կայացնել: Սա արդեն հիշեցնում է այն մոլագարներին, որոնք ցուցակներ էին կազմում եւ սկսում սպանությունների շարանը, իհարկե, ելնելով վեհ նպատակներից: Կարծում եմ այս փաստի վրա պետք է ուշադրություն դարձնենք մենք բոլորս: Մինչ օրս Հայաստանում իրեն որեւէ մեկն իրավունք չէր վերապահել նման հայտարարություն անել: Ուշադրություն դարձրեք նաեւ այն փաստին, որ Փաշինյանը գրում է, որ եթե նույնիսկ համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է, միեւնույնն է` կողմ եմ քվեարկելու:
Նույն հաջողությամբ, Նիկոլ Փաշինյանը կարող է անհիմն մեղադրված մարդու կալանավորմանը կողմ քվեարկել միայն այն պատճառով, որ մանուկ հասակում նրանից ծեծ է կերել:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իրեն սահմանադրական եւ օրինական դաշտից դուրս է դրել: Այդ դեպքում, կարծում ենք, որ նա պետք է առնվազն վայր դնի մանդատը: Մյուս կողմից, եթե Կոնգրեսը եւ Կոնգրեսի խմբակցությունը չանդրադառնան այս հարցին եւ համապատասխան քայլեր չիրականացնեն, ապա կստացվի, որ կիսում են Նիկոլ Փաշինյանի այս հակամարդկային եւ վտանգավոր մտքերը:
Կոնգրեսում պետք է որ հասկանան, որ հիմա Նիկոլի առջեւ խնդիր է դրվել գրավել Հայ ազգային կոնգրեսը: Սա ավելի քան պարզ է: Փաշինյանը նման փորձեր արել է դեռ 2008-ի ընտրություններից առաջ, իսկ հիմա անցնելու է վճռական գրոհի, այլ կերպ ասած, վա բանկ է գնալու: Հիմա նա կորցնելու ոչինչ չունի: Ինչպես ասում են, նրա դիմակն արդեն պատռվել է:
Փաշինյանը եւ նրա ընկերները հասկանում են, որ այս հոդվածից հետո նրա համար բավական դժվար կլինի: Սոցիալական ցանցերում ընթացող ակտիվ քննարկումները ցույց են տալիս, որ առողջ մտածելակերպի տեր կոնգրեսականները, անկախ Օսկանյանի վերաբերյալ ունեցած անձնական վերաբերմունքից, անընդունելի եւ վտանգավոր են համարում Փաշինյանի տեսակետները: Ավելին, նրանց համար ավելի քան պարզ է, որ Փաշինյանը պոկում վազքով առաջ անցավ Գեղամյանից եւ Արթուր Բաղդասարյանից: Մնում է, որ Կոնգրեսը վճռականություն ունենա եւ ճիշտ որոշում կայացնի: Ուշագրավ է, որ նրանք, ովքեր դեռ ընդամենը օրեր առաջ հույսեր էին կապում Նիկոլի հետ եւ հիացած էին նրանով, բարձրաձայն իրենց անհամաձայնությունն են հայտնում նրա հետ եւ անգամ սոցիալական ցանցերում ամոթանք տալիս: Ավելին, գրում են, թե չեն մասնակցի հունիսի 26-ի հանրահավաքին, եթե իմանան, որ այնտեղ է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը փաստորեն իրեն դրեց մի դաշտում, որտեղ անելիք չունեն բոլոր նրանք, ովքեր պայքարում են ժողովրդավարական Հայաստանի համար: Որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին դատավորի պաշտոն չի տվել, որեւէ մեկը նրան դատավճիռներ կայացնելու իրավունք չի տվել: Եւ հիմա ըստ իր իսկ տրամաբանության, իշխանությունները լավ են արել, որ իրեն, Սասունին, Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ մյուսներին զրկել են ազատությունից: Պարզ է, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ կարող էր ասել, թե Հակոբ Հակոբյանը բազմաթիվ անգամ հակաօրինական քայլեր է արել, Սուքիասյանը անօրինական գործարքներ է կնքել եւ այսպես շարունակ: Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ ցանկության դեպքում կարող են ասել, թե նա ինչեր է արել, ինչ հարաբերություններ է ունեցել նախկին եւ ներկա պաշտոնյաների հետ, ինչ հարստություն է դիզել այդ հարաբերությունները խորացնելու ընթացքում:
Այս հոդվածից հետո Փաշինյանը ոչ թե Կոնգրեսում, այլ քաղաքականությունում տեղ չունի: Եթե հայաստանյան հանրությունը շարունակի հանդուրժել նրան, ապա մենք պետություն ունենալու արժանի ազգ չենք կարող համարվել: Նիկոլ Փաշինյանը հասել է մի կետի, երբ թվում է, թե մի ամբողջ ազգ այնքան հիմար է, որ կարող է մատների վրա պտտացնել: Մինչ օրս նրան դա հաջողվել էր, բայց ինչ որ պահի դա պետք է ավարտվեր: Հիմա եկավ այդ ավարտը:
Ամոթալի հոդվածն էլ Փաշինյանը սկսում է ավետարանական մեջբերումից: Սա պրիմիտիվ տեխնոլոգիա է հանրության վրա ազդեցություն բանեցնելու համար: Նա հույս ունի, թե ավետարանական խոսքերը տեսնելով, ժողովուրդը կմտածի, թե ինչ բարեպաշտ մարդու հետ գործ ունեն: Բայց հիմա անդրադառանանք իր իսկ մեջ բերած հատվածին` Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխի 31-46-րդ հատվածներին: Նախ բոլորովին տեղին չէ այս մեջբերումն իր հոդվածի բովանդակությանը: Նա պատրաստվում է առանց դատ ու դատաստանի մարդուն զրկել ազատությունից եւ իր իսկ արարքը փորձում է հիմնավորել աստվածաշնչյան խոսքերով: Սա արդեն իսկ անբարոյականություն է եւ բավական վտանգավոր երեւույթ:
Իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած երկիրը ոչնչով չի տարբերվում հիտլերյան Գերմանիայից, ստալինյան Ռուսաստանից, կարմիրկխմերական Կամբոջայից, կիմչենիրական Կորեայից: Հիտլերին, Ստալինին, Կիմ Չեն Իրին, մյուս բոլոր բռնակալներին եւ բռնապետներին թվացել է, թե իրենք համամարդկային բարի գործ են անում ոչնչացնելով միլիոնավոր մարդկանց: Իհարկե, Փաշինյանը շատ փոքրիկ է, որ իրեն դնենք այս հանցագործների կողքին, բայց երեւույթը ավելի պատկերավոր ներկայացնելու համար ստիպված ենք այս քայլին գնալ:
Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե հանկարծ Փաշինյանն իշխանություն ստանա: Հայաստանում ամեն օր տեղի կունենան ցուցադրական մահապատիժներ, ազատությունից կզրկվեն տասնյակ հազարավոր մարդիկ: Եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ անգամ ծայրից ծայր սարքովի մեղադրանքով Օսկանյանին կալանավորելը ճիշտ է, ապա նա հրաշալի նվեր է անում Սերժ Սարգսյանին, քանի որ նա հիմա կարող է նման տրամաբանությամբ ասել, որ մարտի 1-ին կալանավորվածներին ազատությունից զրկել ենք իրենց գործունեության ընթացքում թույլ տված այս կամ այն հանցանքների ու զանցանքների համար: Եւ վերջին հաշվով Փաշինյանն իր այս հոդվածից հետո պետք է մի հոդված էլ գրի` Փաշինյանը քաղաքականությունում այլեւս անելիք չունի վերնագրով եւ վերջապես իջնի հայ ժողովրդի շալակից:

Աշոտ Խաչատրյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jun 21, 2012 10:10